Ֆոտո պատմությունԴեկտեմբեր 3/2022

Ազգուտակ

KARIN.jpg
Տոհմածառն ավելի մեծ չափով կարող եք նայել այստեղ։

Evet, ben türkçe konuşuyorum.

(Հա, ես թուրքերեն խոսում եմ)


Բարև.

Անունս Կարին է։

Ազգուտակիս ուսումնասիրությունը սկսեց սենց. երկրորդ կիսամյակի ավարտական աշխատանքի թեմա պետք է առաջարկեի ու նախորդից հետո չէի կողմնորոշվում ինչ անել։ Սկսեցինք հետաքրքրություններիս շրջանակից` որտեղ եմ սովորել, ինչ հոբբիներ եմ ունեցել ու թե ինչ լեզուներ գիտեմ։ Կանգնեցինք թուրքերենի վրա, թե երբ, ոնց ու ինչի եմ սկսել սովորել հենց էս լեզուն։

Հարց.

Ինչի՞ սկսեցի սովորել։

Մի օր պատահական մի ֆիլմ ընտրեցի դիտելու՝ պատահականության մասին էր։ Նայում էի, ու ինչ-որ մի պահ ռուսերեն թարգմանող ձայնը սկսեց խանգարել. հետևում լսում էի դերասանների ձայնը ու ուզում էի հենց իրենց արտասանությամբ լսել ֆիլմը, թուրքերեն էին խոսում։

Իհարկե, սկզբում ռուսերեն գրվում էր, թե ինչ են խոսում. լսում էի թուրքերեն արտասանությունը ու կարդում ռուսերեն թարգմանությունը։ Շատ բառեր ունենք ընդհանուր, ու էդ դարձավ լեզուն սովորելու սկզբնակետը, հետո որոշ բառեր, հետո ուրիշները, հասա մի պահի, որ ինքնուրույն սկսեցի բայեր խոնարհել, հավելվածներով նոր բառեր սովորել, ընտրել մի թեմա ու բարձրաձայն ինքս ինձ հետ խոսել։

Լեզուն արագ ու հեշտ սովորեցի։ Ու հետագայում ծնողներիս հետ զրույցի ժամանակ եմ պարզել, որ և հորական, և մորական կողմի արմատները Արևմտյան Հայաստանից են։ Փաստորեն, պատահական, բայց իմ նախնիների հետ անմիջական կապ ունեցող լեզու էի ընտրել, որը օգնեց հետաքրքրվել ու մերոնց պատմությունը իմանալ ու ներկայացնել ֆոտոպատմության տեսքով։

00.png
Հորս եղբայրներն ու քեռիները
01.png
Մորական տատիկս՝ իր բարեկամների հետ

Եպրաքսիայի ու Փառանձեմի պատմությունը

Անվանս ընտրության ժամանակ պապիկս երեք տարբերակ էր առաջարկել՝ Կարինե (տատիկիս անունը), Հրեղեն (պապիկիս քրոջ անունը) կամ Եպրաքսիա։ Միշտ բաց էր մնում էն հարցը, թե ինչի Եպրաքսիա։

Եպրաքսիան պապիկիս տատիկն է, էն կինը որը մեծացրել է Հովհաննեսի 4 երեխաներին՝ չնայած ինքը կենսաբանորեն չէր կարող մայրանալ։ Երբ Փառանձեմը՝ Գեղեցիկի բիոլոգիական մայրը, ծննդաբերության ժամանակ մահացել է, Հովհաննեսը ամուսանցել է Եպրաքսիայի հետ, որը իր առաջին ամուսնությունից երեխա չուներ ու վերցրել էր բարեկամներից մեկի դստերը՝ Ազնիվին։

Ամեն դեպքում, անվերջ ուրախ եմ, որ էս ֆոտոպատմության հեղինակի անունը Մանուկյան Եպրաքսիա չէ։

02EPR.png
Եպրաքսիա

Քիշմօ

Պապիկիս տատիկը Քիշմիշն (Քիշմօն) է։ Իր մասին պապիկենք շատ բան չեն հիշում, գիտեն, որ փախստական է եղել, բայց թե որտեղից է եկել՝ չգիտեն։ Մտածեցի արխիվում մի տեղեկություն կլինի, գտածս թղթերում գրված էր, որ 1915 թվականների փախստականներից է, ամուսնու եղբոր՝ Մուրադի ու պապիկիս հոր՝ Սուրենի հետ են եկել։ Այդ ժամանակ Սուրենը եղել է 6 տարեկան։

Հետո ինձ պատմեցին, որ այնտեղ սեփական ալրաղաց են ունեցել, բայց հասկանում ենք, թե ինչի ու երբ են կորցրել ունեցածը։ Գաղթի ժամանակ էլ իրենց ոսկիները կճուճով թաքցրել են եկեղեցու բակում ու եկել։

Երանի ոչ մեկը գտած չլինի մինչև հասնեմ։

03QISHMO.png
Քիշմօ

Հերիքօ

Շատ կուզեի Հերիքոյին տեսած լինեի։

Իմ պատկերացմամբ յուրահատուկ ու ուժեղ կին է եղել։ Ոզմ գյուղից, հոգևորականի աղջիկ է եղել։ Գաղթի ճանապարհին կորցրել է իր 8 երեխաներին, իսկ մեծ աղջկան՝ Լուսիկին գողացել են (և այլևս ոչ մի տեղեկություն չկա իր մասին), ու երբ եկել է Հայաստան, ունեցել է ևս 4-ին։ Իրենից մնացել են իր բերած սաթե թզբեհը, արծաթյա քամարն ու թևնոցը։

Տատիկս պատմում է, որ Յիրիքնազի ամուսինը՝ Մուրադը, եղել է բոյով, կապուտաչյա տղամարդ, բայց իր նկարը չկա, որովհետև ինքը ուխտ է արել, որ մինչև ոտքը չդնի իր հայրենիք, չի նկարվելու։

04HERIQ.png
Յիրիքնազից մնացած իրերը

Պողոսը

Պողոսի պատմությունը իմանալու համար խոսել եմ իր անունը կրող թոռան հետ։ Պատմում էր, որ իրենց ազգը մեծ է եղել, ու «Սաֆարի ցեղ» են կոչել, իրենց պապի պապի անունով՝ Սաֆար։ Եղել են Առջեշ գավառի Փայ գյուղից։ Պողոսի առաջին կինը՝ Սաթիկը երեխայի հետ մնացել է տան փլատակների տակ, երկրորդ կնոջից տեղյակ չեն, իսկ երրորդ կինը՝ Զարդարը, Վան գավառի Աջավազ գյուղից է եղել։ Ինձ պատմեցին, որ իրենց տունը հենց Վանի ափին է եղել (բոլորս կուզեինք մի պահ վայելել էդ տեսարանը)։ Ու քանի որ Պողոսը Սաթիկին շատ է սիրել, Զարդարին էլ է նույն անունով կոչել….դե հիմա 🤷🏻‍♀️։

05ZARDAR.png
Զարդարն իր աղջկա՝ Նվարդի հետ

Զմրուխտը, Սահակը իր 10 երեխաներով և արխիվը

Զմրուխտը տատիկիս պապի մայրն է։

Տատիկս ասում է Շատախ (Çatak) գյուղից են եղել։ Իր որդին՝ Մանուկը, մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին ու մինչ օրս անհայտ կորածների ցուցակում է։

Արխիվում գտա նաև պապիկիս պապի հոր՝ Սահակի մասին թղթեր, որը իր 10 երեխաների հետ 1917 թվականին Ալաշկերտից եկել է Հայաստան։ Չնայած մի քանի անճշտություններին՝ վստահ էի, որ հենց իր մասին էր տվյալ հատվածը։ Ունեցածս ինֆորմացիան հիմնականում համընկնում էր` երեխաների քանակը, մոտավոր տարիքը, անունները, թե որտեղից են եկել, բայց Սահակի անվան փոխարեն այլ անուն էր (Վարդանյան Խաչո), ու մերոնք չգիտեին ինչի է տենց գրված։

06ZMR.jpg
Զմրուխտը երկու որդիների հետ

Ինձ համար հետաքրքիր ու կարևոր էր ուսումնասիրել էս ամբողջ պատմությունների շարքը, որը դեռ շարունակելու եմ։ Երբ գիտես, թե ինչ դժվարությունների միջով են անցել բոլոր էդ մարդիկ, ավելի ես արժևորում կյանքը։

Հեղինակ՝

Ուսանողներ

Կարինե

Մանուկյան

Դասախոս՝

Դասախոսներ

Վահան

Ստեփանյան