Լոնգ րիդՀուլիս 20/2026

Մանկական երկաթուղի. մոռացված խոստումների կայարանում

Գնացքները վաղուց չեն սլանում, կարուսելները չեն պտտվում, կանաչ գոտիները լցված են աղբով․ Երևանի մանկական երկաթուղին է՝ Հրազդանի կիրճում։ Ինչո՞ւ է մայրաքաղաքի խորհրդանիշներից մեկը մատնվել անուշադրության, ովքե՞ր են պատասխանատու տարածքի պահպանության համար, և ինչո՞ւ է այն մնացել առանց հսկողության։

zoom
Մանկական երկաթուղի, լուսանկարը՝ 04.07.2026

Շերտ առ շերտ. ճարտարապետական նախագծերը

Երևանում Մանկական երկաթուղի կառուցելու գաղափարը ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Աղասի Խանջյանինն էր։ ԽՍՀՄ պետ​​պլանը որոշեց Երկաթուղու կառուցումը ներառել ժողտնտեսության 1936-ի տարեկան ծրագրում։ Ապրիլի 22-ին Հրազդան գետի ձախ ափին՝ Աբովյանի անվան քաղաքային այգում, անցկացվեց առաջին համաքաղաքային շաբաթօրյակը։ Շուրջ 10,000 կոմերիտականներ մասնակցեցին մաքրման աշխատանքներին։ Հանդիսավոր արարողության ժամանակ Աղասի Խանջյանն ու Հայաստանի երկաթուղային տրանսպորտի նախարար Բաբկեն Ամատունին դրեցին «Փարոս» կայանի հիմնաքարը։ Հետո «Փարոսը» դարձավ «Հայրենիք»՝ երկաթուղու 3 կայարաններից մեկը։

Այգու գլխավոր ճարտարապետը ավանգարդիստ, Մոսկվայի Վխուտեմաս դպրոցում ուսանած Միքայել Մազմանյանն էր։ Մանկական երկաթուղու նախագիծը Հայաստանում նրա վերջին աշխատանքն էր բանտարկությունից առաջ. 1937-ին նա աքսորվեց Նորիլսկ։

zoom
Երկաթուղու նախագիծը, 1939 թվական
Մ․ Մազմանյանի անձնական արխիվ
zoom
Մանկական երկաթուղու գլխավոր կայարանի առաջին փայտե շենքը, 1939 թվական

Մազմանյանը կայարանը նախագծել է փայտից՝ պահպանելով բնությանը մինիմալ միջամտելու սկզբունքը։ Այն կառուցել է Արտաշատի ջրանցքի վրա՝ Ալ. Թամանյանի նախագծած մանկական հիդրոկայանի կողքին, որի արտադրած էլեկտրականությամբ էլ շահագործվել է երկաթուղին: Այգու հանդիսավոր բացումը 1937-ի հուլիսի 6-ին էր։ Երեք օր անց՝ հուլիսի 9-ին, առաջին անգամ աշխատեց գնացքը, որ բաղկացած էր Վորոշիլովգրադի լոկոմոտիվային գործարանի կոմերիտականների նվիրած շոգեքարշից և երեք բաց մարդատար վագոններից։

Երկաթուղու երթուղին 2.1 կմ էր, երեք կանգառով՝ «Հայրենիք», «Պիոներական» և «Ուրախություն»։ «Հայրենիք» կայարանի շենքն անմիջապես ջրանցքի վերևում էր՝ գետի վրա։ Այստեղ տեղակայված էին կայարանապետի և հերթապահի առանձնասենյակները, հեռագրատունը, առողջապահական սենյակն ու դրամարկղը։ Կայարանապետը բնակվում էր կայարանի շենքում։

zoom
«Պիոներական» կայարան, 1947 թվական
zoom
«Ուրախություն» կայարան, 1984 թվական
zoom
«Հայրենիք» կայարան, 1960-ականներ
zoom
«Ավանգարդ» թերթ, օգոստոսի 5, 1937 թվական

1937-ի նախնական պլանով նախատեսվում էր մանկական խաղահրապարակի շուրջ 2-3 հեկտար տարածքն ընդլայնել մինչև 7 հեկտարի։ Գործելու էին ամառային կինոթատրոն, լողավազան, շտապօգնության կայան, մեծ գրադարան-ընթերցարան, հիդրոկայան։ Այս ծրագրի միայն մի մասը իրականացավ. Երկրորդ աշխարհամարտով պայմանավորված՝ ծրագրի ֆինանսավորումը դադարեց։ Ալեքսանդր Թամանյանի ճոպանուղու նախագիծը, որով այգին պետք է կապվեր Ծիծեռնակաբերդին, մնաց թղթին։ ԽՍՀՄ տարիներին խաղահրապարակում կառուցվեցին ջրավազաններ, շատրվաններ, ընթերցարան, պարերի և մարզախաղերի հրապարակ, խաղարան, ծիծաղի սենյակ, կրպակներ ու ճաշարան։ Խաղահրապարակից դեպի կայարան տանող բարձունքին տեղադրվեց Ստալինի արձանը։ Խորհրդային տարիներին գնացքը գործում էր նաև ձմռանը՝ հատուկ ձմեռային վագոններով։

zoom
Գրադարան, 1948 թվական

1940-ականներին Թամանյանի նախագծով կառուցվեց քաղաքը կենտրոնին կապող մոտ 400 մետր երկարությամբ երկու թունել։ Դրանք Երևանի Գլխավոր պողոտան պիտի կապեին Մանկական երկաթուղուն՝ Հրազդանի զովությունը բերելով քաղաքի կենտրոն։ Երկրորդ համաշխարհային պատերազմին թունելները նախատեսված էին նաև որպես ապաստարան։

zoom
Թունելներ, 14.07.2026
zoom
Թունելներ, 14.07.2026

Այսօր այդ թունելներն անմխիթար վիճակում են։ Դրանցից մեկն ամբողջությամբ խցանված է աղբով։ Թունելի երեսպատման երկաթները տեղ-տեղ դեֆորմացվել են, խոնավացել և առաջացրել փլուզման վտանգ։

zoom
Բուլվարն ու Հրազդանի կիրճ տանող թունելները

Զբոսայգու մուտքում տեղադրված է 10 հուշաղբյուր՝ նվիրված սովետմիության հերոսներին։ Նախագծել է ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը։

zoom
Գլխավոր աստիճաններ, 1948 թվական
zoom
Հուշաղբյուրներ, 1954 թվական
zoom
Լուսանկարը՝ 04․04.2026

1950-ականներին գլխավոր կայարանի փայտե շենքը Գոհար Գրիգորյանի նախագծով վերակառուցվեց․ փայտը փոխարինվեց տուֆով։ Ճարտարապետության տեսաբան Կարեն Բալյանի խոսքով՝ Գրիգորյանը Մազմանյանի նախագիծն այնքան վարպետորեն է կրկնել, որ պահպանել է նույնիսկ հին չափերը։

«Շատ հետաքրքիր փաստ է ճարտարապետության մեջ. նա գրեթե չի փոխում նախագիծը, բայց քարից է դարձնում այն»,— մեզ հետ զրույցում ասաց Բալյանը։

zoom
Երրորդ կայարան, 1952 թվական

1960-ականներին ճարտարապետ Ֆենիքս Դարբինյանի նախագծով Զանգու գետի վրա արգելակներ կանգնեցվեցին, ինչի արդյունքում ջրի մակարդակը բարձրացավ։ Երկաթգծից ոչ հեռու կառուցվեց «Փարվանա» ռեստորանը և վիտրաժներով զարդարված մանկական սրճարանը։ Արծվին Գրիգորյանը զարգացրեց Մազմանյանի սկզբնական գաղափարը, որով ամբողջ Հրազդանի կիրճը՝ աջ ու ձախ ափերը, պետք է դառնային մեկ ամբողջական հանգստի գոտի՝ շուրջ 400 հեկտար տարածքով։ Մանկական երկաթուղին այդ մեծածավալ ծրագրի միայն մի հատվածն էր։

zoom
Հրազդան գետ, 1951 թվական

Շահագործման վերջին տարում՝ 2022-ին, գնացքն անցնում էր այլևս չգործող «Ուրախություն» կայարանի կողքով և կանգ առնում «Պիոներականում», հետո նույն ռելսերով վերադառնում էր «Հայրենիք»։ Այսօր «Հայրենիքն» էլ, «Պիոներականն» էլ լքված են։

Օրինակ բերելով աշխարհի փորձը՝ Բալյանը տարածքը շահագործելու ձև է առաջարկում․ «Այս տարածքը կարող է լինել կրթական ժամանցային կոմպլեքս բնության մեջ, որը կպատմի սերունդներին Հայաստանում տեխնիկական փոփոխությունների 90-ամյա պատմությունը»։

zoom
Մանկական երկաթուղի, 1960 թվական

Մանկական երկաթուղու մոռացված հերոսները. 1994-ի սիմպոզիում

Մանկական երկաթուղու ամայի տարածքում քանդակներ կան։ 1994-ի աշնանը Խ․ Աբովյանի անվան մանկական զբոսայգում անցկացվեց քանդակների սիմպոզիում՝ նվիրված Հովհաննես Թումանյանի 125-ամյակին։ Նախաձեռնությունը ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանինն էր։ Նա մասնակցելու հրավիրեց շուրջ 10 քանդակագործի: Նրանք Բագարան գյուղից Երևան բերված տուֆով քանդակեցին հեքիաթների հերոսների։

«1994-ի հոկտեմբերի 10-ին ՆԳՆ շարասյան հետ գնացինք Դսեղ՝ Թումանյանի սիրտը Ջիմ Թորոսյանի նախագծած մատուռի մեջ հանդիսավոր ձևով պահ տալու»,— մեզ հետ զրույցում պատմում է սիմպոզիումի մասնակից լոռեցի քանդակագործ Վահրամ Հովակիմյանը։

Նոյեմբերի 5-ին բանաստեղծի հոբելյանի առթիվ երկաթուղում կայացավ ՆԳՆ-ի և Երևանի քաղխորհրդի համատեղ միջոցառումը։ Այցելուները, երաժշտական խմբերը, Մալյանի անվան թատրոնը և պատանի նկարիչները հավաքվել էին երեկոյան խարույկի շուրջ։

zoom
02. Ոստիկանական լրատու, 1994 թվական
zoom
zoom
«Խաղող տրորողները», հեղինակ՝ Վիլյամ Պետրոսյան, Հովհաննես Մուրադյան

18 քանդակներից 17-ը այսօր չունի ցուցանակ՝ հեղինակի կամ քանդակի մասին որևէ տեղեկություն։ Որոշ քանդակներ կորել են թփերի ու խոտերի հետևում։ «Քաջ Նազարի» ծուլությունը խորհրդանշող 7 ճանճերը չկան։

«Իմ գործը դրել են խոտերի, թփուտների մեջ, լավ չի երևում: Մի ինչ-որ բաց տեղ պիտի դրվեր, ու էդ խոտ ու թուփը կողքից պիտի մաքրեին: Մի ժամանակ քանդակագործ Գագիկ Ղազարյանը դռներ էր ծեծում, բայց ոչ մի բանի չհասավ: Որ չեն ջարդում, չեն քանդում, դրա համար էլ շնորհակալ ենք»,— նշում է սիմպոզիումի մասնակից քանդակագործ գեղագիտության ազգային ակադեմիայի դասախոս Գարեգին Դավթյանը:

Երկաթուղու 18 քանդակներից Երևանի քաղաքապետարանի կայքում ներկայացված են երկուսը՝ Նորայր Կարգանյանի «Անտառային հեքիաթը» և Վիլյամ Պետրոսյանի «Երևանի կատուն»։ ԿԳՄՍ նախարարության փոխանցմամբ՝ քանդակների պահպանության հարցը համայնքի լիազորությունների տիրույթում է: Սակայն Կենտրոն համայնքն իր տարածքում գտնվող զբոսայգին չի մաքրում։

Սեփականատերերն ու վարձակալները. ովքե՞ր են տնօրինել այգին մինչև 2015-ը

1991-ի ԽՍՀՄ փլուզումից հետո Խ. Աբովյանի անվան մանկական զբոսայգու (Մանկական երկաթուղի) տարածքը ԽՍՀՄ պետական սեփականությունից անցավ Երևանի համայնքային տնօրինմանը։ Հաջորդող տասնամյակում տարածքի իրավական կարգավիճակն ու կառավարողները փոփոխվեցին։ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում այս ժամանակահատվածի իրավական ակտերը հասանելի չեն, համապատասխան որոշումները ձեռք ենք բերել Հայաստանի ազգային արխիվից ու վերականգնել տարածքը կառավարողների և վարձակալների իրավական շղթան։

Երևանի քաղաքապետի 2000-ի օգոստոսի 16-ի որոշմամբ՝ Ձորափի փողոցի հ. 130 հասցեում գտնվող զբոսայգին ամրակցված է եղել Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում» պետական փակ բաժնետիրական ընկերությանը (ՊՓԲԸ)՝ անհատույց օգտագործման իրավունքով։

Սակայն մեկ տարի անց գույքային համալիրը հանվել է «Կանաչապատում» ՊՓԲԸ-ի հաշվեկշռից։ Որոշման համաձայն՝ զբոսայգին գույքով՝ հողամաս, շենք-շինություններ և ոռոգման ներքին ցանց, տիրապետման և օգտագործման իրավունքով փոխանցվել է Կենտրոն թաղային համայնքին (Թաղապետարանին)։

«Կանաչապատում» ՊՓԲԸ-ն սնանկանում է, հայտնվում է «Թութակ» ՍՊԸ-ն

Հաջորդող տարիներին սկսվել է տարածքի մասնավորեցման գործընթացը։ ՀՀ տնտեսական դատարանի 2005-ի դեկտեմբերի 12-ի վճռով՝ այգու տարածքում առկա ինքնակամ շինությունները ճանաչվել են պետական սեփականություն և առուվաճառքի պայմանագրով օտարվել «Թութակ» ՍՊԸ-ին։

2008-ին կառավարման իրավունքը 30 տարով հանձնվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությանը։ Ընկերությունից հերքեցին, թե երկաթուղու կառավարումն իրենց է փոխանցվել։ Ընկերությունը հերքեց նաև Երևանի քաղաքապետարանի հետ ստորագրած սոցիալ-տնտեսական համագործակցության համաձայնագրի մասին տեղեկությունը, այնինչ, 2012-ին դրա շրջանակում իրականացվել են վերականգնողական աշխատանքներ՝ կայարանների, գծերի և շարժակազմի արդիականացում։

Քաղաքապետի 2010-ի ապրիլի 23-ի որոշմամբ՝ հստակեցվել է զբոսայգու ընդհանուր մակերեսը՝ սահմանվելով 59,915.70 քմ (շուրջ 6 հեկտար)։ Այս որոշմամբ դադարեցվել են «Կանաչապատում» ՊՓԲԸ-ի նախկին իրավունքները ողջ տարածքի նկատմամբ, և այգին վարձակալության պայմանագրով նորից տրամադրվել է այդ ժամանակ արդեն սնանկության մեջ գտնվող նույն «Կանաչապատում» ընկերությանը։ Սա արվել է, որպեսզի ընկերության սնանկության կառավարիչը կարողանա օրինական ճանապարհով օտարել կամ փոխանցել ընկերության հաշվեկշռում մնացած գույքը: Հենց այս հիմքով էլ տարածքը պաշտոնապես հանձնվել է մասնավոր կառավարման: Քաղաքապետարանի հաջորդող որոշումներով ձևակերպվել են վարձակալության նոր պայմանագրեր, և այգու ու երկաթուղային համալիրի տնօրինումը երկարաժամկետ կտրվածքով անցել է «Մանկական երկաթուղի» ՍՊԸ-ին։

Գևորգյանների մուտքը․ կառավարումն անցնում է «Մանկական երկաթուղի» ՍՊԸ-ին

Երկաթուղու տարածքը, որն այժմ 37496.74 քմ է, սեփականության իրավունքով պատկանում է Երևան համայնքին։ Հողամասն ունի «Բնակավայրերի / ընդհանուր օգտագործման» նշանակություն։ Սա նշանակում է, որ հողն օտարման (վաճառքի) ենթակա չէ։ Սակայն հողամասի նկատմամբ գրանցված է «Մանկական երկաթուղի» ընկերության վարձակալության, իսկ հողամասի վրա գտնվող գլխավոր կայարանի, գրասենյակի, ընթերցասրահի, «Ուրախության կայարանի» և այլ օժանդակ կառույցների վրա՝ սեփականության իրավունքը։

2014-ին քաղաքապետարանը «Մանկական երկաթուղի» ՍՊԸ-ի հետ կնքել է երկու պայմանագիր։ Քաղաքապետարանի 2014-ի որոշմամբ՝ մեկ միասնական հողամասը՝ 59915.7 քմ, բաժանվել է երկու առանձին գույքային միավորների։ Առաջին միավորը՝ մոտ 58950.04 քմ մակերեսով, մնացել է համայնքային սեփականություն․ այն շարունակում է վարձակալել «Մանկական երկաթուղի» ՍՊԸ-ն։ Այդ պայմանագրով քաղաքապետարանը հանձնում է շուրջ 58 հազար քմ տարածք՝ հստակ պայմաններով․ տարածքը պետք է շահագործվի բացառապես որպես մանկական զբոսայգի, պետք է պահպանվի գույքը, իրականացվի վերանորոգում և կանաչապատում։

Երկրորդ՝ 965.66 քմ մակերեսի համար սահմանվել է նոր հասցե՝ Պարոնյան փողոց հ.15/8, ինչը թույլ է տվել այս հատվածը տարանջատել բուն երկաթուղու տարածքից։

Այս նոր հասցեի՝ Պարոնյան 15/8–ի տարածքը ևս բաժանվել է երկու մասի։ Դրա մի հատվածը՝ 376.73 քմ-ն, քաղաքապետարանը մոտ 9.5 միլիոն դրամով ուղղակի վաճառքի միջոցով օտարել է «Մանկական երկաթուղի» ՍՊԸ-ին, քանի որ այդ կտորը ներառված չէր ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված չսեփականաշնորհվող հողերի ցանկում։ Մնացած 588.93 քմ-ը, լինելով հանրային օգտագործման կամ հատուկ պահպանվող գոտի, օրենքով չէր կարող վաճառվել, ուստի մնացել է համայնքային սեփականություն։ Քաղաքապետարանի որոշումներով՝ «Մանկական երկաթուղի» ՍՊԸ-ի զբաղեցրած տարածքը 59.000 քմ է, իսկ Կադաստրի կոմիտեի տվյալներով՝ 37.000 քմ։ Թե ուր է մնացած 22.000 քմ-ը, մեզ չհաջողվեց պարզել։

Թղթե ներդրումներ և կրճատվող տարածքներ․ «Մանկական երկաթուղու» իրավական հետագիծը

ԽՍՀՄ տարիներին «Մանկական երկաթուղին» պետական հոգածության կենտրոնում էր, իսկ անկախացումից հետո հայտնվեց քաղաքային իշխանությունների չիրականացված խոստումների և անհասկանալի հողային գործարքների կենտրոնում։ Երևանի քաղաքապետները անդրադարձել են այգու խնդրին, սակայն փաստաթղթերի հաջորդական ուսումնասիրությունը ցույց է տալիս, թե ինչպես է տարածքը տարեցտարի կրճատվել, օտարվել, իսկ ներդրումային մեծ ծրագրերը մնացել են միայն թղթի վրա։

Կարեն Կարապետյան (2010-2011). «ընդլայնման» չիրականացված հեռանկարը

«Մանկական երկաթուղու» արդիականացման ժամանակակից խոստումների շղթան սկսվում է 2011-ից։ Փետրվարի 24-ին Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը և «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Շևկետ Շայդուլինը ստորագրեցին 2011-2015թթ. սոցիալ-տնտեսական համագործակցության մասին համաձայնագիր։

Պաշտոնապես հայտարարվեց, որ Երևանի քաղաքապետարանի առաջարկությամբ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն տեխնիկատնտեսական հաշվարկներ պետք է ներկայացնի «Մանկական երկաթուղու» ընդլայնման (նոր շինարարության) նախագծի վերաբերյալ։ Կողմերը վստահեցնում էին, որ փոխշահավետ գործակցությունը շուտով ցույց կտա արդյունքներ և կապահովի երևանցիների հարմարավետությունը։ Սակայն, այս համաձայնագրից հետո տարածքն այդպես էլ չընդլայնվեց,և սկսվեցին իրավական գործընթացներ՝ հակառակ ուղղությամբ։

Տարոն Մարգարյան (2014-2018). հողերի մասնատում, օտարում և իրավական խառնաշփոթ

Հաջորդ քաղաքապետ Տարոն Մարգարյանի կառավարման տարիներին խոստացված «ընդլայնումը» փոխարինվեց տարածքների մասնատմամբ և ուղղակի վաճառքով։ Այս շրջանից պահպանված պաշտոնական որոշումները բացահայտում են «Մանկական երկաթուղու» հողատարածքների կորստի մեխանիզմը.

2014-ի հոկտեմբերի 17 (որոշում հ. 3934-Ա). հիմք ընդունելով «Մանկական երկաթուղի» ՍՊԸ-ի գրությունը, Տարոն Մարգարյանի որոշմամբ, Ձորափի փողոցի հ. 130 հասցեում ընկերությանը վարձակալությամբ պատկանող 59,915.7 քմ մակերեսով հողամասը մասնատվեց և բաժանվեց երկու առանձին գույքային միավորների՝ 58,950.04 քմ և 965.66 քմ մակերեսներով։

  • Ուղղակի վաճառք. նույն որոշմամբ՝ առանձնացված 965.66 քմ հողամասից 376.73 քմ հատվածը (ծածկագիր՝ 01-006-502-024) ուղղակի վաճառքի միջոցով օտարվեց (վաճառվեց) ընկերությանը՝ 9,550,105 դրամով։ Այս հատվածին տրվեց նոր հասցե՝ «Պարոնյան փողոց, հ. 15/8»։ Մնացած հողատարածքների վարձակալության պայմանագրի վերջնաժամկետ սահմանվեց 2025-ի հունիսի 15-ը։
  • 2017-ի հոկտեմբերի 11-ին ստորագրվեց նոր որոշում՝ «Մանկական երկաթուղի» ՍՊԸ-ի հողամասի սահմանները վերաճշտելու մասին։ Տեղանքի չափագրումներից ու վերաճշգրտումից հետո պաշտոնապես արձանագրվեց, որ ընկերության զբաղեցրած փաստացի մակերեսը կազմում է ընդամենը 13,948.18 քմ՝ նախկինում ամրագրված 58,950.04 քմ-ի փոխարեն։ Այս հողատարածքի վարձավճարները սահմանվեցին ըստ գործառնական նշանակության՝ բացօթյա սրճարան (228.48 քմ), հասարակական հատված (2252.27 քմ) և խաղահրապարակ (11467.43 քմ)։
  • 2018-ի մարտի 22-ին Տարոն Մարգարյանը ստորագրեց մի նոր որոշում, որով չեղյալ ճանաչեց սահմանների վերաճշտման մասին ամիսներ առաջ կայացրած իր նախորդ (որոշումը՝ տարածքի իրական չափերի և սահմանների հարցը թողնելով խառնաշփոթի մեջ։

Հայկ Մարության (2018-2021). մեծ ներդրումային «շոու» և նախագծեր

2018-ի իշխանափոխությունից հետո քաղաքային նոր ղեկավարությունը խնդրին մոտեցավ լայնամասշտաբ շնորհանդեսների ձևաչափով։ 2020-ի հունիսի 16-ին, քաղաքապետ Հայկ Մարությանի և գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի գլխավորությամբ, տեղի ունեցավ մեծ աշխատանքային խորհրդակցություն՝ կառավարության տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։

Մարությանը հայտարարեց.

«Այս վայրը երևանցիների համար մանկությունից եկող մի վայր է և չի կարող շարունակել մնալ այն վիճակում, որն այսօր կա»։

Նա ընդգծեց, որ գործընթացը թափանցիկ է, և իրեն հետաքրքրում է միայն քաղաքի շահը, այլ ոչ թե տնտեսվարողի եկամուտը։

Խորհրդակցության ժամանակ մի շարք խոշոր ներդրումային հոլդինգներ ու ընկերություններ ( «Բերքլի Քեփիթլ», «Բողոսյան» հիմնադրամ, «Նոր Երևան», «Դեֆի», «Ռենշին»,«Ռուցոգ ինվեստ» և հենց «Մանկական երկաթուղի» ՍՊԸ-ն) ներկայացրին շքեղ նախագծեր։ Խոստանում էին կառուցել միջազգային չափանիշներով ժամանցի և մարզական կենտրոն, արդիականացնել երկաթուղին ու կայարանները, ստեղծել ստորգետնյա ավտոկայանատեղի և վերանորոգել Հրազդանի կիրճին կապող պատմական թունելները։ Բայց այս հայտարարություններից հետո ոչ մի գործնական քայլ չարվեց:

Տիգրան Ավինյան (2023-ից սկսած). իրավական ճգնաժամ և վերջնական կանգառ

2023-ին քաղաքապետարանը հրաժարվեց ներդրումային խոստումներից և անցավ դատական հարթություն։ Հայտարարվեց, որ տարածքը տարիներ շարունակ շահագործվել է անարդյունավետ, իսկ նախկինում կնքված պայմանագրերն ունեն իրավական խնդիրներ։

Իրավիճակն ավելի սրվեց, երբ 2024-ի ապրիլին վերակառուցման ծրագիրը ստանձնած ռուսական «ՌԻԴ» հոլդինգը պաշտոնապես հրաժարվեց նախագծից։

«ՌԻԴ» ընկերությունը (բաժնետերը Ռուբեն Գրիգորյանն է), 2020-ին ձեռք էր բերել «Մանկական երկաթուղի» ՍՊԸ-ի 60% բաժնեմասը։ Նույն տարում հայտարարվեց վերակառուցման ծրագիր, բայց 5 տարի անց նույն ներդրողը փաստացի հրաժարվեց ծրագրից՝ նշելով, որ չի կարողացել ստանալ անհրաժեշտ համաձայնություններ տեղական իշխանություններից։ Այս ձախողման և իրավական անլուծելի վեճերի արդյունքը եղավ այն, որ 2024-ի հուլիսի 6-ից «Մանկական երկաթուղին» պաշտոնապես և ամբողջությամբ դադարեցրեց աշխատանքը։

zoom
«Ռիդ» ընկերության՝ երկաթուղու բարեկարգման նախագիծը

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը 2024-ի դեկտեմբերին հայտարարեց, որ տարածքը վերադարձվում է համայնքին։ Նշեց, որ մերժել են այնտեղ հյուրանոց կառուցելու ներդրումային ծրագիրը՝ պահպանելու համար տարածքի հատուկ կարգավիճակը։

«Մանկական երկաթուղի» ՍՊԸ-ի տնօրենի որդի Գևորգ Գևորգյանը Տիգրան Ավինյանի հայտարարությունից մի քանի օր հետո ասաց, որ տարածքը մաքրում են, նոր կարուսելներ են բերելու, ոչինչ չեն վաճառում, բայց 2 տարի անց էլ այգու տարածքում կարուսելներ դեռ չկան։

2024-ին «Մանկական երկաթուղի» ՍՊԸ-ի բաժնեմասերը վերադարձվեցին նախկին սեփականատերերին՝ Արմեն և Սամվել Գևորգյաններին, իսկ 2025-ի հունիսի 15-ից մինչև օրս տարածքի նոր վարձակալներ դեռ չկան։ Օրենքի ուժով պայմանագիրը շարունակում է գործել։ 2025-ի մայիսի 20-ին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել էր, որ կանցկացնի երկփուլ մրցույթ՝ Մանկական երկաթուղու տարածքի շահագործման համար։ Մայիսի 5-ին հարցում էինք ուղարկել Երևանի քաղաքապետարան՝ «Մանկական երկաթուղու» վերականգնման շրջանակում նախատեսված երկփուլ մրցույթի վերաբերյալ։ Քաղաքապետարանից հայտնեցին, որ մրցույթը դեռ չի հայտարարվել, քանի որ կա դատական գործընթաց։ Միայն դատական գործընթացի ավարտից հետո հնարավոր կլինի մրցույթն անցկացնել։

Քաղաքապետարանն ընդդեմ «Մանկական երկաթուղու»․ ինչպես զարգացավ դատական գործը

Այս պահին «Մանկական երկաթուղի» ՍՊԸ-ն սնանկության եզրին է:

2025-ի նոյեմբերին Երևանի քաղաքապետարանը դիմել է դատարան՝ պահանջելով սնանկ ճանաչել «Մանկական երկաթուղի» ընկերությունը։ Հիմնավորումը՝ ընկերություն տարիներ շարունակ չի կատարել վարձակալության վճարումները՝ շուրջ 5.9 հեկտար հողատարածքի համար։ Սկզբնական հաշվարկներով պարտքը ներկայացվել էր ավելի քան 1.2 միլիարդ դրամի չափով, սակայն դատավարության ընթացքում վերահաշվարկվել ու կրճատվել է՝ կազմելով մոտ 181 միլիոն դրամ։

«Մանկական երկաթուղի» ՍՊԸ-ն չի ընդունել ներկայացված պահանջը՝ պնդելով, որ քաղաքապետարանի հաշվարկները սխալ են և չեն բխում գործող պայմանագրից։ Դատարանը նախ ընդունել է հայցը և նշանակել սնանկության ժամանակավոր կառավարիչ՝ Ռոբերտ Եղյանին, որը վերահսկում է ընկերության ֆինանսական վիճակը մինչև վերջնական որոշման կայացումը։

Դատավարությունը տևել է մեկ տարուց ավելի՝ 2024-ի դեկտեմբերից մինչև 2026-ի փետրվար։ Դատարանը եզրակացրել է, որ պարտքը չի կարող համարվել անվիճելի, և 2026-ի փետրվարի 9-ին մերժել է քաղաքապետարանի հայցը։ Սնանկության գործով ժամանակավոր կառավարիչ Ռոբերտ Եղյանը մեզ հետ զրույցում նշեց, որ, թեև քաղաքապետարանի դիմումը մերժվել է, վերջինս բողոքարկել է որոշումը Վերաքննիչ քաղաքացիական դատարան, և այս փուլում «Մանկական երկաթուղի» ՍՊԸ-ն դեռևս սնանկ ճանաչված չէ։

«Միևնույն ժամանակ, ընկերության՝ պարտավորությունները չկատարելու փաստը վիճարկելի չէ․ խոսքը վերաբերում է հողի վարձավճարների և գույքահարկերի չվճարմանը։ Դատական գործընթացի առանցքային հարցը ոչ թե պարտքի առկայությունն է, այլ դրա չափի վիճարկումը։ Փաստացի ընկերությունը չի կատարել ո՛չ իր ֆինանսական պարտավորությունները, ո՛չ էլ նախատեսված բարեկարգման և ներդրումային ծրագրերը»,— նշեց Ռոբերտ Եղյանը։

Մենք զրուցեցինք նաև «Մանկական երկաթուղի» ընկերության փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի հետ։ Նրա խոսքով՝ «Մանկական երկաթուղու» և քաղաքապետարանի միջև կնքված վարձակալության պայմանագրի ժամկետը երկարաձգվել է և ներկայումս գործում է։ Հարցին, թե ինչու երկաթուղու տարածքում չի իրականացվել պայմանագրով նախատեսված բարեկարգումները, փաստաբանը նշեց, որ դրանք իրականացվել են մինչև 2024-ը։

«Ընկերության բոլոր հաշիվները արգելանքի տակ են, և դա է պատճառը, որ ներդրումներ չեն կատարվում այժմ։ Քաղաքապետարանը մեկ միլիարդից ավելի գումար է պահանջում ընկերությունից, բայց մենք պարտք չենք։ Ինչ կա պայմանագրում, դա կատարված է, իրենք պարզապես շահարկում են, թե կենտրոնում կադաստրային արժեք է փոխվել, և այդ պատճառով վարձավճարը պետք է թանկանա մի քանի անգամ, սակայն կա ստորագրած պայմանագիր, և մենք, ըստ դրա, վճարում ենք գումարը»,— ասում է Սիրունյանը։

Քանի որ երկաթուղու գույքը պատկանում է ընկերությանը, իսկ հողը՝ համայնքին, Սիրունյանը նշում է, որ նոր առաջարկի կամ համագործակցության դեպքում իրենք պատրաստ են այդ գույքը ներդնել ցանկացած համատեղ ծրագրով, քննարկելի է նաև գույքը պետությանը վաճառելու հարցը։

«Եղել են բազմաթիվ առաջարկներ՝ նաև օտարերկրյա գործընկերների մասնակցությամբ Դիսնեյ լենդ կառուցելու, սակայն քաղաքապետարանը դրանք մերժել է։ Ընկերությունը նոր բարեկարգումներ է նախատեսում, սակայն քանի դեռ կա դատական գործընթաց, և հաշիվները սառեցված են, մենք փնտրում ենք օրենքը չխախտելով աշխատանքները շարունակելու ճանապարհներ»,— նշեց փաստաբանը։

«Մանկական երկաթուղին» այսօր

«Մանկական երկաթուղու» տարածք այցելել ենք մի քանի անգամ։ Պատասխանատուները խնդիրներ լուծելու փոխարեն ընդամենը կոսմետիկ աշխատանք են կատարել․ անցյալ տարվա դեկտեմբերի 3-ին մուտքի պատերին զանազան գրություններ կային, մարտի 19-ին պատերը ներկված էին։

zoom
Առաջ՝ 15.11.2025
zoom
Հիմա՝ 19.03.2026

Գնացքները ծածկված են կապույտ պոլիէթիլենային թաղանթով, բայց դա միայն ձևական պատնեշ է. ով ցանկանա, կարող է մտնել վագոն՝ առանց հատուկ ջանքերի։ Չնայած տարածքում կան տեսախցիկներ և իրազեկող–արգելող վահանակներ՝ վագոնների նստարաններին աղբ է՝ ծխախոտի մնացորդ, արևածաղկի կեղև։

zoom
Լուսանկարները՝ 19.03.2026
zoom

Անհետացել են այգու վերևի հատվածի կարուսելները։ Մնացել է միայն մեկը՝ այն էլ չի գործում։ Թե ուր են մյուս կարուսելները, պաշտոնական տեղեկություն չկա։

zoom
Մնացած միակ կիսաքանդ կարուսելը, լուսանկարը՝ 19.03.2026
zoom
Այգու ստվար հատվածում ման գալուց ի վերջո գտանք հետքերը՝ քանդված ու թափված անխնամ տարածքում, լուսանկարները՝ 04.04.2026
zoom
zoom
Երկաթուղու վերևի հատվածում նախկինում կարուսելներ են եղել, որոնք այսօր չկան, լուսանկարները՝ 04.07.2026
zoom
zoom
Դրամարկղը ջարդված, լուսանկարը՝ 19.03.2026
zoom
Երկաթուղու տարածքում առկա իրազեկող վահանակներ, լուսանկարները՝ 19.03.2026

Երկաթուղու տարածքի թունելով քայլեցինք մինչև հին կայարաններ, տեսանք դրանց կիսաքանդ պատերը։

zoom
Լուսանկարները՝ 03.12.2025

Երկաթուղին նույնիսկ ֆեսբուքյան էջ ունի, որտեղ այսօր էլ նշված է՝ «բաց է հիմա»: 2022-ի վերջին հրապարակված լուսանկարներում անհոգ ու ուրախ երեխաներ են ժպտում։

Արխիվային լուսանկարները՝ Мой Старый Ереван - Իմ Հին Երևան ֆեյսբուքյան խմբից

Հեղինակներ՝

Ուսանողներ

Սեդա

Մարտոյան

Ուսանողներ

Անի

Մարգարյան

Ուսանողներ

Աննա

Ասլանյան

Դասախոսներ՝

Դասախոսներ

Էդիկ

Բաղդասարյան

Դասախոսներ

Տիրայր

Մուրադյան

Դասախոսներ

Մարիամ

Բարսեղյան

Թիմ՝

Թիմ

Հարություն

Մանսուրյան