boom-barriers
ՏեքստՀուլիս 10/2023

Փրկարար ծառայության և Շտապ օգնության մեքենաները՝ արգելափակոցի առջև

Երևանում բազմաբնակարան շենքերի բակերում կան «դրսի» մեքենաների մուտքը սահմանափակող արգելափակոցներ։ Դրանք հաճախ բակ չեն թողնում անգամ Փրկարար ծառայության և Շտապ օգնության մեքենաներին:

Շտապ օգնության վարորդ Վարդան Գրիգորյանը պատմում է.

«Եթե գիշերը շտապ կանչ ենք ունենում, հաճախ մարդ չի լինում, որ բացի էդ շլագբաումը։ Բնակիչները բացել-փակելու վահանակ չունեն։ 5 օր առաջ Բաղրամյան 70 հասցեից կանչ կար, ծեր տատիկ էր։ Վահանակ չուներ, որ բացեր, անցնեինք։ Շլագբաումն էլ հենց դիքի վրա էր, ես էդտեղ հիվանդին պատգարակով ո՞նց բարձրացնեմ»։

Վարդան Գրիգորյանի պատմելով՝ շենքից մինչև արգելափակոց ինքն ու բժիշկը հիվանդին հասցրել են պատգարակով, հետո միայն տեղավորել մեքենայի մեջ։

Արգելափակոցների տեղադրմամբ զբաղվում են տարբեր ընկերություններ, վճարում են տեղի բնակիչները։ Արգելափակոցների գները սկսվում են 310.000 դրամից, որին գումարվում է 60.000 դրամ՝ տեղադրման աշխատանքների համար։ Վահանակների վճարն առանձին է։ Մեկ հատի գինը 10-15 հազար դրամ է, մեծածախի՝ 20-ից ավելիի դեպքում, կարելի է գնել հատը 3-5 հազար դրամով։ Ավտոմեքենա չունեցող բնակիչները սովորաբար չեն վճարում արգելափակոցի, դրա վահանակի և ծախսված էլեկտրաէներգիայի համար, հետևաբար, զրկված են արգելափակոցը բացելու հնարավորությունից։

Երևանի Կենտրոն վարչական շրջանում 2023-ի հունիսի 1-ի դրությամբ՝ տեղադրված է 137 էլեկտրոնային արգելափակոց։ Վարչական շրջանի աշխատակազմից հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս է կարգավորվում արգելափակոցների տեղադրման ընթացքը, և ի՞նչ քայլեր են ձեռնարկվում արտակարգ իրավիճակներում։

Պատասխանեցին, որ արգելափակոցներ տեղադրելու համար անհրաժեշտ է միայն շենք-շինության սեփականատիրոջ գրավոր համաձայնությունը, արտակարգ իրավիճակների և շտապօգնության մեքենաների մուտքն ապահովելու համար էլ «…վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից պահանջվում է, որ պարտադիր պետք է տեսանելի վայրում փակցված լինի շուրջօրյա գործող հեռախոսահամար»։

Մի քանի օր մենք շրջեցինք Կենտրոնի բակերում, բայց արգելափակոցների մոտ որևէ հեռախոսահամար չտեսանք։ Այսինքն՝ վարչական շրջանի աշխատակազմը բավարարվում է ընդամենը «պարտադիր պահանջելով» և չի հետևում, թե որքանով է այդ պահանջը կատարվում։

Երևանի քաղաքապետարանում էլ են տեղյակ, որ արգելափակոցները բակերում խնդիրներ են ստեղծում։ 2022-ի փետրվարի 7-ին գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարեց գույքագրել արգելափակոցներն ըստ վարչատարածքների և դրանց թիվը ներկայացնել քաղաքապետարանի տրանսպորտի վարչություն։ «Դրա (արգելափակոցի) վրա պարզապես մի հատ ունիվերսալ չիպ պիտի դնել, որ ԱԻՆ-ն ու Շտապ օգնությունը կարողանան մտնել»,— խորհրդկացության ժամանակ ասաց Հրաչյա Սարգսյանը։

Հարցի քննարկումից ու հանձնարարականներից անցել է մոտ մեկ ու կես տարի՝ բայց առանց գործնական լուծումների։ Արգելափակոցների վրա «ունիվերսալ չիպեր» չեն դրվել, և Փրկարար ծառայության և Շտապ օգնության մեքենաները Երևանի բակեր մտնում են արգելքներ հաղթահարելով, երբեմն էլ չեն մտնում, եթե չի հաջողվում գտնել արգելափակոց բացող վահանակը։

Գլխավոր լուսանկարում՝ Բաղրամյան 70 հասցեի արգելափակոցը

Հեղինակ՝

Ուսանողներ

Ֆրունզե

Ավետիսյան

Դասախոսներ՝

Դասախոսներ

Էդիկ

Բաղդասարյան

Դասախոսներ

Մարիամ

Բարսեղյան

Դասախոսներ

Գառնիկ

Ստեփանյան

Թիմ՝

Թիմ

Հարություն

Մանսուրյան