Մարմինն առանց ֆիլտրերի
«Լուսանկարել մերկ կանանց». առաջին բանը, որ անցավ մտքովս, երբ սենյակում պատուհանից ներս ընկնող արևի լույսն ընդգծել էր քրոջս մարմինը։ Այդ պահին ինձ մոտ չունեի տեսախցիկ կամ հեռախոս։
Ավելի ուշ, երբ էսթետիկ գեղեցկությունը լուսանկարելու ցանկությունս վերածվեց «պատմություն պատմելու» հանձնարարության, հասկացա, որ մարմնի կառուցվածքը, սպիները, մազածածկույթն ու խորդուբորդերն ինքնին պատմում են այդ մարմինը «տնօրինողի» մասին։
Լուսանկարել եմ վեց կնոջ, որոնցից հինգին նախկինում չեմ ճանաչել։
Մի քանի տարի շարունակ հատուկ սննդակարգի է հետևել, զրկել իրեն սիրելի ուտեստներից, որ կարողանա ազատվել ավելորդ քաշից։ Սակայն ժամանակի ընթացքում սկսել է պարզապես չկենտրոնանալ բարեկազմության վրա, և հիմա էլ չի բարդույթավորվում իր մարմնից։
«Ինձ նման շատ կանայք ու աղջիկներ կան։ Շատերի մոտ, տեսնելով ինքնավստահություն, ինքս էլ մտածում եմ, թե ինչո՞ւ չեմ կարող ես էլ լինել ազատ ու չսահմանափակել ինձ։ Իհարկե, որքան էլ մտածեմ, որ այսպես հարմար է, միևնույն է վատ չէր լինի, որ նիհար ու բարեկազմ լինեի։ Բայց դե չեմ դժգոհում, կարևորը առողջությունն է»,— ասում է նա։
«Երիտասարդ ժամանակներս շատ նիհար եմ եղել։ Սակայն երեխաներ ունենալուց հետո սկսեցի գիրանալ։ Անկեղծ ասած՝ ինձ դուր չի գալիս մարմնիս կառուցվածքը, սակայն համեմատում եմ ինձ այլ կանանց հետ, ովքեր ավելի գեր են, հետո արդեն քիչ-քիչ հարմարվում մարմնիս։ Այն տարիքում չեմ, որ գնամ սպորտդահլիճներ, մարզվեմ, գեղեցիկ կազմվածք ունենամ։ Լավ կլիներ, սակայն ո՛չ ժամանակ ունեմ, ո՛չ էլ ցանկություն»։
«Սիրում եմ բալետը, կապ չունի, որ ոտքերս ցավում են, սպիներ են լինում։ Մեկ շաբաթ առաջ ավելի վատ վիճակում էին, ամբողջությամբ պատառոտվել էին ոտքիս մատները, շատ էին ցավում։ Հիմա համեմատաբար լավ վիճակում են»։
Մատնահարդարումից մնացած կարմիր լաքը և աշխատանքի արդյունքում վնասված մատները խնամելու ժամանակ չունի հերոսուհիս։ Մրգի խանութում է աշխատում, բանվորուհի է։ «Աշխատանքս էլ այնպիսին է, որ ինչ էլ անեմ, մեկ է, նույն անխնամ ձեռքերն են դառնալու։ Գլուխ չեմ դնում։ Մի ժամանակ ամեն ինչ անում էի, որ թե մազերս, թե ձեռքերս խնամված ու գեղեցիկ լինեին, բայց հիմա ուշադրություն չեմ դարձնում»,- ասում է նա։
Պարուհի է, սիրում է լայն զգեստներ հագնել և ինչպես ասում է ինքը՝ մարդկանց կարծիքները իրեն չեն հետաքրքրում։
«Ես կոմպլեքսներ չունեմ, այսպես ասած, ինձ չեն հետաքրքրում մարդկանց կարծիքները։ Մի քանի տարի առաջ չէի սիրում կարճ շրջազգեստներ հագնել, բայց հիմա սիրում եմ։ Արտաքինիս մեջ ոչինչ փոխելու ցանկություն չունեմ»։
Կրծքի սպիները տեսնելիս՝ մտածում ես, որ մեծացրել է կրծքերը։ Իրականում՝ ճիշտ հակառակը։ Նա վիրահատության միջոցով հեռացրել է կրծքագեղձերը, քանի որ նախ չէր հավանում չափը, հետո էլ ողնաշարի խնդիր ուներ։
«Չեմ դժգոհում մարմնիցս, պարզապես շատ նիհար եմ։ Մարմնիս հետ կապված ոչ մի փոփոխություն չեմ անելու, ընդունում եմ ինձ այնպիսին, ինչպիսին կամ։ Մազերիս գույնը մեր հասարակության կողմից տարօրինակ է ընդունվում, բայց կրկին չեմ ցանկանում փոխել»,- ասում է լուսանկարիս հերոսուհին, որը մասնագիտությամբ նկարչուհի է։
«Միակ փոփոխությունը, որ արել եմ՝ քթի վիրահատությունն է։ Մարմնիս հետ կապված որևէ փոփոխություն չեմ ցանկանում անել։ Ասեմ, որ երկար ժամանակ պարով եմ զբաղվել, մարմնամարզություններ արել, դրա համար էլ չունեմ ավելորդ քաշ»։
Հեղինակ՝
Ուսանողներ
Գոհար
Պետրոսյան
Դասախոս՝
Դասախոսներ
Վահան
Ստեփանյան