Դոնարն առանց Նիկոլի
«Գյուղում 82 տարեկան ուրիշ կին չես գտնի, որ հունձ անի»,— ասում է Դոնար տատը։ Լոռու մարզի Յաղդան գյուղ նա հարս է եկել 1979-ին՝ հարևան Սվերդլովից։ Ամուսինը՝ Նիկոլը, ազգությամբ հույն էր։
Հարազատները Յաղդան գյուղից տեղափոխվեցին Հունաստան, իսկ Նիկոլը մնաց գյուղում. ուզում էր իր երկրում ապրել։ Նիկոլն ու Դոնարը երկար տարիներ աշխատել են, տուն են կառուցել։ 2009-ին Նիկոլը մահացավ, Դոնարը մնաց երկու աղջիկների հետ։
Երկու աղջիկները, քանի գյուղում էին, օգնում էին, բայց այժմ նրանք բնակվում են Հունաստանում։ Իրեն էլ են ուզում տանել, ինքը չի ուզում, ամուր կպած է հողին։
Դոնար տատի տանն ամեն առարկա իր տեղն ունի։ Ամուսնու աշխատանքային գործիքները առանձնահատուկ խնամքով է պահում։
Պատահում է՝ գյուղացիներն ասում են՝ տանը տղամարդ չկա, գործիքները մեզ տուր, տատն առարկում է, թե տղամարդ չկա, բայց գործը կա։ Պետք եղած դեպքում՝ ինքն է դրանք օգտագործում։
Դոնար տատը հարևաններ չունի, գյուղում քիչ մարդիկ են մնացել։ Որպեսզի մենակությունը շատ չճնշի, ամբողջ օրն իրեն գործերով է զբաղեցնում։ Օրինակ՝ վերցնում է ամուսնուց մնացած մեծ գերանդին և հնձում նախ իր բակի ավելորդ խոտը, հետո՝ հարևանի, որը գնացել է արտերկիր ու բանալին թողել Դոնարին։ Հունձքից բացի՝ նաև խաղողագործությամբ է զբաղվում։
Տատն ունի հորթուկ, երկու կով ու երեք շուն։ Հորթուկի վզի պարանը՝ օրվա մեջ մի քանի անգամ փաթաթվում է ծառերի բներին, Դոնարը համբերությամբ քանդում է խճճված պարանը։ Հորթուկին բաց չի թողնում, վախենում է, որ կգնա ու չի գա․ տան տեղը դեռ չի սովորել։
Հեղինակ՝
Ուսանողներ
Նունե
Ապրեսյան
Դասախոսներ՝
Դասախոսներ
Վահան
Ստեփանյան
Դասախոսներ
Մարիամ
Բարսեղյան
Թիմ՝
Թիմ
Հարություն
Մանսուրյան