dogs
ՏեքստՓետրվար 6/2023

Ինչ արժի շան կյանքը

2019-ի աշնանը՝ Ազգային ժողովը քրեականացրեց կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը։

2.png

Երկու տարի անց՝ 2021-ին, պատիժները խստացան։

3.png

Գործող Քրեական օրենսգրքում խնդիրը կարգավորվում է 307 հոդվածով։ Այն սահմանում է, որ մեղավորը կարող է պատժվել նաև հանրային աշխատանքով՝ ութսունից հարյուր ժամ տևողությամբ։ Հրազենով կրակելը, փոխադրամիջոցից և բարձրությունից նետելը, որպես կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի դրսևորումներ, այս հոդվածից հանված են։

2020-ից մինչև 2022-ի նոյեմբեր վերոնշյալ հոդվածով հարուցված քրեական գործերի պատկերը՝ ինֆոգրաֆիկայով․

Ինֆոգրաֆիկա.png

Դատարանում քննված 5 դեպքերը

ՀՀ ՔՕ 307-րդ հոդվածով հարուցված գործերից մեկով ամբաստանյալը «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Սուրեն Աղաջանյանն է։ 2019-ի դեկտեմբերի 1-ին Դիլիջանի «Գետափ» ռեստորանային համալիրի բակում նա կրակել է շան գլխին և կենդանուն զրկել կյանքից։ 2021-ի ապրիլի 15-ին դատավճիռը բեկանվել է, Սուրեն Աղաջանյանի քրեական հետապնդումը դադարեցվել է, վարույթը՝ կարճվել։

Նույն հոդվածով մեղադրանք է առաջադրվել Աշոտ Գևորգյանին։ 2020-ի մարտի 27-ին Լոռու մարզի Պրիվոլնոյե գյուղում որսորդական հրացանով կրակել է շան վրա։ Վիրավոր կենդանին հասցրել է փախչել։ Գևորգյանը ճանաչվել է մեղավոր, նշանակվել է տուգանք՝ 100.000 դրամի չափով:

Շների վրա կրակելու համար դատարանի առջև է կանգնել Արթուր Հովհաննիսյանը՝ Արմավիրի Վարդանաշեն գյուղից։ Տեսնելով իր վախեցած երեխային՝ նա իրեն պատկանող որսորդական հրացանից 5 կրակոց է արձակել հարևանի շների ուղղությամբ՝ կարծելով, թե դրանք են հարձակվել երեխայի վրա։ Շներից մեկը սատկել է։ Դեպքը տեղի է ունեցել 2021-ի նոյեմբերի 10-ին։ Արթուր Հովհաննիսյանը ճանաչվել է մեղավոր և տուգանվել 100.000 դրամով։

Վարդան Հարությունյանի գործը քննվել է դատական տարբեր ատյաններում։ 2020-ի փետրվարի 22-ին Սյունիքի Արծվանիկ գյուղում նա որսորդական հրազենից դիտավորությամբ կրակել է շան վրա, ինչից հետո շունը սատկել է։ Որպես պատիժ՝ Վերաքննիչ դատարանը Վարդան Հարությունյանին նշանակել է տուգանք՝ 120.000 դրամի չափով։ Դատարանի որոշումը մարզի դատախազը բողոքարկել է և ուղարկել Վերաքննիչ դատարան։ Այստեղ բողոքը թողել են առանց քննության՝ ժամկետանց լինելու պատճառով։ Դատախազը բողոքն առանց քննության թողնելու որոշումը ևս բողոքարկել է, և գործն ուղարկվել է Վճռաբեկ դատարան։ Դեպքից երկու տարի անց՝ 2022-ի հունվարի 14-ին Վճռաբեկ դատարանը բավարարել է բողոքը և գործն ուղարկել Վերաքննիչ դատարան։ Վերաքննիչ դատարանը Վարդան Հարությունյանին ազատել է քրեական պատասխանատվությունից, վարույթը կարճվել է՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով։ Ի վերջո, Վարդան Հարությունյանը նշանակված տուգանքը չի վճարել։

Վիգեն Խաչատրյանը ևս մեղադրվում է սեփական որսորդական հրազենով թափառող շան վրա դիտավորյալ կրակելու և կյանքից զրկելու համար։ Այս գործով դատական նիստերից մեկը տեղի է ունեցել 2022-ի դեկտեմբերի 8-ին՝ Արմավիր համայնքում։ Խաչատրյանի փաստաբան Հայկ Հարությունյանը հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործը կարճելու և պաշտպանյալի հետապնդումը դադարեցնելու միջնորդություն է ներկայացրել դատարան. «Հրազենով կրակելը առկա չէ գործող Քրեական օրենսգրքում և չի կարող դիտարկվել որպես այլ դաժան վերաբերմունք, այդ իսկ պատճառով միջնորդում ենք, որ ապաքրեականացման հիմքով քրեական հետապնդումը դադարեցվի, և քրեական գործը կարճվի՝ հանցակազմի բացակայության հիմքով»,— ասել է փաստաբանը։

Մինչև 2019-ի Քրեական օրենսգրքով «Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը» սահմանվում էր այսպես.

«Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը, այն է՝ կենդանու կյանքի ընդհատումը խեղդելու, կախելու, մասնատելու, ուժեղ հարվածելու, մտրակելու, հրազենով կրակելու, թունավորելու կամ այնպիսի նյութ ներարկելու միջոցով, որ հանգեցնում է դաժան կամ ցավոտ մահվան, ողջ վիճակում կենդանուն մաշկահատելը, անդամահատելը, կրակը նետելը, բարձրությունից կամ փոխադրամիջոցներից նետելը, կենդանիների մարտեր կազմակերպելը և իրականացնելը, ինչպես նաև կենդանիների նկատմամբ սահմանված կարգի խախտմամբ գիտաուսումնական փորձարկումներ կատարելը և այլ դաժան վերաբերմունքը»։

2019-ի փոփոխությունից հետո՝ այսպես.

«Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը՝ կենդանու կյանքի ընդհատումը խեղդելու, կախելու, մասնատելու, թունավորելու կամ այնպիսի նյութ ներարկելու միջոցով, որը տառապանք պատճառելով է հանգեցնում մահվան, ողջ վիճակում կենդանու մաշկազերծումը, անդամահատումը, կենդանիների մարտի կազմակերպումը կամ իրականացումը կամ անտուն կենդանու այնպիսի հավաքը կամ բռնումը, որը հանգեցնում է կենդանու խեղմանը կամ կենդանու կյանքի ընդհատմանը, ինչպես նաև կենդանուն սահմանված կարգի խախտմամբ գիտահետազոտական, բժշկական կամ փորձարարական նպատակով օգտագործելը կամ այլ դաժան վերաբերմունքը»։

Հոդվածն ընդգրկում է ոչ բոլոր հնարավոր դեպքերը, որոնք կարող են դիտարկվել որպես դաժան վերաբերմունք։ Եվ ստացվում է, որ եթե օրենքում գրված չէ, որ, ասենք, շան վրա ազոտական թթու լցնելը դաժան վերաբերմունքի դրսևորում է, ուրեմն, պատժելի արարք չէ, եթե դա «այլ դաժան վերաբերմունք» չի որակվում։

Դատարանում մեղադրող դատախազ Հ․ Հարությունյանն ասել է․ «Օրենսդիրը նախատեսել է նաև այլ բռնի գործողություններ, որոնց մեջ կարող է քննարկվել հրազենով կրակելու եղանակը, ուստի, այս պատճառաբանության միջնորդության վերաբերյալ դիրքորոշում արտահայտելու համար դատարանին խնդրում եմ ժամանակ տրամադրել և դատական նիստը հետաձգել՝ հաջորդ դատական նիստին դիրքորոշումը ներկայացնելու համար»։

Դատարանը հաշվի է առել մեղադրող կողմի դիրքորոշումը և նիստը հետաձգել է։

Դեկտեմբերի 16-ին հրապարակվել է վճիռը․ ապաքրեականացման հիմքով քրեական գործի վարույթը կարճվել է։

ՀՀ գլխավոր դատախազության՝ մեզ տրամադրած տեղեկության համաձայն, 2021-ի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 5-ը կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին 45 հաղորդում է ստացվել։ Հարուցվել է 39 քրեական գործ, 8-ով վարույթը կարճվել է, 13-ով՝ կասեցվել, 3 գործ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, իսկ 15 քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է։

Շարունակելի….

Հեղինակ՝

Ուսանողներ

Անուշ

Մկրտչյան

Դասախոսներ՝

Դասախոսներ

Էդիկ

Բաղդասարյան

Դասախոսներ

Մարիամ

Բարսեղյան