Կատուն և ծառան
Հայտնի խոսք է՝ շունը տիրոջն է քաշում, իսկ ո՞ւմ է նմանվում կատուն։ Կատուները գտնվում են հուզումների այլ մակարդակում, մարդիկ՝ այլ։ Կատվազգիների ամենափոքր ներկայացուցիչները կարող են վերցնել ցավը, հուզումները կամ զգացումները այն մարդու, որը խնամում է իրենց։ Բայց անհասկանալի է մի բան՝ կատունե՞րն են նմանվում իրենց տերերին, թե՞ տերերը՝ կատուներին։
Հետք Մեդիա Գործարանի ուսանողներ Մարիամ Ստեփանյանը և Աշոտ Ստեփանյանը հարցի պատասխանը փորձել են գտնել՝ մի քանի կատվի ու նրանց տերերին նկարելով։
Մուսիկը և Անժելա Բադալյանը
«Կառման տենց բան ա, վերջում կատվի տեսքով ա գալիս։
Բոլորը Մուսիկին ուզում էին դրսում պահել, իսկ ես որոշեցի, որ պիտի ներսում լինի, մեր տանը, կամ՝ ոնց որ արդեն մենք ենք իր տանը։ Ամուսինս կատվին չէր ուզում, բայց հասկացավ` կամ կատվին բերում ենք տուն, կամ միասին գնում ենք հոգեբանի մոտ։ Կատուն դարձավ մեր հոգեբանը»։
Քլեո-պատրան և Ալիս Ազատյանը
«Հիշաչար ա. պահում, պահում ա, մեկ էլ մի օր արտահայտվում։ Տանը հյուր կար, Քլեոն էլ ընթրում էր՝ կապյուշոնը (капюшон) հագին։ Հյուրը, թե՝ վաայ, капюшон–ով կատու։ Մի օր տնից փախել էր, հարևանի տուն մտել, ես էլ չէի նկատել։ Հարևանը դուռը ծեծում ա, բացում եմ։ Հարցնում ա` կատուն տա՞նն ա, Ալիս ջան։ Պատասխանում եմ` ինչի՞, սուրճի՞ եք ուզում հրավիրել, ասում ա` չէ, ուղղակի մեր տուն ա մտել»։
Միլկին և Նոյեմի Ազիզբեկյանը
«Միլկիին չէին որդեգրում։ Ես իրեն տեսել էի, բայց մի տեսակ չէի ուզում։ Մի անգամ էլ հայտնվեց, ասի` պիտի որդեգրեմ։ Հետաքրքիրն էն ա, որ ֆեյսբուքը բերում ա մի տարի առաջ իմ էջում, ու ես իր նման կատվիկի նկարներ եմ նայել։ Այսինքն, ենթագիտակցորեն ընտրել էի Միլկիին՝ դեռ չծնված»։
Ֆելիքսը և Էդգար Բեկիրսկին
«Ընկերներս ինձ սիրում են, որովհետև Ֆելոն կա։ Եթե գալիս են մեր տուն, առաջինը գրկում են Ֆելիքսին։
Ֆելոն գիտի, որ քնելուց առաջ զուգարան պիտի գնա, նոր բարձրանա անկողնուս վրա։ 15 րոպե իրար սիրում ենք ու քնում։ Երկար ենք քնում երկուսս էլ»։
Սիմբան և Շողիկ Կարապետյանը
«Ինքը վրաս ա քնում, չի թողում շարժվեմ գիշերը։ Ձայների ու հոտերի նկատմամբ ինձ նման ուշադիր ա։ Ինքը քովիդի ժամանակի կատու ա, ու մեկ–մեկ ասում եմ` Քովիդի կատու»։
Ռո ՄըքՔորմիքը և Պետրոս Ծամերյանը
«Մենք իրեն պետք էինք էնքան, ինչքան ինքը՝ մեզ։ Պոչիդ հետևից վազվզում է, որ մենակ չլինի՝ մարդու պես։
Աչքերս պիտի վիրահատեին, Ռոն էլ ուներ աչքի խնդիր։ Վիրահատեցին։ Ու էդ ժամանակ աչքի կաթիլները իրար հետ էինք կաթեցնում»։
Պուշոկը և տեր Շմավոնը
«Ինքը միշտ դիմավորում ա ինձ, կես ժամ առաջ գալիս, նստում ա դռան դեմն ու սպասում։
Իր նստելով կինս զգում է, որ ես գալիս եմ։
Շատ բան փոխվեց տանը Պուշոկի հայտնվելով։ Էնպես չի, որ աուրան վատն էր, բայց ինչ-որ մի հետաքրքիր բան մտավ տուն։ Դրսից մարդ ա գալիս, թաքնվում ա։ Կռվարար չի, բայց եթե գալիս իրեն բզբզում են, լավ էլ չափալախում ա»։
Հեղինակներ՝
Ուսանողներ
Աշոտ
Ստեփանյան
Ուսանողներ
Մարիամ
Ստեփանյան
Դասախոսներ՝
Դասախոսներ
Վահան
Ստեփանյան
Դասախոսներ
Մարիամ
Բարսեղյան