ՏեքստՀունվար 18/2023

Քաղաքի կոլորիտ ստեղծողները. փողոցն ու մարդիկ

Մեր հերոսները ընտրել են աշխատանքի այլընտրանքային տարբերակ։ Աշխատելով տարբեր ոլորտներում՝ նրանք կարողանում են ապահովել իրենց ապրուստը․ ոմանք՝ դիմանկարների միջոցով, ոմանք՝ հուշանվերներ վաճառելու։ Նրանց միավորում է փողոցային առևտուրը և շփումը մարդկանց հետ։ Նաև նրանք են մեր քաղաքի դեմքը։

Դեղին սուպեր Զապը

Աբովյան փողոցի վերջնամասում, Հանրապետության հրապարակ չմտած, տարվա բոլոր եղանակներին կանգնած է Հարութի դեղին մեքենան՝ մեջը ձեռագործ արձանիկներ: Հարութը հուշանվերներ է վաճառում, բայց մարդիկ ավելի շատ ցանկանում են նկարվել մեքենայի հետ, ինչն անվճար է։ Հենց դեղին մեքենան կանգնեցրել են փողոցում, 7-8 մարդ միանգամից շարվել են կողքը՝ նկարվելու․ «Վստահ էի, որ մեքենան հետաքրքրելու է մարդկանց, բայց այսքան մեծ արձագանք չէի սպասում։ Հրապարակ բերեցինք գիշերով՝ ժամը 3-ին, ավտոքարշակի միջոցով»,— պատմում է Հարութը։

4-2.jpg

Հարութը մոդելավորող է։ Մոդելավորելու նպատակով գնած «Կուզիկ» Զապորոժեցը որոշել է դարձնել կոլորիտային՝ մեջը հուշանվերներ է դրել և սկսել վաճառել։ Ընկերներով հասկացել են, որ կարող են սուպերմեքենա (supercar) ստանալ։

5-2.jpg
Հարութը

Փոխել են մեքենայի անիվները, լույսերը, հանել նստարանները, հատակին փռել են հայկական գորգ։ Հարութն ասում է. «Ստացվել է էքսկլյուզիվ մեքենա, նման երկրորդը քաղաքում չկա»։

3-2.jpg

Մարդիկ մոտենում են հուշանվերներ գնելու, մեքենայի հետ նկարվելու, վրան ստորագրելու կամ մաղթանք թողնելու համար, ստորագրությունների պատճառով մեքենայի գույնը պարբերաբար թարմացվում է։

Անցորդները հիմնականում գնում են մագնիս, որովհետև մատչելի փոքրիկ հուշանվեր է՝ արժե 1000 դրամ, ամենաթանկ հուշանվերը, սակայն, 90 հազար դրամ է։ Հարութի սիրելի «Տատիկ պապիկ» արձանիկն արժի 10 հազար դրամ։

Հաճախորդների 95 տոկոսը, ըստ Հարութի, զբոսաշրջիկներ են, տեղացիները հազվադեպ են գնումներ անում: Եթե նույնիսկ ինչ-որ բան գնում են, ապա արտերկիր ուղարկելու համար։

«Երկու անգամ նույն զբոսաշրջիկը եկել, ասել է, որ իմ մոտից հուշանվեր է գնել, հանել, նկար է ցույց տվել, բայց ես իրեն չեմ հիշել։ Պատահել է՝ 3 տարի առաջ մեքենայի մոտ նկարված զբոսաշրջիկը նորից Հայաստան է եկել ու դարձյալ մեքենայի կողքին նկարվել է»,— պատմում է Հարութը։

Վարձույթով մեքենաներ՝ երեխաների համար

Նորայր Սարիբեկյանը հինգ տարի զբաղվում է մանկական մեքենաների վարձույթով։ Առավոտյան ժամը 10-ից մինչև երեկո նա Օպերայի բակում է։ Առաջիններից է, որ սկսել է այս բիզնեսը։ Տարածքում նա միակը չէ. մեքենաների վարձույթով զբաղվող այլ մարդիկ էլ կան։ Որքա՞ն է օրվա եկամուտը՝ չի մանրամասնում, նշում է՝ ստացածը թույլ է տալիս, որ շարունակի զբաղվել նույն գործով։

6-2.jpg

«Երեխայի փոքր շնորհակալությունը արդեն մեծ բան է մեզ համար»,— ասում է Նորայրը։

Մինչև Օպերայի բակ գալը Նորայրը աշխատել է ռեստորաններում, շփվել տարբեր մարդկանց հետ։ Այս գործում էլ շատ կարևորում է մարդկային հարաբերությունն ու «լավ մարդկային արժեքները»․ «Պետք է կարողանաս մարդկանց հետ շփվել, մենք կարողանում ենք ու դրանից լավ ենք զգում։ Պետք է կարողանանք նաև երեխեքին դրական լիցքեր հաղորդել, ուրախացնել, հետները ազատ շփվել, մեկ-մեկ էլ, ինչո՞ւ չէ, նաև ծնողի դեր տանել»,— ասում է նա:

1-2.jpg
Նորայր Սարիբեկյանը

Մեքենաները, որոնք վարում են երեխաները, Նորայրի խոսքով, վտանգավոր չեն, դրանց սարքինությունը և մաքրությունը անընդհատ վերահսկվում է: Մեքենաների գները տարբեր են։ Մեծերը՝ «մոտոները», 5 րոպեի համար արժեն 1000 դրամ, «պուլտովները»՝ 500 դրամ։ «Թողնում ենք՝ ավել էլ քշեն, էնպես չի, որ ֆիքսված 5 րոպե է»,— ասում է Նորայրը։

Հայերի և արտասահմանցիների համար գնային տարբերություն չկա։ Հիշում է՝ իրանցի մի տղա գալիս էր իր մոտ զբաղվելու, ժամանակ անցկացնելու. «Ես անընդհատ կողքին էի, մեքենա վարել էի սովորեցնում, հետևից անընդհատ վազում, հոգնում էի։ Օրվա կեսը իր հետ էի։ Ծնողն էլ իր շնորհակալությունը հայտնում էր»,— պատմում է նա։

Այդ տղան արդեն 11 տարեկան է, բայց հաճախ է գալիս Նորայրին տեսնելու. «Որ մեզ հիշում ու գնահատում են, էդ էլ մեծ բան է մեր գործի համար»:

Հյուսիսային պողոտայում դիմանկարողը

Գեղանկարիչ Միքայել Կարապետյանը Հյուսիսային պողոտայում դիմանկարներ է անում դեռ այն ժամանակվանից, երբ պողոտան ամբողջությամբ կառուցված չէր։ Շինաշխատանքների ձայների տակ Միքայելը պատվերներ էր ընդունում ու նկարում։

Փողոցում նկարիչների օրն սկսվում է ժամը 2-ից՝ մեկ բաժակ սուրճով. «Ամենասկզբում երեքով էինք, հետո քիչ-քիչ գնացին-եկան, իսկ ես դեռ այստեղ եմ։ Հիմա 6 նկարիչ է աշխատում Հյուսիսային պողոտայում»,— ասում է Միքայելը։

Կնոջ հետ Միքայելը ծանոթացել է աշխատանքի ընթացքում․ «Նկարիչներով ժամանակավոր Կարապի լիճ էինք տեղափոխվել։ Թերեզան ուկրաինահայ է, մի օր եկավ, որ իրեն նկարեմ՝ որպես բնորդուհի: Նկարելուց չէի կարողանում կենտրոնանալ, նախկինում 15 րոպե էր տևում նման տեխնիկայով նկարելը, բայց իրեն երկու ժամ նկարեցի: Կինս երևի միակ մարդն է, որ իր դիմանկարն այդքան էլ չէր հավանել։ Ասում է՝ եթե իմանայի, որ կամուսնանանք, գումարը չէի վճարի»:

2-2.jpg
Միքայել Կարապետյանը

Միքայելը սովորել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում, հետո Գեղարվեստի պետական ակադեմիայում։ Հենց ուսանողական տարիներին էլ հայտնվել է Հյուսիսային պողոտայում։ Ասում է՝ փողոցում վաստակած գումարը բավարարում է, այլ զբաղվածություն չի փնտրում։

Միքայել Կարապետյանը պատմում է, որ ունեցել է կարճ դադարներ, երբ չի նկարել․ արտերկրում է եղել։ Հիմա նկարելուն կարող են խանգարել միայն սահմանից եկող լուրերը:

7.jpg

Հեղինակներ՝

Ուսանողներ

Անի

Ղումաշյան

Ուսանողներ

Մարիամ

Ստեփանյան

Դասախոս՝

Դասախոսներ

Մարիամ

Բարսեղյան