ՎիդեոՄարտ 14/2024

Արևաբույրի դպրոցի անհրապույր կողմը

Արևաբույրը Արարատի մարզի գյուղերից է՝ շուրջ 200-ամյա պատմությամբ։ Ավելի քան կեսդարյա պատմություն էլ գյուղի միակ դպրոցն ունի՝ կառուցվել է 1969-ին։ Երևանի կենտրոնից Արևաբույրը շատ հեռու չէ՝ ընդամենը 20 կմ, բայց հեռու է պատկան մարմինների աչքից և ուշադրությունից։ Գյուղի դպրոցը չունի գրադարան, ճաշարան, մարզադահլիճ, համակարգչային սենյակ։ Մեկհարկանի անշուք ու խարխլված շինության պատերը ճաքճքված են, գաջն ու ցեմենտը՝ խոնավությունից թափված, հատակի փայտերը՝ մեծ արանքներով։ Արևաբույրցի աշակերտները գիտեն՝ դասամիջոցներին պետք է զգույշ վազվզել՝ դպրոցի հատակն ու պատերը կարող են փլվել․ շենքը 3-րդ կարգի վթարային է։

Արևաբույրի դպրոցում աշխատում է 32 մանկավարժ, սովորում՝ 184 աշակերտ։ Դասերն ավարտվում են 19:30-ին, որովհետև դասապրոցեսը կազմակերպվում է երեք հերթափոխով․ դասասենյակներն ընդամենը ութն են։ Գյուղի 40 աշակերտ գնում է հարևան գյուղի դպրոցներ՝ շենքի անբարենպաստ լինելու պատճառով։

Մեր նկարահանման օրը դպրոցում ոգևորված էին, որ իրենց հիշել են և հյուր եկել։ Աշակերտներն ուղեկցում էին դասարանից դասարան՝ ներկայացնելով իրենց առօրյան, միջավայրը։ Դասասենյակներում առաստաղը ծածկված էր բորբոսով, լուսավորության համար էլեկտրական լարից սովորական լամպեր էին կախված։ Դասասենյակներում ցուրտ էր, երեխաները վերարկուներով էին։ Գրապահարանները դատարկ էին, կոտրված դռներով, դարակներով։ Մի դասարանում փորձում էին սոսնձել գրատախտակի պոկված մասը: Աշակերտներից մեկը դույլով ջուր էր բերում, մյուսը լվանում էր հատակը։

Դպրոցի բակում ֆիզկուլտուրայի դաս էր: Մարզագույքը կանաչ ներկված 4 հնամաշ անիվներն էին, ֆուտբոլի դարպասի փոխարեն երկաթյա ձողեր էին: Բակում հուշաղբյուր կար՝ դպրոցի տարածքում ջրի միակ աղբյուրը, որի ջուրը խմելու չէ։

«Մենք Արևաբույրի արևներն ենք և մեր գյուղը շատ ենք սիրում»,– ասում են մեզ շրջապատած երեխաները՝ թվարկելով, թե ինչ կուզեին ունենալ. ժամանակակից դպրոց՝ համակարգիչներով, գրադարանով, ճաշարանով։

Նվեր Աբգարյանը համարյա քառորդ դար դպրոցի տնօրենն է: Պատմում է, որ հիմնադրման օրվանից դպրոցը չի վերանորոգվել, միայն տանիքն են մասամբ կարգի բերել, որ անձրևաջրերը ներս չլցվեն։ Իրենց նախաձեռնությամբ պատերի մի քանի մեծ ճաքեր են փակել։ Գյուղի դպրոցի ամենամեծ ձեռքբերումը 2 տարի առաջ մասամբ կառուցված զուգարանն է։ 2.5 մլն դրամով աշակերտների և ուսուցիչների համար առանձնացված հորային սանհանգույց են կառուցել, բայց առանց ջրի ու զուգարանակոնքի։

— Մինչ 2000-ականները դա էլ չի եղել:

— Բա ի՞նչ էիք անում:

— Գնում էինք տուն, ուսուցիչներն էլ էին գնում հարևան տները, նույնն էլ աշակերտները։ Մինչ դա դպրոցականները և ուսուցիչները հարկ եղած դեպքում դպրոցի մոտակա տներն էին գնում,— ասում է տնօրենը։

Այդպես է եղել տասնամյակներ շարունակ:

2019-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունն Արևաբույրի դպրոցի շենքը գնահատել է 3-րդ աստիճան վթարային։ Տնօրենի պնդմամբ՝ շենքն ունի 4-րդ աստիճանի վթարայնություն, բայց չի արձանագրվում, որ ուսումնական գործընթացը չդադարեցվի:

«2000-ից նոր շենքի հույսով բազմաթիվ դռներ ենք բախել։ Ամեն անգամ խոստացել են՝ ձեր դպրոցն ընդգրկված է ծրագրում, բայց թունելի վերջում լույս չենք տեսնում»,— ասում է տնօրենը։

Հիմա սպասում են հերթական ծրագրի իրականացմանը. Կառավարության 2021-2026թթ․ ծրագրում նախատեսվում է հանրապետությունում կառուցել, վերակառուցել, հիմնանորոգել 300 դպրոց։ Արարատի մարզում կկառուցվի 15 դպրոցի նոր շենք, 5-ը կառուցման ընթացքի մեջ են։

Ըստ ծրագրի՝ Արևաբույրն ու հարևան Ջրահովիտ համայնքները պետք է ունենան մեկ ընդհանուր կրթահամալիր, Արևաբույրից Ջրահովիտ մոտ մեկ կիլոմետրն աշակերտները կգնան ոտքով կամ ավտոբուսով։

Նախատեսվում է շենքը շահագործման հանձնել մինչև 2026-ը։ Աշխատանքները դեռ չեն սկսվել։

Արարատի մարզում վթարային դպրոցների շենքերը բազմաթիվ են։ Մարզպետարանից մեր հարցմանը պատասխանեցին, որ մարզի 107 դպրոցներից 42-ն ունեն 2-3-րդ և մասնակի 4-րդ աստիճանի վթարայնություն:

Հեղինակներ՝

Ուսանողներ

Տաթևիկ

Աջամողլյան

Ուսանողներ

Միլենա

Ավետիսյան

Դասախոսներ՝

Դասախոսներ

Էդիկ

Բաղդասարյան

Դասախոսներ

Տիրայր

Մուրադյան

Դասախոսներ

Սեդա

Գրիգորյան

Դասախոսներ

Մարիամ

Բարսեղյան

Թիմ՝

Թիմ

Հարություն

Մանսուրյան