Ծխախոտ արտադրելը վնասակար չէ տնտեսությանը
2024-ին հունվար-նոյեմբերին Հայաստանում շուրջ 33 մլրդ հատ ծխախոտ (սիգարետ) է արտադրվել, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 6.1%-ով։ Ընթացիկ գներով՝ ծխախոտային արտադրատեսակների արտադրությունը կազմել է մոտ 177 մլրդ դրամ՝ աճելով 13.6%-ով։ Այս մասին են վկայում Վիճակագրական կոմիտեի (ՀՀ ՎԿ) տվյալները։
Ծխախոտի արտադրությունը Հայաստանի արդյունաբերության առաջատար ճյուղերից է։ Դրա տեսակարար կշիռը մշակող արդյունաբերության մեջ 9.3% է։
Ծխախոտային արտադրատեսակների մեջ, բացի սիգարետից, ներառվում են նաև էլեկտրոնային ծխախոտները, սակայն Հայաստանում էլեկտրոնային ծխախոտի արտադրություն գրանցված չէ։
Մինչև COVID-19-ի տարածումը ծխախոտի արտադրության ծավալները Հայաստանում անշեղորեն աճել են։ 2020-ին համավարակը կոտրեց այս տեմպը։
Հաջորդող տարիներին ծավալները աստիճանաբար վերականգնվել են և գերազանցել անգամ մինչքովիդյան ժամանակաշրջանի ցուցանիշները։

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը նշում է, որ համավարակը բացասաբար ազդեց ամբողջ տնտեսության և հատկապես արտահանվող ապրանքների արտադրության վրա։ Ծխախոտը դրանց շարքում էր։
«Արտահանման հետ կապված լոգիստիկայի խնդիրներ առաջացան։ Սահմանները փակ էին, հետևաբար նվազեց և՛ արտահանումը, և՛ արտադրությունը»,— ասում է տնտեսագետը։
Արտադրության և արտահանման տվյալների համադրությունը ցույց է տալիս, որ Հայաստանում արտադրված ծխախոտի մեծ մասն արտահանվում է։ Օրինակ՝ 2023-ին արտադրված շուրջ 40 մլրդ հատ ծխախոտից արտահանվել է մոտ 33 միլիարդը։
Ըստ Պարսյանի՝ Հայաստանում ծխախոտի արտադրության ծավալների վրա էական ազդեցություն է ունենում դրսի պահանջարկը։ 2022-ից, երբ արտահանման լոգիստիկ խոչընդոտները հիմնականում վերացան, և դրսի պահանջարկը մեծացավ, Հայաստանից ծխախոտի արտահանումը նոր թափ հավաքեց։
Հայաստանի ծխախոտի ամենամեծ սպառողները Իրաքն ու ԱՄԷ-ն են
2024-ի տարեկան տվյալները Պետական եկամուտների կոմիտեի Մաքսային ծառայությունը դեռ չի հրապարակել, բայց հայտնի է, որ միայն առաջին կիսամյակում Հայաստանը 173 մլն դոլարի (մոտ 17 մլրդ հատ) ծխախոտ է արտահանել։
Մինչև 2022-ի ռուս-ուկրաինական պատերազմը ծխախոտը Հայաստանից արտահանվող ապրանքների ցուցակի առաջին հնգյակում էր։ Նշված տարվանից, երբ Ռուսաստանը հայտնվեց արևմտյան պատժամիջոցների տակ, և Հայաստանը դարձավ տեխնիկայի, ոսկու, ադամանդի և այլ ապրանքների վերաարտահանման տարանցիկ երկիր, ծխախոտը բարձր մաքսային արժեք ունեցող ապրանքների ցանկում զիջեց դիրքերը, սակայն ծավալները շարունակում են էական մնալ։
2023-ի տարեկան տվյալներով՝ 357 մլն դոլարի ծխախոտ (սիգարետ, սիգար) է արտահանվել Հայաստանից։ Վերջին տասը տարիներին սա արտահանման ամենաբարձր ցուցանիշն է։
Հայաստանից արտահանվող ծխախոտի ծավալը բազմիցս գերազանցում է ներմուծմանը։

2023-ին Հայաստանից ծխախոտի արտահանման աշխարհագրությունը փոփոխվել է։
Արտահանման հիմնական մասը, ըստ արժեքի, բաժին է ընկել Իրաքին՝ մոտ 46%-ը (163 մլն դոլար) և Արաբական Միացյալ Էմիրություններին՝ 30%-ը (107 մլն դոլար)։ Հետո գալիս են Վրաստանը, Ռուսաստանը, Սիրիան և այլ երկրներ։
Հատկանշական է, որ դեպի Իրաք արտահանումը 2023-ին 2022-ի համեմատ նվազել է 26%-ով։ Կտրուկ՝ 9 անգամ, նվազել է նաև դեպի Իրան հայկական ծխախոտի արտահանումը՝ 22 մլն դոլարից հասնելով 2.4 մլն դոլարի։
Նույն ընթացքում գրեթե քառապատկվել է դեպի ԱՄԷ արտահանումը։ Վերաարտահանման համատեքստում առաջին հայացքից կարող է թվալ, թե դեպի ԱՄԷ իրականում արտահանվել է ոչ հայկական արտադրության ծխախոտ, քանի որ Հայաստանից մեծ ծավալի ոսկի, ոսկերչական իրեր և ադամանդ է վերաարտահանվել ԱՄԷ: Սակայն տվյալների համադրությունը ցույց է տալիս, որ վերաարտահանման վարկածը քիչ հավանական է։
Մենք փորձեցինք տվյալների մանրամասներն ու պատճառահետևանքային կապը պարզել ծխախոտ արտադրողների հետ, սակայն նրանք հրաժարվեցին մեկնաբանություն տալ։

Տնտեսագետ Սուրեն Պարսյանի դիտարկմամբ՝ Հայաստանը ծխախոտի արտահանման մեծ հնարավորություն ունի նաև դեպի Վիետնամ և Հնդկաստան։
Ծխախոտագործության զարգացման ֆենոմենը, ըստ տնտեսագետի, այն է, որ արտահանելիս տրանսպորտային ծախսերը քիչ են․
«Եթե Հայաստանը ցանկանում է արտահանումը մեծացնել, հենց այդպիսի ապրանքներ պետք է արտադրի, որոնք ունեն փոքր ծավալ, բայց մեծ արժեք, օրինակ՝ ադամանդը, ոսկին և այլն»։
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 2023-ին հրապարակած ուսումնասիրության մեջ, տեսնում ենք, որ հայկական ընկերությունները ծխախոտ արտադրելիս հիմնականում օգտագործում են սեփական արտադրության ծխախոտահումք։
Ըստ Պարսյանի՝ Հայաստանը մեծ ներուժ ունի ծխախոտ աճեցնելու և սիգարետի արտադրությունն ընդլայնելու համար, սակայն այն ամբողջությամբ չի օգտագործվում.
«Նախ՝ գյուղացիները շահագրգռված չեն, ենթակառուցվածքներ չկան, պետությունը բավարար ուշադրություն չի դարձնում, չի աջակցում այս ոլորտի զարգացմանը։ Ծխախոտագործության ոլորտի առանձին պետական ծրագրեր չկան»։
Ծխոտագործության դինամիկ զարգացումը ապահովելու համար, տնտեսագետի կարծիքով, մենք պետք է մի շարք խնդիրներ լուծենք՝ սկսած հումքից, կադրերի պատրաստումից, սարքավորումների ու տեխնիկայի ձեռքբերումից և ամենակարևորը՝ լոգիստիկայի հարցերը պետք է լուծել։
«Արտահանելիս, բեռնափոխադրումներ կազմակերպելիս ժամանակ առ ժամանակ խնդիրներ են ի հայտ գալիս, եթե կարողանանք դրանք լուծել, վստահաբար կկարողանանք ավելի շատ ծխախոտ արտահանել»,— ասում է նա։
Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2024-ի սեպտեմբերի դրությամբ Հայաստանում ծխախոտ արտադրող 8 ընկերություն կա։
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի (ՄՊՀ) եզրակացության համաձայն՝ Հայաստանը սիգարետի մասով ամբողջությամբ ինքնաբավ է՝ չնայած նաև ներմուծում է։
2023-ի տարեկան տվյալներով Հայաստանը մոտ 46 մլն դոլարի սիգարետ է ներմուծել, որի 45%-ը Ղազախստանից է, 16%-ը՝ Ուզբեկստանից, 13%-ը՝ Սերբիայից, 12%-ը՝ Ռուսաստանից։ Մնացածը՝ Ուկրաինայից, Հունաստանից և այլ երկրներից։
Ինչ վերաբերում է էլեկտրոնային ծխախոտին, ըստ ՄՊՀ-ի, դրանց ներմուծումը, հետևաբար՝ նաև պահանջարկը, վերջին տարիներին գնալով ավելանում է։ 2022-ին ներմուծվել է 77 տոննա էլեկտրոնային ծխախոտ, որի 68%-ը Չինաստանից է։
Ծխախոտի ոլորտում գործող ընկերություններից մի քանիսը խոշոր հարկատուներ են
Ծխախոտ արտադրող, արտահանող և ներմուծող ընկերություններից մի քանիսը Հայաստանի խոշոր հարկատուների ցանկում են։
Նրանցից առաջինը ծխախոտ արտադրող «Գրանդ Տոբակո» ՍՊԸ-ն է, որը 2024 թվականին 63․5 մլրդ դրամի հարկեր է վճարել և տարվա խոշոր հարկատուների ցանկում 3-րդն է։
Հաջորդը «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ՍՊԸ-ն է՝ 20․4 մլրդ դրամով։ Խոշորների ցանկում այն 9-րդ տեղում է։
«Գրանդ Տոբակոն», «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակն» ու «Մասիս Տոբակոն» գործարար Վարդանյաններին պատկանող «Գրանդ Հոլդինգի» կազմում են։ «Մասիս Տոբակոն» ևս խոշոր հարկատուների ցանկում է, սակայն համեմատաբար ավելի ցածր հորիզոնականներում (313-րդ տեղ, 1 մլրդ դրամի հարկեր):
Խոշոր հարկատուների 10-րդ տեղում ծխախոտ ներմուծող (Winston, Camel և այլն) «Ջեյ Թի Այ Արմենիա» ՓԲԸ-ն է՝ 20․2 մլրդ դրամի հարկերով։
Խոշորների ցանկի բարձր հորիզոնականներում է ծխախոտ ներմուծող «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ՍՊԸ-ն (19.5 մլրդ դրամ)։
Ծխախոտ արտադրող «ՍՊՍ Սիգարոն» ՍՊԸ-ն վճարել է մոտ 8.5 մլրդ դրամի հարկ և 28-րդն է Հայաստանի խոշոր հարկատուների կազմում։
85-րդ տեղում ծխախոտ արտադրող «Լեքս Տոբակո Քոմփանի» ՍՊԸ-ն է՝ 3.5 մլրդ դրամի հարկերով։

Հեղինակ՝
Ուսանողներ
Լիլիթ
Ապրեսյան
Դասախոսներ՝
Դասախոսներ
Սեդա
Հերգնյան
Դասախոսներ
Կատյա
Մամյան
Թիմ՝
Թիմ
Հարություն
Մանսուրյան