aygezard
ՏեքստՀուլիս 9/2024

Այգեզարդցիների այգիների գլխին հանքերի փոշոտ ամպեր են կուտակվում

Այգեզարդ գյուղը Արարատի մարզում է, Կարմիր սարը՝ գյուղի վարչական տարածքում։ Սարի հանքը շահագործելու հարցը գյուղացիների քննարկման հիմնական թեման է։ Չնայած բնակավայրում երեք հանրային լսում է կազմակերպվել՝ շատերն այդ մասին իմացել են միայն այն ժամանակ, երբ դրա դեմ ստորագրահավաք է սկսվել:

Դեռ խորհրդային տարիներին են հայտնաբերել, որ սարը հարուստ է կրաքարային մերգելներով։ Ցեմենտի հումք ծառայող այս նյութն արդյունահանելու համար վերջին տարիներին մի քանի ընկերություն հայտ է ներկայացրել։

2024-ի հունվարին «Դիգընդիգ» ՍՊԸ-ն շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) նախնական հայտ է ներկայացրել Շրջակա միջավայրի նախարարություն՝ հայցելով Այգեզարդի Կարմիր սարի կրաքարային մերգելների հանքարդյունահանման իրավունք։ Հայցվող տարածքը մոտ 37 հեկտար է:

2.jpg
Լուսանկարում այն տարածքն է, որի համար «Դիգընդիգ» ՍՊԸ-ն հայտ է ներկայացրել՝ հանքարդյունահանման նպատակով

«Դիգընդիգը» միակ ընկերությունը չէ, որ ուզում է այս սարի վրա կրաքարային մերգելներ արդյունահանել և սպասում է թույլտվության։

Կարմիր սարի վրա, բայց Այգեզարդի հարևան՝ Գինեվետ բնակավայրի վարչական տարածքում հանք շահագործելու նպատակով ՇՄԱԳ-ի նախնական հայտ է ներկայացրել ևս երկու ընկերություն։

Մեկը «Գռանուլս» ՍՊԸ-ն է, որը ցանկանում է 66 հեկտար տարածքում հանքարդյունահանում իրականացնել։ Ե՛վ այս, և՛ «Դիգընդիգ» ընկերությունը պատկանում են նույն մարդուն՝ Լևոն Ավետիսյանին։ «Գռանուլս» ՍՊԸ-ն նախնական գնահատման իր հայտը ներկայացրել է 2023-ի սեպտեմբերի 20-ին։ Այդ օրը հայտ է ներկայացրել նաև «Օրդ» ՍՊԸ-ն։ Այս ընկերությանն էլ հանքարդյունահանման նպատակով անհրաժեշտ է 62 հեկտար տարածք։

Հուլիսի 10-ին Տիգրան Օրդուխանյանին պատկանող «Օրդ» ՍՊԸ-ն չորրորդ հանրային քննարկումը կանցկացնի Գինեվետում։

Տիգրան Օրդուխանյանին պատկանող մեկ այլ ընկերություն՝ «Օրդ գրուպ» ՍՊԸ-ն ցեմենտի գործարան կառուցելու նպատակով 2023-ի հոկտեմբերի 6-ին հանրային քննարկում է անցկացրել Վեդի քաղաքում: Վեդիից առաջ նույնը փորձել է անել Մասիս խոշորացված համայնքի Մարմարաշեն բնակավայրում, սակայն հենց առաջին հանրային լսումով բնակիչները դեմ են արտահայտվել իրենց համայնքում ցեմենտի գործարան կառուցելուն։

4.jpg
Կարմիր սարից՝ Այգեզարդին պատկանող մշակովի հողերն են և Գինեվետ բնակավայրը

Հանքարդյունաբերությո՞ւն, թե՞ գյուղատնտեսություն

Այս երկընտրանքի առջև են կանգնած Այգեզարդի և հարակից գյուղերի բնակիչները։ Այգեզարդի մոտ 3000 բնակիչներից 2300-ը միացել են համայնքում կազմակերպված ստորագրահավաքին՝ ընդդեմ հանքավայրի շահագործմանը։ Հետո այն ուղարկել են Արարատի մարզպետարան, Արտաշատի համայնքապետարան, վարչապետի աշխատակազմ, Շրջակա միջավայրի նախարարություն և ՇՄԱԳ փորձաքննական կենտրոն։

Ստորագրողները մտահոգված են, որ եթե հանքը շահագործվի, միջավայրը կաղտոտվի, ծառերը կվնասվեն, իրենք էլ կզրկվեն իրենց ապրուստի հիմնական միջոցից՝ գյուղմթերքից:

1.jpg
Այգեզարդը և հարակից բնակավայրերը Կարմիր սարից

Ստորագրահավաքի կազմակերպիչներն իրենց մտահոգություններն արտահայտել են նաև սոցիալական ցանցերում՝ այդ կերպ փորձելով հնչեղություն տալ իրենց նախաձեռնությանը։

Հանրային 3 լսումներն անցկացվել են միայն ազդակիր ճանաչված (Ազդակիր համայնք — շրջակա միջավայրի վրա նախատեսվող գործունեության հնարավոր ազդեցության ենթակա մարզի (մարզերի), համայնքի (համայնքների) բնակչություն) Այգեզարդ բնակավայրում: Իրականացվող գործունեությունից, տվյալ դեպքում՝ հանքի շահագործումից, հնարավոր ազդեցության ենթակա բնակավայրերը ճանաչվում են որպես ազդակիր համայնքներ:

«Դիգընդիգ» ՍՊԸ-ի ներկայացրած ՇՄԱԳ նախնական հայտում նշված է, որ Այգեզարդը հնարավոր հանքավայրից հեռու է 2.7 կմ, մինչդեռ հարակից բնակավայրերը հանքավայրի տարածքին ավելի մոտ են։ Կրաքարային մերգելների հանքավայրը Նոր ուղի բնակավայրից հեռու է 2.1 կմ, Քաղցրաշենից՝ 2.45 կմ, Գինեվետից՝ 2.08 կմ։

image1 Large.png
Քարտեզը «Դիգընդիգ» ՍՊԸ-ի ներկայացրած նախնական գնահատման հայտից

Ինչո՞ւ է ազդակիր ճանաչվել միայն Այգեզարդ գյուղը՝ մեր գրավոր հարցմանն ի պատասխան «ՇՄԱԳ փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնել են.

«Այգեզարդ բնակավայրը շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության նախնական փուլում դիտարկվել է որպես ազդակիր համայնք, քանի որ հայցվող տարածքը գտնվում է միայն տվյալ բնակավայրի վարչական սահմաններում՝ գյուղատնտեսական նշանակության հողերում։ Հարակից՝ ավելի մոտ բնակավայրերը գտնվում են սանիտարապաշտպան գոտին մի քանի անգամ գերազանցող հեռավորության վրա»:

Սանիտարապաշտպան գոտին, համաձայն Քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանով սահմանած չափորոշիչների, Կարմիր սարում հանքարդյունահանելու դեպքում ընդամենը 50 մետր է։

Բնապահպան Օլեգ Դուլգարյանի կարծիքով՝ ՇՄԱԳ կենտրոնի այս գնահատականը դեռ չի նշանակում, որ ազդակիր չճանաչված բնակավայրերը զերծ են մնալու բացասական ազդեցությունից։

«Փորձաքննական կենտրոնին հարցնես՝ ի՞նչ ազդեցություն կունենա շրջակա գյուղերի բնակիչների առողջության վրա, ինչ էլ ասեն, ասելու են իրենց ունեցած փաստաթղթերի շրջանակում։ Հնարավոր է՝ տվյալ բնակելի տարածքները գտնվում են սանիտարապաշտպան համապատասխան հեռավորության վրա, բայց դա չի նշանակում, որ ազդեցություն չի լինելու այդ բնակավայրերի բնակիչների վրա»։

Գրավոր հարցմամբ ՇՄԱԳ փորձաքննական կենտրոնից ստացել ենք հանրային լսումների արձանագրությունները և տեսագրությունները։ Համաձայն նյութերի՝ լսումներին մասնակցել են հիմնականում համայնքապետարանի աշխատակիցները։ «Դիգընդիգ» ընկերության ներկայացուցիչները լսումների ժամանակ վստահեցրել են, որ բոլոր ռիսկերն իրենք գնահատել են, և բնակավայրում հանքի շահագործման վնասները կառավարելի են։ Նրանցից մեկն ասել է՝ մոնիտորինգից հետո պարզ կլինի, թե հանքից արտանետված փոշին որքան է վնասում այգիներին։ Թույլտվության դեպքում ընկերությունը պարտավորվում է հանքավայրի տարածքում շաբաթը մեկ փոշու արտանետման մոնիտորինգ իրականացնել։

Բնապահպանական նկատառումներից ելնելով՝ ընկերությունը, բացի հանքավայրի տարածքից, մշտադիտարկում է նախատեսում նաև հարակից այգիներում և ճանապարհներին, որոնցով կանցնեն ընկերության մեքենաները։ Որպես հնարավոր վնասների փոխհատուցում՝ խոստացել են գյուղում սոցիալական ծրագրեր իրականացնել՝ կվերանորոգեն գյուղի մշակույթի տունը, մանկապարտեզը։

Հանրագիրը ստորագրած գյուղացիները թերահավատ են, թե հանք շահագործող ընկերությունը կկատարի իր պարտավորությունները: Նրանք վստահ են՝ որքան էլ հանք շահագործողը հետևի կանոններին, միևնույն է, փոշի առաջանալու է, իսկ իրենք չեն ուզում ապրել փոշու մեջ։

Ստորագրահավաքի նախաձեռնողներից է Այգեզարդի «Կորիզ» երիտասարդական և համայնքային զարգացման կենտրոնի ղեկավար Արփինե Խաչատրյանը։

3.jpg
Արփինե Խաչատրյանը՝ հանքի շահագործմանը դեմ ստորագրահավաքի նախաձեռնության մասին հայտարարություն փակցնելիս

Նա ասաց, որ ի պատասխան իրենց հանրագրի՝ ՇՄԱԳ կենտրոնից հայտնել են, թե «Դիգընդիգին» տրվել է տեխնիկական առաջադրանք, որը դեռ կատարված չէ։ Արտաշատի համայնքապետարանից պատասխան չեն ստացել, բայց համայնքապետը մասնագետների հետ այցելել է բնակավայր, ստորագրահավաքի կազմակերպիչների հետ խոսել հանքի շահագործման հարցերի շուրջ։ Ըստ Արփինե Խաչատրյանի՝ համայնքապետն ասել է, որ ինքը կողմ է հանքարդյունաբերության զարգացմանը, բայց «կանգնած է ժողովրդի կողքին»։

Արփինեի ճշտող հարցին՝ ժողովուրդ ասելով նկատի ունի Արտաշատ համայնքի քաղաքացիների՞ն, թե՞ Այգեզարդի բնակիչներին, համայնքապետ Կառլեն Մկրտչյանը չի արձագանքել։ Այս հանդիպման մասին Արտաշատի համայնքապետը գրություն է ուղարկել Արարատի մարզպետարան՝ նշելով.

«Համայնքը կողմ է հանքարդյունաբերության զարգացմանը, սակայն դա չպետք է լինի ի հաշիվ համայնքի անդամների առողջության և շրջակա միջավայրի վրա էական ազդեցության»։

Արփինե Խաչատրյանի դիտարկմամբ՝ «համայնքապետը, համայնք ասելով, ամենայն հավանականությամբ, նկատի ունի խոշորացված Արտաշատ համայնքը, սակայն Այգեզարդի բնակիչները հանքի շահագործմանը դեմ են և արտահայտվել են»։

Նա համոզված է, որ հանքի շահագործումը վտանգավոր է շրջակայքի այգիների համար ու բերում է Գնդևազի օրինակը, երբ ընդամենը շինարական աշխատանքների հետևանքով ծիրանենիների բերքը փչացել էր։

Արփինեն մտահոգված է, որ նույնը կպատահի նաև իրենց գյուղում, եթե այգիներից մի քանի հարյուր մետր հեռու շահագործվի բաց հանք։

«Դիգընդիգ» ընկերությունը հանքարդյունահանման իր հայտում և հանրային լսումների ընթացքում նշել է, որ հնարավոր բոլոր ռիսկերը կկառավարեն, սակայն ըստ Արփինե Խաչատրյանի՝ հասկանալի չէ, թե ինչպես են դա անելու։

Այգեզարդում ներդրումներ կատարած Գևորգ Ավագյանը, որ բնակվում է Դանիայում, պնդում է, թե խախտվել են ներդրողի իր իրավունքները։ Ասում է՝ Հայաստանում ներդրում անելու մասին երկար է մտածել, ի վերջո ընտրել է Այգեզարդը։ Գրավել է նախ գյուղի անունը, հետո էլ մասնագետներից իմացել է, որ Այգեզարդի դիրքը արևի նկատմամբ հարմար է գյուղատնտեսության համար․ բերքը շուտ է հասնում ու քաղցր է լինում։ Ասում է՝ արդեն 1 միլիոն դոլարի ներդրում է կատարել գյուղում, և եթե, իր հողամասից ընդամենը մի քանի հարյուր մետր հեռու հանք շահագործվի, լրջորեն կվնասվեն իր հողատարածքները։

Գևորգ Ավագյանի եղբոր թոռն ու որդին՝ իրենց հողում 2015թ․ ծառատունկ կատարելիս։ Լուսանկարը տրամադրել է Գևորգ Ավագյանը։

Գևորգ Ավագյանն Այգեզարդում մոտ տասը հեկտար հողատարածք ունի. հիմնականում նորատունկ ծառեր են։ Ամբողջ ոռոգումն իրականացվում է կաթիլային եղանակով։

Ասում է՝ միայն օրգանական պարարտանյութ են օգտագործում։ Վրդովված է հանք շահագործելու հեռանկարից՝ «բա ես էկո պրոդուկտ եմ ուզում ստանալ, դու բերում ես իմ գլխին փոշի՞ ես լցնում, էն էլ՝ ցեմենտի»։

Լուսանկարում Գևորգ Ավագյանի այգին է, հետևում՝ Կարմիր սարը։ Լուսանկարը տրամադրել է Գևորգ Ավագյանը։

Ասում է՝ իր հողամասի տարածքում պատրաստվում է էկոտուրիզմ զարգացնել. մի քանի տարի անց, երբ ծառերը մեծանան, կկարողանա նաև զբոսաշրջիկներ ընդունել։ Բայց եթե հանքը շահագործվի, ծրագրերը կմնան անկատար, իսկ արված ներդրումները կկորչեն։

Բնապահպան Օլեգ Դուլգարյանը սխալ է համարում գյուղատնտեսական հողերի հարևանությամբ ցանկացած տիպի հանքավայրի շահագործումը։ Նրա համոզմամբ՝ դրանով վտանգվում է տվյալ համայնքի, բնակավայրի տնտեսական ապագան, իսկ գյուղացիները զրկվում են օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվելու հնարավորությունից։

Օլեգ Դուլգարյանը, լուսանկարը՝ նրա ֆեյսբուքյան էջից

«Գյուղացիների մտահոգությունները գուցե մասնագիտական չեն, բայց ռեալ են, դրա համար պետք չէ մասնագետ լինել։ Հայաստանում որտեղ հանք է շահագործվում՝ բաց հանք, այնտեղ փոշին աղտոտում է շուրջբոլորը»,— ասում է Դուլգարյանը։

Մտահոգիչ են նաև առողջապահական ռիսկերը, հատկապես, որ փորձագետի գնահատմամբ՝ Հայաստանում առողջության վրա ազդեցության փորձաքննություններ չեն իրականացվում։

«Օրենքում գրված է, որ պետք է իրականացվի, բայց չի իրականացվում, որովհետև չկան սահմանված չափորոշիչներ։ Քաղաքացին, որը պնդում է, որ հանքի շահագործումը վնասելու է իր առողջությունը, իրավացի է, քանի դեռ նրան հակառակը չեն ապացուցել»,— ասում է Օլեգ Դուլգարյանը։

Տարիներ առաջ Այգեզարդի տարածքում հանքշահագործման նախագիծ ներկայացրել և 2022-ի փետրվարին թույլտվություն էր ստացել «ՄԼ մայնինգ» ՍՊԸ-ն (մոտ 34 հեկտար տարածք)։ Սակայն մինչ օրս «ՄԼ մայնինգ» ՍՊԸ-ն չի իրականացնում հանքարդյունահանման աշխատանքներ։

Հուլիսի 4-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «Արարատյան դաշտավայրի բնակիչներն ընդդեմ վնասակար հանքարդյունաբերության» թեմայով։

Բանախոսներից էկոլոգ-իրավաբան Նազելի Վարդանյանի գնահատմամբ՝ Հայաստանում խեղաթյուրվել է հանրային լսումների և իրազեկման իրական նպատակը։ Դրանք պետք է կազմակերպվեն նախապես՝ հանրությանը բազմակողմանիորեն և հավուր պատշաճի ներկայացնելով խնդիրները։

«Համայնքապետարանները հանրային լսումների մասին հայտարարությունը տեղադրում են իրենց կայքում։ Պատկերացնո՞ւմ եք, գյուղացին ամեն օր պետք է մտնի համայնքի կայք, որ տեսնի՝ ինչ-որ լսում կա՞»։ Մինչդեռ, ըստ Նազելի Վարդանյանի, հանրային լսումների վերաբերյալ հայտարարությունները «պետք է փակցված լինեն վարչական շենքի, խանութների, դպրոցների պատերին»։

Էկոլոգ-իրավաբանն ահազանգում է, որ Կարմիր սարի տարածքում Կարմիր գրքում գրանցված 14 տեսակի բարձրակարգ բույսեր և 17 տեսակի կենդանիներ կան։

Հիշեցնում է՝ ««Բուսական աշխարհի մասին օրենքով» կարմիրգրքային բույսերի համար աճելավայրերի և նրանց թվաքանակի կրճատումն անթույլատրելի է, նման սահմանում կա նաև «Կենդանական աշխարհի մասին» օրենքում։ Այնտեղ, որտեղ աճում կամ բնակվում են կարմիրգրքային տեսակներ, արգելվում է հանքարդյունաբերությունը։ Կարմիր սարի տարածքում՝ նույնպես»,— պնդում է բնապահպանը։

Այգեզարդում անցկացված ստորագրահավաքի և բնապահպանների հնչեցրած մտահոգությունների վերաբերյալ փորձեցինք ստանալ մեկնաբանություն նաև «Դիգընդիգ» ՍՊԸ-ից, բայց ընկերության տնօրենը չցանկացավ բանավոր մեկնաբանություններ տալ, առաջարկեց հարցերը գրավոր ուղարկել։

Մենք կուղարկենք հարցերն ու կսպասենք «Դիգընդիգի» պատասխանին։ Նաև կմասնակցենք հուլիսի 10-ի «Օրդ» ՍՊԸ-ի ներկայացրած հայտի չորրորդ հանրային քննարկմանը Գինեվետում։ Կհետևենք զարգացումներին և հետևողականորեն կներկայացնենք գյուղացիների, հանք շահագործողների ու պատասխանատու կառույցների մտահոգությունները, շահերը և որոշումները։

Հեղինակ՝

Ուսանողներ

Արմեն

Խեչումյան

Դասախոսներ՝

Դասախոսներ

Էդիկ

Բաղդասարյան

Դասախոսներ

Տիրայր

Մուրադյան

Դասախոսներ

Մարիամ

Բարսեղյան

Թիմ՝

Թիմ

Հարություն

Մանսուրյան