barekamutyun-underground-passage
Ֆոտո պատմությունՓետրվար 3/2023

Բարեկամանցում

«Բարեկամություն. վերջին կայարանն է»։

Աղմուկ է, իրարանցում․․․ Շտապում ենք շարժասանդուղքով վեր, հասնում մրջնանոց հիշեցնող խցանված գետնանցումին և արագ փորձում ենք բազում ելքերից գտնել ամեն մեկս մերը։ Ու չենք էլ նկատում նրանց՝ ոչ մի տեղ չշտապող սպասողներին։ Եթե հանկարծ դանդաղենք, մոտենանք նրանց տաղավարներին, հաստատ կփորձեն համոզել, որ իրենց ապրանքն ամենալավն է՝ սնունդը, ներքնազգեստը, տեխնիկան, և դա կանեն արագ, որ չուշանանք։ Իսկ մենք կասենք, որ հեչ էլ չենք շտապում, եկել ենք նրանց նկարելու և զրուցելու։

Բայց մինչ զրույցը հիշենք, թե ինչ տեսք ուներ գետնանցումը մի քանի տասնամյակ առաջ։

Անցումի ճարտարապետը

002.png
Լուսանկարը՝ Կարեն Բալյանի «Ֆենիքս Դարբինյան. քաղաքին ուրախություն պարգևած ճարտարապետը» գրքից

Կայարանի և գետնանցման նախագծման ու կառուցման հեղինակը Ֆենիքս Դարբինյանն է։ Երեք մասի բաժանված կայարանի կենտրոնական հատվածում Ղուկաս Չուբարյանի «Ժողովուրդների բարեկամություն» խորաքանդակն է։ Ստորգետնյա սյունազարդ կայարանի դահլիճի լայնությունը 14-19 մետր է, իսկ երկարությունը` 100 մետր։ Կայարանը Բաղրամյան պողոտայի, Կիևյան, Հակոբ Հակոբյանի, Կասյան, Հրաչյա Քոչար փողոցների հանգույցում է։ Մետրոյի կայարանը կառուցել են ներկայիս Բաղրամյան պողոտայի տակ։ Այն ժամանակ պողոտան այլ անուն ուներ՝ Բարեկամություն։

Ճարտարապետության պատմաբան և պրոֆեսոր Կարեն Բալյանի «Ֆենիքս Դարբինյան. քաղաքին ուրախություն պարգևած ճարտարապետը» գրքում, հեղինակը ներկայացնում է մանրամասներ անցումի նախագծման ու կառուցման ընթացքից։ Ըստ գրքի՝ կայարանը չուներ ավանդական վերգետնյա նախասրահ, միացված էր ստորգետնյա հետիոտնային անցումին։ Դարբինյանի նախագծի սկզբնական առաջարկում 100 մետրանոց հրապարակի կենտրոնում գործելու էր 35 մետր տրամագծով օղակ, որի շնորհիվ բացվում էր ստորգետնյա տարածությունը։ Անցումի միջին մասը նախատեսված էր մարդկանց հոսքի համար, իսկ արտաքին պատի ամբողջ տարածությունը՝ առևտրի կազմակերպման։

003.png
Լուսանկարը՝ Կարեն Բալյանի «Ֆենիքս Դարբինյան. քաղաքին ուրախություն պարգևած ճարտարապետը» գրքից

Այդ նախագիծը իրականություն չդարձավ։ Կայարանը կառուցվեց մեկ այլ նախագծով, որով առևտրական տարածքները, դրանց պահեստները, սրճարանը հավաքում էին գետնանցման կենտրոնական մասում։ Մարդկանց շարժի համար հատկացված էր արտաքին պատին կից գոտին, որն ապահովում էր հասանելիություն աստիճաններին և մետրոյի մուտքին։ Այսպես կարգավորվում էր նաև մարդկանց անվտանգ տարհանման հարցը, եթե դրա կարիքը լիներ։

Անցումի սրճարանը

«Բարեկամություն» կայարանի բացման օրվանից՝ 1981թ. մարտի 7-ից, ստորգետնյա անցումում գործել է «Հանդիպում» սրճարանը։ Մուտքը շատրվանների կողմից էր։ Սրճարանը կառուցված էր 80-ականների ոճով: Կային նախշերով պլաստմասե աթոռներ, կլոր սեղաններ, գրեթե միշտ միացված էր այդ տարիներին բնորոշ իտալական, անգլիական երաժշտություն՝ Boney M, Abba…

004.png
Լուսանկարը՝ HinYerevan.com-ի

Սրճարանի մշտական հաճախորդները հիմնականում երիտասարդներն էին։ Խոսեցինք մի քանիսի հետ․ նրանք դեռ հիշում են սրճարանի հատապտուղներով պաղպաղակը, դառը սուրճն ու երաժշտությունը: Կատակով ասում են, որ սրճարան գնում էին ոչ թե ինչ-որ բան ուտելու կամ խմելու, այլ գնում էին, որովհետեւ այն քաղաքի «մոդայիկ» վայրերից էր, երիտասարդությունը հավաքվում էր և քննարկում օրվա դեպքերը։ Իրինա Կարապետյանն իր առաջին լրագրողական աշխատանքում ներկայացրել է սրճարանի միջավայրը, այցելուներին և այնտեղ լսած հետաքրքիր պատմությունները: Հիշում է, որ սրճարանն այդ տարիներին միշտ մարդաշատ էր, հատկապես սիրում էր այնտեղի երաժշտությունը:

005.png
Լուսանկարը՝ armenpress.am-ի

1990-ականների սկզբին հետխորհրդային ճգնաժամ էր, փակվում էին գործարաններ, խանութներ, սրճարաններ։ Գետնանցումի սրճարանն էլ փակվեց։ Նույն տեղում 90-ականների վերջին բացվեց բինգոյի խաղասրահ։ Բինգոն շատ նման է լոտոյին․ պտտում են համարակալված գնդակները, թղթի վրա ջնջում համընկնող թիվը և շահում։ Խաղարկվել են հեռուստացույց, մագնիտոֆոն, կենցաղային տեխնիկա, գումար, պատահել է՝ ավտոմեքենա։ Տոմսի արժեքը 200-300 դրամ էր։ Խաղասրահը մինչև լուսաբաց մարդաշատ էր լինում, օրական շուրջ 500 հաճախորդ էր այցելում։

Բինգոն գործել է մոտ 5 տարի, մինչև 2003 թվականի «Շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի ընդունումը։

Անցումի մարդիկ

Մենք՝ Հետք Մեդիա Գործարանի ուսանողներս, որոշեցինք նկարել Բարեկամության գետնանցումում աշխատող մարդկանց, խոսել նրանց հետ իրենց աշխատանքի պայմանների, տարիների ընթացքում տեսած-լսածի մասին։ Եվ որպեսզի օգնենք անցյալը վերհիշել, որոշեցինք լուսանկարել նրանց ոչ թե թվային, այլ ժապավենային տեսախցիկով (Mamiya RZ67)։

008.jpg
Էդիկ

Էդիկը «Բարեկամության» գետնանցումում սկսել է աշխատել Սպիտակի երկրաշարժից հետո։ Ասում է՝ չնայած ամեն ինչ թվայնացվում է, բայց ինքն ունի թերթ կարդացող մշտական հաճախորդներ։ Ազատ ժամանակ ինքն էլ է թերթ ու ամսագիր կարդում, որ տեղյակ լինի՝ ինչ է վաճառում։ Շեշտում է, որ աշխատանքը գետնանցումում համբերատարություն ու համառություն է սովորեցրել։

006.jpg
Ալիսա

Ալիսան խաղային համակարգեր է վաճառում, աշխատում է գետնանցումում 20 տարուց ավելի։ Նախկինում աշխատել է ՏՏ ոլորտում։ Խաղեր չի խաղում, բայց ասում է` մանրամասն գիտի դրանք ու սիրում է իր գործը։ Մի սկավառակ գտնելու համար ամեն ինչ տակնուվրա է անում, հետո նորից հետ դասավորում։ Նոր հաճախորդի համար կրկնում է նույն գործողությունը։

007.jpg
Ռաֆիկ

Ռաֆիկի համար գետնանցումն աշխատավայր է արդեն 2 տասնամյակ։ Մինչև այստեղ գալը «Հայֆիլմում» նկարիչ, մուլտերի դեկորացիա պատրաստող մասնագետ էր։ Նա գետնանցումում ստեղծել է չինական փոքրիկ «թաղամաս»։ Կան իրեր, որոնք այստեղ են խանութի ստեղծման առաջին օրվանից․ Ռաֆիկը դրանք չի վաճառում։

009.jpg
Անահիտ

Անահիտն ու ամուսինը՝ Վարդանը, 30 տարի է «Բարեկամությունում» են: Ինչպես ասում է Անահիտը՝ գետնի տակ՝ նույնիսկ չգիտեն՝ դրսում ա՞րև է, թե՞ անձրև։ Նրանք ամեն օր գալիս են գետնանցում՝ աշխատանքի: Անահիտն ասում է, որ սկզբից դժվար էր, հետո սովորել է։ Առաջ գետնանցումում բոլորը իրար ճանաչում էին, մտերիմ էին, հիմա, ասում է, առաջվանը չէ։

010.jpg
Արշո

Արշոն ասում է, թե Ռուսաստանում հուշանվերների արտադրություն ունի, որի արտադրանքն էլ վաճառում է գետնանցումում։ Գիտակցական կյանքը ռինգում է անցկացրել, 4 տարի առաջ թողել է սպորտը, 3 տարի առաջ իջել է գետնանցում ու մնացել այստեղ։ Կատակում է՝ հաճախորդների երեխաները իր աչքի առաջ են մեծացել։ Ազատ ժամանակ այնպիսի ֆիլմեր է նայում, որ երբ հաճախորդը մոտենա, ընդհատի դիտումը, ինքը հետո էլ չհիշի՝ ինչի մասին էր ֆիլմը։

011.jpg
Բաբկեն

Բաբկենը 30 տարի է այստեղ։ Տեսել է գետնանցումի փոխակերպումները։ Սկզբում բանվոր է եղել գետնանցումում, հետո՝ բինգոյում, հիմա արդեն կրպակներում է նույն աշխատանքն անում։

Անցումի ներկան

«Բարեկամություն» գետնանցումի սեփականատերը Երևանի քաղաքապետարանն է։ Նախկին սրճարանի տարածքում գործող խանութների վարձակալների հետ կնքված պայմանագրերը առ այսօր ուժի մեջ են, իսկ կրպակների վարձակալների պայմանագրերի մեծ մասի ժամկետը լրացել է։ Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի, եթե պայմանագրի ժամկետի ավարտից հետո վարձակալը, վարձատուի առարկությունների բացակայությամբ, շարունակում է օգտվել գույքից, պայմանագիրը ճանաչվում է վերսկսված` նույն պայմաններով անորոշ ժամկետով։

Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Գեղամ Կարապետյանն ասաց, որ նոր պայմանագրեր չեն կնքում, որովհետև չգիտեն՝ շարունակելո՞ւ են իրավահարաբերությունները տնտեսվարողների հետ, թե՞ ոչ։ Հիմա ուսումնասիրում են փաստաթղթերը՝ անելիքները հասկանալու համար։

Նոր կնքվող պայմանագրերում սակագինը սահմանում է Երևանի ավագանին, մինչ այդ գործում էր նախկին պայմանագրով սահմանված սակագինը։ Որքան մեծ է վարձակալվող տարածքի մակերեսը, այնքան ցածր է սակագինը։ Մինչև 20 քմ տարածք զբաղեցնող օբյեկտների տարեկան վարձավճարը 1 քմ-ի համար 36 000 դրամ է, ամսական՝ 3.000, 21-50 քմ-ի համար տարեկան՝ 30.000 դրամ, 101-300 քմ-ի համար՝ տարեկան՝ 10.000 դրամ։ 300 քմ-ից ավել տարածք զբաղեցնող օբյեկտների տարեկան վարձավճարը 4200 դրամ է, ամսական՝ 350 դրամ: Վարձակալության գումարը փոխանցվում է Երևանի բյուջե։

Գլխավոր լուսանկարը՝ Կարեն Բալյանի «Ֆենիքս Դարբինյան. քաղաքին ուրախություն պարգևած ճարտարապետը» գրքից

Հեղինակներ՝

Ուսանողներ

Ժաննա

Բեքիրյան

Ուսանողներ

Էմիլյա

Հոսյան

Ուսանողներ

Անահիտ

Սվարյան

Դասախոսներ՝

Դասախոսներ

Վահան

Ստեփանյան

Դասախոսներ

Մարիամ

Բարսեղյան