Գրավաճառները՝ ստվերային շուկայից մինչև «գրքերի պալատ»
Մետրոյի «Երիտասարդական» կայարանի մերձակայքում՝ SAS սուպերմարկետի հարևանությամբ, գործում է 7 տաղավարներից բաղկացած «Գրքերի պալատը»։ Սա ո՛չ շուկա է, ո՛չ՝ խանութ, ու անունը՝ «Գրքերի պալատ», մենք ենք տվել, որ պատմենք այստեղ վաճառվող գրքերի ու գրավաճառների մասին։
Այսօր ցանկացած գիրք կարելի է ձեռք բերել, ու դժվար է պատկերացնել, որ մի ժամանակ որոշ գրքեր վաճառելը ռիսկային էր։ Սովետական տարիներին գրախանութներից դուրս գիրք վաճառելն արգելված էր ու վտանգավոր. ամեն րոպե կարող էր ոստիկան հայտնվել։ Ու, այնուամենայնիվ, կային գրավաճառներ, որոնք Կոմայգում՝ Սունդուկյանի անվան թատրոնի մոտ, գիրք էին վաճառում։ Նրանք պատմում են, որ տարածքում շրջող ոստիկանների հետ համաձայնության գալը դժվար էր, և կային ստուգման հստակ օրեր։
Գրավաճառ Սմբատ Սմբատյանը հիմա ժպիտով է հիշում այդ օրերը։ Պատմում է, որ ստուգումներից հետո հայտնվում էին ոստիկանությունում, տուգանվում, գրքերը առգրավում էին, բայց, կարիքից ելնելով, շարունակում էին իրենց անօրինական գործը՝ գրքերը դիպլոմատների (ոչ շատ մեծ, տափակ պայուսակ) մեջ թաքցրած։ Եթե բախտները բերում էր, և բաժնի պետը գրքասեր էր լինում, հնարավոր էր կոմպրոմիսի գալ։
Անկախության առաջին տարիներին շուկան տեղափոխվեց մետրոյի «Երիտասարդական» կայարանի գետնանցում, որտեղ այսօր գործում է «Մետրոնոմ» առևտրի կենտրոնը, հետո տարածքը դարձավ մասնավոր սեփականություն, որտեղից գրքերն ու գրավաճառները հեռացվեցին։
Նոր տարածքը ընտրել են հենց իրենք՝ գրավաճառները, որ համալսարանի և ուսանողներին մոտ լինի, և նախկինում հենց ամենաշատը ուսանողներն էին գալիս գրքեր գնելու, հիմա արդեն կամ դպրոցական երեխաներ ունեցողները կամ մտավորականները:
Գրավաճառ Սամվելը պատմում է․
«Սովետի ժամանակ այդ շուկայում կարելի էր գտնել այն գրքերը, որոնք գրախանութներում չկային։ Արտասահմանից բերված սահմանափակ թվով գրքերի գները մի քան անգամ գերազանցում էին ինքնարժեքը»։
Նշում է, որ երբևէ վաճառված գրքերից ամենաթանկը Բուլգակովի «Վարպետը և Մարգարիտան» էր՝ 50 ռուբլի։ Հիմա այդ գիրքն ազատ վաճառվում է։
Սմբատը ծիծաղում է.
«Առաջ սպեկուլյանտներ էինք, հիմա՝ բիզնեսմեններ»։
«Գրքերի պալատում» վաճառողներն ու գնորդները հիշում են պատմություններ, որոնց մի քիչ դժվար է հավատալ, բայց նրանք վստահեցնում են՝ եղել է։
Սմբատ Սմբատյանը պատմում է.
«80-ականներին մոդա էր, որ տանը բոլորը գրադարան ունենան։ Մի տղամարդ էր եկել, կոնկրետ չափի, հաստության և գույնի գրքեր էր ուզում։ Հարցրի՝ ինչո՞ւ, պատասխանեց․ «Տանս մեբելը կանաչ է, և գրքերը տանում եմ որպես զարդարանք։ Գնեց սովետական, կանաչ հանրագիտարանները, որոնք հաստ էին ու մեծ՝ 13 սովետական հանրագիտարան։ Մոտավորապես 7սմ կտրեց, որ պահարանում տեղավորվեր»։
«Գրքերի պալատի» մշտական հաճախորդներից մեկը՝ Հենրիկ Աբովյանը, պատմում է, որ իրեն առաջարկել են իր ունեցած մի քանի գրքերը՝ Դ․ Գեբլդոնի «Օտարականը», Ա․ Խաչատրյանի «Կրակների միջով»-ը, Ա․ Հովսեփյանի «Բուք»-ը փոխանակել «Волга ГАЗ-24» ավտոմեքենայի հետ։
«Այն ժամանակ այդ գրքերը մեծ հարստություն էին»,— ասում է Հենրիկը։
«Գրքերի պալատն» այսօր մի քիչ խունացած տեսք ունի, բայց գրքասեր գնորդի պակաս չկա։
Պալատի գրավաճառներն անգիր գիտեն, թե որտեղ, որ շարքի, որ անկյունում ինչ գիրք է դրված։ Ապարատի կամ ցուցակի մեջ գրքի տեղն ու արժեքը որոնելու կարիք նրանք չունեն։
«Գրքերի պալատից» կարելի է գնել հազվագյուտ ու հին գրքեր, որոնք գրախանութներում դժվար է գտնել․ օրինակ՝ Հրանտ Մաթևոսյանի երկհատորյակը, Չարենցի վեց հատորյակը, Գևորգ Էմինի եռահատորը, Շիրազի քառահատորը։ Սրանք հին հրատարակություններ են, շատերի տներում կտեսնեք, բայց վաճառքում՝ հազվադեպ, սակայն «Գրքերի պալատում» նոր գրականության պակաս չկա։ Պալատի առանձնահատկություններից մեկն էլ գրախանութների համեմատ էժան գներն են։
«Գրքերի պալատի» չորսբոլորը բուհեր են, և ուսանողները պալատ գալիս են ոչ միայն գիրք գնելու։ Նրանցից շատերը, հատկապես շրջաններից եկողները, իրենց իրերը հաճախ թողնում են գրավաճառների մոտ, հետո՝ տուն գնալիս, վերցնում։
«Մեզ վստահում են»,— ասում են գրավաճառները։
«Գրքերի պալատի» գրավաճառները
Գրավաճառները ոչ այնքան մրցակիցներ են, որքան՝ համագործակիցներ։ Եթե հաճախորդի ուզած գիրքը չի լինում մի տաղավարում, գրավաճառն ուղղորդում է իր հարևանի տաղավար։
«Գրքերի պալատում» գրավաճառները յոթն են։ Մենք լուսանկարեցինք նրանցից հինգին, երկուսը հրաժարվեցին։
Սմբատյան Սմբատ։ 65 տարեկան է, 11 տարի աշխատում է «Գրքերի պալատում»։ Կիբեռնետիկ է։
Գրքերով հետաքրքրվել է դպրոցական հասակից։
Գիրք գնելիս միշտ երկու օրինակ էր վերցնում, որ հարկ եղած դեպքում կարողանար փոխանակել։
Հենց գիրք գնել-փոխանակելով էլ սկսել է աշխատանքը «Գրքերի պալատում»։
Սարգսյան Սամվել։ 67 տարեկան է։ Մինչև 2013-ը աշխատել է Երևանի մսամթերքի կոմբինատում՝ որպես սառցարանների բաժնի ղեկավար, հետո անցել է թոշակի ու սկսել է գիրք վաճառել։
Ամեն օր ժամը 10:00-ին «Գրքերի պալատում» է։ Առաջին գործը գրքերը պահարաններում դասավորելն է։
Ասում է՝ գնորդին գրավելու և մշտական դարձնելու համար միշտ բարեհամբույր է, հարգալից և պատրաստակամ։
Հովհաննիսյան Լևոն։ «Գրքերի պալատի» ամենաերիտասարդ վաճառողը 28 տարեկան է: Այստեղ աշխատում է 2017-ից։ Պատմաբան է, նաև՝ արվեստաբան։ Աշխատանքային 7 տարիների ընթացքում յուրացրել է նաև գրքավաճառի հմտությունները։ Գիտի, թե որ տաղավարից ինչ գիրք կարող է գտնել, եթե հաճախորդի ուզածն իր մոտ չկա։
Գևորգյան Գևորգ։ «Գրքերի պալատի» վետերան է: 2013-ին, երբ մետրոյի «Երիտասարդական» կայարանի գետնանցումում գրքերի վաճառքն արգելվեց, Գևորգը տեղափոխվեց «Գրքերի պալատ»։ Աշխատել է «Ռելեի» գործարանում՝ տեղամասի վարպետ։ Պատմում է՝ մի անգամ օտարազգի հաճախորդը Մերֆիի հեղինակած անգլերենի դասագիրք էր ուզում ու ակցենտով ասել է «Մորֆի», ինքն էլ կատակել է՝ քանի՞ գրամ։
Գրիգորյան Մարգարիտա։ Մարգարիտան «Գրքերի պալատում» աշխատում է 2019-ից։ Ընկերուհու միջնորդությամբ եկավ նոր բացված գրախանութ։ Ունի միջնակարգ կրթություն։ Համատեղությամբ աշխատում է նաև այլ գրախանութում։
Հեղինակներ՝
Ուսանողներ
Մանե
Խանդանյան
Ուսանողներ
Ալինա
Սաակյան
Ուսանողներ
Անի
Ղևոնդյան
Դասախոսներ՝
Դասախոսներ
Վահան
Ստեփանյան
Դասախոսներ
Մարիամ
Բարսեղյան
Թիմ՝
Թիմ
Հարություն
Մանսուրյան