Հայ պաշտոնյաների անվերահսկելի կրիպտո ակտիվները
«Կրիպտոարժույթներով կատարվող գործարքները բարձր ռիսկային են, անկայուն, կարող են մաս կազմել փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման համար, ինչպես նաև կրիպտոարժույթների սխեմաների մեծ մասում գոյություն չունեն իրավաբանորեն պատասխանատու սուբյեկտներ»,- հայտարարել է Հայաստանի կենտրոնական բանկը, որը, սակայն, որևէ կերպ չի վերահսկում և կարգավորում երկրում կրիպտոարժույթի շրջանառությունը։
Հայաստանի 19 ներկա և նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ հայտարարագրել են կրիպտոարժույթ, որոնցից երեքը նույնիսկ զբաղվում են Bitcoin-ի արդյունահանմամբ (mining)։
Կրիպտոարժույթով իրականացվող գործարքներն անվերահսկելի են, հետևաբար կոռուպցիոն բարձր ռիսկ են պարունակում։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, որի գործառույթներից է վերահսկել բարձրաստիճան պաշտոնյաների գույքը, ակտիվներն ու ունեցվածքը, որևէ մեխանիզմ չունի պաշտոնյաների կրիպտոարժույթների շարժը վերահսկելու։
Հետք Մեդիա Գործարանը զրուցել է կրիպտոարժույթ հայտարարագրած պաշտոնյաների հետ։ Նրանց մեծ մասը համաձայնել են, որ անհրաժեշտ է պետական վերահսկողություն սահմանել կրիպտո շուկայում, բայց քանի դեռ վերահսկողություն չկա, նրանք համարում են, որ իրենք ազատ են արդյունահանել և տնօրինել իրենց կրիպտո ակտիվները։
Ստորև ներկայացված են այն ներկա և նախկին պաշտոնյաները, որոնք կրիպտոարժույթ են հայտարարագրել։ Սեղմելով յուրաքանչյուրի նկարին` կարող եք ծանոթանալ արժույթի տեսակին, քանակին և պաշտոնյայի մեկնաբանությանը։ Պաշտոնյաներից որոշները հայտարարագրում իրենց կրիպտո ակտիվը ներկայացրել են դրամային արժույթով, սակայն չեն նշել քանակը։
Պաշտոն
Նախկին փոխվարչապետ, Հայ բիզնես բանկի խորհրդի անդամ, Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ), Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի (R2E2) հոգաբարձուների խորհրդի նախագահ
Կրիպտոարժույթի տեսակ
2 bitcoin = 120874 ԱՄՆ դոլար (հայտարարագիրը լրացնելու դրությամբ), 0.02 ethereum = 82 ԱՄՆ դոլար (հայտարարագիրը լրացնելու դրությամբ)
Մեկնաբանություն
«Ես մինչև իմ պաշտոն ստանձնելն էլ հետաքրքրված եմ եղել կրիպտոարժույթներով և իմ առաջին հայտարարագրում էլ ներկայացրել եմ դրանք։ Վերջերս ձեռք եմ բերել ANT մայներներ, որոնք արտադրում են բիթքոյն, որի համար որոշակի վճարումներ եմ ստանում։ Իմ մայները քառակուսի սարք է, որը միացնում ես ինտերնետին, էլեկտրաէներգիային և pool-ին, որոնց միջոցով էլ կազմակերպվում է այդ արտադրությունը։ Մեկ դրամապանակից մեկ այլ դրամապանակ փոխանցումը ապահովելու համար ANT մայներները որոշ չափով էներգիա են կլանում և այդ էներգիան վերածում են կոդերի, որի արդյունքում ստեղծվում է բլոկ, որն էլ միացվում է ընդհանուր շղթային։ Երբ արտադրությունը դու ես կազմակերպում, հետաքրքիր կլինի կոմբինացված էլեկտրաէներգիայի արտադրություն և մայնինգի փոքր ցանց ունենալը։ Ինքս մայնինգի համար արտադրողից եմ գնում էլեկտրաէներգիան: Կրիպտոարժույթներով գործարքներ չեմ անում, պահում եմ որպես ակտիվներ. այս ոլորտում վերահսկողությունը շատ կարևոր է, որովհետև կրիպտոարժույթները կարող են հնարավորություններ ստեղծել կոռուպցիոն գործարքների, սև փողի շրջանառության համար, հետևաբար՝ Հակակոռուպցիոն կոմիտեն, Կենտրոնական բանկը և Կառավարությունը որոշակի գործիքակազմ պետք է ստեղծեն»։
Տիգրան Ավինյան
Պաշտոն
Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ
Կրիպտոարժույթի տեսակ
0.16 bitcoin = 6286 ԱՄՆ դոլար (հայտարարագիրը լրացնելու դրությամբ)
Մեկնաբանություն
«2017 թվականին, երբ դեռ ես որևէ պետական պաշտոն չէի զբաղեցրել և զբաղեցնում, գնել եմ բիթքոյն «արտադրող» սարքավորումներ, թվով 8 հատ, տարբեր մակնիշների և հզորությունների։ Այդ սարքավորումները աշխատում են հոսանքով ու հաշվարկների արդյունքում արտադրում են կրիպտոարժույթ։ Կրիպտոարժույթով որևէ գնում չեմ արել։ Ունեմ ընկեր, որն այն ժամանակ դեռևս ինձ խորհուրդ էր տվել ներդրում անել այդ ոլորտում, նա է սպասարկում այդ սարքավորումները, ժամանակ առ ժամանակ կանխիկացնում գումարը և առձեռն տալիս ինձ, կամ ծախսում իր այլ կարիքների համար՝ մեր պայմանավորվածության համաձայն»։
Հայկ Սարգսյան
Պաշտոն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ
Կրիպտոարժույթի տեսակ
bitcoin = 22,330 ԱՄՆ դոլարին համարժեք, ripple = 475 ԱՄՆ դոլարին համարժեք (հայտարարագիրը լրացնելու դրությամբ)
Մեկնաբանություն
«Հայտարարագրման պահին ունեցել եմ 0,77 բիթքոյն։ Բիթքոյն տեսակի կրիպտոարժույթը արտադրել եմ դրա համար նախատեսված սարքավորումների միջոցով։ Մինչև օրս կրիպտոարժույթը չեմ կիրառել՝ որպես որևէ ծառայության դիմաց վճարելու միջոց։ 2021 թվականի ընթացքում վաճառել եմ 0,09 բիթքոյն, իսկ այս պահին ունեմ 0.68 բիթքոյն»։
Հակոբ Վարդանյան
Պաշտոն
Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ
Կրիպտոարժույթի տեսակ
0.5 bitcoin = 18474 ԱՄՆ դոլար (հայտարարագիրը լրացնելու դրությամբ)
Մեկնաբանություն
«Կրիպտոարժույթը ինքս չեմ ձեռք բերել, այլ 2015 թվականին ստացել եմ 300 ԱՄՆ դոլար պարտքի դիմաց։ Երբևէ կրիպտոարժույթով ծառայության դիմաց չեմ վճարել, որևէ գործարք չեմ արել։ Կրիպտոարժույթների ոլորտում, ինչպես մնացած բոլոր ոլորտներում, օրենսդրական կարգավորման անհրաժեշտություն տեսնում եմ»։
Հայկ Ցիրունյան
Պաշտոն
ՀՀ վարչապետի աշխատակազմի կարգավորման ազդեցության գնահատման վարչության պետ
Կրիպտոարժույթի տեսակ
Կրիպտոարժույթի տեսակ
XRP = 990 ԱՄՆ դոլարին համարժեք (հայտարարագիրը լրացնելու դրությամբ)
Մեկնաբանություն
«Կրիպտոարժույթը ձեռք եմ բերել կրիպտոբորսայից։ Չգիտեմ էլ՝ կրիպտոներով գործարքներ անում են, թե ոչ, դրա համար չեմ ձեռք բերել, ինձ հետաքրքիր է՝ որպես ներդրումային պոտենցիալ ունեցող նոր գործիք»։
Գեղամ Թովմասյան
Պաշտոն
Քրեակատարողական ծառայության նախկին շտաբի պետ
Կրիպտոարժույթի տեսակ
ETC, BTG, ICX, DGB, BCD, WIN, XVG, BNB= Համարժեք է 2 մլն 500 հազար դրամի (հայտարարագիրը լրացնելու դրությամբ)
Մեկնաբանություն
«Վեց տարի է` հետաքրքրված եմ, երևի թե առաջիններից եմ եղել, որ զանգահարել եմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով և հարցրել՝ եթե ունեմ կրիպտոարժույթ, ո՞նց եմ այն հայտարարագրելու, քանի որ դրա հայտարարագրելու բաժինը չկար։ Շահագրգռված եմ եղել հայտարարագրել, քանի որ կրիպտոարժույթների գները արագ տատանվում են և կարող են բարձրանալ։ Եվ հայտարարագրել եմ, որովհետև եթե այն ավելանա և եթե ուզենամ ունենալ եկամուտ, ապա պետք է իրենց ներկայացնեմ, թե որտեղից ունեմ։ Հայաստանում կրիպտոարժույթների իրավական կարգավորման հեռանկար չկա, եթե կրիպտոարժույթի ֆինանսական միջոցների դուրսբերումը իրականացվեր հայաստանյան բանկերի շնորհիվ, հնարավոր է՝ հարկվեր, բայց քանի որ դուրսբերումը իրականացվում է ինչ-որ հավելվածների միջոցով, դա վերահսկելի չէ»։
Ռուբեն Դարբինյան
Պաշտոն
ՀՀ ԱՆ նախկին գլխավոր քարտուղար
Կրիպտոարժույթի տեսակ
0.13 ethereum = 352 ԱՄՆ դոլար (հայտարարագիրը լրացնելու դրությամբ)
Մեկնաբանություն
Արդարադատության նախարարության գրավոր հարցման պատասխանում նշված է, որ ՀՀ վարչապետի 2021 թվականի հոկտեմբերի 13-ի N11155-Ա որոշմամբ՝ Սուրեն Գալստյանը ազատվել է Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից, իսկ նախարարությունը չի կարող այս մասով տեղեկատվություն տրամադրել։
Սուրեն Գալստյան
Պաշտոն
ԴԱՀԿ ապահովող ծառայության Երևան քաղաքի Շենգավիթ բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ
Կրիպտոարժույթի տեսակ
XRP = 443 ԱՄՆ դոլարին համարժեք (հայտարարագիրը լրացնելու դրությամբ)
Մեկնաբանություն
«2018 թվականին, պահպանելով օրենքով սահմանված հայտարարագրման պարտադիր պահանջը, ձեռք եմ բերել կրիպտոարժույթ։ Երբևէ կրիպտոարժույթով գործարք չեմ կատարել, ուստի օրենսդրական կարգավորումների վերաբերյալ կարծիք հայտնել չեմ կարող»։
Աշոտ Տեր-Գրիգորյան
Պաշտոն
Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության շտաբի պետի տեղակալ
Կրիպտոարժույթի տեսակ
rypple, digibyte, verge, dogecoin, ether classic, peercoin, bean cash = 47,000 դրամին համարժեք (հայտարարագիրը լրացնելու դրությամբ)
Մեկնաբանություն
«Կրիպտոարժույթները գնել եմ կայքէջի միջոցով և երբևէ որևէ ծառայության դիմաց չեմ վճարել և գործարքներ չեմ կատարել»։
Վահե Նանուշյան
Պաշտոն
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի նախկին խորհրդական
Կրիպտոարժույթի տեսակ
8 ethereum = 19328 ԱՄՆ դոլար (հայտարարագիրը լրացնելու դրությամբ)
Մեկնաբանություն
«Կրիպտոարժույթի ձեռքբերումը դեռևս վաղուց ունեցել է փորձնական նպատակ և միայն հայտարարագրման պահանջից ելնելով նշվել է։ Ինչ վերաբերվում է արժույթի չվերահսկմանը, ապա դուք անձամբ արդեն վերահսկում եք, իսկ օրենսդրական կարգավորումներ անհրաժեշտ են բոլոր ոլորտներում, քանի դեռ կա օրենսդիր մարմինը»։
Վահրամ Մկրտչյան
Պաշտոն
ՀՀ ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության տեղեկատվության փոխանակման և կառավարման բաժնի պետ
Կրիպտոարժույթի տեսակ
0.6 bitcoin = 22558 ԱՄՆ դոլար (հայտարարագիրը լրացնելու դրությամբ), 51.30 BPS = 68 ԱՄՆ դոլար (հայտարարագիրը լրացնելու դրությամբ)
Մեկնաբանություն
«Պետական եկամուտների կոմիտեի հարցման պատասխանում նշված է, որ հայտարարատու անձանց հայտարարագրերում ներառված ֆինանսական միջոցների վերաբերյալ պարզաբանումներ կարող են տրամադրվել քաղաքացու ցանկությամբ կամ կարող են դրանք պահանջվել ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, իսկ առանձին դեպքերում՝ օրենսդրությամբ սահմանված համապատասխան իրավապահ մարմինների կողմից»։
Արսեն Ղարիբյան
Պաշտոն
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետի օգնական
Կրիպտոարժույթի տեսակ
1941 Electronium = 18 ԱՄՆ դոլար (հայտարարագիրը լրացնելու դրությամբ)
Մեկնաբանություն
«Այժմ 1 electronium-ի արժեքը կազմում է 0.005 ԱՄՆ դոլար: Ես հայտարարագրել եմ կրիպտոարժույթը, ինչպես նաև նշել եմ, թե որքան արժե այն։ Չորս տարի առաջ էր, հեռախոսային հավելված կար հենց electronium անունով, որտեղ գրանցվել եմ, գեներացվել է։ Առաջին երկու տարին ամսական կտրվածքով ինչ-որ x electronium փոխանցվում է հաշվեհամարին, էդպես փորձում են իրենք իրենց պրոպագանդել։ Գործարքներ ևս չեմ կատարել: Այդ կրիպտոարժույթի գումարով կկարողանամ միայն հեռախոսս լիցքավորել»։
Վարդան Մաթևոսյան
Պաշտոն
Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության յոթերորդ կայազորային քննչական բաժնի պետի տեղակալ
Կրիպտոարժույթի տեսակ
0.55 ethereum = 1464 ԱՄՆ դոլար (հայտարարագիրը լրացնելու դրությամբ)
Մեկնաբանություն
«Կրիպտոարժույթներից գաղափար չունեմ և չեմ ցանկանում պատասխանել ձեր հարցերին»։
Վահան Վիրաբյան
Պաշտոն
Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ քննիչ
Կրիպտոարժույթի տեսակ
XRP, Tron, IOTA, NEO, NEM, VeChain = 293 հազար դրամին համարժեք (հայտարարագիրը լրացնելու դրությամբ)
Մեկնաբանություն
«Նշված կրիպտոարժույթները ձեռք եմ բերել բացառապես քարտային հաշվից վճարման եղանակով, հետևաբար կոնկրետ պարագայում իմ գնումները եղել են վերահսկելի՝ սահմանափակված միայն բանկային գաղտնիքով։ Կրիպտոարժույթներով գործարքներ չեմ կատարել, իսկ դրանց ձեռքբերումը փորձառնական նպատակներով է»։
Արմեն Մաթևոսյան
Պաշտոն
Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի քննիչ
Կրիպտոարժույթի տեսակ
Litecoin, Decred = 1 մլն 364 հազար դրամին համարժեք (հայտարարագիրը լրացնելու դրությամբ)
Մեկնաբանություն
«2020 թվականին եմ ձեռք բերել կրիպտոարժույթները։ Ինձ այդ տեխնոլոգիաները հետաքրքրել են, նույն այդ բլոկչեյն բազան։ Եղել է, որ ընկերներից եմ ձեռք բերել, բայց հիմնականում բորսայից եմ գնել։ Կրիպտոարժույթներով դեռևս ոչ մի գործարք չեմ կատարել, պահում եմ՝ որպես ակտիվ։ Ոլորտում օրենսդրական կարգավորումների անհրաժեշտություն դեռևս չեմ տեսնում։ Եթե Հայաստանի Հանրապետությունն այնքան զարգանա, որ հարկվելու կարիք լինի, թող հարկվի, պետությունն էլ դրանից ինչ-որ բան ստանա»։
Տիգրան Տոնոյան
Պաշտոն
Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության ծառայության վարչության պետի տեղակալ
Կրիպտոարժույթի տեսակ
bitcoin = 20,175 ԱՄՆ դոլարին համարժեք (հայտարարագիրը լրացնելու դրությամբ)
Մեկնաբանություն
«Շատ հարազատ մարդ ունեմ, որը զբաղվում է կրիպտոարժույթների առքուվաճառքով, մի օր առաջարկեցի, ասաց, կամքը քոնն է, եթե ուզում ես ձեռք բերել, խնդիր չկա, բայց կրիպտոարժույթը ռիսկային է, կարող ես մի օր զարթնել ու զրո լինի։ Մոտ մեկ տարի պահելուց հետո վաճառել եմ կրիպտոարժույթը, քանի որ ռիսկային եմ համարել»:
Արթուր Մարտիրոսյան
Պաշտոն
ԱԱԾ քննչական դեպարտամենտի քննիչ
Կրիպտոարժույթի տեսակ
All.am = 5000
Մեկնաբանություն
Վազգեն Համբարձումյանը Կրիպտոարժույթի ձեռքբերման, դրանցով կատարած գործարքների կամ վճարած ծառայությունների մասով տեղեկատվություն չի տրամադրում՝ համարելով անձնական տվյալ։ ALL.AM-ը հայտարարագրում տառացիորեն որպես կրիպտոարժույթ անունով է ներկայացված։ Նման տեսակի կրիպտոարժույթ մենք չենք հանդիպել. ALL.AM-ը ընդամենը կայքի դոմեյնն է։
Վազգեն Համբարձումյան
Պաշտոն
Կոտայքի մարզի դատախազության ավագ դատախազ
Կրիպտոարժույթի տեսակ
GRT 804 = 617 ԱՄՆ դոլար (հայտարարագիրը լրացնելու դրությամբ)
Մեկնաբանություն
«Իմ կողմից հայտարարագրված կրիպտոարժույթը ձեռք եմ բերել կրիպտոարժույթի փոխանակման հարթակից։ Երբևէ որևէ ծառայության դիմաց կրիպտոարժույթով վճարում չեմ իրականացրել, այլ ընդամենը շարունակում եմ պահել։ Կրիպտոարժույթների օրենսդրական կարգավորման մասով կանոնակարգումն ըստ իս անհրաժեշտ է, քանի որ արդեն իսկ կան պետություններ, որտեղ ոլորտը կարգավորող օրենքներ են ընդունել, ինչն էլ ակնհայտ է դարձնում ոլորտի հետ շփման ենթադրյալ անխուսափելիությունը»։
Կարապետ Համբարձումյան
Կրիպտոն առաջացել է kriptografi բառից, որը նշանակում է գաղտնագրում: Յուրաքանչյուր կրիպտո առանձին գաղտնագրված կոդ ու բանալի է, որը պահվում է Blockhein բազայում, որում տեղի ունեցող գործողությունները հնարավոր չէ ջնջել կամ փոփոխել:
Հայաստանում կրիպտոարժույթ ունի 33270 մարդ, որոնց թվում են նաև ներկա և նախկին պաշտոնատար անձինք, որոնք ընդհանուր առմամբ հայտարարագրել են 24 տեսակի կրիպտոարժույթ։
Պաշտոնյան եթե չհայտարարագրի կրիպտոարժույթը, ստվերային ճանապարհով պետք է այն վերածի այլ արժույթի կամ գույքի
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հայտարարագրման ձևաթղթում կրիպտոարժույթների բաժինը ներմուծել է 2019 թվականին։
Հանձնաժողովի անդամ Արամայիս Փաշինյանը նույնպես կրիպտոարժույթը ռիսկային է համարում՝ անվերահսկելիության պատճառով։ Հանձնաժողովի անդամը կարծում է, որ կրիպտոարժույթը չհայտարարագրելու դեպքում պաշտոնյան ստիպված է զարտուղի ճանապարհներ գտնել այլ արժույթի վերածելու կամ գույք գնելու համար. «Որն էլ կարող է հասանելի դառնալ և՛ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, և՛ իրավապահ մարմիններին»,- ասում է Արամայիս Փաշինյանը։
Ի դեպ, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մեկ այլ անդամ՝ Նարեկ Համբարձումյանը, հայտարարագրել է 5.8 Ethereum տեսակի կրիպտոարժույթ, որը 2022թվականի մայիսի 23-ի դրությամբ մոտ 12000 ԱՄՆ դոլար է։ Նարեկ Համբարձումյանը, սակայն, մեզ հետ զրույցում նշել է, որ 2020 թվականին վաճառել է իր ամբողջ կրիպտոն և հաշվին հետ է ստացել 1815 ԱՄՆ դոլար։
ՀՀ օրենսդրությունը և ԿԲ-ն դեռ չեն կողմնորոշվում՝ կրիպտոակտիվը ապրա՞նք է, ծառայությո՞ւն, նյութակա՞ն, թե՞ ոչ նյութական ակտիվ
Կենտրոնական բանկը կրիպտոարժույթների վերաբերյալ վերջին պաշտոնական դիրքորոշումը հայտնել է 2018 թվականի մայիսի 5-ի տարածած մամուլի հաղորդագրությունում։
Մեր հարցմանը, թե ինչպես է վերահսկվում պետական պաշտոնյաների՝ կրիպտոարժույթով շրջանառությունը, Կենտրոնական բանկը պատասխանել է, որ ներկայումս ՀՀ գործող օրենսդրությունը կրիպտոակտիվների ոլորտի առանձնահատուկ կարգավորում դեռևս չի նախատեսում։
«Կրիպտոակտիվների հիմքում ընկած տեխնոլոգիական լուծումները հնարավորություն են ստեղծում միևնույն կրիպտոակտիվը միաժամանակ տարբեր հարաբերությունների առարկա դիտարկել (ֆինանսական ակտիվ, ոչ նյութական ակտիվ, ապրանք, ծառայություն), հավանական է, որ կրիպտոակտիվներով գործարքները կարող են ՀՀ գործող օրենսդրությամբ որակվել որպես ֆինանսական ծառայությունների մատուցում և ենթակա լինել համապատասխան օրենքներով նախատեսված կարգավորման։ Կենտրոնական բանկը կրիպտոակտիվների կարգավորման ոլորտում իրականացնում է աշխատանքներ՝ իրավական կարգավորման փաթեթի մշակման ուղղությամբ»,- նշված է հարցման պատասխանում։
Մեկ այլ հարցմամբ՝ ԿԲ-ին հարցրել ենք, թե արդյոք Կենտրոնական բանկը վերահսկում է ՀՀ-ում գործող կրիպտոարժույթների փոխանակման կետերի գործունեությունը, որին ի պատասխան նշել են, որ Կենտրոնական բանկը ներկայումս չի կարգավորում և չի վերահսկում կրիպտոարժույթների շրջանառությունը։
Միջազգային կառույցների դիրքորոշումը կրիպտո ակտիվների մասին
Արժույթի միջազգային հիմնադրամը և Համաշխարհային բանկը կրիպտոարժույթների վերաբերյալ հետազոտություն են իրականացրել 130 երկրում՝ 27 ամիս, որի արդյունքում պարզել են, որ կրիպտոարժույթով իրականացվող գործարքների ակտիվություն նկատվում է տնտեսապես ավելի քիչ զարգացած երկրներում, հատկապես տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտում։ Հետազոտությունն անվանում է կրիպտոն ռիսկային ակտիվ և միջսահմանային վճարումներին աջակցելու պոտենցիալ գործիք:
Հետազոտությունը մեջբերում է G20-ի երկրների ձևակերպումը. «Կրիպտոակտիվները խնդիրներ են բարձրացնում սպառողների և ներդրողների շրջանում. ներդրողների պաշտպանությունը, հարկերից խուսափումը, փողերի լվացումը, ահաբեկչության ֆինանսավորումը»:
Երկրներ, որտեղ կրիպտո ակտիվները հարկվում են
Այդուհանդերձ, կան երկրներ, որտեղ կրիպտոարժույթը հարկվում է սովորական արտարժույթին հավասար։
ԱՄՆ-ում 2014 թվականից Ներքին եկամուտների ծառայությունը (Internal Revenue Service) որոշում է կայացրել, որ կրիպտոարժույթը թվային ակտիվ է, որը բաժնետոմսերի, պարտատոմսերի, գույքի նման պետք է հարկվի կապիտալ շահույթից։ ԱՄՆ-ում 10 – 20% հարկ է սահմանվել կրիպտո գործարքների համար:
Իտալիայի հարկային մարմինները եկել են այն եզրակացության, որ կրիպտոարժույթները պետք է նմանվեն արտարժույթին: Այս երկրում կրիպտոարժույթները հարկվում են 26%-ով:
Գերմանիայում կրիպտարժույթով վաճառք իրականացնելը, մայնինգ կամ խաղադրույք անելը նույնպես ենթակա է հարկման:
Նիդերլանդներում ֆիզիկական անձանց եկամուտը հարկվում է տարբեր դրույքաչափերով և տարբեր մեթոդներով` կախված տվյալ եկամտի տեսակից: Երկիրը 31 տոկոս հարկ է սահմանել կրիպտոարժույթի վրա։
Կան երկրներ, որոնք ոչ միայն չեն հարկում կրիպտոարժույթով գործարքները, այլև խրախուսում են։
Բելառուսում մայնինգը և կրիպտոարժույթներում ներդրումները համարվում են անձնական ներդրումներ և ազատված են եկամտահարկից և կապիտալի շահույթից:
Մալայզիայում կրիպտոարժույթով գործարքները ազատված են հարկերից, և կրիպտոարժույթները չեն հավասարեցվում կապիտալ շահույթի հարկին, քանի որ թվային արժույթները իշխանությունների կողմից չեն համարվում ակտիվներ կամ օրինական վճարման միջոց:
Էլ Սալվադորում բիթքոյնն օրինական վճարման միջոց դարձնելու մասին օրենքի ընդունումից հետո երկիրը կազատի օտարերկրյա ներդրողներին իրենց բիթքոյնից ստացված եկամուտների համար հարկ վճարելուց: Սա արվում է օտարերկրյա ներդրումները խրախուսելու համար:
Կրիպտովերլուծաբանը՝ կրիպտոաշխարհում ունեցած փորձի մասին
24-ամյա Հրաչ Բեգլարյանն արդեն երկու տարի է՝ հետաքրքրված է կրիպտոարժույթներով։ Չնայած ի սկզբանե չի վստահել թվային ակտիվներին` հիմա արդեն 30 տեսակի կրիպտոարժույթ ունի՝ փոքր ու մեծ ներդրումներով (Bitcoin, NEO, Cordano, Solana, Anchor Protocol, Troy, Shiba Inu, Polygon, Litecoin): Հրաչ Բեգլարյանն աշխատում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, կրիպտովերլուծաբան է:
Հրաչը կրիպտոարժույթները գնում է կրիպտոբորսաներից, քանի որ այդ տարբերակով հավելյալ տեխնոլոգիաների օգտագործման կարիք չի լինում։ «Կրիպտո կարող ենք ձեռք բերել նաև մայնինգի միջոցով, դրանք հատուկ համակարգիչներ են, որոնք շատ բարձր ձայն են հանում՝ անգամ գլխացավ առաջացնող: Ստանդարտ մայնինգ սերվերի գինը ամենաքիչը 4000 դոլար է: Այս համակարգչին մեկ ծրագիր է միացված, որն անհրաժեշտ է օրը մեկ անգամ ստուգել՝ առաջացած խնդիրները կարգավորելու համար։ Այստեղ ճիշտ ադմին-մասնագետ է պետք, իսկ կրիպտոբորսաներից գնելու դեպքում՝ կրիպտոակտիվը մնում է օնլայն բորսայի իմ դրամապանակում»,- նշում է կրիպտովերլուծաբանը:
Հրաչ Բեգլարյանը կրիպտոարժույթների փոխանակման երկու տարբերակ է առանձնացնում: Առաջինը կրիպտոարժույթի դրամական փոխանակման կետերն են, որտեղ կրիպտոյի դիմաց ստանում է դոլար կամ դրամ, իսկ երկրորդը՝ փոխանակումն օնլայն իրականացնելն է, որով գումարը փոխանցվում է քարտի հաշվեհամարին։
Համաշխարհային բանկը, Արժույթի միջազգային հիմնադրամը և այլ ֆինանսական միջազգային կառույցներ կրիպտոարժույթները համարում են ռիսկային «ակտիվներ» և պարտավորություն չեն կրում դրանց նկատմամբ։
ՀՀ կենտրոնական բանկը, կիսելով միջազգային կառույցների դիրքորոշումը, պարբերաբար հանդես է գալիս նախազգուշացնող հայտարարություններով։
Հատկապես կարևոր է իրականացնել պաշտոնյաների կրիպտո ակտիվների վերահսկողություն՝ նրանց ֆինանսական գործարքներն ու եկամուտները թափանցիկ դարձնելու նպատակով։
Հեղինակներ՝
Ուսանողներ
Լիլիթ
Խլղաթյան
Ուսանողներ
Շուշանիկ
Միսկարյան
Դասախոս՝
Դասախոսներ
Կատյա
Մամյան