carbonate-processing-plant
ՏեքստԴեկտեմբեր 29/2023

Կորեայի ձորը՝ փոշու և աղմուկի մեջ․ բնակիչներն ընդդեմ քարամշակման արտադրամասի

Մելանյա Մնացականյանն արդեն տասը տարի բնակվում է քարերով լցված հողամասի և կարբոնատի վերամշակման արտադրամասի հարևանությամբ։ Դժգոհում է. «Փոշին խեղդում է ժողովրդին, բերել, դռան դեմը՝ պատուհանիս տակ, քարեր են լցրել։ Մենք թույն ենք շնչում։ Այդ քարաղացի արտադրամասի աղմուկից երեխաներս քնից վեր են թռչում»։

Երևանի Արաբկիր վարչական շրջանի Կորեայի ձոր կոչվող թաղամասը փոշոտ ու աղմկոտ է օրվա բոլոր ժամերին։ Քարամշակման արտադրամասը մետաղապատ է՝ մոտ տասը մետր բարձրությամբ։ Հողամասում քարերը կուտակում են, հետո սարքավորումների միջոցով տեղափոխում են արտադրամաս, մանրացնում։ Քարամշակման պրոցեսը խիստ աղմկոտ է:

«Քարաղացը գործում է մոտ տասը տարի։ Ձայնը և փոշին ահավոր են։ Այնքան է եղել, որ գիշերը ժամը 2–3-ին տղաս գնացել, դուռը խփել, խնդրել է, որ ձայնը անջատեն, հետո նորից նույնը կրկնվել է։ Աղմուկ է և՛ գիշերը, և՛ ցերեկը։ Ա՜յ էն քարերը, որ լցնում են, ամբողջ տարածքը դղրդում է։ Բա որ քամի է լինում․ մառախուղ է պատում»,— ասում է Մելանյա Մնացականյանը։

Մեկ այլ բնակիչ՝ Արամ Խաչատրյանը, առաջարկում է քարաղացը տեղափոխել. «Այս աղմուկը խանգարում է բոլորին։ Ձայնը քսանչորս ժամ գալիս է։ Փոշին, քարերի կույտը, ահավոր տեսարան է։ Թող քանդեն, տանեն այնտեղ, որտեղ հանքն է, որտեղից հանում են քարերը։ Թե չէ մարդկանց քթի տակ աշխատում են՝ խաթարելով անդորրը և թունավորելով փոշով»։

Կորեայի ձորի աղմուկից և փոշուց դժգոհ բնակիչները 44 ստորագրությունով դիմում են ներկայացրել Երևանի քաղաքապետարան։ Նրանք խնդրել են փակել կամ տեղափոխել կարբոնատի վերամշակման արտադրամասը, քանի որ աղմուկը և փոշին իրենց վնասում են։ Երևանի քաղաքապետարանից Հետք Մեդիա Գործարանին հայտնեցին, որ դիմում-բողոքը մուտքագրվել է համակարգ և բաշխվել է ըստ գործառույթների՝ Արաբկիրի վարչական շրջան, Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչություն, Հասարակական կարգի պահպանության ծառայություն։ Դիմումը քննարկման փուլում է։

Կարբոնատի վերամշակման արտադրամասի հարևանությամբ է գտնվում Հայաստանի ազգային արխիվի կինոֆոտոֆոնո փաստաթղթերի և ապահովագրական պատճենների մասնաճյուղը։ Բնակիչների խոսքով՝ կազմակերպության նախկին տնօրենը պարբերաբար բողոքներ է ներկայացրել պատկան մարմիններին, խնդրել է մի ելք գտնել, քանի որ քարաղացից ելնող փոշին ու աղմուկը վտանգում են կինոարխիվային նյութերի պահպանումը։ Մենք փորձեցինք խնդրի շուրջ զրուցել մասնաճյուղի ներկայիս տնօրեն Ավագ Գրիգորյանի հետ։ Ե՛վ նա, և՛ Ազգային արխիվի աշխատակիցները չուզեցին խոսել։

քար.jpg
քարէ.jpg

Կադաստրի կոմիտեից ստացված տվյալների համաձայն՝ Թբիլիսյան 25/15 հասցեում գործող կարբոնատի վերամշակման արտադրամասը և դրան կից՝ քարերով լցված հողամասը պատկանում են «Լիտոկոլ ԱՄ ԿՈ» ՍՊԸ-ին։ Ընկերության տնօրենն Արա Խաչատրյանն է։ Մեր հեռախոսազրույցի ընթացքում նա չցանկացավ հրապարակման համար պարզաբանում տրամադրել։ Եղանք նաև տեղում․ մեր առաջին այցելության օրը հողամասի քարերն ամբողջությամբ բաց էին՝ առանց ծածկող պաստառների, հաջորդ անգամ տեսանք, որ քարերի մի մասի վրա կանաչ ցանց է գցված։

2011-ին, կարբոնատի վերամշակման արտադրամասը կառուցելուց առաջ, «Լիտոկոլ ԱՄ ԿՈ» ՍՊԸ–ն ստացել է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության դրական եզրակացություն։ Եզրակացության մեջ նշված է, որ կարբոնատի վերամշակման արտադրամասի գործունեության ընթացքում պետք է պարբերաբար իրականացվի շրջակա միջավայրի բաղադրիչների մոնիթորինգ, կազմվի հետնախագծային միջոցառումների իրականացման և վերլուծության հաշվետվություն, ինչը պետք է հասանելի լինի պետական շահագրգիռ մարմիններին և հասարակությանը։

Շրջակա միջավայրի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացանք, որ մոնիթորինգի հաշվետվություններ իրենց չեն ներկայացվում․դա նախարարության իրավասություններից դուրս է։ Դիմեցինք կառավարության ենթակայությամբ գործող Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին։

Qartez.jpg

Երևանի տարածքային բաժնի գլխավոր պետական տեսուչ Կարեն Հարությունյանը ասաց, որ տեսչական մարմին մոնիթորինգի տվյալներ չեն ներկայացվում։ Հետք Մեդիա Գործարանի գրավոր հարցմանն ի պատասխան, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից տեղեկացրին, որ 2024-ի առաջին եռամսյակում կստուգեն՝ արդյոք «Լիտոկոլ ԱՄԿՈ» ՍՊԸ–ին պատկանող կարբոնատի վերամշակման արտադրամասը իրականացնում է ՇՄԱԳ փորձաքննական եզրակացության պահանջները։

2011-ին տրված ՇՄԱԳ եզրակացության մեջ գրված է, որ կարբոնատի վերամշակման արտադրամասի համար սահմանվում է 100 մետր սանիտարապաշտպանիչ գոտի, ինչն ապահովված է։ Սա նշանակում է, որ կարբոնատի վերամշակման արտադրամասը բնակելի տարածքից պետք է հեռու լինի առնվազն 100 մետր, ինչն, իրականում, ապահովված չէ։ Ինչպես երևում է արբանյակից արված և կից ներկայացված լուսանկարում, կարբոնատի վերամշակման արտադրամասից դեպի բնակելի տարածքներ՝ սանիտարապաշտպանիչ գոտին չի պահպանվել, ավելին, հեռավորությունը բնակելի տարածքից մոտ 50 մետր է։

Հեղինակ՝

Ուսանողներ

Մարիա

Խաչատրյան

Դասախոսներ՝

Դասախոսներ

Էդիկ

Բաղդասարյան

Դասախոսներ

Մարիամ

Բարսեղյան

Դասախոսներ

Տիրայր

Մուրադյան

Թիմ՝

Թիմ

Հարություն

Մանսուրյան