elmira
Ֆոտո պատմությունՀոկտեմբեր 27/2023

Էլմիրայի չվաճառվող խնձորի այգին

Էլմիրան չի էլ հիշում, թե երբ էր, որ Արցախից եկավ այստեղ՝ Նոր Արտամետ, իրենց բարեկամների մոտ։ Ամուսինը, որ արդեն 10 տարի՝ մահացել է, տեսավ իրեն, սիրահարվեց ու փախցրեց։

Հիմա միայնակ է։ Այգու գործն էլ մենակ է հասցնում։ Արդեն շատերը գիտեն, որ այգին վաճառել է ուզում, բայց ցուցանակ չի փակցնում, ձեռքը չի գնում։

zoom
DSCF5824.jpg

Թոռները սեր չունեն այգու հետ, խնձոր սիրում են, բայց գիտի, որ ծառերը չորանալու են իրենից հետո։ Երկու տղաներից մեկն այգում օգնում էր Էլմիրային, բայց նա 7 տարի առաջ մահացավ, ու հիմա Էլմիրան այգում ավելի միայնակ է։ Այգին տարեցտարի ծածկվում է չհնձվող խոտով, բայց բերք, մեկ է, տալիս է։

zoom
DSCF5859.jpg

— Գայլուկի նման ա էդ խոտը, բույսին որ փաթաթվում ա, չի թողնում աճի։ Հիմա էս խոտն ա, դե, յոլա ենք տանում։ Ինքը՝ մեզ, մենք՝ իրան։

Ամեն օր գալ չի հասցնում։ Գալիս է շաբաթը մի քանի անգամ, հիմա էլ արդեն բերքահավաքի սեզոնն է։

zoom
DSCF5864.jpg

— Բերքահավաքը քիչ-քիչ սկսվում ա, բալաս։ Ոտքերս շատ են ցավում, շունչս էլ ա կտրվում։ Տակի թափածն եմ դեռ հավաքում, չիր եմ անում, ինչն էլ նեխած ա, լավը չի, տալիս եմ հարևանի կովերին։

zoom
DSCF5897.jpg

Գյուղում շատերն այգիներ ունեն, ոմանք ունեն նաև առանձին սառնարաններ՝ ձմռանը բերքը պահելու համար։ Սառնարանների տանիքը հաճախ դառնում է չրանոց՝ ինչպես Էլմիրայինը։

— Դե, գյուղում ես ապրում։ Էստեղ ամեն ինչ պիտի գոնե 2-րդ անգամ օգտագործես կամ օգտագործման ուրիշ ձև գտնես։ Գյուղի արևը թողած՝ հո սարքով չիր չե՞մ անելու, երկրորդ հարկում լիքը տարածք ա ազատ, չիր եմ անում։

zoom
DSCF5836.jpg
zoom
DSCF5830.jpg

Ժամանակին շատ ուրախ կին է եղել Էլմիրան։ Պատմում են, որ նրանից շատախոս ու կատակասեր կին գյուղում չկար։ Բանջարեղենի ջերմոցում, որտեղ գյուղացիներից շատերն էին աշխատում, ամենաուրախն ինքն էր։ Հիմա լուռ է, երեսին տրտմություն կա, աչքերը միշտ թաց են։

zoom
DSCF5875.jpg

Տատիկս ու Էլմիրան երիտասարդ տարիներին աշխատել են բանջարեղենի ջերմոցում։

— Ես ջրի հետ չունեի, որ ջուր էր պետք լինում ջերմոցում, ես չէի գնում։ Մի անգամ տատիկիդ ընկերուհին` Ռոզիկը, վատացավ, ասեցինք՝ ըհը, մեռնում ա, գնացի ջուր բերի։ Էդ էր ու էդ, որ ես գնացի ջրի։ Հիմա ինձնից լավ ա ապրում, ինքն ինձնից շատ կապրի։

zoom
DSCF5885.jpg

Նկարելիս գյուղի մասին էի հարցնում։ Ասում էր՝ սիրում է գյուղը, հողի հետ աշխատանքը, բայց արդեն դժվարանում է, ճնշումը տատանվում է, 15 օր առաջ ընկել է այգում։ Չգիտի՝ կծախի՞ այգին, թե՞ չէ, բայց չի թողնի, որ բերքը փչանա․ խնձորը կեղևում է, կտրատում ու շարում, որ չիր դառնա։

zoom
DSCF5905.jpg
zoom
DSCF5904.jpg

Գյուղի կանանց մեջ ամենաբարձրն է։ Դժվարությամբ քայլում է այգու միջով ու մտածում՝ խոտերը դեռ իրենից ցածր են, խնձորի ծառերը չեն փակում։

zoom
DSCF5894.jpg

Հեղինակ՝

Ուսանողներ

Միլենա

Ավետիսյան

Դասախոսներ՝

Դասախոսներ

Վահան

Ստեփանյան

Դասախոսներ

Մարիամ

Բարսեղյան

Թիմ՝

Թիմ

Հարություն

Մանսուրյան