Արարատ Միրզոյանը հայտարարել է, թե Հայաստանը վավերացրել է Ալմա-Աթայի հռչակագիրը. նման բան չկա
Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում մարտի 9-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց էր տվել թուրքական «TRT World» հեռուստաալիքին։ Նա խոսել էր, մասնավորապես, հայ-ադրբեջանական բանակցային գործընթացից:
ՀՀ դիվանագիտական կորպուսի ղեկավարն անդրադարձել էր Ալմա-Աթայի հռչակագրին՝ նշելով. «Երկու երկրները 1991 թվականին ստորագրել և վավերացրել են փաստաթուղթ, որով ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, սահմանները։ Դա Ալմա-Աթայի հռչակագիրն է։ Առանց շատ մանրամասների՝ նշեմ, որ դա այն փաստաթուղթն է, որով ԽՍՀՄ տասներկու հանրապետություններն ընդունել են, որ նախ` ԽՍՀՄ-ը դադարել է գոյություն ունենալ, և երկրորդ՝ նրանց միջև վարչական սահմանները ճանաչվել են որպես միջպետական, միջազգային սահմաններ։ Հայաստանն ու Ադրբեջանն այդ հանրապետությունների շարքում էին»:
Առաջին անգամ չէ, որ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմի անդամները իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ են անում Ալմա-Աթայի հռչակագրի և ԱՊՀ ստեղծմանն առնչվող մյուս փաստաթղթերի վերաբերյալ, բայց, թերևս, առաջին դեպքն է, երբ նման անհիմն պնդում է անում ՀՀ թիվ մեկ դիվանագետը:
ԱՊՀ ստեղծմանը վերաբերող 3 առանցքային փատաթուղթ գոյություն ունի: Առաջինը Անկախ պետությունների համագործակցություն ստեղծելու մասին համաձայնագիրն է, որը հայտնի է նաև Բելովեժյան համաձայնագիր անունով: Այն ստորագրվել է 1991-ի դեկտեմբերի 8-ին Բելառուսի Բելովեժյան թավուտում՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և Բելառուսի ղեկավարների կողմից: 14 հոդվածից բաղկացած համաձայնագիրը դեկտեմբերին վավերացրել են այս երեք երկրների խորհրդարանները: Դրանում նշվում էր, որ «ԽՍՀ Միությունը, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ և աշխարհաքաղաքական իրողություն, դադարեցնում է իր գոյությունը… Բարձր պայմանավորվող կողմերը ստեղծում են Անկախ Պետությունների Համագործակցություն»:
Կարճ ժամանակ անց այս համաձայնագրին միանալու ցանկություն են հայտնել ԽՍՀՄ ևս 8 հանրապետություն՝ Հայաստանը, Ադրբեջանը, Ղազախստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Մոլդովան: Բայց քանի որ Բելովեժյան համաձայնագիրն արդեն ստորագրված ու վավերացված էր առաջին երեք հանրապետությունների կողմից, դեկտեմբերի 21-ին Ալմա-Աթայում բոլոր 11 երկրների ղեկավարները ստորագրել են դեկտեմբերի 8-ի համաձայնագրին կից արձանագրություն, որով ևս մեկ անգամ ամրագրվել է ԽՍՀՄ գոյության դադարեցումն ու նոր կառույցի՝ ԱՊՀ-ի ստեղծումը:
Արձանագրության մեջ, մասնավորապես, ասվում էր. «Անկախ Պետությունների Համագործակցության ստեղծման մասին Համաձայնագիրը ուժի մեջ է մտնում Բարձր պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի կողմից այն վավերացնելու պահից: Անկախ Պետությունների Համագործակցության ստեղծման մասին Համաձայնագրի հիման վրա և դրա վավերացման ժամանակ կատարված վերապահումները հաշվի առնելով` կմշակվեն Համագործակցության շրջանակներում համագործակցությունը կանոնակարգող փաստաթղթեր»:
Հայաստանի կողմից արձանագրությունը ստորագրել է ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ադրբեջանի կողմից՝ նախագահ Այազ Մութալիբովը:
Նույն օրը՝ դեկտեմբերի 21-ին, 11 երկրների ղեկավարները ստորագրել են Ալմա-Աթայի հռչակագիրը, որը դեկլարատիվ բնույթի հայտարարություն էր ԱՊՀ ստեղծման սկզբունքների և նպատակների մասին: Ալմա-Աթայի հռչակագիրը վավերացման ենթակա չի եղել և երբեք չի վավերացվել ԽՍՀՄ նախկին հանրապետությունների կողմից։ Այսինքն՝ Հայաստանի գլխավոր դիվանագետ Արարատ Միրզոյանը թուրքական հեռուստաալիքին հայտարարել է մի բան (հռչակագիրը վավերացնելու մասին), որը գոյություն չունի:
Հայաստանի խորհրդարանը՝ Գերագույն խորհուրդը, 1992 թ. փետրվարի 18-ին վավերացրել է ոչ թե դեկտեմբերի 21-ի արձանագրությունը, որը ստորագրել էր Լևոն Տեր-Պետրոսյանը, այլ դեկտեմբերի 8-ի բուն համաձայնագիրը: Սակայն ՀՀ խորհրդարանը կատարել է մի շարք վերապահումներ, ինչի իրավունքն ուներ, և այդ մասին ասվում էր նաև դեկտեմբերի 21-ի արձանագրության մեջ:
Օրինակ՝ Բելովեժյան համաձայնագրի 5-րդ հոդվածում ասվում է. «Բարձր պայմանավորվող կողմերը ճանաչում և հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունը և համագործակցության շրջանակներում գոյություն ունեցող սահմանների անձեռնմխելիությունը»: Բայց ՀՀ ԳԽ-ն համաձայնագիրը վավերացրել է հետևյալ վերապահումով. «Բարձր պայմանավորվող կողմերը ճանաչում և հարգում են ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, միմյանց տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը»: Այսինքն՝ Գերագույն խորհուրդը շեշտը նախ դրել է ազգերի ազատ ինքնորոշման իրավունքի վրա, որի համար պայքարում էր Արցախը, ինչպես նաև տեքստից հանել է «համագործակցության շրջանակներում գոյություն ունեցող սահմաններ» արտահայտությունը՝ այն փոխարինելով ընդհանրական ձևակերպմամբ: Սա նշանակում է, որ ՀՀ խորհրդարանի վավերացրած տեքստում ԽՍՀՄ երկրների միջև գոյություն ունեցած նախկին վարչական սահմանները չեն ամրագրվել որպես միջպետական, միջազգային սահմաններ:
«Ալմա-Աթայի համաձայնագրում նշվող գոյություն ունեցող սահմանները որոշվել են ըստ ԽՍՀՄ միութենական երկրները բաժանող սահմանների, սակայն Հայաստանի Գերագույն խորհրդի կողմից ընդունված վերապահումները Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել են առանց Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի»,- պարզաբանում է Լևոն Զուրաբյանը, որը 1991-1998 թթ. եղել է ՀՀ նախագահի օգնականը։
Փետրվարի 7-ին վարչապետ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարել էր, որ Հայաստանի խորհրդարանի կողմից 1992-ին վավերացված փաստաթղթում արված վերապահումները չեն ուղարկվել ԱՊՀ դեպոզիտարիա, «ուստի միջազգային իրավահարաբերությունների տեսանկյունից այդ վերապահումները իրավական ուժ չունեն»:
Լևոն Զուրաբյանը հակադարձում է. «Եթե անգամ վերապահումների փաստաթուղթը չի ուղարկվել ԱՊՀ դեպոզիտարիա, այն ընդունվել է Գերագույն խորհրդի բաց, հեռարձակվող նստաշրջանում ու տեղադրվել է իրավական ակտերի շտեմարաններում։ Դա բաց փաստաթուղթ է, որի մասին աշխարհը, այդ թվում՝ նաև Ադրբեջանը, չի կարող տեղյակ չլինել»։
Կարևոր է նկատել, որ ոչ մեկի կողմից վավերացում չանցած Ալմա-Աթայի հռչակագրում ևս հղում է արվում «գոյություն ունեցող սահմանների անխախտելիությանը», ու հենց սրա հիման վրա է Արարատ Միրզոյանն ասում, թե ԽՍՀՄ նախկին երկրների վարչական սահմանները ճանաչվել են որպես միջպետական, միջազգային սահմաններ:
Այսպիսով՝ Հայաստանի ներկա իշխանությունները հղում են անում ոչ թե Բելովեժյան համաձայնագրին, որը Հայաստանի ու Արցախի շահերից բխող հստակ վերապահումներով վավերացվել է ՀՀ խորհրդարանի կողմից 1992-ի փետրվարին, այլ հայ-ադրբեջանական ներկա բանակցություններում հիմնվում են Ալմա-Աթայի հռչակագրի վրա, որը դեկլարատիվ փաստաթուղթ է և վավերացված չէ ո՛չ Հայաստանի, ո՛չ Ադրբեջանի, ո՛չ էլ որևէ այլ երկրի կողմից:
Ի դեպ, Հայաստանը վավերացրել է Բելովեժյան համաձայնագիրը, իսկ Ադրբեջանի խորհրդարանը 1992-ի հոկտեմբերի 7-ին որոշել է չվավերացնել ԱՊՀ ստեղծման համաձայնագիրը: Այդ ժամանակ Ադրբեջանը ղեկավարում էր թուրքամետ Աբուլֆազ Էլչիբեյը: 1993-ի գարնան-ամռան ամիսներին Արցախի ուղղությամբ շարունակական պարտությունների ֆոնին Էլչիբեյը գահընկեց արվեց, և իշխանության եկավ Ադրբեջանի նախկին խորհրդային երկարամյա ղեկավար Հեյդար Ալիևը:
1993-ի սեպտեմբերի 24-ին Ադրբեջանի նախագահի պարտականությունները կատարող Ալիևը Մոսկվայում կրկին ստորագրեց 1991 թ. դեկտեմբերի 21-ի արձանագրությունը և Ալմա-Աթայի հռչակագիրը, որոնք ժամանակին արդեն իսկ ստորագրել էր Այազ Մութալիբովը: Սեպտեմբերի 24-ին ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի որոշմամբ Ադրբեջանը միացավ այս կառույցին՝ այդպես էլ չվավերացնելով Բելովեժյան համաձայնագիրը և/կամ դրան կից արձանագրությունը։
Նման ձևով ԱՊՀ անդամ դարձավ Վրաստանը, որի ղեկավար Էդուարդ Շևարդնաձեն իր երկրի կողմից առաջին անգամ 1993-ի դեկտեմբերի 9-ին Թբիլիսիում ստորագրեց վերոնշյալ արձանագրությունն ու հռչակագիրը: Բայց Վրաստանը 2009-ին պաշտոնապես լքեց ԱՊՀ-ն:
Հայաստանն ու Ադրբեջանը երկրի ղեկավարների մակարդակով պարբերաբար հղում են անում Ալմա-Աթայի հռչակագրին (մասնավորապես՝ Պրահայի, Սոչիի, Բրյուսելի բանակցություններում)։ Ինչպես ասել է ԱԳ նախարար Միրզոյանը, Երևանը ցանկանում է, որ այս հռչակագիրը ներառվի խաղաղության պայմանագրի նախագծում, բայց չի կարողանում դրական արձագանք ստանալ Ադրբեջանից։
Լուսանկարը՝ ՀՀ ԱԳ նախարարության կայքից
Հեղինակ՝
Ուսանողներ
Լենա
Սահակյան
Դասախոս՝
Դասախոսներ
Վահե
Սարուխանյան