ՀՀ նախագահ Խաչատուրյանը սխալ պնդում է արել հայ-վրացական հարաբերությունների վերաբերյալ
Փետրվարի 28-ին, խոսելով հայ-վրացական հարաբերությունների մասին, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը իրականությանը չհամապատասխանող պնդում է արել։
Այդ օրը նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Վրաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեն: Նախագահը, ողջունելով դեսպանին, շնորհավորել է պատասխանատու պաշտոնում նշանակվելու առիթով և արգասաբեր աշխատանք մաղթել դիվանագիտական ծառայության ընթացքում:
Վահագն Խաչատուրյանը, մասնավորապես, նշել է․ «Կարծում եմ՝ աշխարհի շատ ժողովուրդների համար մեր հարաբերությունները կարող են օրինակելի լինել: Քիչ երկրներ կան, որ այսպիսի դարավոր կապեր ունեն, կողք-կողքի են ապրել, պատմության ընթացքում միմյանց հետ չեն պատերազմել, խնդիրներ չեն ունեցել»։
Նախագահի խոսքը, թե պատմության ընթացքում հայերն ու վրացիները չեն պատերազմել ու խնդիրներ չեն ունեցել, չի համապատասխանում իրականությանը։
1918-ի մայիսին անկախացած Հայաստանի ու Վրաստանի միջև տարածքային վեճերի առարկա են եղել Լոռի-Փամբակը, Բորչալուն (ընդգրկել է ներկայիս Լոռու մարզի հյուսիսն ու Վրաստանի Քվեմո Քարթլի երկրամասի հարավը), Ջավախքն ու Ախալցխան։ Դրանց պատկանելության շուրջ քաղաքական լարվածությունը 1918-ի դեկտեմբերի սկզբին հանգեցրել է ռազմական բախումների, որոնք շարունակվել են մինչև ամսվա վերջ: Հունվարի 9-17-ին Թիֆլիսում կայացած կոնֆերանսի արդյունքում Ջավախքն ու Ախալցխան անցել են Վրաստանին, իսկ Լոռին հայտարարվել է չեզոք գոտի (Հայաստանին միացել է 1921-ին՝ խորհրդային կարգերի հաստատումից հետո: Նույն ընթացքում Բորչալուի գավառի մի մասը՝ ներկայիս Ալավերդին, Թումանյանը, Տաշիրն ու Ստեփանավանը, միացվել են Հայաստանին, մնացած մասը՝ Վրաստանին)։
ԵՊՀ-ի Հայաստանի հարակից երկրների պատմության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Էդուարդ Զոհրաբյանը հայ-վրացական հարաբերություններում եղած խնդիրների մասին ասում է. «Պետք է հաշվի առնենք, որ պատմության ընթացքում ձևավորվել են, այսպես կոչված, կոնտակտային շրջաններ, որտեղ ապրել են երկու ժողովուրդների ներկայացուցիչներ։ Գուգարքը, Ջավախքը, Տայքը մշտապես եղել են որոշակի քննարկումների, տարաձայնությունների, պատկանելության խնդիրները լուծելու առարկա։ Դրանք առավել ակնհայտ դրսևորվեցին 19-րդ դարի վերջին, 20-րդ դարի սկզբին։ Մինչև 1918 թվին երկու ժողովուրդների անկախացումը՝ արդեն առկա էին տարաձայնություններ տարածքների պատկանելության շուրջ»,— նկատում է Էդուարդ Զոհրաբյանը։
Հայ-վրացական հարաբերություններում, ըստ պատմաբանի, վիճելի է նաև քաղկեդոնական մշակութային հուշարձանների պատկանելության հարցը։ Քաղկեդոնական ճարտարապետական կոթողները, շինությունները, որոնք կառուցել են հայերը, վրացիները համարում են վրացական։
Երկու ժողովուրդների քաղաքական և հասարակական օրակարգում այսօր կա նաև Վրաստանում հայկական եկեղեցիների խնդիրը։ Վրաց եկեղեցին շարունակում է դրանք վրացականացնելու փորձերը։
Այսպիսով, նախագահ Վահագն Խաչատուրյանի պնդումը, թե հայերն ու վրացիները պատմության ընթացքում միմյանց հետ չեն պատերազմել ու խնդիրներ չեն ունեցել, ճշմարիտ չէ:
Գլխավոր լուսանկարը՝ Դաթո Աբուլաձեի
Հեղինակ՝
Ուսանողներ
Արեն
Նազարյան
Դասախոս՝
Դասախոսներ
Վահե
Սարուխանյան