Սրտի մարդիկ
Սիրտը կանգնելիս մարդը մահանում է։ Սրտի վիրաբույժի աշխատանքն է թույլ չտալ դա։ Ամեն օր նրանք ժամերով կանգնում են վիրահատական սեղանի մոտ, բացում են մարդու կրծքավանդակը, կանգնեցնում սիրտը, հետո ստիպում այն նորից բաբախել։
Բժիշկների խիստ ծանրաբեռնված գրաֆիկի պատճառով այս ֆոտոպատմության համար առանձին լուսանկարահանումների փոխարեն՝ նրանց լուսանկարները մշակվել են սպիտակ ֆոնի վրա՝ սրտի կարդիոգրամայի ոճով։
Ի՞նչ են մտածում կյանքի ու մահվան միջև կանգնած մարդիկ։
Մհեր Սուսանի

«Աստղիկ» բժշկական կենտրոնի Սրտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար
«1994-ից՝ առաջին անգամ վիրահատական սեղանին մոտենալուց հետո, կյանքը դարձավ րոպեների ու վայրկյանների ճշգրիտ հաշվարկ՝ սրտի աշխատանքի պես։
Բարի սիրտ, չար սիրտ, մաքուր սիրտ․ վիրահատական սեղանին ոչ մի տարբերակում չկա․ բոլոր սրտերը նույնն են, և բոլորի առջև մեկ պարտականություն կա՝ չվնասել ու վերականգնել դրա բնականոն աշխատանքը»:
Սուսանին իր աշխատանքը համեմատում է օդաչուի չվերթի հետ․ եթե համակարգի յուրաքանչյուր օղակ իր տեղում է ու պարտականությունները կատարում է բարեխղճորեն, ինքնաթիռները չեն կործանվում, այսինքն, հիվանդները չեն մահանում։
Խոստովանում է՝ առանց Աստծուց օգնություն խնդրելու վիրահատարան չի մտնում։ Վստահ է, որ առանց դրա չի կարող վիրաբուժությամբ կյանքեր փրկել։ Հաճախ ենք լսում, թե սրտի վիրահատությունը տևել է 12-13 ժամ։ Բժիշկ Սուսանին ասում է՝ «մի քիչ չափազանցված է․ բուն վիրաբուժական գործողությունը տևում է ստանդարտ 4-5 ժամ։ Մնացածը սրտի աշխատանքի վերականգնման, օրգանիզմի աստիճանական արթնացման ու սպասողական փուլն է։ Այդ ժամանակահատվածը միայն դրսում սպասող հարազատների համար է հավերժություն թվում, իսկ վիրաբույժի համար տեխնիկական, հաշվարկված պրոցես է»։
Տարեկան շուրջ 500 վիրահատություն իրականացնող բաժանմունքում մահացության ցուցանիշը ընդամենը 1 տոկոս է, այսինքն, տարվա մեջ 5 մահ։ «Ամենածանրը սեփական անկարողության հետ բախվելն է, երբ նույնիսկ արհեստական սիրտ տեղադրելու ջանքերն ապարդյուն են անցնում»։
Օրական 2-3 վիրահատությունների ծանր ռիթմը, անքնությունն ու լարված հոգեվիճակը անհետևանք չեն անցնում։ Գերհոգնածության ու սպառման պահերի կատակը, թե գործած մեղքերի համար է ընտրել այս դաժան մասնագիտությունը, ընդամենը վայրկենական թուլություն է։
Գագիկ Հապետյան

«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի կրտսեր սրտային վիրաբույժ
Նրան միշտ գրավել է այն կետը, որտեղ ավարտվում է մարդու երկրային կյանքն, ու սկսվում է անհասկանալին։ Գագիկ Հապետյանի խոսքով՝ լինել սրտի վիրաբույժ՝ նշանակում է կանգնել երկրայինի ու երկնայինի սահմանագծին։ Բժիշկներին տրվող «փրկիչ» ածականին զգուշությամբ է վերաբերվում։ Ասում է՝ դա ոչ թե հպարտություն, այլ մեծ պատասխանատվություն է ծնում։ Մարդու կյանքը բժշկի վերահսկողությունից դուրս է, բժիշկն ընդամենը փորձում է ժամանակ շահել ճակատագրից։
Մարդկային սրտերը նույն անատոմիան ունեն, բայց տարբեր կերպ կարող են արձագանքել վիրահատությանը։ Դա կախված է նրանից, թե ինչ տագնապներ ու էմոցիաներ է հաղթահարել, ինչ կյանքով է ապրել սիրտը։
Բժիշկը գիտի, որ եթե ուզում ես սիրտդ առողջ լինի, պիտի հետևես սննդակարգին, ֆիզիկապես լինես ակտիվ, չունենաս վնասակար սովորություններ։ Բայց վիրաբույժի աշխատանքը այլ բան է պարտադրում՝ սթրես, անքնություն, գերհոգնածություն, մշտական լարվածություն։ Փրկօղակ են դառնում երաժշտությունը, ընկերները, ընտանիքը։
Սրտի վիրաբույժը սեփական սիրտը վերջին անգամ ստուգել է վաղուց՝ համալսարանական տարիներին կամ բանակ գնալուց։
Գագիկ Հապետյանը մարդու սիրտը նմանեցնում է ժամացույցի, որը հաշվում ու պահում է ապրած լավ ու վատ պահերը՝ ապահովելով կյանքի ռիթմը ծնունդից մինչև մահ։
Ռոբերտ Սարգսյան

«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի կրտսեր սրտային վիրաբույժ
Ռոբերտ Սարգսյանը սիրտ է վիրահատում շուրջ 6 տարի։ Ասում է՝ սրտային վիրաբույժ դառնալը ամբիցիա է եղել։ Դարձել է ու հասկացել՝ ուրիշ մասնագիտություն ընտրել չէր կարող։
«Սրտի վիրաբույժներին հաճախ «փրկիչ» են կոչում, ունեցե՞լ եք երբևէ նման զգացողություն»․ հարցին բժիշկը ժպիտով է պատասխանում՝ պատահել է։ Սիրտը յուրահատուկ օրգան է՝ երևի ամենակարևորը, ամենաշատ ուսումնասիրվածը և դեռ ամբողջությամբ չբացահայտվածը։ Սրտի վիրահատությունը քաջություն է պահանջում, և բուժառուն ու բժիշկը միասին պիտի անցնեն այդ ճանապարհը՝ միմյանց լսելով, հուսադրելով, օգնելով։
Բժշկության մեջ կենսաբանական մահն արձանագրվում է, երբ մահանում է ուղեղը, իսկ վիրաբույժի կարծիքով՝ մահ կա, եթե կա սրտի կանգ։ «Սիրտը, կծկվեով և արյուն մղելով, ապահովում է օրգանիզմի բոլոր պրոցեսները, առանց սրտի ու թթվածնի դա անհնար է։ Սիրտն ինքնավար օրգան է, կարող է ինքնուրույն կծկվել ու դրա շնորհիվ փոխպատվաստվել։ Սա հրաշք է»։
Իր «սիրտը շահելու» համար որևէ հատուկ բան բժիշկը չի անում․ որքան հասցնում է՝ զբաղվում է սպորտով, հետևում է սննդակարգին։ Ե՞րբ է վերջին անգամ սիրտը ստուգել՝ դժվարությամբ է հիշում՝ երևի զինկոմիսարիատում։
Սիրտը կարգ ու կանոն սիրող օրգան է․ առողջ սիրտ ունենալու համար խորհուրդ է տալիս քնել ու սնվել կանոնավոր։
Վիլեն Մանուկյան

«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի սրտային վիրաբույժ, սրտի վիրաբուժության բաժնի վարիչ
Վիլեն Մանուկյանը որոշել է դառնալ սրտի վիրաբույժ, երբ տեսել է, թե ինչպես է բաբախում սիրտը։ Տեսել է, սիրահարվել ու հասկացել՝ սա է։
Բարդ մասնագիտություն է, բայց «փրկչի» կոչումը չի ընդունում, որովհետև գիտի, որ անգամ լավագույն բժիշկը չի կարող փրկել բոլորին։ Պատահում է՝ հիվանդը բժշկի է դիմում ուշացած, ուղեկցող ծանր խնդիրներով, և հնարավոր չի լինում հասնել ցանկացած արդյունքի։ Այս դեպքում միայն մեկ բան է պահանջվում՝ գիտակցել պատասխանատվությունն ամբողջությամբ։
Գիտությունը դեռ հստակ պատասխան չունի՝ կա՞ կապ մարդու բնավորության և սրտի միջև։ Վերջին ուսումնասիրությունների համաձայն՝ սիրտն ունի սեփական նեյրոնային համակարգ։ Գուցե մի օր էլ բացահայտվի, որ սիրտը միայն արյուն մղող օրգան չէ։
Բժշկի խոսքով՝ սրտի տեսքով և կառուցվածքով կարելի է գնահատել նրա աշխատանքը։ Պատմում է՝ մի անգամ հիվանդի կնոջն ասել է, թե ամուսնու սիրտը շատ մեծ է, կինն էլ պատասխանել է․ «Հա, բժիշկ ջան, իմ մարդը շատ բարի ա»։ Ստիպված է եղել պարզաբանել, որ բժշկության մեջ մեծ սիրտը ոչ թե բարության, այլ ծանր հիվանդության նշան է։
Սրտի վիրաբույժի աշխատանքից սթրեսն անպակաս է։ Ծանրաբեռնվածությունը պատճառ է դառնում զարկերակային գերճնշման։
Բժիշկը ժպտում է․ իր գործը ուրիշի սիրտը բուժելն է՝ նույնիսկ սեփական առողջության հաշվին։
Հեղինակներ՝
Ուսանողներ
Աննա
Ասլանյան
Ուսանողներ
Անուշ
Գևորգյան
Ուսանողներ
Սեդա
Մարտոյան
Ուսանողներ
Սյուզաննա
Մանուկյան
Դասախոս՝
Դասախոսներ
Վահան
Ստեփանյան
Թիմ՝
Թիմ
Հարություն
Մանսուրյան