Արմավիրցիները գնացքի տակով են անցնում, բայց գետնանցում չեն մտնում
Արմավիր քաղաքի միակ գետնանցումը լցված է աղբով ու կենցաղային թափոններով։ Գետնանցումը գտնվում է երկաթուղու կայարանի հարևանությամբ։ Եթե գործեր, կարելի էր գետնանցումով Արմավիրից հասնել Նորապատ, Սարդապատ և մերձակա մյուս գյուղերը, բայց գետնանցումը խցանված է աղբով ու լուսավորված չէ։ Մարդիկ մոռացել են, որ քաղաքում գետնանցում կա ու, հարկ եղած դեպքում, նույն ճանապարհն անցնում են երկաթուղու գծերով՝ շրջանցելով գնացքները, երբեմն էլ՝ գնացքի տակով։ Երկաթգիծը դարձել է հետիոտնի ճանապարհ։
Մայրանուշ տատը հիշում է տարիները, երբ քաղաքի միակ գետնանցումն անցանելի էր։ «Էն ժամանակ, որ աղջիկս դպրոց էր գնում, գետնանցումի մի մուտքն էլ էն շենքի մոտ էր։ Մաքուր, լուսավորված, մարդիկ հանգիստ անցուդարձ էին անում։ Հիմա էնքան աղբ է հավաքվել, որ մարդ վախենում է կողքով անցնի»։
Գետնանցումի մուտքը՝ շենքի մոտից, մոռացված աղբանոցի է նման։
Երկաթգիծը քայլելով հատող հերթական քաղաքացին ասաց.
«Որ գետնանցումը մաքուր ու լուսավորված լինի, բոլորս էլ կօգտվենք, հո՞ գիժ չենք, որ գնանք գնացքի գծերով անցնենք։ Շատ է պատահել, որ գնացքները կանգնած են եղել, տակով անցել ենք։ Եղել է՝ անցել ենք, ու էդ պահին գնացքը շարժվել է։ Պարծենալու բան չի, բայց ի՞նչ արած»։
Մեկ ուրիշն էլ պատմեց, որ ստիպված է ամեն օր երեխային ուղեկցել դպրոց, քանի որ նա մենակ անցնել չի կարող երկաթգիծը․
«4-5 տարի հետո երեխաս կմեծանա, կկարողանա ինքնուրույն անցնել-դառնալ, բայց հո մենակ իր հարցը չի։ Գոնե երեխեքը ապահով գնան-գան»։
Ի՞նչ է անում քաղաքային իշխանությունը՝ Արմավիրի միակ ստորգետնյա անցումը շահագործելու ուղղությամբ․ հարցի պատասխանն իմանալու համար դիմեցինք համայնքապետարան։ Պատասխանեցին.
«Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի կայարանի հարևանությամբ գտնվող գետնանցումը համարվում է համայնքային սեփականություն, որը համայնքի «Բարեկարգում տնօրինության» կողմից երեք անգամ մաքրվել է, սակայն ներկայումս չի շահագործվում անանցանելի լինելու պատճառով: Գետնանցումը շահագործելու նպատակով նախատեսվում է գարնանը կրկին իրականացնել լրացուցիչ մաքրման և վերականգնման աշխատանքներ»։
Թե վերջին անգամ երբ է մաքրվել գետնանցումը, համայնքապետարանից դժվարացան կոնկրետ պատասխանել։
Հեղինակ՝
Ուսանողներ
Աննա
Հարությունյան
Դասախոսներ՝
Դասախոսներ
Էդիկ
Բաղդասարյան
Դասախոսներ
Մարիամ
Բարսեղյան