Հոնապուր. սխտորը շատ չանեք
Ի՞նչ եփել այսօր․ հարցի պատասխանն իմ մայրը, նաև իմ մոր մայրը գրքերում են փնտրել՝ «Հայկական խոհանոց», «Խոհանոցային գաղտնիքներ», «Աշխարհը՝ խոհանոցում»։ Այս գրքերը վաղուց մեր տան գրապահարանից դուրս չեն եկել․ դրանց կարիքն արդեն չկա։ Աշխարհի բոլոր խոհանոցներն ու բաղադրատոմսերը հիմա համացանցում են։
Ուտեստի շտեմարանը մեր՝ հայկական խոհանոցի մասին է։ Այստեղ ենք գտել մոռացված հոնով ապուրը։

Հոնը թթվաշ համ ունի, հիմնականում այն օգտագործում ենք օղի կամ մուրաբա պատրաստելու համար: Քչերին է հայտնի, որ հայերը հոնով նաև ապուր են պատրաստել։ Այն եփել են հատկապես աշնանը, երբ հոնի բերքն առատ էր, իսկ առողջարար ուտեստներն անհրաժեշտություն էին։
«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ, խոհարար Սեդրակ Մամուլյանի օգնությամբ մենք էլ հոնով ապուր պատրաստեցինք ու համտեսեցինք։
Այս ապուրը համադրում է հոնի թթվությունը, բրնձի փափկությունը ու խոտաբույսերի բույրը։
Տավուշի մարզում հոնով ապուրն անվանել են «Փշեջուր», Արցախում` «Հոնի թթու», Լոռիում՝ «Հոնի սպաս»։ Այն մատուցվել է նաև Ամանորին՝ ակնկալիքով, որ նոր տարին էլ համով ու գունեղ կլինի։





Բաղադրություն

Հոնապուրի բաղադրատոմսը պարզ է, պատրաստելը՝ հեշտ։ Խոհարար Սեդրակ Մամուլյանը խորհուրդ է տալիս հոնի չիրը նախապես թրջել եռացրած ջրում, եթե ուզում եք ապուրը նռնագույն լինի։
Հոնը հարում ենք, մինչև դառնա նուրբ զանգված, հետո լցնում ենք եռացող ջրի մեջ: Երբ ջուրը սկսում է պղպջալ, ավելացնում ենք բրինձը՝ թողնելով, որ այն ներքաշի հոնի յուրահատուկ համն ու բույրը: Միասեռ խյուս ստանալու համար ավելացնում ենք ալրաջուր։ Եռման ընթացքում հավաքում ենք քափը։ Վերջում ավելացնում ենք աղ, մեղր և ուրց՝ ստեղծելով քաղցր ու աղի համերի նուրբ խաղ:
Եթե ուզում ենք համն ավելի ընդգծված լինի, ավելացնում ենք մանրացված սխտոր: Կան շրջաններ, որտեղ հավելում են սոխառած ու կարագ։

Հոնով ապուրը, ինչպես հոնը, բուժիչ հատկություն ունի։ Հարուստ է С վիտամինով, օգնում է մարսողությանը, օգտակար է մրսածության և արյան ճնշման տատանումների դեպքում։ Հոնապուրը դիետիկ կերակրատեսակ է և ավելորդ յուղեր չի պարունակում։ Բրնձի փոխարեն կարելի է օգտագործել նաև խաշած սիսեռ կամ ոսպ, թեև բրնձի համն ավելի չեզոք է։
Մենք՝ մոռացված հայկական ուտեստներով հետաքրքրվողներս, համտեսեցինք հոնով ապուրը։ Սխտորը չլիներ, բոլորս կհավանեինք։
Հոնով ապուրի տեսքը տպավորիչ է։ Կարմրավուն երանգը ուշադրություն է գրավում․ ուզում ես տեսնել, թե ինչ համ ունի անծանոթ այս ուտեստը։ Առաջին անգամ էի փորձում։
Համը չարդարացրեց իմ սպասելիքները։ Հոն-բրինձ-սխտոր-մեղր-ուրց համադրությունը յուրահատուկ է, բայց ապուրն իմ նախընտրած ուտեստը չէ։

Հոնով ապուրն ինձ համար փոքրիկ անակնկալ էր։ Տեսքը՝ կատարյալ վարդագույն, միանգամից գրավեց՝ իմ սիրած գույնն է։ Համն անսովոր էր, բայց հավանեցի։ Սխտորը մի քիչ շատ էր։ Երբ ինքս էի հոնապուր պատրաստում, սխտորը քիչ արեցի։
Զգուշացնեմ․ հոնապուրն ընդամենը քաղցր դեսերտային ուտեստ է, դրանով հյուրերին չես կշտացնի։

Հոնով ապուրի մասին 20 տարեկանում առաջին անգամ լսեցի ու համտեսեցի։ Երբեք չէի մտածի, որ հոնը կարող է ապուր էլ դառնալ։ Միտքը, որ սխտորը, հոնը, բրինձն ու կանաչին նույն ապուրի մեջ են, սկզբում վանեց, բայց փորձեցի։
Անսովոր ու հետաքրքիր համ ուներ։ Ապուրն ինձ համար մի քիչ անալի էր։ Հոնի համը շատ չէր զգացվում, սխտորի համն էլ ուժեղ էր։ Սեդրակ Մամուլյանն ասաց՝ ձևն այդպես է։

Ես նոր համերի սիրահար եմ, ու հոնով ապուր համտեսելը հետաքրքիր փորձառություն էր։ Ինձ գրավեց նախ նուրբ վարդագույնը, հետո հոնի թթվաշությունը՝ խառնված մյուս բաղադրիչների՝ ուրցի, մեղրի համ ու հոտին․ բերանումս թարմ ու հաճելի զգացողություն էր։ Էլի կուզեմ համտեսել, գուցե ինքս էլ պատրաստեմ։

Հոնով ապուրը շատ գեղեցիկ է, թվում է՝ քաղցր պետք է լինի, բայց մի քիչ թթու է։ Սխտորի սուր համն ուժեղ է զգացվում։ Դա իմ քիմքին հաճելի չէ։ Բույրը չի տպավորվել, քանի որ սխտորի հոտը շատ սուր էր։
Կարծում եմ՝ էլ չեմ փորձի։

Հոնով ապուրը՝ իր նուրբ գեղեցիկ վարդագույնով և յուրահատուկ համով, լրիվ նոր ճաշատեսակ էր ինձ համար։ Անունը հուշում է՝ գլխավոր բաղադրիչը հոնն է։ Գիտեի, որ չեմ հավանի, որովհետև չեմ սիրում անսովոր համային համադրություններ` սխտոր, հոն, ուրց։ Զգում էի քաղցրություն ու դառնություն՝ միաժամանակ։ Համն էլ, տեսքի նման, նուրբ ու թեթև էր։
Թաց աշնանն ու ամանորյա «ծանր» օրերից հետո ուտելու ապուր է։ Սառը հոնի կոմպոտը չմոռանաք։

Հեղինակներ՝
Ուսանողներ
Ալինա
Սաակյան
Ուսանողներ
Մանե
Խանդանյան
Ուսանողներ
Արևիկ
Արզումանյան
Ուսանողներ
Անի
Նավասարդյան
Ուսանողներ
Հասմիկ
Մշեցյան
Ուսանողներ
Նարե
Շավինյան
Դասախոսներ՝
Դասախոսներ
Վահան
Ստեփանյան
Դասախոսներ
Մարիամ
Բարսեղյան
Թիմ՝
Թիմ
Հարություն
Մանսուրյան