cavusoglu manipulation
ՏեքստԱպրիլ 27/2023

Չավուշօղլուն մանիպուլացնում է. Հայաստանի ու Թուրքիայի միջև բեռնատար թռիչքներ չեն կատարվել

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն ապրիլի 10-ին A Haber հեռուստաընկերության եթերում, անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին և, մասնավորապես, օդային սահմաններին, ասել է. «Մենք բացել ենք մեր օդային տարածքը Հայաստանի համար, իրականացվում են բեռնային փոխադրումներ, մեկնարկել է փոխադարձ ավիահաղորդակցությունը, մեր տարածքով հայ ավիափոխադրողները կարող են թռչել երրորդ երկրներ»:

Ըստ Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին Չիկագոյի կոնվենցիայի 9-րդ հոդվածի՝ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) յուրաքանչյուր անդամ-պետություն, այդ թվում՝ Հայաստանը և Թուրքիան, չեն կարող կիրառել խտրական մոտեցում սեփական օդային տարածքի օգտագործման նկատմամբ:

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն (ՔԱԿ) հայտարարել է, որ Թուրքիայի կողմից չի հրապարակվել որևիցե աերոնավիգացիոն տեղեկություն (NOTAM) այն մասին, որ հայկական գրանցումով օդանավերի մուտքը արգելվում է իր տարածք։ Սակայն 2020-ի հուլիսից մինչև 2022-ի մարտ Թուրքիան, առանց հիմնավորման, արգելում էր ՀՀ գրանցում ունեցող օդանավերի, այդ թվում՝ ՀՀ կառավարական ինքնաթիռի տարանցիկ թռիչքները իր երկնքով:

Ըստ միջազգայնորեն ընդունված ընթացակարգերի՝ տվյալ պետությունն իր օդային տարածքի օգտագործման վերաբերյալ արգելքների կամ սահմանափակումների մասին ինֆորմացիան պետք է հրապարակի աերոնավիգացիոն տեղեկատվական փաթեթի (NOTAM) միջոցով, սակայն ՀՀ-ի նկատմամբ կիրառած արգելքների վերաբերյալ Թուրքիան նման բան չի արել, բայց փաստացի արգելքը գործել է։

Երբ Չավուշօղլուն ասում է, թե «մենք բացել ենք օդային սահմանը Հայաստանի համար» և «մեր տարածքով հայ ավիափոխադրողները կարող են թռչել երրորդ երկրներ», դիմում է սովորական մանիպուլյացիայի, քանի որ օդային սահմանը փակողը, ընդ որում՝ Չիկագոյի կոնվենցիայի խախտումով փակողը, նույնպես իրենք են եղել, և այդ սահմանի բացումը Հայաստանին արված լավություն չէ, ոչ էլ Հայաստանի խնդրանքով է արվել:

Թուրքիայի ԱԳ նախարարը նշել է, որ Հայաստանի ու Թուրքիայի միջև կատարվում են օդային բեռնափոխադրումներ։ Եթե խոսքը առանձին բեռնատար (կարգո) թռիչքների մասին է, ապա Չավուշօղլուն ստում է:

Չնայած այս տարվա հունվարին թուրքական լրատվամիջոցներն ու իշխանությունները հայտարարել են, թե 2023-ից լուծվել է Թուրքիայի ու Հայաստանի միջև ավիաբեռնափոխադրումների խոչընդոտների հարցը, և հունվարի 1-ից Թուրքիայի ու Հայաստանի միջև հնարավոր է իրականացնել ուղիղ ավիաբեռնափոխադրումներ, ՀՀ քաղավիացիայի կոմիտեն մեզ հայտնել է, որ մինչ օրս հայկական կամ թուրքական բեռնափոխադրող ավիաընկերությունների կողմից ոչ մի բեռնատար թռիչք չի իրականացվել: Կոմիտեն փոխանցել է նաև, որ անհրաժեշտ բեռների ծավալը թույլ է տալիս դրանք տեղափոխել ուղևորափոխադրող թռիչքներով, այսինքն՝ բեռնափոխադրման ծավալներն այնքան փոքր են, որ բեռները տեղափոխվում են մարդատար թռիչքներ կատարող ինքնաթիռներով: 2022-ի փետրվարից Ստամբուլ-Երևան-Ստամբուլ ուղեգծով թռիչքներ է կատարում թուրքական Pegasus Airlines-ը, իսկ Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով՝ հայկական Fly One Armenia-ն:

Ի պատասխան մեր հարցման՝ Քաղավացիայի կոմիտեից պատասխանել են, որ 2022-ի հունվարից մինչև 2023-ի մարտ ընկած ժամանակահատվածում օդային ճանապարհով Ստամբուլից Երևան է ներկրվել 131 տոննա բեռ, իսկ հակառակ ուղղությամբ արտահանվել է 13.5 տոննա:

Այսպիսով՝ Մևլյութ Չավուշօղլուի պնդումը, թե օդային բեռնափոխադրումներ են տեղի ունենում երկու պետությունների միջև, կեղծ է այնքանով, որ առանձին կարգո թռիչքներ չեն կատարվում, չնայած դրանց հնարավորության մասին ինքը՝ Թուրքիան, հայտարարել է այս տարվա հունվարին: Իսկ Թուրքիայի օդային տարածքը հայկական օդանավերի առաջ բացելու հայտարարությունը մանիպուլյացիա է, քանի որ այն օրինական հիմքով չէր էլ փակվել։

Գլխավոր լուսանկարը՝ Դաթո Աբուլաձեի

Հեղինակ՝

Ուսանողներ

Նելլի

Ղուկասյան

Դասախոս՝

Դասախոսներ

Վահե

Սարուխանյան