conscription
ՏեքստԱպրիլ 23/2025

Զորակոչից խուսափողների հայրենադարձության օրենքի մեծ սպասելիքներն ու համեստ արդյունքները

Պարտադիր զինվորական ծառայությունից հնարավոր կլինի խուսափել պետբյուջե վճարմամբ՝ ըստ Ազգային ժողովի նոր նախագծի։ Պատգամավոր Հայկ Սարգսյանի առաջարկած այս օրինագծով քաղաքացիները կկարողանան պետբյուջե վճարել 20 մլն. դրամ և ծառայել մեկ ամիս, կամ 15 մլն. դրամ վճարելու դեպքում` 6 ամիս, եթե, իհարկե, նախագիծն ընդունվի։

Այս նախագիծը տրամաբանական շարունակությունն է Հայկ Սարգսյանի առաջարկած և 2024-ին Ազգային ժողովի կողմից ընդունած՝ 27 տարին լրացած ու ծառայությունից խուսափած քաղաքացիների մասին օրենքի, որը նմանօրինակ հնարավորություն է տալիս՝ բանակից ազատվելու և միաժամանակ «պետությանը օգտակար լինելու»։

2024-ի փետրվարի 12-ից ուժի մեջ է մտել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՕ-23-Ն օրենքը։ Համաձայն սրա՝ 27 տարին լրացած ու ծառայությունից խուսափած արտերկրում գտնվող Հայաստանի քաղաքացիները, որոնց նկատմամբ քրեական հետապնդում էր հարուցված, կարող են վերադառնալ հայրենիք՝ պետբյուջե գումար վճարելու և զինվորական ծառայության անցնելու հետևյալ 5 փաթեթներով.

  • Ծառայել 2 տարի
  • Ծառայել 1 տարի և վճարել 2.5 մլն դրամ
  • Ծառայել 6 ամիս և վճարել 5 մլն դրամ
  • Ծառայել 1 ամիս և վճարել 8 մլն դրամ
  • Վճարել 15 մլն դրամ և չծառայել

Պատգամավոր Հայկ Սարգսյանի առաջարկած օրինագիծը, որն ուժի մեջ է արդեն տարուց ավելի, նպատակ ուներ հայրենադարձնել արտերկրում ապրող ՀՀ քաղաքացիներին։

2023-ի դեկտեմբերի 12-ին Հայկ Սարգսյանը Ազգային Ժողովում մանրամասն ներկայացրել էր իր կողմից առաջարկվող նախագիծը և նշել, որ փոփոխված օրենքով ակնկալվում է բազմաթիվ քաղաքացիների վերադարձ հայրենիք, զինված ուժերի համալրում հայրենադարձներով, լրացուցիչ ֆինանսական միջոցների մուտք պետբյուջե, 27 տարին լրացածների հետապնդման և կալանավորման հետ կապված ռեսուրսների խնայումը։

Փորձեցինք կապվել պատգամավոր Հայկ Սարգսյանի հետ՝ մեկնաբանություն ստանալու, թե ինչու է առաջարկում փոփոխել իր իսկ նախաձեռնությամբ ընդունված օրենքը, ինչու է թանկացնում բանակից ազատվելու հնարավորությունը և ինչպես է գնահատում գործող օրենքի արդյունավետությունը՝ մեկ տարի անց։ Մեր զանգերն ու էլեկտրոնային նամակը մնացին անպատասխան։

Մենք էլ որոշեցինք փաստերով ու թվերով ամփոփել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի արդյունավետությունը՝ ընդունումից մեկ տարի անց։

Օրենքի ընդունման պահին հետապնդման մեջ գտնվող 4,900 քաղաքացիներից Հայաստան է վերադարձել ընդամենը 90 հոգի։

Օրենքի ընձեռած հնարավորությունից օգտված քաղաքացիները պետբյուջե են վճարել 1 մլրդ 84 մլն դրամ։

Այս և մնացած այլ փաստերը՝ ինֆոքարտերում.

zoom
zoom
zoom
zoom
zoom

Հեղինակ՝

Ուսանողներ

Ինգա

Թումանյան

Դասախոս՝

Դասախոսներ

Կատյա

Մամյան

Թիմ՝

Թիմ

Հարություն

Մանսուրյան