dont_panic_but_make_steps
ՏեքստՄարտ 12/2022

Խուճապի չմատնվել, բայց քայլեր ձեռնարկել. Հայաստանի ցորենի պաշարների 27%-ն է տեղական

«Բայց ինչո՞ւ են բոլորը կենտրոնանում դրա վրա: Ի վերջո, կան այլ խնդիրներ։ Միգուցե, դրանք շատ ավելի կարևոր են, քան ցորենը»,- մարտի 7-ին խորհրդարանում ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը՝ անդրադառնալով ցորենի պաշարների մասին տեղեկություններին:

Մարտի 10-ի երեկոյան հայտնի դարձավ, որ Ռուսաստանը մտադիր է մինչև 2022 թվականի օգոստոսի 31-ը ժամանակավոր արգելք կիրառել հացահատիկի արտահանման վրա, այդ թվում՝ դեպի Հայաստան արտահանման և բոլորն ավելի կենտրոնացան պարենային անվտնագության խնդրի վրա:

Այն, որ խնդիրը ավելի քան լուրջ է, երկու տվյալ են ապացուցում՝ 2020-2021թթ. Հայաստանում ներմուծվող ցորենի 99%-ը Ռուսաստանից է: Դա Հայաստանում սպառվող ցորենի 70%-ն է:

Խուճապի չմատնվել

Հացահատիկի արտահանման նախատեսվող արգելքի վերաբերյալ ռուսական մամուլում շրջանառվող տեղեկություններից հետո Հայաստանում մեղմ ասած, անհանգստություններ հնչեցին՝ կապված պարենային անվտանգության հետ։ Ոմանք նույնիսկ շտապեցին խանութներ՝ ալյուր, շաքարավազ, ձեթ և առաջնային այլ ապրանքներ գնելու։

Մարտի 11֊ի ընթացքում պաշտոնական կողմից մինչև երեկո բացատրություններ և խուճապը ցրող որևէ մեկնաբանություններ չեղան։ Միայն ժամը 19:00֊ի սահմաններում Էկոնոմիկայի նախարարությունը հայտարարություն տարածեց՝ հավաստիացնելով, որ որևէ ապրանքատեսակի գծով Հայաստանում պարենի դեֆիցիտ չկա։

Ավելին՝ հայտարարությամբ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշում է, որ նախատեսվող արգելքի վերաբերյալ պաշտոնական որոշում չկա ռուսական կողմից: «Մինչ այս պահը, ՌԴ կառավարության կողմից չկա հաստատված որոշում պարենային ապրանքների արտահանման արգելքի վերաբերյալ, հետևաբար Հայաստան ապրանքների ներմուծումն իրականացվում է բնականոն կերպով»,֊ հավաստիացնում են նախարարությունից։

Ռուսաստանի Դաշնության հացահատիկի ինքնաբավությունը, ըստ Էկոնոմիկայի նախարարության, կազմում է շուրջ 150%, ինչը նշանակում է, որ նշված երկիրն ունի բավարար պաշարներ ներքին սպառման և արտահանման համար։

«Կոչ ենք անում քաղաքացիներին խուճապային տրամադրություններ չառաջացնել և անհարկի գնումներ չկատարել»,֊ հորդորում են նախարարությունից։

Մինչև այս հայտարարությունը մեզ հետ զրույցում Էկոնոմիկայի նախարարության պարենային անվտանգության և ագրովերամշակման զարգացման վարչության պետ Գևորգ Ղազարյանը ևս հավաստիացրեց, որ դեռևս արգելքի որոշում չկա։ Որոշումից հետո էլ՝ ԵԱՏՄ երկրների համար լիցենզավորման գործընթաց է լինելու և դրանց հիման վրա, այդ թվում՝ դեպի Հայաստան, արտահանումներ են իրականացվելու։

Հարցին՝ արդյո՞ք դա նշանակում է, որ ցորենի գծով պարենային անվտանգության խնդիր չկա, պաշտոնյան պատասխանեց. «Այո, ըստ էության, մենք արդեն աշխատում ենք այդ ուղղությամբ, փորձում ենք շատ արագ, քանի որ դեռ արգելված չի, որոշումը կայացնելուց հետո մենք օպերատիվ կաշխատենք, որ այդ ընթացակարգը արագ ունենանք և լիցենզիան ստանանք»:

Երեկ օրվա երկրորդ կեսից հետո բնակչությանը փորձեց հանգստացնել նաև Էկոնոմիկայի նախարարի տեղակալ (գյուղատնտեսության գծով) Արման Խոջոյանը:

«Այսօր առավոտյան հեռախոսազրույց ունեցա ՌԴ գյուղատնտեսության փոխնախարարի հետ, ով հավաստիացրեց, որ ՌԴ հնարավոր սահմանափակումները միտված են սահմանափակել վերաարտահանումը, հետևաբար ցանկացած սահմանափակման դեպքում՝ Հայաստանին անհրաժեշտ պահանջարկը լրացնելու մեխանիզմներ կգտնվեն»,֊ ֆեյսբուքյան իր էջում հայտնել է նախարարի տեղակալը։

Չնայած, որ այս պահին խուճապն ամենավատ երևույթներից կլինի Հայաստանի տնտեսության համար և արհեստական նոր բացասական երևույթների կհանգեցնի ու այդ առիթով պաշտոնական կողմից մտագոհությունների փարատումը ուշացած, բայց կարևոր է, սակայն չի կարելի ասել, որ հացահատիկի՝ ցորենի գծով առհասարակ անհանգստանալու կարիք չկա։

2021 թվականի ցորենի տեղական արտադրությունը պաշարների միայն 27%֊ն է ապահովել

Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2021 թվականին Հայաստան է ներմուծվել մոտ 271 հազար տոննա ցորեն, արտադրվել է 97 հազար տոննա: Միևնույն ժամանակ, փոքր քանակությամբ նաև արտահանվել է՝ 2 հազար տոննա: Այդպիսով, ստացվել է, որ 2021 թվականին ցորենի ընդհանուր ռեսուրսները Հայաստանում կազմել են 366 հազար տոննա:

2021 թվականին Հայաստանում ցորենի ռեսուրսների միայն 27%-ն է տեղական արտադրությունը բավարարվել: Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ վերջին հինգ տարիներին Հայաստանում ցորենի ինքնաբավության աստիճանը 24-33%-ի շրջականերում է եղել: Մինչ այդ՝ 2013-2016թթ. այն ավելի բարձր է եղել՝ հասնելով 53%֊ի։

Ցորենի արտադրության ծավալը 2021 թվականին նվազագույն ցուցանիշն է վերջին տասը տարվա կտրվածքով։ Ամենաբարձր մակարդակը գրանցվել է 2015 թվականին, որից հետո աստիճանաբար նվազել է և ներմուծումը մեծ տարբերությամբ գերազանցել է արտադրությանը։

Վերջին երկու տարում Հայաստան ներմուծված ցորենի 99%-ը Ռուսաստանից է: Դրանից առաջ որոշակի խմբաքանակ ներմուծվել է նաև Ուկրաինայից, օրինակ՝ 2019 թվականին ցորենի 5%-ն է ներմուծվել Ուկրաինայից:

Բացի ցորենը, Հայաստանը նաև ալյուր է ներմուծում: 2021 թվականին ներմուծվել է մոտ 21 հազար տոննա, իսկ տեղում արտադրվել է 155 հազար տոննա ալյուր:

Քայլեր ձեռնարկել

«Եթե որոշումը վերջնական ընդունվի, մեր ցորենի պաշարները, որոնք սովորաբար մեր մինչև 1 տարվա սպառման չափ են լինում, թույլ կտան, որ մեր շուկայում դեֆիցիտ չառաջանա։ Ամեն դեպքում սա չի նշանակում, որ պետք է անհոգ լինել նման իրավիճակում, երբ ամբողջ աշխարհում պարենի գները աճում են, իսկ մեզ մոտ գյուղատնտեսական ռեսուրսները ոչ ամբողջությամբ են օգտագործվում»,֊ կարծում է տնտեսագետ Նարեկ Կարապետյանը։

Ըստ նրա՝ կառավարությունը պետք է տարբեր գործիքներով խթանի գյուղատնտեսական հողերի մշակումը, որը նաև մեր տնտեսությանը թույլ կտա նվազագույն կորուստներով դուրս գալ այս իրավիճակից։

Այլ երկրներից ցորեն ներկրելու մասով, ըստ տնտեսագետի, ներկայում չարժե քննարկում անել, քանի դեռ ՌԴ-ն չի հրաժարվել ցորենի արտահանումից. «Նման սցենարը քիչ հավանական է, քանի որ ՌԴ-ում ցորենի արտահանումը մոտ 1.5 անգամ գերազանցում է ներքին սպառումը, ուստի երկիրն այլ ելք չունի, քան արտահանել ավելցուկը»։

Հացահատկի և մասնավորապես ցորենի պարենային անվտանգության թեման Հայաստանում առաջ եկավ նաև 2020 թվականին Արցախում տեղի ունեցած պատերազմից հետո: Մինչև պատերազմն Արցախում, պաշտոնական տվյալներով, տարեկան մինչև 150 հազար տոննա հատիկաընդեղեն և հացահատիկ է աճեցվել: Կոպիտ հաշվարկներով՝ Հայաստանում և Արցախում տարեկան սպառվել է 500-600 հազար տոննա հացահատիկ: Արցախն ապահովել է դրա 20-30%-ը:

Ու, չնայած ստեղծված իրավիճակին, ցորենի արտադրության ծավալները Հայաստանում 2021 թվականին նվազել են։ Ինչպես նշվեց վերևում, արտադրվել է 97 հազար տոննա ցորեն, որը 2020 թվականի համեմատ կրճատվել է մոտ 35 հազար տոննայով կամ 36%֊ով։

Կարդացեք նաև

Ներմուծվող ցորենի 99%-ը ՌԴ-ից է. Հայաստանի ապրանքային «կախվածությունը» ռուսական շուկայից՝ թվերով

Արցախում հացահատիկի 50 000 հա ցանքատարածք անցել է Ադրբեջանին. պարենային անվտանգության խնդիրը

Հեղինակներ՝

Ուսանողներ

Լիանա

Խաչատուրյան

Ուսանողներ

Եվա

Հարությունյան

Ուսանողներ

Սոնա

Հովսեփյան

Դասախոս՝

Դասախոսներ

Սեդա

Հերգնյան