different-kind-of-loneliness
Ֆոտո պատմությունՕգոստոս 24/2024

Ուրիշ մենակություն

Երեք միայնակ ապրող արցախցիներ՝ Կամոն, Հասմիկն ու Կամելիան 2023-ին բռնի տեղահանվեցին Հայաստան։ Մեկ տարի է՝ նրանք փորձում են հարմարվել նոր կյանքին՝ հաղթահարելով Արցախի, հայրենիքի, տան, մարդկային կորստի և միայնության ծանրությունը։ Նրանցից յուրաքանչյուրն ունի իր մենակության պատճառը, բայց երեքն էլ ասում են՝ մենակությունը Արցախում ու Արցախից դուրս՝ ուրիշ է։

Մենակությունը ինչ է՝ էստեղ հասկացա

48-ամյա Կամոն Արցախի Բերդաշեն գյուղից է, բռնի տեղահանումից հետո ապրում է Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր գյուղում։

Տունը մեծ է, ինքը տանը՝ մենակ, մեծ երեխան Երևանում է, երկու փոքրերն իր նախկին կնոջ հետ են ապրում՝ Տաշիրում։ Ասում է՝ ալիմենտ վճարել չի կարողանում, նախկին կինն էլ չի թողնում իր հետ ապրող երեխաներին հանդիպի։

Ժամանակը կանգ է առել։ Էստեղ ես չեմ շտապում։ Մեկ–մեկ դուրս եմ գալիս, զգում եմ՝ արագ եմ քայլում, ասում եմ՝ լավ, ու՞ր եմ վռազում․ ոչ երեխա կա ինձ սպասող, ոչ էլ… ու գնում եմ բանջար հավաքելու։ Արցախում էլ էի սիրում բանջարի գնալ, կծմնձյուկ, շաղգամ էի հավաքում։ Շաղգամ էստեղ էլ կա։

Հենց թոշակս ստանում եմ՝ գնում եմ Երևան, մեծ տղուս մոտ՝ 17 տարեկան է։ Երբ էկանք էստեղ, ինքը չմնաց հետս, ասաց՝ գրանիցա ա (սահմանամերձ)։ Մնաց Երևանում՝ ընկերոջ տանը։

Արցախում էլ ենք սահմանամերձ գյուղում ապրել՝ Բերդաշենում (Մարտունի շրջան)։ Ես Մարտունի 3-րդ զորամասում էլեկտրիկ եմ աշխատել։ Սեպտեմբերի 19-ին զանգեցին, ասին՝ տղադ զասադում ա, ուշաթափվեցի։

Իմ մազերը ամենաշատն էդ մի քանի օրում սպիտակեց՝ մինչև խաղապահների միջոցով հանեցին զասադից։ Տղաս Մսմնա գյուղում էր՝ ընկերների հետ։ Թուրքերը գյուղը շրջափակել էին։ Սեպտեմբերի 27-ի ցերեկը երեխուն ու ընկերներին հանել են մի կերպ՝ ռուս խաղաղապահների միջոցով ու բերել Ստեփանակերտ։ Սեպտեմբերի 27-ին Բերդաշենից եկել եմ Ստեփանակերտ, բենզին գտել, մյուս 2 երեխաներիս ու իրենց մոր հետ ախպորս մեքենայով երկուսուկես օրում հասել Գորիս։

2mblogo (1).jpg
Արցախի թութունը

Հետս մի չամադան (ճամպրուկ) եմ վերցրել, մեջը՝ մի քանի շոր ու ջուր, ուտելիք չենք հասցրել վերցնել։ Ստեփանակերտից դուրս գալուց մի կին տան առաջ թթու վարունգ էր դրել, ասաց՝ մեկ ա, մենք չենք կարողանալու տանել, դուք վերցրեք։ Վերցրինք, ամբողջ ճանապարհը թթու վարունգ ուտելով հասանք Գորիս։ Ախպորս հեռախոսը մնաց մոտս, ինքը գնաց Ռուսաստան։ Հա, մեկ էլ բաժակով թութուն եմ բերել՝ հիշատակ Արցախից։ Դակումենտներս (փաստաթղթերս) սաղ վառել եմ։

Իմ ամբողջ կյանքում ես երբեք Հայաստան չէի եկել։ Մի զինվոր ծանոթ ա էղել, որ հասանք Գորիս, ինքն էկավ, տարավ մեզ Արարատի մարզ, չեմ հիշում որ գյուղը, բայց իրենց հարևանի տանն էի մնում։ Հետո, մինչև Ներքին Կարմիրաղբյուր գալը, մի քանի օր մյուս ընկերոջս տանն եմ մնացել՝ Արարատ քաղաքում։ Նա դասավորեց ինձ գործի՝ ցեմենտի գործարանում, բայց շուտ–շուտ ուշաթափվում էի, վերջին ստադիայի նևրոզ ունեմ ու ստիպված գործից դուրս եկա։

Էստեղ 2020-ի պատերազմից հետո էկածներ կան, զանգեցին, ասին՝ տուն ենք ճարել Կարմիրաղբյուրում։ Էկա էստեղ։ Հիմա թոշակովս՝ 73.000 դրամով եմ ապրում, մի քիչ ավելի լավ զգամ ինձ ֆիզիկապես, գործի կանցնեմ։ Տերն էս տան համար վարձ չի ուզում, բայց չգիտեմ էլ՝ էստեղ ինչքան կապրեմ։

Բլոկադայի օրերին մեր գյուղ հաց էին բերում, երեխեքս, դե շաբաթ–կիրակի գալիս էին ինձ մոտ, շատ ժամանակ չէի ուտում, պահում էի երեխեքիս։ Էստեղ ուտելս էլ չի գալիս։ Արցախում փող ունեի, ալիմենտ էի տալիս, որ երեխեքիս տեսնեմ։ Հիմա ալիմենտ չտալու պատճառով չեմ տեսնում, անգամ հեռախոսով խոսելն են արգելել։

2021-ից կնոջիցս բաժանված եմ, բայց շաբաթ–կիրակի երեխեքս հետս են եղել, դրա համար Արցախում մենակ չէի։ Մենակությունը ինչ է՝ էստեղ հասկացա։

Էրեխեքիս կարողանամ տեսնեմ, ինձ ծով ա։ Արցախից, որ եկա, դեռ մոտս փող կար, մի ամիս էլ էստեղ եմ ալիմենտ տվել ու վերջ։ Վերջին անգամ դեկտեմբերի 25-ին տեսազանգով եմ խոսել երեխեքիս հետ, աներձագիս միջոցով, ինքն ա օգնել։ Հետո էլ չկարողացա, զանգում եմ՝ չեն պատասխանում։

Տավուշում ճնշման խնդիրներս են շատացել՝ եղանակից։ Հարևանս՝ Ռազմոն, գյուղի տաքսիստն ա, իրա հետ եմ շատ մոտ։ Գիշերվա 3-ին էլ կարամ զանգեմ իրեն, ասեմ՝ Ռազմո, լավ չեմ, կտանե՞ս ինձ Բերդ։ Կտանի։

2mblogo (2).jpg
Նոր ժիլետը գրպանների համար է գնել, որ բոլոր դեղերը միշտ իր մոտ լինեն

Եղանակից կամ թեթև ջղայնանալուց ճնշումս բարձրանում ա, ուշաթափվում եմ։ Վերջին անգամ հուլիսի 29-ին եմ ուշաթափվել, դեղերս մոտս չէին, չհասցրեցի խմեմ, ուշաթափվեցի։ Ստուգվել եմ, ասել են՝ պետք ա սրսկման 3 կուրս անցնեմ, միասին 180.000 դրամ ա, լրիվ չեմ բուժվի, բայց վիճակս կթեթևացնի։ Ճնշումս, որ բարձրանում ա, կապտոպրիլ եմ խմում կամ էլ վալերիանկա, էդ երկու դեղը միշտ հետս են, առանց դրանց չեմ կարա։

2mblogo (3).jpg
Սենյակում պահարան չկա, իրերը Կամոն պատուհագոգին է շարում

Առավոտը գյուղում բոլորից շուտ ես եմ զարթնում, ջրի նասոսը (պոմպը) 8-9-ը ընկած ժամանակահատվածում ա, մենակ էդ ժամերին են միացնում։ Ես դեռ էդ հնարավորությունը չունեմ նասոս քաշելու։ Տանտերը բոչկա (տակառ) ա տվել 200 լիտրանոց, դրա մեջ եմ ջուրը հավաքում։ 8-ից սկսում եմ լվացքս անել։

5 սենյականոց գյուղի տուն ա, էս սենյակը մի քիչ ռեմոնտ եմ արել, ապրում եմ։ Մենակ ռասկլադուշկան (ծալովի մահճակալը) ու պլիտան (գազօջախը) ա պետությունը տվել։ Փայտ չեն տվել։ Ասում եմ՝ Տավուշում ընկերոջս տվել են, ինձ չեք տալիս, գրանիցա եմ ես։

Կոյկան (մահճակալը) էս տան տիրոջն ա, տեղաշորը ու մնացածը ընկերներս են տվել։

Ես հենց պառկում եմ, մտածում եմ՝ էսօր ի՞նչ եմ արել, ի՞նչն եմ սխալ արել, ի՞նչն եմ ճիշտ արել, վաղվա մասին եմ մտածում, մտածում եմ՝ վաղը Ղարաբաղում կլինեմ ու քնում եմ, վերջնակետը Ղարաբաղն ա…

Կամոյի տանը մի ծիծեռնակ էր ներսուդուրս անում։ Հետո երկրորդն էլ ներս մտավ։ «Էս հաջողություն ա»,— ուրախացավ Կամոն։

2mblogo (4).jpg
Ծիծիեռնակների կչկչոցը կոտրում էր տան լռությունը

Առաջ երեքով էինք աղոթում, հիմա՝ մենակ ես

2mblogo (5).jpg

Վանաձորի սարերը Հասմիկին Շուշին են հիշեցնում, Արցախը։ Վանաձորում նա մենակ է ապրում․ որդին զոհվել է 44-օրյա պատերազմում, աղջիկն ամուսնացել, Երևանում է։ Հասմիկն ուզում է նորից երեխա ունենալ՝ էկոյի՝ արհեստական բեղմնավորման միջոցով։

Հասմիկի տանը հեռուստացույցը մուլտերի ալիքի վրա էր։ Ասաց՝ միշտ է այդպես։

Ես 2012-ին բաժանվել եմ ամուսնուցս։ 2020-ին տղաս՝ Սերոս, զոհվեց։ Տղայիս մահից հետո մի քանի ամիս ես մենակ լաց էի լինում։ Անցյալ տարի էստեղ գալուց հետո աղջիկս ամուսնացավ։

Ես նկարչուհի եմ, բայց տղայիցս հետո նկարելը թողեցի, սկսեցի կարուձևով զբաղվել։ Ստեփանակերտում դպրոցականի հագուստ, «վերջին զանգի» շորեր էի կարում։ Վերջինը կարեցի 2023-ի մայիսին՝ Ստեփանակերտի առաջին դպրոցի վերջին զանգի համար, ու կռիվը սկսվեց։

Խնամուս մեքենայով Հայաստան եկանք։ Տնից դուրս գալուց առաջինը տղայիս նկարները, շալվարն ու շապիկը վերցրի։ Էս հագիս շապիկն ա։ Սերոյիս հոտն արդեն անցել ա, բայց ես միշտ հիշում եմ էդ հոտը (ասում ու հոտ է քաշում շապիկից)։ Ափսոս, շալվարը վրաս չի լինում, թե չէ դա էլ կհագնեի։

2mblogo (6).jpg
Որդուս նկարն օգնում է՝ Արցախի ու իր կարոտն եմ առնում

Վերջին օրերին ես տղուս գերեզման չգնացի։ Գիտեի՝ եթե գնամ, չեմ կարող պոկվել, դուրս գալ Արցախից։ Իմ սրբի նկարները, Մարիամ Աստվածածնի կարպետն էլ եմ բերել, մեկ էլ՝ կարի մեքենաս։ Ես հավատացյալ չեմ եղել, բայց հետս կատարված բաները ինձ մոտեցրին Աստծուն։ 46 տարեկան եմ, 3 կլինիկական մահ եմ տարել։ Չարորակ զոբ եմ ունեցել, որը լրիվ անցել է։

Իմ մենակությունը արվեստով, նկարելով, երգ լսելով ու պարելով եմ լցնում։ Տղաս էլ էր պարում, քոլեջում էր սովորել, բանակից հետո պետք ա շարունակեր։ Աղջիկս ընտանիքով Երևանում է ապրում։ Ես էստեղ մենակ եմ։

Սերոս Ջաբրաիլում ա զոհվել։ Թե ոնց՝ սկզբում չգիտեի։ Երազում տեսա տղայիս ուսը բաց էր, վրան՝ վերք։ Ասեց՝ մամ, ես ողջ եմ։ Ասի՝ բալես, բայց ասում են՝ դու մահացել ես։ Ասեց՝ չէ, մամ, ողջ եմ։ Հետո իմացա, որ ուսի վիրավորումից ա մահացել։

2mblogo (7).jpg
Հասմիկը, հայացքը՝ սարերին
2mblogo (8).jpg
Վանաձորի սարերը

Վանաձորը շատ եմ սիրել։ Արցախը, Շուշին ա հիշեցնում։ Պատուհանից սարերին եմ նայում, արևին, էներգիա եմ ստանում։ Սերոյիս ներկայությունն էլ եմ զգում Վանաձորում։ Քաղաքացիություն դեռ չեմ ստացել, երևի կդիմեմ։ Առայժմ չեմ աշխատում, պիտի նորից սկսեմ կարելը։ Սկզբում, երբ եկանք, Երևանում մի ամիս մոդելավորման դասերի գնացի, բայց դժվար էր անընդհատ Երևան գնալ գալը։ Տղայիցս հետո զոհվածի ծնողի թոշակ եմ ստանում՝ 150.000, 100.000-ը տան վարձ եմ տալիս։

Մտածում եմ հիմա երեխա ունենալու մասին՝ թեկուզ էկո տարբերակով, երկվորյակ երեխեք։ Սերոյիս երազանքը երկվորյակ ունենալն էր։ Դժվար ա համակերպվելը, որ մենակ ես, էլ տղադ չկա, բայց եթե ապրում եմ, ուրեմն, կյանքը շարունակվում ա։

2mblogo (9).jpg
Ապրում եմ, ուրեմն՝ կյանքը շարունակվում ա

Առաջին պատերազմն էր, ես մնացի մենակ

2mblogo (10).jpg

65-ամյա Կամելիան Ստեփանակերտից է։ Ապրում է Գյումրիում՝ միայնակ։ Արցախում է թողել ամուսնու և որդու գերեզմանները, տունն ու հողամասը։ Ապրում է Արցախի մասին հիշողություններով ու վերադարձի հույսով։

Ասում է․ «Եթե քաղաք ա, Ստեփանակերտը, եթե գյուղ ա՝ մեր գյուղերը»։

Կամելիայի հեռախոսը սենսորային չէ, սոցցանցերում նա չկա։ Տեղեկություններ ստանում է հեռուստացույցից ու Արեգայից՝ Գյումրիում բնակվող իր արցախցի հարեւանուհուց։

Սեպտեմբերի 19-ին, հենց կրակոցները սկսվեցին, իջա պադվալ։ Երբ դադարեց, դուրս էկա, հարևանին տեսա։ Ասեց՝ գնում են Ստեփանակերտից։ Հարցրեց․ «Կամի՛լ, բա դու ի՞նչ ես անելու, ո՞նց ես գնալու։ Փեսայիս ասել եմ, տեղ լինի մեքենայում, քեզ մեր հետ կվերցնենք, քեզ մենակ չեմ թողնի»։ Մեքենայում 5 մարդ էինք, իր ընտանիքը ու ես։ Ամսի 22-ին դուրս եկանք, 3 օր ճանապարհ եկանք՝ սոված–ծարավ։ Գորիսում մի քանի օր մնացինք իրենց բարեկամի տանը, ես էստեղ ոչ մեկին չունեմ, ո՛չ հարազատ, ո՛չ ծանոթ, բայց հո հավերժ չէի՞ մնալու իրենց տանը։

Գորիսում նստեցի Լենինականի ավտոբուսը, էկա քաղաքապետարան, գրանցվեցի, հետո ինձ զանգեցին Հայորդյաց տնից։ Համարյա մի ամիս էլ էնտեղ մնացի, շատ լավ էին նայում ինձ։ Լրիվ մենակ էլի մի կին կար՝ Արցախից։ Որոշ ժամանակ մի սեփական տան մեջ միասին ապրեցինք։ Հետո ինքը գնաց երկրից, ես էլ էդ տնից դուրս եկա, թանկ էր։ Էս կվարտիրան (բնակարանը) էժան ա՝ 80․000 դրամ։

Ամեն ինչ թողել եմ Արցախում։ Տղայիս, եղբորս, ամուսնուս նկարներն էլ չկարողացա բերել։ Փոշմանել եմ, կարոտում եմ։ Կբերեի, եթե ուրիշի մեքենայով չլինեի, ամեն ինչ կբերեի։ Չնայած գերեզմանները ո՞նց էի բերելու։

2mblogo (11).jpg
Հիմա իմ մազերը միշտ կարճ են

Ամուսնուս զոհվելուց հետո, մազերս կտրեցի։ Հիմա իմ մազերը միշտ կարճ են։ Տղաս էլ զոհվեց, 18 տարեկան էր։ Առաջին պատերազմն էր։ Ես մնացի մենակ։

40 տարեկանից մենակ եմ ապրում։

2mblogo (12).jpg
Ամուսնու մահից 32 տարի է անցել, պսակի մատանին Կամելիայի ձեռքին է

45 տարի հավաքարար եմ աշխատել «Արևիկ» մանկական հիվանդանոցում։

44-օրյա պատերազմին մեզ մոտ շատ էին վիրավորներ բերում, իրենց խնամել ենք, շորերը լվացել, կերակրել։ Վիրավորներ էին բերում, թողնեինք, գնայինք տու՞ն։ Գիշերներն էլ ենք մնացել։ 63 տարեկանից թոշակի եմ անցել, բայց դրանից հետո մի տարի էլ աշխատեցի։ Արցախում 100․000 դրամ ռոճիկ էի ստանում, 80․000 էլ թոշակս էր։ Հիմա մենակ թոշակս ա՝ 80․000, մեկ էլ 50․000 դրամ օգնությունը։ Բայց մենակ թոշակով ո՞նց ապրես ու տան վարձ տաս, էս օգնությունն էլ հեսա կվերջանա։

Բլոկադայի մեջ ես խանութ գնացել եմ մենակ ձեթի, հացի ու պեսոկի համար, ամեն ինչ իմ բոստանից (այգուց) ա եղել՝ իմ լոբին, իմ վարունգ–պամիդորը, իմ հայաթի (բակի) ծաղիկները։ Բլոկադայի օրերին ինձ իմ բոստանն ա պահել։ Էլի սոված լինեինք, բայց՝ մեր հողում, մեր գերեզմաններին մոտ։ Ես իմ ախպոր գերեզմանն եմ ուզում, իմ տղու, իմ ամուսնու գերեզմանն եմ ուզում։ Իմ գերեզմանն էլ ամուսնուս կողքին արդեն պատրաստ էր, քարս էլ՝ դրած։

Ստեփանակերտի ամեն ինչը կարոտում եմ, օդը՝ մաքուր, մարդիկ՝ մեկը մեկի հարային հասնող։ Էնտեղ հարևանների հետ առավոտը չայ էի խմում, էստեղ մի հարևան ունեմ՝ Արեգան, մենակ իրեն եմ ճանաչում։ Էստեղ առավոտները էնտեղի նման չեն սկսվում։ Հարևանի տուն էի գնում, իրենք էին գալիս։ Դե, հազար տարվա քո հարևանն են։ Արցախում ինձ ճանաչում էին, սիրում, հարգում։ Էստեղ դժվար ա շատ, ես մենակ էլ չեմ կարում։ Մեր նպատակները ուրիշ էին էնտեղ, էստեղ օրով ենք ապրում։

Ասում են՝ 3 միլիոն են տալու, բայց ես 3 միլիոնով ի՞նչ տուն առնեմ։

2mblogo (13).jpg
Հարևաններիս էլ եմ կարոտում, բայց հեռու են, ո՞նց հասնեմ, տեսնեմ

Ճիշտ ա, բոստանի կարիք ունեմ, բայց գյուղ էլ չեմ ուզում, հատկապես սահմանամերձ, վախենում եմ։ Արցախում երազներ քիչ էի տեսնում, հիմա, դժվար եմ քնում, միտքս չի անջատվում, եթե քնում էլ եմ, երազիս իմ տունն ա, իմ բոստանը, տղայիս գերեզմանը։

2mblogo (14).jpg
Տնից բոստան՝ Արցախում, երկու քայլ էր, հիմա Գյումրիում ամեն օր չորս հարկ վերուվար է անում

Փախստականի կարգավիճակ եմ ստացել։ Քաղաքացիություն հիմա չեմ ուզում, բա որ էլի գնամ Ղարաբաղ։ Դեռ մտածում եմ՝ տանս դուռը բացելու եմ։

Արցախում իմ մենակությունը գերեզման գնալն էր լցնում։

Հեղինակ՝

Ուսանողներ

Միլենա

Ավետիսյան

Դասախոս՝

Դասախոսներ

Մարիամ

Բարսեղյան

Թիմ՝

Թիմ

Հարություն

Մանսուրյան