Պեղումներ հուշերում
Նկար իտալացուց՝ հայկական լավաշի դիմաց
Այս նկարում մեր Գեղհովիտ գյուղն է՝ 27 տարի առաջ։ Նկարի 4 աղջիկները կանգնած են հնագույն Ալբերդ ամրոցի ավերակների վրա։ Ձախից առաջինը մայրս է։ Նա ժպիտով է հիշում օրերը, երբ իտալացի հնագետները եկել էին իրենց գյուղ՝ պեղումների։
***
— Գայան տատին կանչեց, նոր թխած մի քանի լավաշ փաթաթեց սրբիչի մեջ, թե՝ «Հելե՛ք բերդի դոշ ու տվեք իտալացիներին, ասեք՝ հյուրասիրում ենք»։ Ես ու քույրիկներս բարձրացանք բերդի դոշ՝ մեր տան դիմացի սարը։ Իտալացիներից մի կին մեզ նկարեց ու նկարը տվեց։
— Մա՛մ, էդ ո՞ր սարն ա։
— Ալբերդ ամրոցը։
Մայրս՝ Նարինեն, քույրը՝ Գոհարը, և հորեղբոր երկու աղջիկները՝ Տաթևն ու Լամարան, 1996-ի ամռանը գրեթե ամեն օր բարձրացել են իրենց տան դիմացի սարը՝ բերդի դոշը։ Այնտեղ արտասահմանցի հնագետները պեղումներ էին անում։ Դատարկ ձեռքով չեն գնացել. միշտ մի բան տարել են՝ հաց, լավաշ, պանիր, մրգեր: Երբեմն նաև գնդակ են տարել՝ բերդի դոշի հարթ ու կանաչ մակերեսին խաղալու։ Իտալացիների հետ չեն խոսել, որովհետև ամաչել են, նաև լեզուն չեն իմացել։
Միայն հնագետների գալուց հետո են մայրս և քույրերը՝ 10-13 տարեկան աղջիկներ, հետաքրքրվել, թե ինչ է թաքցնում իրենց սիրելի բերդի դոշը՝ Ալբերդ ամրոցը:
Ծովինար տատս ու մորս հորեղբոր կինը՝ Գայան տատիկը, միասին էին լավաշ թխում։
— Լավաշը թխեցի, էրեխեքի հետ ուղարկեցի իրանց։ Իրանք շնորհակալություն հայտնեցին,— պատմում է Գայան տատը։
Ծովինար տատը շարունակում է․
— Էրեխեքի հետաքրքրությունն էն էր, որ էդ հացը տանեին, իրանց նկարեին։ Իրանք դրանով էին շահագրգռված։
— Կաշառք կտային,— ծիծաղում է Գայանեն։
Երկխոսություն դարերի հետ
«Գիտություն» թերթի այս համարը հին է այնքան, որքան իտալացիների արած լուսանկարը. լույս է տեսել 1996թ. մարտի 16-ին։ «Երկխոսություն դարերի հետ» հոդվածը նորից մեր Ալբերդի մասին է։
Նախաբանում կարդում ենք, որ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան քննարկել է և հավանություն տվել Հնագիտության և ազգագրության ինստիտուտի՝ «ընթացիկ աշխատանքներում միջազգային կազմակերպությունների հետ համագործակցելու փորձին»: Ներկայացվում է Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Արամ Քալանթարյանի զեկույցը։
Դրանից տեղեկանում ենք, որ այդ տարիներին Ինստիտուտը Հայաստանի հնագույն մշակույթի ոլորտում ուսումնասիրություններ կատարելիս համագործակցել է միջազգային մի քանի գիտական կենտրոնների հետ։
Այդ համագործակցության շրջանակում 1994-95թթ․ Հայաստան է ժամանում գիտախումբ՝ Հռոմի Միքենե և Էգեա-անատոլիական ուսումնասիրությունների ինստիտուտից։ Ձևավորվում է հայ-իտալական արշավախումբ, որը դաշտային-հետազոտական աշխատանքներ է կատարում Վարդենիսի և Մարտունու շրջաններում։ Երկու տարում ուսումնասիրվում և քարտեզագրվում է շուրջ 50 ամրոց, բնակավայր, դամբարանադաշտ ու ջրանցք։ Նախնական հետախուզական պեղումներ են կատարվում նաև Ալբերդ և Մթնաձոր ամրոցների տարածքում։
Ամրոցի ներսում
Ալբերդ ամրոցը գոյություն է ունեցել մինչև մեր թվարկության 9-րդ դարը։ Այս մասին գրված է Վազգեն Պողոսյանի 1996-ին հրապարակած «Գեղհովիտ» գրքում։
Ամրոցին է պատկանել մոտ մեկ հեկտար տարածք: Կառույցն ունեցել է 150 մետր երկարություն, Եռաշերտ պարիսպներն անցել են բարձունքի եզրերով՝ միմյանցից 15-20 մետր հեռավորությամբ։ Վերջին գլխավոր պարսպի չորս անկյուններում եղել են աշտարակների հիմքերը։
Աշտարակներն ունեցել են տաշված քարեր՝ ողորկ կողմերը՝ դեպի դուրս։ Աշտարակի ճակատն ունեցել է 6,8 մ երկարություն և 3,65 մ լայնություն։ Պեղումների ընթացքում հայտնաբերվել են խեցեղենի բազմաթիվ բեկորներ, օբսիդիան քարի փշրանքներ, հում աղյուսի կտորներ: Ամրոցի ներսի հատվածում և արևմտյան լանջին երևում են քառանկյունի կացարանների պատերի մնացորդները:
Պեղումներն իրակացնող հայ-իտալական արշավախումբը հայկական կողմից գլխավորում էր Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող Սիմոն Հմայակյանը, իտալական կողմից՝ հնագետ Ռաֆայելե Բիշոնեն։
Սիմոն Հմայակյանը, շուրջ 30 տարի անց՝ հիշում է․ «Արշավախմբում ներգրավված էին երկրաբաններ, ճարտարապետներ, հնագետներ, նկարիչներ։ Ապրում էինք Գեղհովիտում՝ Ալբերդի մոտակայքում, սարալանջին՝ գյուղացիներից մեկի տանը»։
Պեղումները դադարեցվել են աշխատանքի ընթացքում առաջ եկած դժվարությունների պատճառով։
«Շերտը, որն ուզում էինք դուրս բերել, շատ խորն էր, և վտանգ կար, որ պատերը կարող էին քանդվել։ Այլևս չշարունակեցինք։ Դե, հետո էլ պեղումները վերսկսելու համար հատուկ հետաքրքրություն էր պետք, ֆինանսավորում չկար»,— պատմում է հնագետը։
Ընտանիքը, որը հյուրընկալել էր հնագետներին, բազմանդամ էր՝ 6 հոգանոց։ Ընտանիքն ապրել է երկհարկանի տան առաջին, հյուրերը՝ երկրորդ հարկում։ Ընտանիքի մայրը՝ Թամարան, ասում է՝ գյուղապետարանում էին որոշել, որ հենց իրենց տանը պետք է ապրեն։
Տունը մեծ է, դիրքը՝ բարձր։ Արշավախմբում 36 հոգի էին, պետք է բոլորին տեղավորեինք։ Երկու տարի մնացին։ Ամեն առավոտ գնում էին պեղումների, երեկոյան գալիս էին։ Իրենց գտած խեցեղենը բերում էին տուն, լվանում, չորացնում։
«Մեր ուտելիքների վրա շատ էին զարմանում, մանավանդ՝ տոլմայի։ Ես պոնչիկ ու պերաշկի էի պատրաստում։ Ծնունդ էր լինում, տորթ էի թխում։ Հայկական գինի էին խմում։ Էստեղի ամեն ինչը հավանում էին։ Ասացին, որ նորից կգան, բայց էդպես էլ չեկան»,— հիշում է Թամարան։
Նրան տպավորել են հատկապես իտալացի Ռաֆայելե Բիշոնենի խոսքերը՝ Գեղհովիտի երեխաների մասին.
«Ո՞նց է հանարավոր՝ էս քարերի, էս սարերի մեջ էսքան սիրուն երեխեք լինեն»։
2023-ի ապրիլին քույրերը որոշեցին նորից բարձրանալ իրենց մանկության սարը։ Ու չմոռացան վերցնել նաև լավաշը՝ սրբիչի մեջ փաթաթած։ Այս անգամ լավաշին սպասող իտալացիները չկային, իրենց համար էին տանում։
Հեղինակներ՝
Ուսանողներ
Լուսինե
Հակոբյան
Ուսանողներ
Լուսինե
Հակոբյան
Դասախոս՝
Դասախոսներ
Մարիամ
Բարսեղյան
Թիմ՝
Թիմ
Հարություն
Մանսուրյան