ՏեքստՆոյեմբեր 28/2022

Բնակելի վթարային շենքից քարեր են թափվում, բայց շենքը քանդման ենթակա չէ

Սուսաննա Մարգարյանի պատմությունը

«Ամուսնացել եմ էստեղ։ Ամուսնության պատճառով Մանկավարժականում ուսումս կիսատ թողեցի։ Աշխատանքի անցա Հրազդանի Սպորտկոմիտեում, հետո, մինչև փակվելը, աշխատել եմ Երևանի «Տրամվի պարկում»։ Ամուսնուս հանդիպել եմ հանրակացարանում։ Տրոլեյբուսի վարորդ էր, չնայած սովորել էր Գյուղինստիտուտում։ 20 տարի իրար հետ ապրել ենք, մի տղա ենք ունեցել, էն էլ չի ամուսնանում։ Ասում ա՝ էս պայմանների մեջ ո՞նց աղջիկ բերեմ»։

zoom
Բնակելի վթարային շենքից քարեր են թափվում 11.jpg
Սուսաննա Մարգարյանը

Սիսակյան 4 հասցեում գտնվող հանրակացարանի շենքը 5 հարկանի է, կառուցվել է 1960-ականներին՝ տրամվայի և տրոլեյբուսի վարորդների համար։ Այն ժամանակ եղել է Տրանսպորտի նախարարության ենթակայության ներքո, այսօր՝ Աջափնյակի համայնքապետարանի։

Սուսաննան հանրակացարան հարս է եկել 1975 թվականին, երբ շենքում «խալաստյակները» շատ էին, մեծ մասը՝ ռուսներ։

«Էն ժամանակ ոնց նայում էիր, ռուսներն էին տրոլեյբուս քշում։ Տղամարդիկ ավելի շատ էին, քան կանայք։ Տրոլեյբուս քշող մի հայ կին էլ կար՝ ալավերդցի Էմման։ Էսօր էլ ապրում է հանրակացարանում ու նույն գործն է անում»։

Տասնամյակներ շարունակ հանրակացարանում քիչ բան է փոխվել․ ռուսներից ոմանք հեռացել են Հայաստանից, ոմանք՝ հանրակացարանից։ Շատացել են խնդիրները՝ շենքում ու բնակիչների կյանքում։ Սուսաննան նախ թվարկում է հիվանդությունները․

«Է՛լ շաքար ունեմ, է՛լ սրտի առիթմիա, է՛լ ճնշում, ինսուլին եմ օգտագործում գիշերները։ 2-րդ կարգի հաշմանդամ եմ։ Էդ սթրեսները ինձ սենց արեցին»։

Հետո ցույց է տալիս բնակարանային պայմանները․

«Սանհանգույցը միջանցքի վերջում է, ու դեռ էն թվերից՝ ընդհանուր է։ Կոյուղին մեր գլխի վրայով է անցնում։ Էն ժամանակ էլ ենք անտեր եղել, հիմա էլ։ Ոչ մի բան շենքի համար չի արվել։ Շենքը գազաֆիկացրել են բնակիչները։ Ով ուզում էր, պիտի 60.000 դրամ տար, քաշեին։ Ես էլ էի ուզում, բայց էս մի թիքայի մեջ որտե՞ղ գազի պլիտա դնեմ։ Հա՛մ հյուրասենյակ ա, հա՛մ՝ խոհանոց»։

zoom
Բնակելի վթարային շենքից քարեր են թափվում 8.jpg
Սուսաննա Մարգարյանի 12մ² բնակարանը
zoom
Բնակելի վթարային շենքից քարեր են թափվում, բայց շենքը քանդման ենթակա չէ 13.png
Բնակարաններից մեկի սանհանգույցը

12մ², 1 լուսամուտ, 1 դուռ․ սա է Սուսաննա Մարգարյանի բնակարանի թվային պատկերը։ Շենքի մի քանի բնակիչներ դիմել են համայնքապետարան խնդրանքով՝ թույլ տալ սեփական միջոցներով փոքր պատշգամբ սարքել, որ կարողանան մաքուր օդ շնչել։ Մերժել են։ Ասում են՝ պատճառաբանել են, թե շենքը պիտի քանդվի։

«Մենք շուտ ենք էդ առաջարկությունն արել, դրանից հետո անընդհատ թաղապետ ա փոխվել։ Հիմա էլ ասում են՝ բերեք վերանորոգենք։ Սրա ի՞նչը պիտի վերանորոգեք, ամբողջը քանդվում ա։ Վերջերս շենքից մի քար պոկվել–ընկել էր ավտոմեքենայի վրա։ Մի անգամ էլ քիչ էր մնում քարը ընկներ գլխիս, հազիվ եմ փրկվել»։

zoom
Բնակելի վթարային շենքից քարեր են թափվում 1.jpg
Շենքի խարխուլ պատը

Դիմումներ պատկան մարմիններին

Թափվող քարերից ու հնարավոր վտանգներից անհանգստացած և նոր բնակարան ստանալու ակնկալիքով՝ հանրակացարանի բնակիչները ժամանակ առ ժամանակ նամակներ են ուղարկել ԱԻՆ, Երևանի քաղաքապետարան և Աջափնյակի համայնքապետարան։ Արտակարգ իրավիճակների նախարարությունից հանրակացարանի բնակիչներին տեղեկացրել են, որ ուսումնասիրել են շենքի վթարայնության խնդիրը։ Մեջբերում բնակիչներին տրամադրված 21.10.2016թ-ի եզրակացությունից․

«1… Երևան քաղաքի Սիսակյան փողոց թիվ 4 հասցեում գտնվող շենքի տեխնիկական վիճակը գտնվում է անբավարար երրորդ աստիճան, այն է՝ կոնստրուկտիվ տարրերի շահագործումը հնարավոր է միայն կապիտալ նորոգումից հետո։ 2․ Շենքի սեյսմիկ խոցելիության մակարդակը (երկրաշարժի դեպքում) գնահատվում է բարձր և խոցելի։ Հնարավոր է երկրաշարժի ժամանակ շենքի կոնստրուկցիաներում առաջանա ուժեղ վնասվածքներ, վնասվածքի աստիճանը՝ 4-րդ՝ համաձայն ՀՀՇՆ 2-5․02․2006 նորմերի 24 աղյուսակի»։

2020 թվականի դեկտեմբերի 6-ին Սիսակյան 4-ի բնակիչ Դոնարա Շահբազյանը գրություն է ստացել Երևանի քաղաքապետարանից։ Այնտեղ, մասնավորապես, գրված է․ «Շենքը գտնվում է Երևանի քաղաքապետարանի 3-րդ կարգի վնասվածության/ վերականգման-ամրացման/ բազմաբնակարան շենքերի ցանկում՝ համաձայն 2016 թվականի «Քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի և ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից հետազոտման արդյունքում տրված շենքի տեխնիկական վիճակի վերաբերյալ եզրակացությունների։ Միաժամանակ հայտնում եմ, որ Երևանի քաղաքապետարանի/շինարարության և բարեկարգման վարչության/ 2020 թվականի ծրագրով շենքերի վերականգման-ամրացման աշխատանքներ նախատեսված չեն»։

zoom
Բնակելի վթարային շենքից քարեր են թափվում 13.jpg

Խնդիրը մնում է չլուծված

Արտակարգ իրավիճակների նախարարությունը մեզ է տրամադրել Սիսակյան 4 հասցեում իրականացված ուսումնասիրությունների փաստաթղթերը․ վերջին անգամ հանրակացարանի շենքի սեյսմակայունությունը ստուգվել է 2016 թվականին։

Մինչդեռ դրան հաջորդած 6 տարիների ընթացքում Երևանում տեղի են ունեցել բազմաթիվ երկրաշարժեր, որոնց հետևանքով մայրաքաղաքում նաև փլուզման դեպքեր են գրանցվել։ Փոխվե՞լ է այդ ցնցումներից հետո Սիսակյան 4–ի հանրակացարանի սեյսմակայունության աստիճանը՝ պարզ չէ։

zoom
Բնակելի վթարային շենքից քարեր են թափվում 6.jpg
Ընդհանուր սանհանգույցներից մեկը
zoom
Բնակելի վթարային շենքից քարեր են թափվում 3.jpg
Միջանցքը

Հանրակացարանում պատրաստվում են 2023 թվականի ձմռանը․ ցրտից պաշտպանվելու համար, ինչպես ամեն տարի, ցելոֆանապատում են քարաթափվող շենքի պատուհանները։

zoom
Բնակելի վթարային շենքից քարեր են թափվում 2.jpg
Մուտքերը
zoom
Բնակելի վթարային շենքից քարեր են թափվում 10.jpg
Բնակարաններից մեկի խոհանոցը

Հեղինակ՝

Ուսանողներ

Լուսինե

Սարգսյան