Թարգմանելը թերապիա է
Ասյա Դարբինյանը թարգմանիչ է։ Նա հայերեն է թարգմանել ժամանակակից վրաց գրող Արշիլ Քիքոձեի ամենահայտնի գործերը՝ «Հարավային փիղը» և «Մողեսը տապանաքարին» վեպերը։ Հայ գրողներին էլ թարգմանում է վրացերեն՝ այսպես փորձելով մեր ունեցածը ցույց տալ վրացիներին և նրանցը՝ մեզ։ Վրացերենն ու վրաց գրականությունը Հայաստանում մեծ մասսայականություն չունեն, թեպետ Վրաստանը մեզ սահմանակից բարեկամ պետություն է։
«Երբ երկու վրացի իրար հետ խոսում են, կարող է թվալ՝ կռվում են, բայց ես միայն մեղեդի եմ լսում»,— ասում է Ասյա Դարբինյանը։
— Ուզում եմ սկսենք թարգմանչի գործի ամենանուրբ դրվագից․ երբ գործը թարգմանվում է, սովորաբար էական մի բան դրանից կորում է։ Ձեր կարծիքով՝ ինչո՞վ է լրացվում այդ կորած հատվածը։
— Կդժվարանամ բացատրել, թե ինչպես է ստացվում: Երբեմն՝ ինտուիտիվ, երբեմն օգնում է հեղինակին անձամբ ճանաչելը, նրա ոճն զգալը: Օրինակ, Քիքոձեի երկրորդ գրքում կա հերոս, որն ազատ ոճով է խոսում: Բայց նույն հերոսի մայրը ինտելեկտուալ կին է, ինչը խոսքից է զգացվում: Վրացերենը չունի «է» կամ մեր խոսակցական «ա» օժանդակ մասնիկը, և հեղինակի ոճը պահպանելու համար ազատ ոճով խոսող հերոսներին խոսեցրել եմ հայերեն «ա» մասնիկով, ավելի ինտելեկտուալ հերոսներին՝ «է» մասնիկով:
Հայերենը հնդեվրոպական լեզվաընտանիքից է, վրացերենը՝ քարթվելական։ Այս լեզուների շարահյուսությունը, քերականական կարգերը տարբեր են, և, հատկապես գեղարվեստական գրականությունը թարգմանելիս, հնարավոր չէ ամեն ինչ փոխանցել: Ցանկացած գործ թարգմանելիս՝ լինի արձակ, թե չափածո, ես փորձում եմ հարազատ մնալ բնագրին, հեղինակի բառերի ընտրությանը։ Շատ կարևոր է նաև, որ հեղինակի ոճը պահպանվի։
— Արշիլ Քիքոձե, Աննա Կորձայա, Դիանա Անփիմիադի, Ռատի Ամաղլոբելի, Նանա Աբուլաձե․ բոլորին քիչ թե շատ թարգմանել եք։ Ո՞ւմ կառանձնացնեք և ինչո՞ւ։
— Կառանձնացնեմ Արշիլ Քիքոձեին ու նրա «Հարավային փիղը»: Թարգմանչական մեծ արձագանք բերեց հենց ինքը: «Հարավային փիղը» վրացերենից թարգմանած իմ առաջին վեպն էր: Ապրումները, որ ունեցա այդ թարգմանության ընթացքում, ոչ մի ուրիշ թարգմանությամբ չեն գերազանցվել։ Գիրքը, երբ վրացերեն հրատարակվեց, ընկերուհիս նվիրեց։ Կարդացի ու սիրեցի բոլոր հերոսներին: Գրքի մեջ իմ Թիֆլիսն է: Ընթերցանությունից հետո երկար թափառել եմ քաղաքում: 2017-ի այդ օրերից ապրում էի միայն մեկ մտքով. «Հարավային փիղը» պիտի թարգմանեմ:
Ես ուրախ եմ, որ բախտ վիճակվեց լինել Քիքոձեի թարգմանիչը։
— Կհիշե՞ք որևէ դրվագ գրքից։
— Մեդիկոյի պատմությունն եմ շատ սիրում, Մեդիկոյի հայրիկի քեռի Ռոստոմին՝ առանձնահատուկ եմ սիրում, Թազոյի կերպարն է շատ լավը։ Ամեն անգամ հիշելիս հուզվում եմ։
— Ինչի՞ց է սկսվում գրքի թարգմանությունը։
— Սկսվում է գիրքը կարդալուց, բայց սովորաբար, մինչև թարգմանելու որոշումը ես արդեն ծանոթ եմ լինում ստեղծագործությանը։ Հաճախ նույնիսկ առաջին ընթերցողը լինելու շքեղությունն եմ ունենում։ Օրինակ, Արշիլ Քիքոձեի «Մողեսը տապանաքարին» գրքի առաջին ընթերցողներից եմ եղել՝ դեռևս չտպված։ Այդ գիրքը վերջերս եմ թարգմանել։ Հաջորդ քայլն այդ աշխարհ՝ գրողի ստեղծած իրականություն մտնելն է։ Այդտեղ սկսում եմ ապրել իրենց հետ ուղիղ և անուղղակի ձևով՝ մտածել իրենց նման, խոսել իրենց նման: Միայն դրանից հետո եմ սկսում նրանց խոսեցնել նոր լեզվով:
— Ի՞նչ եք զգում թարգմանելիս:
— Երբ թարգմանում եմ, տեղափոխվում եմ գրական ստեղծագործության մեջ և ապրում այնտեղ։ Թարգմանելն առօրյա հոգսերից, իրականությունից փախուստի միջոց է` թերապիա: Ես շատ եմ սիրում կիսվել իմ սիրելի հեղինակներով. երբ կարդում ու հավանում եմ ժամանակակից որևէ հեղինակի, միանգամից ոգևորվում եմ, ուզում եմ թարգմանել, որ շատերը իմանան նրա մասին:
— Ինչպե՞ս որոշեցիք զբաղվել թարգմանչությամբ։
— Սովորում էի Թբիլիսիի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի հայագիտության բաժնում: Երրորդ կուրսում առաջադրանք ունեի՝ թարգմանել գեղարվեստական ստեղծագործություն: Առաջինը վրացերեն թարգմանեցի Ակսել Բակունցի «Ալպիական մանուշակը»։ Այդ ժամանակ զգացի, թե ոնց է գրավում թարգմանելը, ինչ հավես է գրական ստեղծագործությունը և հերոսներին մեկ այլ լեզվով խոսեցնելը: Հրաշալի մի բան էր՝ ուսանող լինելով Բակունց թարգմանելը։ Ամեն բառի համար օրերով տանջվել եմ: Թարգմանության մի քանի տարբերակ եմ ներկայացրել։ Դա, երևի, իմ ամենաերկար աշխատանքն էր, անփորձ էի: Իսկ առաջին մեծ թարգմանությունս Արշիլ Քիքոձեի «Հարավային փիղը» վեպն էր:
Սկզբում հայերենից էի թարգմանում: Ինչ-որ պահի հասկացա, որ պիտի անեմ նաև հակառակը: Եթե վրացերեն թարգմանություններ չանեի, չէի համարձակվի հայերեն թարգմանել: Ես ունեմ երկու մայրենի լեզու. հայերենը մայրենի է ժառանգաբար, վրացերենը՝ «ձեռբերովի»։ Քանի որ ծննդով Վրաստանից եմ, ու կրթությունս վրացերենով է, չէր կարելի այդ շռայլությունը չօգտագործել:
— Ո՞րն է ավելի դժվար։
— Վրացերենից հայերենն սկզբում ավելի հեշտ էր տրվում: Բայց հետո ամեն ինչ արեցի, որ հայերենին էլ տիրապետեմ այնպես, ինչպես վրացերենին, և նույնքան լավ զգամ, ինչպես վրացերեն թարգմանելիս։ Հիմա երկու լեզուներին էլ հավասար տիրապետում եմ:
— Ինչպե՞ս կամ ո՞վ է ընտրում՝ ինչ թարգմանել։
— Առաջարկը, սովորաբար, լինում է հրատարակչինը։ Լինում են դեպքեր, ինչպես օրինակ Դիանա Անփիմիադիի բանաստեղծությունների թարգմանության ժամանակ, երբ ես եմ առաջարկում։ Բայց, իհարկե, դա միշտ իրականանում է հրատարակչի օգնությամբ:
— Ինչպիսի՞ լեզու է վրացերենը:
— Վրացերենը բաղաձայնային լեզու է, և ոմանց համար՝ գուցե կոշտ։ Երբ երկու վրացի իրար հետ խոսում են, կարող է թվալ՝ կռվում են, բայց ես միայն մեղեդի եմ լսում։ Գեղեցիկ, կենսուրախ լեզու է՝ վրաց ժողովրդի նման: Ու ես պաշտում եմ վրացերենը:
— Վրացերենի ստեղծման մեր՝ հայկական պատմությանը Դուք ինչպե՞ս եք վերաբերվում։
— Իմ կարծիքով, դա ընդամենը վարկած է, լեգենդ, որ փոխանցվել է դարերով։ Մենք չունենք ոչ մի ուսումնասիրություն, փաստարկ, ոչ մի աղբյուր, որը կհաստատեր այդ վարկածը: Վրացերենի այբուբենը աշխարհի տասնչորս ինքնատիպ այբուբեններից է: Ըստ վրացական աղբյուրների, այն ստեղծել է Փառնավազ Ա թագավորը, մ.թ.ա. 3-րդ դարում: Այբուբենը զարգացման երեք փուլ է ունեցել, և այն, ինչ կա հիմա, վրացերենի աշխարհաբարն է: Հին տառատեսակը հայերենին նման է, և այդ նմանությունն է երևի հիմնական պատճառը, որ վրացերենի այբուբենի ստեղծումը կապում են Մեսրոպ Մաշտոցի հետ:
— Իսկ լեզվամտածողության ընդհանրություններ կա՞ն։
— Մենք հարևաններ ենք, նույն դժվարություններն ենք ունեցել, նույն ճանապարհն ենք անցել և անցնում: Ունենք բառաֆոնդի, ռուսաբանությունների, կատակների ու անեծքների նմանություններ: Երբ թարգմանում էի Արմեն Օհանյանի գիրքը, վախենում էի, որ վրաց ընթերցողը չի հասկանա: Արմենի տեքստերը շատ հայկական են, շատ մեր մասին են: Կա հումոր, հղումներ քաղաքական գործիչներին, որ թվում է՝ միայն մենք կընկալենք։ Ի զարմանս ինձ, վրացիներ էլ շատ ճիշտ ու տեղին են ընդունել։ Իրականում, պիտի չզարմանայի: Գերմանացին կամ անգլիացին կարող էին չհասկանալ, իսկ վրացին գիտի գրեթե ամբողջ ենթատեքստը, որովհետև նույնը նաև ինքն է ունեցել:
— Վերջերս թարգմանել եք Արմեն Օհանյանի «Անտիմիմինո» ժողովածուն։ Հեղինակը յուրահատուկ լեզու և ոճ ունի։ Ինչպե՞ս տրվեց նրան թարգմանելն ու Վրաստանում ինչպե՞ս նա ընդունվեց։
— Անկախությունից ի վեր առաջին անգամ էր Վրաստանում ժամանակակից հայ գրողի առանձին գիրք հրատարակվում՝ վրացերեն թարգմանությամբ։ Մինչ սա թարգմանել էի Նար-Դոսի «Մեր թաղը» ժողովածուն և Ժամանակակից հայ պոեզիայի անթոլոգիան՝ կազմված տասը հայ ժամանակակից բանաստեղծների գործերից: Արմեն Օհանյանին թարգմանելը մեծ մարտահրավեր էր։ Վրացերեն իմ ամենադժվար թարգմանությունն էր։ Արմենի լեզուն պոետիկ է ու յուրահատուկ: Որպես թարգմանիչ, շատ եմ աճել այդ թարգմանության ընթացքում և շատ բան եմ սովորել։ Օգնեց նաև հեղինակի հետ աշխատանքը։
Արմենի գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ Թբիլիսիի միջազգային գրականության փառատատոնի ընթացքում։ Արձագանքները՝ գրողներից և ընթերցողներից, դրական էին։
— Իսկ Հայաստանում վրացական գրականությունը սպառվո՞ւմ է։
— Գնում են միայն մարդիկ, որոնք գրքասեր են, գրականության հետ կապ ունեն, կարդում–արձագանքում են: Հուսով եմ՝ կգա ժամանակ, երբ, ոչ միայն վրացական, այլ ընդհանրապես գիրք կարդալը մասսայական կդառնա:
— Դիանա Անփիմիադիին էլ, որին նույնպես վերջերս եք թարգմանել, քչերը գիտեն։ Նույնիսկ իմ վրացի ընկերները, որոնք գրքասեր են, անունը չէին լսել։
— Անփիմիադին ճանաչված հեղինակ է դրսում՝ աշխարհի մասշտաբով։ Նա «Պերսեպոլիս» գրական հարթակի անդամ է, Միջազգային ՓԵՆ-ի մրցանակակիր։ Իր բանաստեղծությունների անգլերեն ժողովածուն «The Guardian»-ի լավագույն հնգյակում է հայտնվել։ Նա Վրաստանում էլ է ճանաչված: Բայց պոեզիան, ցավոք, ինչպես Հայաստանում, այնպես էլ Վրաստանում, պոպուլյար չէ: Արձակ ավելի շատ են ընթերցում:
— Անփիմիադիի որոշ բանաստեղծություններ, իմ կարծիքով, շատ հայերեն են հնչում։ Ինչո՞ւ որոշեցիք թարգմանել նրա գործերը։
— Անփիմիադիի հետ մեզ կապում է համատեղ աշխատանքի ավելի քան տասը տարի։ Շատ վաղուց եմ նրան ճանաչում, մենք մտերիմ ենք: Դիանայի գործերը թարգմանելը հեշտ էր, որովհետև ես նրան զգում եմ: Նրա ներաշխարհ տեղափոխվելու համար ինձնից մեծ ջանք չպահանջվեց: Գիտեի, որ այս տարվա սեպտեմբերին նա Երևանում է լինելու: Ինքն էր գրել: Հետո իմացա, որ Երևան Բուքֆեստի հյուրերից է: Ոգևորվեցի ու որոշեցի՝ պետք է շատ արագ թարգմանել նրան։ Դա մի խենթ գաղափար էր, որովհետև ուղիղ մի ամիս ժամանակ ունեի: Գրքի թարգմանությունն իրականություն դարձավ Տաթև Չախյանի շնորհիվ, որ բանաստեղծական շունչ տվեց իմ թարգմանությանը, և «Ակտուալ արվեստ» հրատարակչության շնորհիվ, որն աջակցեց ու անհնարը հնարավոր դարձրեց: Գիրքը տպարանից դուրս էր եկել շնորհանդեսի նախօրեին:
— Կա՞ վրացական հեղինակ կամ ստեղծագործություն՝ գուցե՝ ժամանակակից, գուցե՝ ոչ, որը, կարծում եք՝ պարտադիր պետք է թարգմանել ու հայ ընթերցողին ներկայացնել:
— Շատ կան, և հուսանք՝ ժամանակի ընթացքում շատերը կթարգմանվեն: Այս պահին կնշեմ Ակա Մորչիլաձեին, որին ես անձամբ շատ եմ ուզում թարգմանել:
— Ինչո՞ւ հենց նա:
— Նա ժամանակակից լավագույն արձակագիրն է Վրաստանում: Նրա գործերում հետխորհրդային շրջանն է, ինչպես, օրինակ, «Հարավային փիղը» գործում։ Ժամանակակիցներին շատ քիչ ենք թարգմանել: Հիմա շատ մեծ շարժ է սկսվել: Ու սկիզբը երևի 2020-ին ՓԵՆ-ի կազմակերպած հայ-վրացական գրական օրերին դրվեց: Այդ օրերին Երևանում հնչում էին հայ և վրաց հեղինակների թարգմանությունները, նրանք միմյանց գործերն էին ընթերցում:
— Ի՞նչ եք հիմա թարգմանում:
— Թարգմանում եմ Արամ Պաչյանի P/F վեպը։ Այս պահին խմբագրում եմ, հեղինակի հետ հանդիպել-աշխատելու փուլն է։ Մինչև տարեվերջ, կարծում եմ, կհրատարակվի։ Բարդ ու հետաքրքիր է Արամին թարգմանելը։ Նրա լեզուն ու միտքը յուրահատուկ են՝ պաչյանական։ Դժվարություններ եղել են, բայց դրանք հաղթահարել եմ, քանի որ սիրելի տեքստ է։
Հեղինակ՝
Ուսանողներ
Ալյոնա
Հայրապետյան
Դասախոս՝
Դասախոսներ
Մարիամ
Բարսեղյան