cemeteries
Long ReadՆոյեմբեր 24/2022

Հուղարկավորության գինը. 15 տարում Երևանի գերեզմանատների մակերեսն ավելացել է 91 հեկտարով

Մովսեսյանների ընտանիքն ապրում է Քանաքեռ-Զեյթուն թաղամասում։ Դեռ 1900-ականներից նրանց բոլոր ազգականները թաղվել են Քանաքեռի գերեզմանատանը։ Սաիդա Մովսեսյանն այս տարվա հունվարին՝ ամուսնու մահվան օրը, ընտանիքի անդամների հետ այցելել է իրենց ընտանեկան գերեզման։

«Ամուսնուս գերեզմանից մի փոքր այն կողմ իր պապի, տատի և հորեղբոր գերեզմանն է, վրան հսկա բազալտից ուղիղ քարեր էին, տարածքը ցանկապատված էր։ Գնացի ու ինչ տեսնեմ. գերեզմանը չկա, իսկ փոխարենը նոր գերեզման է՝ շուրջը տնկված եղևնիներով, աղջիկ երեխայի նկարով, փափուկ խաղալիքներով։ Երկու տղամարդ էլ կանգնած են, մոտեցանք, ասացին՝ հիմա իրենց երեք ամսական երեխան է այստեղ թաղված։ Հարցնում ենք՝ ո՞նց եք էստեղ թաղել, ասում են, որ փող են տվել, էս տարածքն են իրենց տվել, որտեղ ոչ քար է եղել, ոչ՝ շիրիմ»,— պատմում է Սաիդա Մովսեսյանը։

Մովսեսյանները վերջին անգամ անցյալ տարվա մայիսին են այցելել գերեզման, ամեն ինչ կարգին է եղել։ Դեպքն ընտանիքը որակում է որպես սրբապղծություն: Մովսեսյանները դիմել են իրավապահներին։

2.jpg

Վերջին 15 տարում մայրաքաղաքի գերեզմանատների մակերեսն ավելացել է 91 հեկտարով: Նույն ժամանակահատվածում, ըստ Վիճակագրական կոմիտեի, Երևանում գրանցվել է մոտ 140 հազար մահ։

Երևանում կա 21 գերեզմանատուն։ Դրանց ընդհանուր հատակագծային մակերեսը կազմում է 550 հեկտար (1 հա = 10000 մ²)՝ մայրաքաղաքի տարածքի շուրջ 2․5%-ը:

Այս պահին մասնակի փակ են դրանցից չորսը՝ Ներքին Չարբախ, Շահումյան-1, Քանաքեռ և Ավան գերեզմանատները: Այսինքն, ​​այս գերեզմանատներում նոր տեղերի համար հողատարածք չկա, և հուղարկավորություն կարելի է անել միայն նախկինում հատկացված ընտանեկան գերեզմանատեղում՝ ազատ տարածքի առկայության դեպքում։

Մնացած գերեզմանատները համարվում են բաց. բացառություն է Աջափնյակը, որի 53 հա մակերեսի վրա նախորդ քսան տարիներին առհասարակ հուղարկավորություն չի կազմակերպվել, որովհետև հողը քարքարոտ է։

Արին-Բերդի (Նուբարաշենի) գերեզմանատան 154 հա-ի մի հատվածն ակտիվ սողանքային գոտի է։ Ի սկզբանե՝ 1960 թվականին, գերեզմանատունը կառուցվել է սողանքային հողեր ընդգրկող տարածքում։ Դեպքեր են գրանցվել, երբ սողանքների պատճառով գերեզմանները փլուզվել են։

3.jpg
Արին-Բերդի գերեզմանատան սողանքը

Ի տարբերություն Կոմիտասի անվան պանթեոնի՝ Հայաստանի պաշտպանության նախարարության հուշահամալիր Եռաբլուր պանթեոնը ներառված չէ Երևան քաղաքի գերեզմանատների ցանկում։

Համադրելով Երևանի գերեզմանատների վերջին 15 տարիների արբանյակային լուսանկարները՝ հնարավոր է տեսնել յուրաքանչյուր գերեզմանատան մակերեսի աճը՝ 2005-2006 թվականներին և հիմա։

Գերեզմանատների մակերեսների աճը պայմանավորված է չորս հիմնական գործոններով․

  1. Հայաստանում այլընտրանքային հուղարկավորության բացակայություն,
  2. հասարակության շրջանում «մեծ գերեզման» ունենալու ձգտում,
  3. ապօրինի հողահատկացումներ,
  4. վերջին 2 տարում մահացության թվերի աճ (Covid-19 և 44-օրյա պատերազմ)։

Դեռ 20 տարի առաջ` 2002 թվականին, մայրաքաղաքում գերեզմանատեղերը սպառված էին, և կառավարությունը գերեզմանների համար շուրջ 87 հա տարածք հատկացրեց, որից 71-ը՝ գյուղատնտեսական նշանակության չօգտագործվող հողերից, իսկ 16-ը՝ Երևանի անտառտնտեսության անօգտագործելի հողերից։

Այսօր Երևանում գերեզմանատեղերը նորից սպառվում են։ Եթե բաց գերեզմանատներում հնարավոր է հուղարկավորությունների համար ազատ տեղեր գտնել, ապա մասնակի փակ գերեզմանատների տարածքներն ընդլայնվում են՝ ի հաշիվ իրենց հատակագծային սահմաններից դուրս կատարվող հողազավթման։ Չի պահպանվում օրենքով սահմանված հեռավորությունը բնակավայրերից, բնակելի շենքերից, դպրոցներից, մանկապարտեզներից, հիվանդանոցներից և այլ հանրային նշանակության վայրերից։

Կենտրոնական գերեզմանատուն001 Սպենդարյանի գերեզմանատուն.gifՇենգավիթի գերեզմանատուն

Հուղարկավորության գինը

Խաչիկ Կուրղինյանը 50 տարի է՝ ապրում է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում։ Ասում է՝ տարիներ առաջ իրենց շենքի հարևանությամբ ծիրանի այգիներ էին, իսկ այսօր՝ գերեզմաններ։

«20 տարուց ավելի է՝ Զեյթունի գերեզմանատունը համարվում է փակ, բայց թաղումները վերջ չունեն։ Մի տեղ էլ ցանկապատը հանել էին, մեռելին բերել էին ցանկապատից այս կողմ, որ թաղեին։ Շենքի բնակիչներով գնացինք, բողոքեցինք, թույլ չտվեցինք, բայց ցանկապատն արդեն երկու տարի է՝ բաց է»,- պատմում է Կուրղինյանը։

Զեյթունի և Քանաքեռի գերեզմանատները հարակից են Միքայելյան համալսարանական հիվանդանոցին, Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնին, թիվ 136 դպրոցին, թիվ 153 մանկապարտեզին, բնակելի շենքերին ու սեփական տներին։ Թվարկված բոլոր շենքերի պատուհաններից տեսարան է բացվում դեպի գերեզմանատներ։

Թաղամասի բնակիչների համար այդ միջավայրը սովորական է դարձել։ «Էս էլ երեխեքի դաշտը, ուրիշ շենքերից էլ են գալիս, որ ֆուտբոլի դաշտում խաղան, նստարաններ էլ կան»,- գերեզմանների հարևանությամբ խաղացող երեխաներին ցույց տալով՝ ասում է Խաչիկ Կուրղինյանը:

7.jpg
9.jpg
Դեպի գերեզմաններ բացվող տեսարան բնակելի տնից, Միքայելյան համալսարանական հիվանդանոցից, Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնից

Մայրաքաղաքում գերեզմանատները, ընդարձակվելով և դուրս գալով իրենց հատակագծային սահմաններից, մոտեցել են բնակավայրերին և դրանով խախտել օրենքով նախատեսված առնվազն 300 մետր սանիտարահիգիենիկ հեռավորությունը ​​բնակելի տներից, դպրոցներից, նախադպրոցական, առողջապահական և հասարակական այլ շենքերից։ Պահպանված չէ նաև գյուղատնտեսական նպատակներով օգտագործվող հողատարածքներից առնվազն 40 մետր հեռավորությունը: Մյուս կողմից, սանիտարահիգիենիկ հեռավորությունը չեն պահպանել նաև կառուցապատողները՝ բնակելի տները, շենքերը կառուցելով գերեզմանատներին նախատեսվածից ավելի մոտ:

Սանիտարահիգիենիկ հեռավորության խախտումը հանգեցնում է բնապահպանական խնդիրների։ ԵՊՀ էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի ղեկավար Օլիմպիա Գեղամյանի պնդմամբ՝ գերեզմանների շահագործման վերաբերյալ օրենսդրությունը լիարժեք իրավակարգավորումներ ունի, սակայն գործնականում դրանք չեն կիրառվում։

«Եթե սահմանվել են սանիտարապաշտպանական որոշ գոտիներ՝ իրենց հստակ չափերով, դրանք ունեն իրենց նպատակը և կիրառական նշանակությունը։ Գյուղատնտեսական նշանակության հողերից պարտադիր կարգով հեռավորություն է սահմանված, սանիտարապաշտպանիչ գոտիները հիմնականում նախատեսված են լինում վտանգավոր արտանետումների դեմ։ Եթե շարունակենք խախտել [հեռավորությունը,-հեղ.], չենք խուսափի բացասական ազդեցություններից` մարդկանց առողջության և շրջակա միջավայրի վրա»,- ասում է Օլիմպիա Գեղամյանը:

Գերեզմաններն իրարից տարանջատող ցանկապատերն այնպես են կառուցված, որ դրանց բաժանարար ճեմուղիներն անանցանելի են։ Հաճախ ներքին ճանապարհներն այնքան անմխիթար են, որ անձրևի կամ ձյան պարագայում դառնում են դժվարանցանելի։ Կանաչապատ տարածքները քիչ են, իսկ առկա բուսականությունը չի խնամվում։

Հայաստանում հանգուցյալի հանդեպ ունեցած հարգանքը հարազատները հաճախ արտահայտում են հնարավորինս մեծ և ճոխ գերեզման կառուցելով։

«Կարծում եմ՝ նման հակումը հանգուցյալի հարազատների կողմից սոցիալական դիրքն ընդգծելու ձև է. ինչպես կյանքում են մարդիկ հաճախ նախընտրում թանկ մեքենա, թանկ հագուստներ, այնպես էլ հուղակավորությանը վերաբերող հարցերում: Մանավանդ, եթե հաշվի առնենք, որ գերեզմանը հասարակական բաց գոտի է՝ բոլորի աչքի առաջ: Այսպիսի մոտեցումը միայն հայերիս մեջ չէ. ամբողջ աշխարհում է տարածված։ Օրինակ՝ ամերիկյան որոշ նահանգներ սա կանխելու նպատակով կիրառում են միանման ստանդարտ տեսքի գերեզմաններ»,— մեկնաբանում է մարդաբան Սմբատ Հակոբյանը։

Memphis_national_cemetery.jpg
Գերեզմանատուն Թենեսի նահանգում, հեղինակ՝ Թոմաս Ռ. Մաչնիցկի

Հուղարկավորության ծեսերի վերաբերյալ Հայ Առաքելական Եկեղեցու տեսակետը իմանալու համար զրուցել ենք Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանի հետ։ Վերջինս կարծում է, որ հայ հանրությունը գերեզմաններ այցելելը, դրանք պաշտելն ավելի է կարևորում, քան Աստծո նկատմամբ պաշտամունքը։ «Ամբողջ կարողություններն ուղղում են գերեզմաններում ճոխ կառույցներ անելու համար։ Մարդիկ մեռնելու, թաղվելու մեջ փորձում են էլիտար լինել, սա կկործանի հայ ազգը»,- ասում է Տեր Շմավոնը։

Քահանային անհանգստացնում է նաև հուղարկավորության «նախապատրաստությունը»՝ հիշելով իր ծնողների հուղարկավորությունը։ «Իմ հայրն ու մայրը մահացան տարիներ առաջ։ Ես վերցրեցի բավականին փոքր գերեզմանատեղ, ասացին մի քիչ մեծ վերցրու, ասեցի՝ բայց ես դեռևս ողջ եմ։ Ժողովրդական ասացվածք կա․ որևիցե ննջեցյալ գետնին չի մնացել։ Հուղարկավորեցի ծնողներիս պարզ տապանաքարով, փոքրիկ ցանկապատով։ Ես դեռ ապրում եմ, իմ համար հո՞ղ վերցնեմ։ Դա կնշանակի Աստծուց առաջ եմ ընկնում, Աստծո քարտուղարի տեղ եմ ինձ դնում»,- բացատրում է քահանան։

8.jpg
Քանաքեռի և Զեյթունի գերեզմանները և հարակից բնակելի տները

Գևուշ Մելքոնյանն ապրում է Ավանի գերեզմանատան հարևանությամբ։

«Մի քանի տարի հետո էլ տեղ չի լինելու ապրելու, ման գալու համար. սաղ գերեզմաններ են։ Ճիշտը վառելն ա [դիակիզումը,-հեղ.], թե չէ օրական երեք թաղումը Ավանի գերեզմանոցում ի՞նչ ա նշանակում. նեղվում եմ, որ երեխեքը խաղալու տեղ չունեն, գալիս են գերեզմանների մեջ են խաղում»,- վրդովվում է Մելքոնյանը։

Թեև նա անհանգստացած է անընդհատ աճող գերեզմանատներից, 17 տարի առաջ կնոջը հուղարկավորելիս հոգացել է նաև իր գերեզմանատեղի հարցը՝ պատվիրել է, որ հուշաքարի վրա իր դիմանկարը, անունը, ազգանունն ու ծննդյան տարեթիվը դաջեն . «Էն ժամանակ փող կար, արեցի։ Գիտե՞ս ինչքան փող եմ ծախսել էն թվին էս գերեզմանները սարքելու համար։ Հիմա երեխես փող չունի, ինչո՞ւ իրան վատ զգա»,- ասում է Գևուշ Մելքոնյանը:

18.jpg
19.jpg
Ավանի գերեզմանատունը և հարակից բնակելի շենքերը
Նախատեսված տարածք.png

Մահացածի մարմինը (աճյունը) հողին հանձնելու համար համայնքային գերեզմանատներում անվճար հիմունքներով դիմողի ցանկությամբ մեկ գերեզմանատեղի համար տրամադրվում է 2.5 քառակուսի մետր հողատարածք (2.5×1.0 մետր չափերով), իսկ ընտանեկան գերեզմանի կազմակերպման համար` առավելագույնը 12,5 քառակուսի մետր հողատարածք (5 աճյուն):

Երևանի քաղաքապետի որոշման համաձայն՝ «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ–ն առաջարկում է հետևյալ վճարովի ծառայությունները.

  1. Գերեզմանափոսի (2.5 x 1.8 x 0.9 մ³) փորման ծառայություն` 26 900 ՀՀ դրամ։
  2. Գերեզմանափոսի (2.5 x 1.8 x 0.9 մ³) փորման և մահացածի աճյունի գերեզմանահորում տեղադրման և գերեզմանի ծածկման (0.5 մետր բարձրությամբ հողաթմբով) ծառայություն` 39 000 ՀՀ դրամ։
  3. Գերեզմանատան սահմաններում վրանի (2մ x 2մ չափի) մեկանգամյա տրամադրում (տեղադրմամբ)՝ 5000 ՀՀ դրամ։
  4. Գերեզմանատան սահմաններում վրանի (3մ x 3մ չափի) մեկանգամյա տրամադրում (տեղադրմամբ)՝ 8000 ՀՀ դրամ։
  5. Գերեզմանատան սահմաններում ծածկոցով մետաղական պատվանդանի տրամադրում (տեղադրմամբ)՝ 5000 ՀՀ դրամ։

Նշված վճարովի ծառայություններից օգտվելը կամավոր է, մահացածի հարազատները կարող են նաև հրաժարվել՝ ինքնուրույն կազմակերպելով վերոնշյալ գործընթացները:

Եթե նախապատվությունը տրվում է ՀՈԱԿ-ի ծառայություններին, ապա վճարումները քաղաքացիները կատարում են միայն ՀՈԱԿ-ի հաշվապահության միջոցով։

Մենք փորձել ենք հաշվել նաև հուղարկավորության գինը՝ հիմնվելով մասնավոր սգո ծառայություններ մատուցող ընկերությունների գնացուցակի վրա։

Այսպիսով, Հայաստանում հանգուցյալին հուղարկավորելու համար անհրաժեշտ է նվազագույնը 261 հազար ՀՀ դրամ։ Իսկ միջինացված գներով՝ 566 հազար ՀՀ դրամ։ Այս արժեքի մեջ հոգեհացը ներառված չէ։

Screenshot 2022-11-21 at 16.52.11.png

Ապօրինություններ գերեզմանատներում

Քաղաքացիների՝ հնարավորինս մեծ գերեզմանահող ստանալու ձգտումը, ինչպես նաև տեղեկացվածության պակասը հաճախ կոռուպցիոն ռիսկեր են առաջացնում։

Իրավապահ մարմինները պարբերաբար հաղորդագրություններ են հրապարակում գերեզմանատների վարիչների և հսկիչների գործունեության վերաբերյալ։ Դրանցում մասնավորապես ասվում է, որ նրանք, հանգուցյալի հարազատների հետ ֆինանսական համաձայնության գալով, տրամադրել են օրենքով սահմանված առավելագույն չափերից ավել տարածքներ կամ գերեզմանի սահմաններից դուրս գտնվող հողատարածքներ։

Գերեզմանատներում շրջելիս՝ լուսանկարել ենք 30-50 ք.մ մակերեսով գերեզմաններ, որտեղ հուղարկավորված էին մեկ կամ երկու աճյուն։ Կային հսկա մահարձաններով, դամբարան հիշեցնող գերեզմաններ, որոնք հիմնականում պատկանում են հարուստ կամ ազդեցիկ անձանց։

Օրենքով սահմանված չափերը գերազանցող գերեզմանատեղեր

22.jpg
23.jpg

Սիլիկյան գերեզմանատան հարևանությամբ բնակվող Մարատ Սարգսյանը պատմում է, որ գերեզմանատան «դիրեկտորն» ամեն ինչ վերահսկում է, որևէ խնդիր չկա։ Միակ բանը, որ նրան անհանգստացնում է, գերեզմանատան շուրջը պարսպի բացակայությունն է։ «Առանց դիրեկտոր Անդրեի թույլտվության բան չի լինում։ Տեղը փողով չի, իրանք են տալիս, դու ես գնում փորում։ Ճանապարհներն ասֆալտապատեց, ինքն էլ դիմեց, որ գային պարսպապատեին, չարեցին»,- ասում է նա։

Մեր զրույցից 2 շաբաթ անց վերոնշյալ Անդրեն, նույն ինքը՝ Սիլիկյան գերեզմանատան վարիչ Անդրեյ Ղուլյանը, կալանավորվեց 1 մլն 420 հազար դրամ կաշառք վերցնելու հիմքով։ Ազգային անվտանգության ծառայության հաղորդագրության համաձայն՝ Անդրեյ Ղուլյանը, նույն գերեզմանատան հսկիչի օժանդակությամբ, գումար է պահանջել բարեկարգված տարածք տրամադրելու դիմաց այն դեպքում, երբ քաղաքացին վճարել էր օրենքով սահմանված վճարը։ Այժմ գործը նախաքննության փուլում է։ Սա Անդրեյ Ղուլյանին առնչվող առաջին քրեական գործը չէ։ Նախկինում հարուցված քրեական գործը վաղեմության հիմքով կարճվել է, իսկ Անդրեյ Ղուլյանը վերականգնել է պետությանը պատճառած վնասը։

Երևան քաղաքի դատախազության դատախազ Գոհար Ադոնցը նշում է, որ 2017-2018 թվականներին գերեզմանատներում ապօրինությունների վերաբերյալ քաղաքապետարանի ուսումնասիրությունների հիման վրա քրեական գործեր են հարուցվել, հարցաքննվել է մոտ 2000 անձ։ Այդուհանդերձ, հարուցված քրեական գործերի մի մասը կարճվել է՝ կաշառք տալու կամ ստանալու փաստի բացակայության հիմքով:

Ինչպես են մասնակի փակ գերեզմանատներում նոր տարածքներ ավելանում.

Գերեզմանատան հսկիչը հետևում է, թե որ գերեզմանին երկար ժամանակ չեն այցելում, կամ որ գերեզմանատեղն է պատկանում 100 և ավելի տարի առաջ մահացած հանգուցյալի։ Այնուհետև, գերեզմանատան վարիչի համաձայնությամբ, ոչնչացվում են գերեզմանը նույնականացնող տապանաքարը, մահարձանը և հեռացվում գերեզմանից։

25.jpg

Ինչպես են մասնակի փակ գերեզմանատներում նոր տարածքներ ավելանում

Գերեզմանատան հսկիչը հետևում է, թե որ գերեզմանին երկար ժամանակ չեն այցելում, կամ որ գերեզմանատեղն է պատկանում 100 և ավելի տարի առաջ մահացած հանգուցյալի։ Այնուհետև, գերեզմանատան վարիչի համաձայնությամբ, ոչնչացվում են գերեզմանը նույնականացնող տապանաքարը, մահարձանը և հեռացվում գերեզմանից։

Գերեզմանի վարիչը գերեզմանատան հատակագծից դուրս՝ գերեզմանի հարակից տարածքներում, համայնքային կամ մասնավոր հողատարածքների հաշվին հատկացնում է նոր գերեզմանատեղ։ Երբեմն նման լուծման պարագայում անհրաժեշտ է լինում շրջանցել գերեզմանատան պարիսպը կամ առհասարակ հեռացնել պարսպի տվյալ՝ «խոչընդոտող» հատվածը։

Այս պատկերին կարելի է հանդիպել շատ գերեզմանատներում, օրինակ՝ Զեյթունի գերեզմանատանը։

28.jpg

Զեյթունի գերեզմանատան սահմանազատող նախկին պատնեշը

27.jpg
26.jpg

«Քրեական գործի մի դրվագը վերաբերում է կեղծ գերեզմանաքարտերին։ «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ում հանգուցյալների հաշվառումը սկսվել է 1986 թվականից։ Այդ փաստից օգտվել են գերեզմանի հսկիչներն ու վարիչները։ Քաղաքացին մոտեցել է ՀՈԱԿ, լրացրել որևէ ենթադրյալ հարազատի մահացած լինելու տվյալները և, առանց այդ տվյալների պատշաճ ստուգման, նրան նոր գերեզմանատեղ են հատկացրել։ Տվյալ քրեական գործի առաջին կետը փակ գերեզմանատներում նոր գերեզմանների հատկացումն էր, բնականաբար կեղծ գերեզմանաքարտեր լրացնելու եղանակով, քանզի փակ գերեզմանատներում կարելի է հուղարկավորություն կազմակերպել միայն հանգուցյալի ընտանեկան գերեզմանում տեղի առկայության դեպքում»,- ասում է դատախազ Գոհար Ադոնցը:

Ըստ դատախազի՝քննվել են նաև օրենքով սահմանված չափերից ավելի տարածք ընդգրկող գերեզմանների հատկացումները։ Օրինակ՝ մի քաղաքացու 70 քմ տարածք է տրամադրվել։

Վերոնշյալ քրեական գործի ընթացքում 23 անձ, այդ թվում՝ հսկիչներ և վարիչներ, ազատվել են աշխատանքից, իսկ նրանց նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել։

«Սակայն հետագա քրեական գործերի դեպքում հասկացանք, որ խախտումները չեն դադարել, թեև վարիչներն ու հսկիչները ազատվեցին աշխատանքից, նրանց փոխարինած անձինք նույն մեխանիզմով շարունակել են հանցավոր գործունեությունը»,- ասում է դատախազ Գոհար Ադոնցը՝ հավելելով, որ հսկիչներն իրենց հանցավոր արարքը փորձել են արդարացնել՝ պատճառաբանելով, թե տեսանելի չեն գերեզմանատների սահմանները։

Երևան քաղաքի դատախազությունը մի շարք առաջարկներ է ներկայացրել քաղաքապետարան, որով հորդորում են չափագրել գերեզմանների տարածքները, տեղադրել արգելապատնեշներ և հստակ տարանջատել գերեզմանային և այլ նշանակության հողերը։ Առաջարկվել է նաև համարակալել որպես գերեզման հատկացվող տարածքները և տրամադրել դրանք՝ ըստ հերթական համարների, համակարգչային ավտոմատացված եղանակով։

«Անցած աշնանը մահացավ տատիկս, մեր ընտանեկան գերեզմանը գտնվում է Շահումյան գերեզմանատանը, սակայն այնտեղ նոր հուղարկավորություն կազմակերպելու տեղ այլևս չկար։ Ստիպված էինք դիմել ոլորտից տեղյակ ծանոթներին, որոնց միջնորդությամբ այստեղ կարողացանք 3մ x 4մ ընտանեկան գերեզման ձեռք բերել։ Տվյալ գերեզմանի համար ընտանիքս վճարել է 1800 ԱՄՆ դոլար։ Հիմա հասկանում եմ, որ կաշառք են ուզել, մենք էլ տվել ենք»,- պատմում էր Նորագավիթ-1 գերեզմանատանը շրջայցի ժամանակ մեզ հանդիպեցած կինը։ Նա չցանկացավ ներկայանալ։

24.jpg

Այս և նմանատիպ իրավախախտումների մասին մեր հարցմանը «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ը (հասարակության մեջ հայտնի է՝ «թաղման բյուրո») պատասխանել է. «Ցանկացած ապօրինություն մեզ համար անընդունելի է, ապօրինությունների դեմ միշտ պայքարել ենք և նման դեպքեր ի հայտ գալու դեպքում մշտապես դիմում ենք իրավապահ մարմիններին»։

Գերեզմանատեղերի պակասը լրացնելու համար Քաղաքաշինության կոմիտեում գերեզմանատան կազմակերպման քաղաքաշինական հեռանկարային նախագծեր են կազմում, որոնք հիմնված են լինելու 15 տարվա կտրվածքով մարդկանց բնական աճի վրա։ Այս մասին ասաց կոմիտեի ղեկավարի տեղակալ Նունե Պետրոսյանը։

«Եթե հաշվարկով 15 տարվա կտրվածքով տասը հազար մարդ է ավելանում տվյալ բնակավայրում, ապա 2.5 հեկտար հող է ռեզերվացվում գոյություն ունեցող գերեզմանատան հարակից հատվածում բնակավայրի հակադիր կողմից, կամ եթե էդտեղ այդ հնարավորությունը չկա, փնտրվում է այնպիսի տեղ, որտեղ մենք հնարավորություն կունենանք առանց սանիտարական նորմերը խախտելու ամրագրել այդ տարածքը»,- նշում է Նունե Պետրոսյանը և հավելում, որ այլևս անծայրածիր տարածքներ չեն հատկացվելու գերեզմանների կազմակերպման համար։

Ըստ Կոմիտեի ղեկավարի տեղակալի ներկայացրած ծրագրի՝ նոր տարածքները մեքենայի համար ճանապարհների և ճեմուղիների հստակ համակարգ են ունենալու, կանաչ գոտիներ, պարիսպներ (2.1-ից 2.4 մ բարձրությամբ)։ Նախատեսված է ստանդարտներ սահմանել հուշաքարերի, մահարձանների, հուշասյուների ու դրանց հնարավոր բարձրությունների համար, որոնք չպետք է գերազանցեն պարսպի բարձրությունը:

Հուղարկավորության այլընտանքային տարբերակներ

Կան երկրներ, որոնք գերեզմանատների խնդիրը կարգավորելու համար բավականին խիստ քաղաքականություն են վարում՝ քայլ առ քայլ նվազեցնելով հողային ռեսուրսների օգտագործումը։ Կախված ազգային պատկանելիությունից, դավանանքից, տնտեսական բաղադրիչից և բնապահպանական ընկալումներից՝ նախընտրություն են տալիս հուղարկավորության այլընտրանքային տարբերակներին կամ սահմանափակում են մեկ հանգուցյալին բաժին ընկնող տարածքի չափը և շահագործման ժամանակահատվածը։

Գերեզմանահողերի տնտեսման համար աշխարհում ամենատարածվածը դիակիզումն է (կրեմացիա): Դիակից մնում է մոխիր, որը տեղավորվում է 2-2.5լ ծավալով տարրայի մեջ։ Այն կարելի է դնել հուշապատի մեջ կամ թաղել՝ հինգ անգամ տնտեսելով մեկ հանգուցյալին բաժին ընկնող տարածքի չափը։

Դիակիզման ծեսը Հայաստանի տարածքում ի հայտ է գալիս Միջին բրոնզի դարաշրջանից (Վանաձոր, Քարաշամբ, Լոռի բերդ, Առուճ, Ոսկեվազ և այլն) թռեղք-վանաձորյան մշակույթի թաղումներում:

«Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» ՀՀ օրենքի համաձայն` դիակիզումը Հայաստանում արդեն 16 տարի է, ինչ թույլատրելի է՝ մահացածի կամ հուղարկավորությունը ստանձնողների կամքի գրավոր արտահայտությամբ։

Սակայն Հայաստանում այժմ դիակիզարան չկա:

Այսօր էլ կան դեպքեր, որ արտերկրում ապրող մեր հայրենակիցների աճյունները դիակիզվում են, ապա ուղարկվում Հայաստան՝ այստեղ հուղարկավորելու նպատակով։ Հանգուցյալի բարեկամներն էլ, սովորության համաձայն, այն տեղադրում են ստանդարտ դագաղի մեջ և թաղում։

Վերջին տարիներին կրկին քննարկվում է Հայաստանում դիակիզարան կառուցելու ծրագիրը, այս անգամ մասնավոր ընկերության կողմից՝ օտարերկրյա ներդրումներով։

«Բնակչության հատուկ սպասարկման» ՀՈԱԿ-ի նախկին տնօրեն Արման Իսկանդարյանն այդ ծրագրի նախաձեռնողներից մեկն է. «Մեկ տարվա ընթացքում նախատեսվում է Երևանից 10 կմ հեռավորության վրա՝ Նոր Հաճնի ճանապարհին, մասնավոր գերեզմանատան հետ մեկտեղ շահագործել դիակիզարան, ինչը միանշանակ կնպաստի հողային խնդրի լուծմանը։ Նախնական հաշվարկով՝ մեկ անձի դիակիզումը կկազմի 1500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ»,- մանրամասնում է Իսկանդարյանը։

Նրա խոսքով՝ նոր մասնավոր գերեզմանատունը զբաղեցնելու է 18 հա տարածք և կարող է տեղավորել մոտ 15 հազար աճյուն։ Գերեզմանի ամբողջ տարածքը կանաչապատվելու է, տարածքում լինելու են սգո սրահներ, ծառուղիներ, սալիկապատված ճանապարհներ, եկեղեցի, գերեզմանատան առանձին հատված այլ կրոնների ներկայացուցիչների համար, ինչպես նաև դիակիզարան և հուշապատ։

Հուղարկավորության այլընտրանքային մեթոդներից խոսելիս՝ Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանն ասաց, որ դիակիզումը դեմ է կրոնական դավանաբանության վրա հիմնված ազգային մտածելակերպին և եկեղեցին այն չի համարում հողային խնդրի լուծման տարբերակ։

«Քահանաները թաղման ծիսակարգը իրականացնում են հնուց եկած արարողակարգերով։ Դիակիզարանի գործարկվելու դեպքում՝ եկեղեցականների կողմից թաղման արարողակարգի անցկացումը կամ կարգի մեջ փոփոխության լինել կամ չլինելը լիազորված է որոշել Մայր աթոռին»,- եզրափակեց քահանան։

Հեղինակներ՝

Ուսանողներ

Արփի-Ստեֆանի

Դեմուրչյան

Ուսանողներ

Զարուհի

Տոնիկյան

Ուսանողներ

Անգին

Ծատուրյան

Ուսանողներ

Աստղիկ

Ներսիսյան

Ուսանողներ

Գոհար

Արզումանյան

Դասախոսներ՝

Դասախոսներ

Էդիկ

Բաղդասարյան

Դասախոսներ

Ստեփան

Խաչատրյան

Դասախոսներ

Սոնա

Քոչարյան