Արցախցիների մի մասը չի ստացել հասանելիք աջակցությունը
2023-ի սեպտեմբերի 19-ի դեպքերից հետո Արցախից տեղահանված Հեղինար Սարգսյանի ընտանիքի 10 անդամներից 5-ը չեն ստացել կառավարության 100.000 դրամ միանվագ աջակցությունը։ Հեղինարը դիմել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, որտեղից պարզաբանել են. «Արցախի օպերատիվ շտաբը չի հաստատում, որ դուք եղել եք Արցախում»։
«Քառասունչորսօրյա պատերազմի ժամանակ ընտանիքով Շուշիից տեղափոխվեցինք Հայաստան` Չարենցավան։ Ես չէի գա, բայց մեծ տղաս վիրավորվել էր, պիտի հետը լինեի։ Երկու ամիս ապրեցինք Չարենցավանում։ 2020-ի դեկտեմբերի 31-ին վերադարձանք Արցախ», – պատմում է Հեղինարը։
Ստեփանակերտում ապրել են վարձով, հետո, որպես Շուշիից տեղահանված մեծ ընտանիք՝ տուն են ստացել։ «Աշխատում էինք, լավ էինք ապրում», – պատմում է Հեղինար Սարգսյանը։
Ամուսինն ու կրտսեր որդին ծառայել են ՊԲ-ում՝ հակաօդային պաշտպանությունում։ Սեպտեմբերի 19-ին, երբ պատերազմը սկսվել է, տղաները հոր հետ դիրքերում են եղել։
Ստեփանակերտից դուրս են եկել սեպտեմբերի 25-ին՝ իրենց մեքենայով։ Մինչև Հակարիի կամուրջ հասնելը մեքենան փչացել է։ Հեղինարի պատմելով՝ ռուս խաղաղապահներն են օգնել Հայաստան հասնել։ «Խաղաղապահները մեր երեխաներին տարել են, տաքացրել, հետո իրենց մեքենայով հասցրել են Տեղ գյուղ, գիշերվա ժամը 3-ին»։
Իրենք էլ տարբեր մեքենաներով հասել են Հայաստան։ Դրա համար ընտանիքի մի մասը հաշվառվել է Գորիսում, մյուսը` Կոռնիձորում։
Սեպտեմբերի 27-ին ամբողջ ընտանիքը տեղափոխվել է Չարենցավան։ Ապրում են վարձով։
Ընտանիքի անդամներից 5-ը՝ Հեղինարի մեծ տղան, կինը և երեք երեխաները, միանվագ աջակցությունից օգտվել են, բայց մյուս մասը՝ Հեղինարը, ամուսինը, փոքր տղան, կինը և երեխան չեն կարողանում ստանալ կառավարությունից տրվող 100.000 դրամ աջակցությունը․ Արցախի օպերատիվ շտաբը չի հաստատում, որ նրանք եղել են Արցախում։
100.000 դրամ աջակցության գումարը վճարվում է կառավարության 1675-Լ որոշմամբ սահմանված ընթացակարգերով։ Շահառու են համարվում նրանք, ովքեր 2023-ի սեպտեմբերի 24-ից հետո անցել են Հակարիի անցակետով և ունեն Միգրացիոն ծառայությունների համապատասխան հաշվառումները։ Դրանք փոխանցվում են Միասնական սոցիալական ծառայություն, կառավարության որոշմամբ սահմանված կարգով նույնականացվում են ՍԵԿՏ-ի (Սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգ) և ՔԿԱԳ-ի (Քաղաքացիական կացության ակտերի գրանցում) հետ, ինչից հետո տեղեկատվությունը մշակվում է, և տվյալներն ուղարկվում են վճարման։
«Եթե 10 հոգանոց ընտանիքը անցել է Հակարիի կամուրջն ու գրանցվել, տրամաբանական չէ՞, որ Արցախից են եկել ու գրանցվել», – հարցրինք Միասնական սոցիալական ծառայության պետի տեղակալ Նահապետ Դավթյանին։ Պատասխանը՝ տրամաբանությունը և տեղեկատվական տվյալները տարբեր բաներ են։
«Կոնկրետ Միասնական սոցիալական ծառայությունը չի տարել որևէ հաշվառում, և ստացված տեղեկատվությունը Միգրացիոն ծառայությունն ընդամենը համադրում է մյուս շտեմարանների տեղեկատվության հետ։ Բայց եթե անձը շարունակում է պնդել, որ կա լրացուցիչ ստուգման կարիք, այդ դիմումները պետք է ուսումնասիրվեն այլ տեղեկատվական շտեմարաններով և, հաստատվելու դեպքում, դրանք կընդգրկվեն վճարման ցուցակում», – ասաց ՄՍԾ պետի տեղակալը։
Բազմաթիվ արցախցիներ տարբեր պատճառներով չեն ստացել 100.000 դրամ միանվագ դրամական օգնությունը։ Նահապետ Դավթյանի խոսքով՝ այդ խնդրին վերաբերող մոտ 1200 դիմում-բողոք են ստացել։
«Մենք փորձում ենք իրենց փոխանցած տեղեկությունը այլ ճանապարհներով էլ նույնականացնել, քանի որ Արցախի օպերատիվ շտաբի լուծարման հետևանքով դժվարություններ են առաջացել։ Ճշգրտելուց հետո շահառուները հաշվառվել են։ Մինչև վերջին դիմումը չստանա պատասխան և հստակ հիմքերով չմերժվի կամ չներառվի ցուցակների մեջ, ծրագիրը չի համարվելու փակված», – ասաց Նահապետ Դավթյանը։
Ըստ ՄՍԾ-ի տվյալների, շուրջ 109.000 մարդ արդեն ստացել է աջակցությունը։ «Այս թիվն անընդհատ ավելանում է, տվյալների ճշգրտման արդյունքում քաղաքացիների մի մասի դիմումները բավարարվում են», - ասաց Դավթյանը։ Սակայն ըստ Միգրացիոն ծառայության վերջնական ճշգրտված թվերի, սեպտեմբերի 19-ի դեպքերից հետո Հայաստան է տեղափոխվել շուրջ 108.000 մարդ։ Թվերի անհամապատասխանության պատճառը հասկանալու համար դիմեցինք Միգրացիոն ծառայություն։ Պատասխանեցին, որ «Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն աջակցություն է տալիս նաև չհաշվառված մարդկանց որոշակի խմբի՝ Հակարիի անցակետի փակման օրերին բուժման կամ կրթության հարցերով ՀՀ եկածներին։ Միաժամանակ, ՄՍԾ-ի թվում արտացոլված չեն այն մարդկանց տվյալները, որոնք դիմում-բողոք են ներկայացրել հաշվառված չլինելու մասին, դրական արդյունք են ունեցել և ստացել են իրենց աջակցությունը»։
Ըստ Միգրացիոն ծառայության՝ սկզբնական շրջանում աջակցությունից օգտվել են նաև 44-օրյա պատերազմից հետո տեղահանված մարդիկ։ Այժմ կատարվում է տվյալների ճշգրտում, որից հետո կորոշվի՝ ինչ լուծում տալ խնդրին։
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց առաջնային սպառողական ծախսերը հոգալու նպատակով իրականացվում է սոցիալական աջակցության միջոցառում՝ ամսական 50 հազարական դրամի չափով։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտնում է, որ 100.000 դրամ միանվագ աջակցություն չստացած մարդիկ նույնպես կարող են դիմել երկամսյա 50․000 դրամ սոցիալական աջակցության համար, նրանք ևս կարող են լրացնել անհրաժեշտ դիմումները համապատասխան հարթակում։
Երկամսյա 50․000 դրամ սոցիալական աջակցության դիմումները դիտարկվելու են, և աջակցություն կստանան նրանք, ովքեր կհանդիսանան 100․000 դրամ աջակցության ծրագրի շահառու և կհամապատասխանեն ծրագրի պայմաններին։
Դիմումը լրացնելու քայլերի հաջորդականությունը ներկայացված է այստեղ։
Լուսանկարը՝ Նարեկ Ալեքսանյանի, «Հետք»
Հեղինակներ՝
Ուսանողներ
Արմեն
Ղազարյան
Ուսանողներ
Գոհար
Սարգսյան
Դասախոսներ՝
Դասախոսներ
Էդիկ
Բաղդասարյան
Դասախոսներ
Մարիամ
Բարսեղյան
Դասախոսներ
Տիրայր
Մուրադյան
Թիմ՝
Թիմ
Հարություն
Մանսուրյան