unpredictable-forecasts
Long ReadՀունվար 19/2023

Տնտեսական կանխատեսումների անկանխատեսելի հետևանքները

Լավ տնտեսագետը պետք է կարողանա անել 2 բան․ առաջին՝ կանխատեսել, թե ինչ տեղի կունենա առաջիկա մեկ տարում, և երկրորդ՝ մեկ տարի անց հիմնավորել, թե ինչու չիրականացան իր կանխատեսումները։
— Ուինսթոն Չերչիլի հայտնի ասույթի հիման վրա

Յուրաքանչյուր երկրի տնտեսական քաղաքականության բարեհաջող և արդյունավետ իրականացման համար կարևոր է տնտեսական զարգացման հստակ տեսլականի առկայությունը։ Ընդ որում, այդ տեսլականը պետք է լինի ոչ թե գաղափարական և մտացածին, այլ՝ հստակ չափելի և գնահատելի, որպեսզի հիմք դառնա քաղաքականության բյուջետավորման և ծրագրերի իրագործման համար։ Այդ կանխատեսումները տնտեսական քաղաքականության, իրականացվող ծախսերի և պետական պարտքի կառավարման հիմքն են։ Չնայած այդ կարևորությանը՝ կանխատեսումների գործընթացի, դրանք իրականացնողների, ինչպես նաև գործընթացի արդյունավետության մասին գրեթե չի խոսվում։ Ի՞նչ է կանխատեսումը, ովքե՞ր են այն իրականացնում, ինչպե՞ս և ի՞նչ գործիքակազմով։ Այս հարցերի պատասխանը քչերին է հայտնի։ Գիտենք միայն, որ ամեն տարի պետական բյուջեի նախագծի մշակման ժամանակ վարչապետի կամ նախարարի շուրթերից հնչում են գալիք տարվա վերաբերյալ կանխատեսումները։ Բայց որքանո՞վ են իրականանում այդ կանխատեսումները, և ի՞նչ է պատահում, երբ դրանք չեն իրականանում։ Այս հարցերի պատասխանները փորձել ենք տալ ստորև։

Ի՞նչ է կանխատեսումը

Կանխատեսումը՝ դեռևս անհայտ երևույթի մասին տեսականորեն բխեցված գիտելիքն է, որը հետագայում հաստատվում է այդ երևույթի փորձնական հայտնաբերումով։ Կանխատեսումն արվում Է արդեն հայտնի օրինաչափությունների հետագա ընդհանրացման միջոցով՝ գիտական դիտումների և փորձերի հիման վրա ստացված տվյալների վիճակագրական մշակման և ընդհանրացման ճանապարհով։

Տնտեսական կանխատեսումներն իրականացվում են տեսանելի հեռանկարում չափելի ցուցիչներ ունենալու նպատակով։

Ովքե՞ր են իրականացնում կանխատեսումները

Տարբեր երկրներում տնտեսական կանխատեսումների գործառույթը պատվիրակվում է տարբեր պետական կամ հասարակական կառույցների։ Կանխատեսողների դերում կարող են հանդես գալ ինչպես պետական կառավարման ապարատի մարմինները՝ ի դեմս Ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարությունների, այնպես էլ՝ առանձնացված գրասենյակներ։ Գործառույթը կարող է պատվիրակվել նաև հասարակական կազմակերպությունների, գիտահետազոտական կամ խորհրդատվական կազմակերպությունների։

Մեզ մոտ կանխատեսումների իրականացման գործընթացը վերապահված է Ֆինանսների նախարարությանը՝ համաձայն ՀՀ կառավարության 11 հունիսի 2018 թվականի N 743-Լ որոշման։

Էդուարդ Հակոբյան
Մակրոտնտեսական քաղաքականության վարչության նախկին պետ Էդուարդ Հակոբյան։ Լուսանկարը՝ Արծվիկ Դավթյանի

Ֆինանսների նախարարության մակրոտնտեսական քաղաքականության վարչության պետը և, այսպես ասած, երկրի «գլխավոր մակրոկանխատեսողը» Էդուարդ Հակոբյանն է (այս նյութը պատրաստելուց օրեր անց Է․ Հակոբյանը նշանակվեց Ֆինանսների նախարարության փոխնախարար), իսկ կառուցվածքային հիմնական ստորաբաժանումներն են Արտաքին և իրական հատվածի կանխատեսումների բաժինները և Հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունների կոորդինացման բաժինները։ Մենք փորձեցինք հենց կանխատեսողներից ստանալ մեկնաբանություններ՝ կանխատեսումների իրականացման պրոցեսի, նպատակների և ճշգրտության մասին։

Ո՞րն է կանխատեսման նպատակը

Տնտեսական կանխատեսումները հիմք են հանդիսանում տնտեսական քաղաքականության և ռազմավարության մշակման համար, ինչպես նաև հնարավորություն են տալիս պլանավորել պետական քաղաքականության պատշաճ իրականացման համար անհրաժեշտ ծախսերն ու, ըստ այդմ, պլանավորել եկամուտները։ Հետևաբար, կարճաժամկետ հորիզոնում կանխատեսումների հիմնական նպատակը հաջորդ տարվա եկամուտների և ծախսերի հաշվարկն ու պլանավորումն է։ Սակայն, նախքան եկամուտների և ծախսերի պլանավորմանն անցնելը, անհրաժեշտ է կանխատեսել այն տնտեսական միջավայրը, որում պլանավորվելու են այդ եկամուտներն ու ծախսերը։ Ցանկացած երկրի տնտեսական իրավիճակի հիմնական բնութագրիչը համախառն ներքին արդյունքն է՝ իր իրական և անվանական արժեքներով, հետևաբար, ցանկացած կանխատեսում սկսվում է կանխատեսվող ժամանակահատվածի համար ՀՆԱ իրական աճի /տնտեսական աճ/ և անվանական ՀՆԱ-ի և գնաճի կանխատեսումներից։

Ամեն տարի պետական բյուջեի նախագծի անբաժան մասը հանդիսացող ուղերձ բացատրագրի մի բաժինը նվիրված է մակրոտնտեսական զարգացումներին, որի վերջնարդյունքը հենց տնտեսական աճի վերաբերյալ կանխատեսումներն են։ Իսկ թե որքանով են դիպուկ եղել վերջին տարիների տնտեսական աճի կանխատեսւոմները, կարելի է ստուգել, եթե համադրենք կանխատեսումային և փաստացի ցուցանիշները։

Ինչպես տեսնում ենք, տնտեսական աճի կանխատեսումների և փաստացի տվյալների գծերը չեն համընկնում, ինչը նշանակում է որ դիտարկվող ժամակահատվածում տնտեսական աճի կանխատեսումները չեն իրականացել։

— Կանխատեսումը ճշգրիտ գիտություն չէ,— ասում է Էդուարդ Հակոբյանը։

Նրա խոսքով՝ հաջորդող տարիների կանխատեսումները կատարելիս հիմք են ընդունում այդ պահին հասանելի տվյալները, որոնց վերլուծության արդյունքում ստանում են սպասվող պատկերը։

Արտաքին հատվածի կանխատեսումների և վերլուծությունների բաժնի պետ Արշալույս Հարությունյանի խոսքով՝ բնական է, որ կանխատեսումները տարբերվեն փաստացի ցուցանիշներից, հենց այդ պատճառով էլ դրանք ընդամենը կանխատեսումներ են։

Արշալույս Հարությունյան.jpg
Արտաքին հատվածի կանխատեսումների և վերլուծությունների բաժնի պետ Արշալույս Հարությունյան։ Լուսանկարը՝ Արծվիկ Դավթյանի

— Մակրոքաղաքականություն մշակելիս մենք ֆիքսում ենք մակրոմիջավայրը ձևավորող արտաքին և ներքին գործոնները, որոնք, ի վերջո, ձևավորում են տնտեսական զարգացումները։ Կամայական փոփոխություն երբ որ լինում է, մենք մեր ենթադրությունները կարող ենք ճշգրտել, և սա մեզ թույլ է տալիս, որպեսզի քաղաքականությունը, որը մշակվում է, լինի իր նպատակին ծառայող,— ասաց Արշալույս Հարությունյանը։

Վերջին տարիների զարգացումները և շեղումների պատճառները

Վերջին տարիներին փաստացի և կանխատեսվող ցուցանիշների միջև շեղումների մակարդակն աճել է։ 2022-ի պետական բյուջեի մասին օրենքը՝ ծախսերի ու եկամուտների կանխատեսումներով, Ազգային ժողովն ընդունել է 2021-ի դեկտեմբերի 9-ին։ Այդ փաստաթղթով 2022 թվականի համար կանխատեսվել էր 7% տնտեսական աճի ցուցանիշ, սակայն 2022-ին տնտեսությունը կանխատեսվածից շատ ավելի արագ է աճել։ Գրանցված բարձր տնտեսական աճի պատճառներից մեկը ռուս-ուկրաինական պատերազմն է, որը փոփոխություն մտցրեց կանխատեսումների և փաստացի տվյալների մեջ։ Ընդ որում, եթե հակամարտության առաջին փուլում, ինչպես ՌԴ-ում, այնպես էլ Հայաստանում կանխատեսվում էր տնտեսական անկում, ապա ՌԴ-ից դեպի Հայաստան մարդկանց և կապիտալի ներհոսքով, ՏՏ ոլորտի ընկերությունների և աշխատակիցների Հայաստան տեղափոխմամբ և տրանսֆերների աճով պայմանավորված՝ ունենք տնտեսության զարգացման բոլորովին այլ պատկեր։ Ավելի քան մեկ տասնամյակ սպասված երկնիշ տնտեսական աճի կարևոր նախադրյալներից մեկը դրամական փոխանցումների կտրուկ աճն էր, այդ թվում նաև ֆիզիկական անձանց կողմից։ Համաձայն ԿԲ կողմից հրապարակված տվյալների՝ 2022-ի հունվար-նոյեմբերին արտերկրից ստացված դրամական փոխանցումներն աճել են մոտ 2,6 անգամ։

Մեծ աճ է գրանցել ծառայությունների ոլորտը՝ 2022-ի հունվար-նոյեմբերին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ կազմելով 28․2%։ Շինարարության աճը նույն ժամանակահատվածում կազմել է 13․9%։ Աճել են նաև արդյունաբերությունը՝ 8.4%, առևտուրը՝ 16.2%։

Արդեն 2023թ․ պետական բյուջեի մասին օրենքի ուղերձ բացատրագրում 2022թ․ համար կանխատեսված 7% տնտեսական աճը վերանայվել է 11%-ի։ 2022-ի սպասվող արտահանման ծավալները կանխատեսման համեմատ ավելի են 46%-ով՝ նախատեսված 5 մլրդ 270.7 մլն ԱՄՆ դոլարի փոխարեն 7 մլրդ 682.8 մլն ԱՄՆ դոլար։ Չնայած նման աճի՝ արտահանումը նույնպես տուժում է տնտեսական նման զարգացումների պատճառով։ Դրամի արժևորման ֆոնին արժեզրկվում են դոլարը, ռուբլին, եվրոն և այլ արժույթները։ Դա անբարենպաստ է արտահանողների համար՝ պակասում է նրանց եկամուտը։ Իսկ ներմուծումը ավելանում է, քանի որ արտարժույթի արժեզրկումը շահավետ է ներմուծողների համար։ Ըստ 2023-ի պետբյուջեի՝ 2022-ի հունվար-օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՀՀ դրամը ԱՄՆ դոլարի նկատմամբ միջինում արժևորվել է 13․5%-ով, եվրոյի նկատմամբ՝ 26.3%-ով, իսկ ռուբլու նկատմամբ՝ 7.1%-ով։

2023-ի պետական բյուջեի նախագիծը խորհրդարանն ընդունել է 2022թ․ դեկտեմբերի 8-ին։ Փաստաթղթով՝ 2023թ․ համար դարձյալ կանխատեսվել է 7% տնտեսական աճ, որը 2022-ի երկնիշ աճի ֆոնին ռիսկային է թվում։ Եկամուտների գծով կանխատեսվում է 2,364.8 մլրդ դրամ, ծախսերի գծով՝ 2,653.7 մլրդ դրամ, դեֆիցիտը՝ 288.9 մլրդ դրամ։

«Մեղավորը գնա՞ճն է»

Մակրոտնտեսական կանխատեսումների իրականացման պրոցեսում կարևոր դերակատարում ունի նաև գնաճի ցուցանիշը։ Թեև այս ցուցանիշի կանխատեսման համար պատասխանատվությունը կրում է Կենտրոնական բանկը, սակայն դրանից ընդհանուր պատկերը չի փոխվում։ Ավելին, Կենտրոնական բանկը վարում է գնաճի նպատակադրման քաղաքականություն, որը ենթադրում է տարեկան 4% ±1,5% գնաճի մակարդակ, ինչը սակայն վերջին տարիներին հիմնականում չի իրականացել։ 2022թ․ համար կանխատեսված 5.6% գնաճը վերանայվել է 8.1%-ի։ Իրականում արձանագրվել է 8.6% գնաճ։

Ինչպես երևում է ինֆոգրաֆիկայից, վերջին 10 տարիների ընթացքում գնաճի մակարդակը ընդամենը մեկ տարվա հորիզոնում է մոտ եղել նպատակադրված մակարդակին։ Այս հանգամանքը մեծ դերակատարում է ունենում կանխատեսումների շեղումների վրա ոչ միայն առանցքային տնտեսական ցուցանիշ լինելու հանգամանքով։ Կա մեկ այլ կարևոր հանգամանք՝ պետական բյուջեի ցուցանիշները կանխատեսվում են ոչ թե իրական աճի ցուցիչներով, այլ անվանական արժեքով, իսկ գնաճի մակարդակի շեղումը նույն չափով ազդում է նաև մնացած բոլոր անվանական կանխատեսումների ճշգրտության վրա։ Հետևաբար գնաճը այս շեղումների կարևոր պատճառներից մեկն է, սակայն ոչ միակը։

Ի՞նչ հետևանք են ունենում կանխատեսումներից շեղումները

Ինչպես արդեն նշել ենք, կանխատեսումների հիմնական նպատակը հաջորդ տարվա եկամուտների և ծախսերի հաշվարկն ու պլանավորումն է։ Կանխատեսումների մասով շեղումը շղթայական ռեակցիայի էֆեկտ ունի։ Փոփոխված ցուցանիշները ենթադրում են թե՛ դրական, թե՛ բացասական հետևանքներ։

— Բոլոր ծախսային կանխատեսումների հիմքում դրվում է մակրոտնտեսական կանխատեսումներ և համապատասխան սցենարներ։ Երբ խոսում ենք, որ կառավարության այսինչ կանխատեսումը չիրականացավ, նույն ուղեցույցի մեջ հասանելի է նաև այն կանխատեսումը, թե ինչ հավանականությամբ այդ կանխատեսումը չի իրականանա։ Նախապես գնահատվում են ռիսկերը, և համապատասխան գործողություններ են արվում այդ ռիսկերը կառավարելու համար։ Օրինակ՝ բյուջեն պահուստային ֆոնդ է ունենում, կամ ունենք կայունացման հաշիվ, որ կանխատեսումներից շեղումների դեպքում բյուջեն խնդիրներ չունենա,— ասաց հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունների կոորդինացման բաժնի գլխավոր մասնագետ Նարեկ Կարապետյանը։

Նարեկ Կարապետյան
Հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունների կոորդինացման բաժնի գլխավոր մասնագետ Նարեկ Կարապետյան։ Լուսանկարը՝ Արծվիկ Դավթյանի

Եթե հարկային եկամուտների կանխատեսումները շեղվում են, շեղվում են նաև կանխատեսումները պետական բյուջեի պակասուրդի, պետական պարտքի և այլ ցուցանիշների գծով։

Ստորև ինֆոգրաֆիկայի միջոցով ներկայացվում են պետական բյուջեի պակասուրդի կանխատեսումը և փաստացի տվյալները՝ վերջին 10 տարվա ընթացքում։

Դեռևս վերջնական չեն ամփոփվել 2022-ի ցուցանիշները, սակայն այս պահին հասանելի տվյալներով պարզ է, որ 2022 թվականին տնտեսությունը աճել է շատ ավելի արագ, քան կանխատեսված էր։ Արդեն նշեցինք նաև, որ գնաճը ևս գրեթե կրկնակի գերազանցել է տարեսկզբին կանխատեսված ցուցանիշից։ Այս երկու գործոնները հիմք են հանդիսացել անվանական արտահայտմամբ ՀՆԱ-ի ծավալների ավելացման, որի արդյունքում ավելացել են նաև պետական բյուջեի եկամուտները, իսկ բյուջեի դեֆիցիտը նվազել է։ Այս դրական շղթայի մեջ սակայն կան նաև բացասական հանգամանքներ, օրինակ՝ արտաքին և ներքին աղբյուրներից պետական պարտքի ներգրավումը. որքան շեղվում են կանխատեսումները, այդչափ թերի են դառնում նաև պարտքի ներգրավման տարեսկզբի պլանները, ինչը պատճառ է դառնում կա՛մ պարտքի ծավալների չնախատեսված ավելացման, կա՛մ էլ՝ առանց անհրաժեշտության միջոցների ներգրավման։ Սա արդեն մեկ այլ հետաքրքիր ուսումնասիրության թեմա է։

Գլխավոր լուսանկարը՝ Դաթո Աբուլաձեի

Հեղինակներ՝

Ուսանողներ

Արեն

Նազարյան

Ուսանողներ

Էմմա

Միքայելյան

Դասախոս՝

Դասախոսներ

Հայկ

Բեջանյան