armenia-kindergartens
Long ReadԱպրիլ 10/2023

Հայաստանում ամեն 3 երեխայից 2-ը չի հաճախում մանկապարտեզ

Փոքրիկների ծնողներից շատերն ամիսներով սպասում են իրենց հերթին, որ երեխային մանկապարտեզ տանեն։ Երբեմն ամիսները դառնում են տարի ու տարիներ, և գալիս է ոչ թե մանկապարտեզ, այլ միանգամից դպրոց տանելու հերթը։

Ծնելիության մակարդակը Հայաստանում ցածր է, նախադպրոցական հաստատությունների թիվն աճում է, բայց մանկապարտեզ գնալու հնարավորություն ունեն ոչ բոլոր երեխաները։ Ինչո՞ւ․ Երևանի քաղաքապետարանից մեր այս հարցին պատասխանել են․ «Երեւանի ենթակայության մանկապարտեզներում խմբերը ձեւավորվում են ըստ հերթագրված երեխաների տարիքային խմբերի քանակական ցուցանիշների: Յուրաքանչյուր ուսումնական տարի երեխաների ընդունելություն կազմակերպելիս Երեւանի քաղաքապետարանը նախապատվություն է տալիս ավագ տարիքային խմբերի երեխաներին՝ սահուն անցումը դպրոց ապահովելու նպատակով: Արդյունքում՝ քաղաքապետարանը, որպես օրակարգային հարց, առանձնակի հետեւողականություն է դրսեւորում ավագ տարիքային խմբի երեխաներին նախադպրոցական կրթության ոլորտ ներգրավելու նկատմամբ»։

Գոհարիկ Բաղդասարյանի դուստրը սովորում է երկրորդ դասարանում, մանկապարտեզ չի գնացել։ Մայրը պատմում է, որ մինչև դպրոցը մեկ տարի Երևանի քաղաքապետարանի օնլայն հարթակում սպասել են մանկապարտեզ գնալու իրենց հերթին, բայց համավարակ է սկսվել, սահմանափակումներ են եղել։ Հետո, երբ դեռ 2-3 ամիս կար մինչև նոր ուսումնական տարին, գնացել է մանկապարտեզ, ասել են՝ դե, հեսա դպրոց պիտի տանես, էլ ի՞նչ մանկապարտեզ։ «Որդուս 2 տարին լրացել է, հերթագրել եմ նույն մանկապարտեզում, 65-րդ համարն է, բայց վախենում եմ, որ տղաս էլ մանկապարտեզ չհաճախի»,— ասում է Գոհարիկը։

Մանկական հոգեբան Անի Ապիտոնյանի կարծիքով՝ մանկապարտեզ չհաճախելը լուրջ խնդիր է։ Երեխան մինչև 3 տարեկանը ձուլված է միջավայրին, մարդկանց, ծնողներին։ Այնուհետև սկսվում է 3 տարեկանի ճգնաժամը։ «Երեխան սկսում է ընկալել միջավայրը, կազմակերպում է դերային կամ դերասյուժետային խաղեր, իսկ դրանք առանց ընկերների հնարավոր չէ։ Ժամանակին, երբ մարդիկ մեծ ընտանիքներով էին ապրում, երեխաներին մանկապարտեզ պետք չէր, երեխաները շատ էին։ Այսօր կյանքը փոխվել է, ու շատ կարևոր է մանկապարտեզ հաճախելը։ Հստակ ուսումնական ծրագրերը, որոնց հիմքում տարիքային առանձնահատկություններն են, զարգացնում են շփումը, ինտելեկտը, հուզակամային ոլորտը, մանր, խոշոր մոտորիկան։ Մանկապարտեզում տեղի է ունենում ներդաշնակ զարգացում»,— ասում է հոգեբանը։

Անի Ապիտոնյան
Հոգեբան Անի Ապիտոնյան

Շատ ծնողներ էլ չեն ցանկանում, որ երեխան հաճախի մանկապարտեզ և չեն հերթագրում նրանց։ Շողիկ Ադամյանը Կոտայք գյուղի բնակիչ է, բայց հիմա ապրում են Աբովյան քաղաքում։ Ունի երեք դուստր, բայց չունի Աբովյան քաղաքի գրանցում։ Դրա համար ութ հազար դրամի փոխարեն մանկապարտեզի համար պետք է վճարի կրկնակի՝ տասնվեց հազար դրամ։ Շողիկն ասում է, որ մեծ աղջիկը՝ Լարիսան, գյուղում է հաճախել մանկապարտեզ, հետո երբ տեղափոխվել են, որոշել է իր երեխաներին ուղարկել զարգացման կենտրոն։ Մեծ աղջիկը հիմա դպրոցական է, միջնեկ դուստրը՝ Կարինեն, 5 տարեկան։ Շողիկի ասելով՝ հիմա երեխաները հազվադեպ են հիվանդանում, իսկ մանկապարտեզի ժամանակ Լարիսան գրեթե ամեն օր հիվանդ էր։ «Նախընտրում եմ վճարել զարգացման կենտրոնին գրեթե նույն գինը՝ 15․000 դրամ, ինչ պիտի վճարեի մանկապարտեզին։ Ե՛վ անհատական մոտեցում կա երեխաներին, և՛ հազվադեպ են հիվանդանում»,— ասում է Շողիկը։ Նա որոշել է ամռանը փոքր աղջկան էլ ուղարկել զարգացման կենտրոն։

Հայաստանում վերջին 7 տարում, շուրջ 10 տոկոսով նվազել է 1-6 տարեկան երեխաների թիվը։ Սրա հետևանքով նվազել է նաև նախադպրոցական հաստատությունների շահառուների թիվը։ Նվազում արձանագրվել է և՛ քաղաքային, և՛ գյուղական բնակավայրերում։

Միևնույն ժամանակ վերջին 10 տարում շուրջ 30 տոկոսով հանրապետությունում աճել է նախադպրոցական հաստատությունների թիվը։

2012 թվականին հանրապետությունում գործել է 683 նախադպրոցական հաստատություն․ 421-ը՝ քաղաքային, 262-ը՝ գյուղական բնակավայրերում։ 2021-ին դրանց թիվն արդեն 957 է․ 475-ը՝ քաղաքային, 482-ը՝ գյուղական բնակավայրերում։ Գյուղական բնակավայրերում շեշտակի է աճել նախադպրոցական ուսումնական հաստատությունների թիվը՝ 10 տարում ավելի քան 200 նոր հաստատություն։

Նախադպրոցական հաստատությունների և սաների թվի վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է նաև ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքում և Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) տվյալների շտեմարանում։ Դրանք, սակայն, տարբերվում են Վիճակագրական կոմիտեի տվյալներից։

Համաձայն ԿԳՄՍ-ի պաշտոնական կայքում առկա տեղեկատվության, գործունեություն ծավալելու լիցենզիա ստացած նախադպրոցական հաստատությունների թիվը 844 է, ըստ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տվյալների շտեմարանի՝ 938, մինչդեռ ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ հանրապետությունում գործում է 957 նախադպրոցական հաստատություն։

Ինչո՞վ են պայմանավորված տվյալների այսօրինակ շեղումները, կա՞ն առանց լիցենզիա գործող հաստատություններ, արդյո՞ք ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքում տեղեկատվությունն ամբողջական չէ։ Այս հարցերին պատասխանելու համար պետք են հաստատությունների անվանական տվյալներ, որոնք Վիճակագրական կոմիտեի հրապարակած տեղեկատվության մեջ չկան։

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանը խորհուրդ տվեց վերլուծությունների իրականացման համար հիմք ընդունել Վիճակագրական կոմիտեի հրապարակված տվյալները։ Ասաց, որ ԿՏԱԿ-ի շտեմարանում առկա տվյալները դեռևս հավաքագրման և լրամշակման փուլում են և կարող են ամբողջական չլինել։

2012-2021 թվակաների ընթացքում նախադպրոցական հաստատություններ հաճախող երեխաների ամենամեծ թիվը գրանցվել է 2019-ին՝ 82.100 երեխա։ Covid-19 համավարակով պայմանավորված՝ 2020թ․ այս ցուցանիշը 25 հազարով նվազել է։ 2021-ին եղել է 72․600՝ նախաքովիդյան ցուցանիշից շուրջ 10 հազարով պակաս։

Երևանի մանկապարտեզներում 2021 թվին, 2019-ի համեմատ, սաների թիվը նվազել է 8400-ով։ Սա թույլ է տալիս ենթադրել, որ այսօր մայրաքաղաքի մանկապարտեզներում հնարավոր է ավելացնել տեղեր և լուծել իրենց հերթին սպասող երեխաների՝ մանկապարտեզ գնալու խնդիրը։ Ըստ «Մանկապարտեզ» կառավարման համակարգի Երևանում մարտի 10-ի դրությամբ հերթագրված է 13․953 երեխա։

2019 թվականին մանկապարտեզ էր հաճախում 1-6 տարեկան երեխաների 34,7 տոկոսը, 2021 թվին այս ցուցանիշը նվազել և դարձել է 32,3։

Նախադպրոցական ուսումնական հաստատություններում նվազել է նաև սաների միջին թիվը։ Եթե 2019 թվականին մեկ հաստատությունում սաների միջին քանակը 131 էր, ապա 2021 թվականին 111 է։

Վիճակագրական տեղեկատվության ամփոփումը թույլ է տալիս արձանագրել, որ 1-6 տարեկան երեխաների թվի շարունակական նվազման և նախադպրոցական հաստատությունների թվի ավելացման պարագայում խնդիրը դեռ լուծված չէ։ Վերջին 10 տարում նախադպրոցական հաստատությունների թիվն աճել է հիմնականում գյուղական բնակավայրերում, որտեղ փոքր է երեխաների թիվը։ Փաստացի, հանրապետության նախադպրոցական հաստատություններում ներգրավված են 1-6 տարիքային խմբի երեխաների ընդամենը 32,5 տոկոսը, և յուրաքանչյուր 3 երեխայից 2-ը չի հաճախում մանկապարտեզ։

Գլխավոր լուսանկարը՝ Աստղիկ Հովհաննեսովի

Հեղինակներ՝

Ուսանողներ

Սվետլանա

Մովսիսյան

Ուսանողներ

Աննա

Հարությունյան

Դասախոսներ՝

Դասախոսներ

Հայկ

Բեջանյան

Դասախոսներ

Մարիամ

Բարսեղյան

Թիմ՝

Թիմ

Հարություն

Մանսուրյան