Ֆոտո պատմությունՄարտ 31/2021

ժողվողների ժողով

Հետք Մեդիա Գործարանի ուսանողները լուսանկարել են հավաքածու ունեցող մարդկանց՝ ֆոտոլրագրության դասի շրջանակներում։

Էռնեստ Ռաֆյան – հուշադրոշներ

SN01IMG_9570-1-1024x683.jpg
Հեղինակ՝ Սոնա Ներսեսյան

Մոտավորապես 600-700 հուշադրոշ է հավաքել՝ սկսած 1985 թվականից։ Մինչև օրս շարունակում է հավաքել, հստակ քանակը չգիտի, քանի որ ամեն անգամ հաշվել չի կարողացել՝ շեղվելու պատճառով։ Խորհրդային տարիներին Guerin Sportivo թերթում արտասահմանցի մի խումբ այլ հավաքածու ունեցող մարդկանց հետ փոխանակումներ էր կատարում։ Ազգային հավաքականի հուշադրոշներից չունի միայն Կոսովոյինը, ամենահետաքրքիր էքսպոնատն էլ սիրած թիմի՝ Baern Munich-ի հուշադրոշն է։ Հավաքածուն դեռ շարունակում է համալրել և հույս ունի, որ տղա թոռ կունենա, ում կժառանգի հավաքածուն, որ շարունակի ֆուտբոլը սիրել այնսպես, ինչպես ինքն է սիրում։

Աննա և Լևոն Գալստյաններ – Ազգային տարազով տիկնիկներ

KM01DSC_6449-1024x683.jpg
Հեղինակ՝ Կարին Մանուկյան

170-ից ավելի տիկնիկ են հավաքել 2005 թվականից մինչև հիմա։ Հայաստանում կան տիկնիկ հավաքող մարդիկ, բայց նույն տարազը կրող հավաքածուների չեն հանդիպել։ Կուզեին տիկնիկներ ունենալ Հարավային Ամերիկայից կամ Աֆրիկայից, բայց ճանապարհորդելու սահմանափակումների պատճառով դեռ չի ստացվում ձեռք բերել։ Ասում են՝ տիկնիկների միջոցով պատկերացում են կազմում տվյալ երկրի ապրելակերի ու մշակույթի մասին։ Տիկնիկներից յուրաքանչյուրի հետ մի հիշողություն է նրանց կապում։ Հավաքածուն դեռ շարունակում են համալրել, քանի որ կարևորում են բազմամշակութային ամբողջությունն իրենց մի անկյունում ունենալը։

Ռուբեն Սարգսյան – նումիզմատիկա

KG01DSC09878-1024x683.jpg
Հեղինակ՝ Քրիստիան Գինոսյան

Փոքրուց ունենալով հնությունների և պատմական արտեֆակտների նկատմամբ հետաքրքրություն՝ դրամներ հավաքելը ժառանգել է հորից։ Տարբեր երկրների ու ժամանակաշրջանների 300-400 դրամներից կազմված հավաքածուն ձևավորվել է երկու արծաթե դրախմաներից, որոնք վեց տարեկանում իր հետ Վանից Երևան բերել է մեծ տատը։ Այդ հունական դրախմաները հավաքածուի ամենահետաքրքիր էքսպոնատներից են, որոնք թվագրում են Ք․ա․ I դարով։ Վերջերս բացահայտել է՝ Էրատո թագուհու հատած դրամի դարձերեսին պատկերված են Արտաշատ մայրաքաղաքի դարպասները, ինչը շատ կարևոր նյութ է իր համար որպես ճարտարապետ վերակազմող և կարող է օգնել պատկերացում կազմել ամրոցի տեսքի մասին։ Ամենակարևոր նպատակն է մշակութային արժեքների պահպանումը, հանրահռչակումն ու փոխանցումը ապագա սերունդներին, և չի բացառում, որ ձեռք բերած դրամները ինչ-որ ժամանակ անց կնվիրաբերի որևէ թանգարանի։

Մարիամ Թերզյան – պիտակներ

GP01DSC_7115.jpg

Գրեթե 4000 պիտակ է հավաքել 6-7 տարեկանից և դեռ շարունակում է հավաքել։ Էքսպոնատը հավաքելու ցանկությունը առաջացել է, երբ իրենց հարուստ հարևանների հագուստների պիտակները հավանել էր և որոշել ունենալ դրանք։ Էքսպոնատներից սիրում է BOSS-ի մինիմալիստական պիտակները։ Չգիտի որևէ մեկին, ով նման էքսպոնատ ունենա. երբևէ փոխանակում չի արել։ Հավաքում է պատահաբար այն, ինչը հավանում է։ Սկզբում հավաքել է սիրողական, բայց հիմա ցանկություն ունի վերածելու կոնցեպտուալ արվեստի գործի։

Սամվել Սարգսյան – սովետական իրեր

MH01DSC_0281-1024x698.jpg
Հեղինակ՝ Մարինե Հովակիմյան

Առաջին հավաքածուն ստեղծելու փորձերը սկսել է 7 տարեկանում, երբ հեծանվավազքի մրցույթի ժամանակ ստացավ խրախուսական նշաններ: Դպրոցական տարիներին ավտոգործ խմբակ այցելելու ընթացքում սկսել է հետաքրքրվել սովետական ռադիոտեխնիկայով, որից հետո էլ հավաքածուն համալրել է «Днепр», «Мир» ռադիոյի տեսակներով, հեռուստացույցներով, մետաղադրամներով, գրիչներով, ձեռքի ժամացույցներով և 1980 թվականին Մոսկվայի օլիմպիադան խորհրդանշող շքանշաններով: Մասնագիտությամբ լինելով բժիշկ-ստոմատոլոգ՝ հավաքածուի մեջ ընդգրկվել են նաև հին բժշկական գործիքներ ու ոլորտին վերաբերող շքանշաններ: Որքան էլ իր հիմնական հավաքածուն կազմում են սովետական իրերը, սակայն մինչ այժմ ձեռք բերված ամենատպավորիչ իրը համարում է 1940-ական թթ. ստեղծված ավստրիական ատամնաքարերը մաքրող մեխանիկական և անզգայացման գործիքները: Հետագայում մտադիր է իր երեխաներին՝ Լուսանդրին, Վարդինեին, Նռանեին ու Մհերին, ժառանգել այս գործը:

Էդգար Սողոմոնյան – ամսագրեր

LP01DSC_4908-1024x683.jpg
Հեղինակ՝ Լիլի Պետրոսյան

Ամսագրերի մի հատվածը վերցրել է տատիկի և պապիկի ամառանոցից, իսկ մնացած մասը՝ ընկերներն են նվիրում։ 350 ամսագիր ունի։

Ամսագրերը հիմնականում արվեստի՝ գրաֆիկայի, ճարտարապետության, լուսանկարչության և այլ ուղղվածության են։ Հավաքում է իր արվեստի ստուդիայի՝ PanProjekt-ի համար, քանի որ նպատակ ունի այլընտրանքային կրթական հարթակ ստեղծել բոլոր արվեստասերների համար։

Կարո Եղնուկյան – ծխամորճ

AG01DSC00105-1024x682.jpg
Հեղինակ՝ Անի Ղուլինյան

Սկսել է ծխամորճեր հավաքել, երբ հոր մահից հետո նրա իրերի մեջ գտել է երեք հին ծխամորճ, որոնք այդտեղ մնացել էին շուրջ քսան տարի. իր հավաքածուի ամենաարժեքավոր իրերը համարում է հենց այդ երեքը։ Ծխամորճեր հավաքելու ամենահետաքրիքր պահը համարում է այն վերանորոգելու, մաքրելու գործընթացը, որին մոտենում է առանձին ուշադրությամբ և նրբանկատությամբ։ Արդեն չորս տարի է, ինչ որևէ նմուշ չի ավելացրել, չի օգտագործել նաև հավաքածուում եղածները։

Որևէ հատուկ օրինակ չի փնտրում, ավելի շատ կենտրոնանում է ծխամորճի բնանյութի և հարմարավետության վրա։

Սմբատ Հակոբյան – մահվան ծեսի լուսանկարներ

HK01DSC_7780-1024x683.jpg
Հեղինակ՝ Հասմիկ Կնյազյան

Սմբատը մշակութային մարդաբան է։ Նրա հետազոտական հետաքրքրությունները հիմնականում առնչվում են մահվան ուսումնասիրություններին (death studies)։ Թաղման ծեսի մոտ 200 լուսանկարից կազմված իր հավաքածուն ձևավորվել է ուսումնասիրությունների նպատակով արվող բանահավաքչական աշխատանքների արդյունքում։ Հաճախ նա թվայնացնում է լուսանկարները, երբեմն էլ դրանք իրեն են փոխանցում այն մարդիկ, ովքեր այլևս չեն ուզում պահել այդպիսի լուսանկարներ իրենց ընտանեկան արխիվում։ Հավաքածուն համալրվել է նոր լուսանկարներով և մահվան հետ առնչվող տարաբնույթ նյութերով՝ ֆեյսբուքյան գրառումներ, լրատվական նյութեր, գրականություն և այլն։ Մի օր, երբ դադարի դրանք հավաքել, հավանաբար ողջ արխիվը կհանձնի արխիվ՝ ժառանգելով դրանց ուսումնասիրության հնարավորությունը այլ հետազոտողների։ Իր մի քանի ակադեմիական հոդվածներում այս լուսանկարները Սմբատը վերլուծել է ամենատարբեր գիտական խնդիրների առումով։ Օրինակ, համադրելով բազմաթիվ լուսանկարներ, նկատել է, որ թաղման ծես նկարող լուսանկարիչների աշխատանքներում կրկնվում են ծեսի հատկապես որոշակի տեսարաններ․ այդպիսով այս լուսանկարչությունը իրենով ևս ստանում է ծեսին բնորոշ հատկություններ։

Անժելա Գրիգորյան – էջանիշեր

SHA01_IMG_0552-1024x683.jpg
Հեղինակ՝ Շուշան Աբրահամյան

Մի քանի տարի առաջ, երբ Անժելա Գրիգորյանը դեռևս աշխատում էր որպես զբոսավար երևանյան հոսթելներից մեկում, ճապոնացի զբոսաշրջիկները, ում հետ կարճ ժամանակում հասցրել էր մտերմանալ, մեկնելուց առաջ նրան նվիրել էին փայտյա էջանիշ։ Այդ նվերն է նրա հավաքածուի առաջին և ամենասիրելի էքսպոնատը՝ չնայած էջանիշերի ընդհանուր քանակն արդեն գերազանցում է 50-ը։ Դրանց մի մասն ինքն է գնել, մյուսները նվիրել են ընկերները, ամեն էջանիշ ասոցացվում է որևէ երկրի, մարդու, պատմության, օրվա կամ պահի հետ։ Էջանիշերի հանդեպ «պահանջները» խիստ չեն․ պետք չէ, որ դրանք լինեն թանկարժեք, կամ բարդ ճանապարհով ձեռք բերված․ կարևորը ճիշտ պահին ճիշտ տեղում գտնվելը ու այնտեղից հիշողությունը «վերցնելն է»։ Անժելան միշտ կարևորում է «պատահականության, բախտի, հանպատրաստության» գործոնները։

Էջանիշերից յուրաքանչյուրը թեմատիկ առումով կապված են այն գրքերի հետ, որոնք նա կարդում է․ Հեսսեի գրքում Գերմանիայից բերված էջանիշն է, իսկ Կամյուի գիրքն անգամ ունի համանուն, գրողի պատկերով էջանիշ։

Չնայած էջանիշերի մի մասը հայաստանյան են, հիմնական նպատակը ճամփորդություններից էքսպոնատներ հավաքելն է։ Իտալիա, Մալայզիա, Թուրքիա, Վրաստան, Իսպանիա, Ինդոնեզիա․ ամեն էջանիշ մի ճամփորդություն է, մի ծանոթություն, մի պատմություն։

Արամ Ղարիբյան- խաղաքարտեր

MT01DSC09692-1024x683.jpg
Հեղինակ՝ Մարիամ Թերզյան

Սկսել է հավաքել խաղաքարտեր 5-6 տարի առաջ՝ ընդմիջումներով։ Հավաքածուն արդեն 500 նմուշ ունի։ Խաղաքարտեր միշտ էլ սիրել է, բայց որոշեց հավաքածու ունենալ, երբ առաջին անգամ նվեր ստացավ տարբերվող, որակյալ խաղաքարտեր։ Կան խաղաքարտեր, որոնք պատվիրում է նախքան տպագրվելը: Հաճախ ընկերներն են իրենց հետ քարտեր բերում արտերկրից։ Ամենահետաքրքիր և ամենաթանկ էքսպոնատը Keymaster Tarot – ULTIMATE-ն է՝ STOCKHOLM17 ֆիրմայից:

Հեղինակներ՝

Ուսանողներ

Հասմիկ

Կնյազյան

Ուսանողներ

Լիլի

Պետրոսյան

Ուսանողներ

Մարինե

Հովակիմյան

Ուսանողներ

Անի

Ղուլինյան

Ուսանողներ

Կարինե

Մանուկյան

Ուսանողներ

Մարիամ

Թերզյան

Ուսանողներ

Սոնա

Ներսեսյան

Ուսանողներ

Շուշան

Աբրահամյան

Ուսանողներ

Քրիստիան

Գինոսյան

Դասախոս՝

Դասախոսներ

Վահան

Ստեփանյան