batteries
Long ReadՀունվար 31/2022

Պատասխանատու քաղաքացին և պատասխան չունեցող պետությունը. ո՞ւր թափել մարտկոցները

Երևանի բնակիչ Մայա Շահումյանը տևական ժամանակ հավաքել է իր օգտագործած էլեկտրոնային մարտկոցները, քանի որ գիտի շրջակա միջավայրի վրա դրանց վտանգավոր ազդեցության մասին։ Մայան աղբամանը չի նետել մարտկոցները, բայց նաև չգիտի՝ ինչ անել, որտեղ և ում հանձնել դրանք՝ անվտանգ պահեստավորման համար:

Հետք Մեդիա Գործարանի ուսանող-լրագրողներս որոշեցինք պարզել, թե արդյո՞ք Հայաստանում կա վտանգավոր թափոնների անվնաս պահեստավորման եւ վերամշակման հնարավորություն։

Ինչո՞ւ օգտագործված մարտկոցները չնետել աղբամանը

Թափոնների մասին ՀՀ օրենքը սահմանում է, որ վտանգավոր են այն թափոնները, որոնք իրենց ֆիզիկական, քիմիական կամ կենսաբանական հատկություններով վտանգ են ստեղծում մարդու առողջության և շրջակա միջավայրի համար, և պահանջվում են դրանց հետ վարվելու հատուկ մեթոդներ, եղանակներ, միջոցներ:

Մարտկոցները պարունակում են առաջին դասի վտանգավորության բաղադրիչներ՝ կապար, կադիում, նիկել, ցինկ, ալկալիներ, որոշ դեպքերում՝ նաև սնդիկ:

6-1024x575.jpg
էլեկտրոնային մարտկոցների բաղադրությունը

Տարիներ առաջ «Վիվա-ՄՏՍ» ընկերության որոշ մասնաճյուղերում դրված էին տարաներ, որտեղ կարելի էր նետել օգտագործած մարտկոցներ։ Փորձեցինք հենց ընկերությունից պարզել, թե ինչ արդյունք տվեց այդ նախաձեռնությունը և արդյո՞ք վերամշակման ուղարկվեցին հավաքված մարտկոցները:

«Վիվա-ՄՏՍ»-ը մեր գրավոր հարցմանը պատասխանեց, որ ընկերությունը կենցաղային մարտկոցներ հավաքելու գործընթաց, որպես այդպիսին, չի նախաձեռնվել:

«2016թ.-ին սպասարկման կենտրոններում տեղադրվել են թափանցիկ տարաներ՝ չաշխատող բջջային սարքեր ու առանձին դետալներ հավաքելու համար: Սա փորձնական ծրագիր էր: Հավաքված սարքերն ու դետալները տրամադրվել են տարբեր դպրոցների ռոբոտաշինական խմբակների… Առհասարակ դադարեցվել է հաճախորդներից սարքեր հավաքելու գործընթացը»,- ասվում է «Վիվա-ՄՏՍ»-ի պատասխանում:

Maya-Shahumyan.jpg
Մայա Շահումյան

Երկար փնտրտուքներից հետո Մայա Շահումյանը հասկացել է, որ որևէ տեղ մարտկոցները չեն տեսակավորվում և վերամշակվում. «Ճիշտն ասած` մեկ-մեկ մտածում եմ երևի իմաստ չունի արդեն պահել, բայց դեռ սովորույթի ուժով դանդաղ հավաքվում են ինձ մոտ»,- ասում է Մայան:

Մարտկոցների՝ կենցաղային աղբի հետ բաց աղբավայրեր նետելը ոչ միայն բնապահպանական, այլ նաև մարդու առողջության համար վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ։ «Հայ կանայք հանուն առողջության, շրջակա միջավայրի» ՀԿ փորձագետ Քնարիկ Գրիգորյանն ասում է, որ մարտկոցների կապարային մասը կարող է անցնել մարդու տարբեր օրգաններ՝ ժամանակի ընթացքում լուրջ վնաս հասցնելով առողջությանը։

«Դուրս գալով մարտկոցի միջից` անձրևաջրերով, ձնհալի միջոցով [ծանր մետաղներն,- հեղ.] անցնում են հողի շերտեր, իսկ հետո կարող են քամահարվել կամ, եթե տեղի է ունենում աղբավայրի այրում, կարող են տարբեր օքսիդների տեսքով արտամղվել մթնոլորտ։ Ծանր մետաղների համար չկան մինիմալ դոզաներ, որովհետև կապարը կուտակվում է օրգանիզմում»,- բացատրում է փորձագետը։

Շատ լավ իմանալով, թե ինչ վնաս են հասցնում մարտկոցները շրջակա միջավայրին, բնապահպան Լևոն Գալստյանն արդեն հինգ տարի է՝ հավաքում և դեն չի նետում օգտագործած մարտկոցները. «Մոտավորապես 100 տարի է տևում իրենց քայքայումը, մի մարտկոցը կարող է 20 քմ հող աղտոտել»,- ասում է բնապահպանը։

Շրջակա միջավայրի նախարարությունից ամիսներ շարունակ փորձում էինք պարզել, թե տարեկան որքան մարտկոց է կուտակվում Հայաստանում և ինչպես է իրականացվում դրանց կառավարումը: Նախարարությունն անընդհատ հրաժարվում էր մեզ հարցազրույց տալ, այդ պատճառով գրավոր հարցում ուղարկեցինք: Ըստ նախարարության՝ առաջնային մարտկոցների համար առանձին օրենսդրական կարգավորումներ չկան, դրանց գործունեությունը կարգավորվում է թափոնների կառավարման ոլորտի ընդհանուր օրենսդրությամբ:


battery1.png
Շրջակա միջավայրի նախարարությունն իրականացնում է թափոնների պետական հաշվառում, սակայն առ այսօր ներկայացված հաշվետվություններում առաջնային մարտկոցների գոյացման կամ դրանց շարժի վերաբերյալ տեղեկատվությունը բացակայում է:

Նախարարության գլխավոր քարտուղար Գրիգոր Գուլյանի պարզաբանումից նույնպես եզրակացնում ենք, որ Հայաստանում առաջնային մարտկոցների հաշվառում չի իրականացվում, չկան տվյալներ, թե որքան մարտկոց է տարեկան կուտակվում, որքանն է թափվում աղբավայր կենցաղային աղբի հետ։ Չի իրականացվում նաեւ բնակչության իրազեկում՝ ինչպես վարվել օգտագործված մարտկոցների հետ։

Ըստ «Լիցենզավորման մասին» օրենքի՝ մարտկոցները հավաքելու, դրանք անվտանգ պահեստավորելու, վնասազերծելու կամ վերամշակելու համար շահագրգիռ կազմակերպությունները պետք է դիմեն ու լիցենզիա ստանան։

Նախարարությունը նշում է, սակայն, որ մինչ օրս որևէ կազմակերպություն չի դիմել և չի լիցենզավորվել: Փորձագետների հետ քննարկումների արդյունքում հասկացանք, որ պատճառը դրա ոչ շահութաբեր լինելն է:

Վերամշակելը շահութաբեր չէ, սակայն կարելի է պահեստավորել

Հայաստանի նման փոքր տնտեսությամբ երկրներում վերամշակման գործարան կառուցելը ոչ միայն շահութաբեր չէ, այլ նաև ցանկալի չէ։ Այս կարծիքն է հայտնում Ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնի թափոնների կառավարման փորձագետ Հարություն Ալպետյանը։ Նրա պնդմամբ՝ նույնիսկ ԵՄ բոլոր երկրները չէ, որ ունեն վերամշակման գործարաններ. «Իրենք ունեն հստակ համակարգ այդ մարտկոցների վերամշակումը կառավարելու։ Խոսքը գնում է ճիշտ տեսակավորման, հավաքման և տեղափոխման մասին»,- ասում է փորձագետը։

Harutyun-Alpetyan-1024x744.jpg
Հարություն Ալպետյանը

Հարություն Ալպետյանի կարծիքով՝ պետբյուջե վճարվող բնապահպանական հարկի արդյունավետ կառավարման դեպքում՝ պետությունը կարող է կառուցել վտանգավոր թափոնների պահեստավորման ենթակառուցվածքներ։ «Այդ հարկը գնում է պետբյուջե և ոչ մի բնապահպանական միջոցառման վրա չի ծախսվում։ Նույն մարտկոցները, անվադողերը, մեքենաների կապարե կուտակիչները հարկվում են, և խոսքը մեծ գումարների մասին է»,- մանրամասնում է մասնագետը։

Պահեստներում կուտակելուց հետո վտանգավոր թափոն հանդիսացող մարտկոցները հնարավոր կլինի արտահանել այն երկրներ, որտեղ վերամշակման գործարաններ կան։

Ներկայում Եվրոպական միության աջակցությամբ Երևանում վտանգավոր թափոնների կառավարումն ավելի արդյունավետ դարձնելու ծրագիր է իրականացվում, որը պետք է ավարտվի 2024 թվականին։

ԵՄ կողմից ֆինանսավորվող «Երևան-Տիրանա-Վարշավա մայրաքաղաքների համագարծակցությունը՝ վտանգավոր թափոնների կառավարման ընդհանուր մարտահրավերների շուրջ» ծրագրի թիմի ղեկավար Ռոբերտ Գիրեյկոն մեզ հետ զրույցում նշում է, որ նախագծի հիմնական նպատակը քաղաքացիներին կրթելն ու աղբը տեսակավորելու վարք ձևավորելն է. «Բավականին խնդրահարույց է իրավիճակը Երևանում, որովհետև քաղաքացիները չգիտեն՝ ինչ անել այդ օգտագործված մարտկոցների հետ: Մեր պլանն է, որ վերջնարդյունքում ունենանք գոնե 2 կայան Երևանում, որտեղ քաղաքացիները կկարողանան հանձնել իրենց մարտկոցները: Կա նաև մեկ այլ լուծում. փողոցների կանգառներում ունենալ արկղեր, որտեղ քաղաքացիները կարող են նետել իրենց աղբը»:

Եվրոպական երկրներում, օրինակ, մարտկոցների համար տեղադրված են հատուկ աղբամաններ, որտեղ նետված մարտկոցներն ուղարկվում են վերամշակման։

Վտանգավոր թափոնների կառավարման և համակարգման համար պատասխանատու մարմնից՝ Շրջակա միջավայրի նախարարությունից խնդրի կարգավորման շուրջ մեկնաբանություն ստանալու համար ամիսներ պահանջվեցին։ Վտանգավոր նյութերի և թափոնների քաղաքականության վարչության աշխատակիցների հետ մեր մի շարք հեռախոսազրույցները նույն եզրահանգումն էին ունենում. տեղյակ են իրավիճակին, սակայն կենցաղային մարտկոցներին վերաբերող որևէ ծրագիր այս պահին չեն իրականացնում, հետևաբար որևէ հստակ պատասխան չեն կարող տալ։

Ավելին, նախարարությունից հայտնում են, որ առաջնային մարտկոցների թափոնների գոյացման կամ դրանց շարժի վերաբերյալ որևէ տվյալ չեն կարող տրամադրել, քանի որ նման տեղեկատվությունը բացակայում է։

Էլեկտրոնային թափոնների անվտանգ հեռացմամբ շահագրգիռ ընկերություններ կան, բայց լիցենզիա ստացած ընկերություններ՝ ոչ

battery2.png

Ըստ նախարարության՝ մարդկանց առողջության և շրջակա միջավայրի համար վտանգ ներկայացնող թափոնների հավաքումը, պահումը, թաղումը, փոխադրումը, մշակումը, վերամշակումը և վնասազերծումն իրականացվում է «Լիցենզավորման մասին» օրենքով սահմանված ՀՀ-ում վտանգավոր թափոնների գործածության գործունեության լիցենզիա ստացած իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի, ինչպես նաև պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին չհանդիսացող պետական կամ համայնքի հիմնարկների կողմից։

«էլեկտրոնային թափոնների գործածությամբ զբաղվելու շահագրգռվածություն ցուցաբերած կազմակերպություններ ՀՀ-ում կան, սակայն այդ գործունեությամբ զբաղվող լիցենզավորված կազմակերպություններ մինչ օրս չկան»,- նշված է նախարարության գրության մեջ, որից, սակայն, պարզ չի դառնում, թե շահագրգիռ կազմակերպությունները չե՞ն դիմել՝ լիցենզիա ստանալու, թե՞ դիմել են, սակայն չեն ստացել։

Մեր հարցին, թե ինչ գործողություններ է իրականացնում Շրջակա միջավայրի նախարարությունը առաջնային մարտկոցների՝ աղբավայրում հայտնվելը կանխելու նպատակով, նախարարությունից պատասխանել են, որ հանդես են եկել «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին օրենքում» լրացումներ կատարելու առաջարկությամբ։

Հարցը մինչ օրս մնում է հենց առաջարկի մակարդակում: Միաժամանակ, ամեն օր վտանգավոր թափոն հանդիսացող բազմաթ իվ մարտկոցներ են թափվում Հայաստանի բաց աղբավայրեր:

Հեղինակներ՝

Ուսանողներ

Մարիաննա

Դանիելյան

Ուսանողներ

Էլեն

Հովհաննիսյան

Ուսանողներ

Արմինե

Դանիելյան

Դասախոսներ՝

Դասախոսներ

Էդիկ

Բաղդասարյան

Դասախոսներ

Սոնա

Քոչարյան