game-over
ՏեքստՄարտ 18/2025

Game over. Հայաստանի տնտեսական աճը վերադառնում է 5%-ի շեմին

2024-ին Հայաստանի տնտեսական աճը կազմել է 5.9%, այսինքն, 2022-ին գրանցված երկնիշ աճի տեմպը շարունակել է թուլանալ։ Պատերազմող Ռուսաստանից մարդկանց ու կապիտալի հոսքը Հայաստան 2022-ին մեծ նշանակություն ունեցավ հայկական տնտեսության համար։

2024-ին, ըստ տնտեսական բլոկի պատասխանատուների, Հայաստանի տնտեսությունը վերադարձավ «բնականոն» աճին, ըստ տնտեսագետների՝ կառավարությանը չի հաջողվել տեսանելիորեն մեծացնել Հայաստանի տնտեսական աճի ներուժը։

Ճգնաժամեր, քովիդ, պատերազմ. Հայաստանի տնտեսական աճի վայրիվերումները

Վիճակագրական կոմիտեի տվյալներով (ՀՀ ՎԿ)՝ 2009-ից ի վեր Հայաստանում տարեկան ամենաբարձր տնտեսական աճը գրանցվել է 2022-ին՝ 12.6%։

2022-ի փետրվարին սկսված ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Ռուսաստանը հայտնվեց Արևմուտքի տնտեսական պատժամիջոցների տակ։ Արևմտյան մի շարք երկրներ՝ ամբողջությամբ, մի մասն էլ՝ որոշ սահմանափակումներով, արգելեցին Ռուսաստանի հետ ուղիղ առևտուրը, բանկային փոխանցումները, ներդրումները։ Արդյունքում, Հայաստանը դարձավ Ռուսաստանի համար այդ տնտեսական գործընթացները կազմակերպելու հիմնական տարանցիկ երկրներից մեկը։

«Աշխարհը փակվեց Ռուսաստանի համար: Հայաստանն այդ վիճակից դուրս գալու ելքերից մեկն էր: Սրա հետևանքով եղան փողի, մարդկանց, որոշ դեպքերում՝ նաև բիզնեսի տեղաշարժ դեպի Հայաստան։ Սակայն, խնդիրն այն է, որ այդ տեղաշարժերը հավերժ չէին կարող լինել»,— նշում է տնտեսագետ, ԿԲ նախկին նախագահ (1994-1998 թթ.) Բագրատ Ասատրյանը:

Ըստ նրա, եթե չլինեին այս արտաքին գործոնները, Հայաստանի տնտեսական ներուժը չէր կարող ապահովել աճի այն տեմպերը, որոնք գրանցվեցին 2022-2023 թվականներին:

«Մեր երկրի տնտեսությունը ունի աճի որոշակի ներուժ, որը կազմում է մոտավորապես 4.5%, ու սա այն դեպքում, եթե չլինի արտաքին բացասական գործոնների ազդեցությունը»,— ասում է Բագրատ Ասատրյանը:

Տնտեսագետ Նարեկ Կարապետյանի հաշվարկներով՝ 2022-ից և՛ առաջ, և՛ հետո Հայաստանի տնտեսական աճի իրական ներուժը եղել է 5%-ի շրջանակներում։

«Սա համարվում է այն ներուժը, որի դեպքում ՀՀ-ի տնտեսությունը կարող է երկարաժամկետ աճ ունենալ»,— ասում է փորձագետը։

Ավելի բարձր աճը, ըստ տնտեսագետների, ժամանակավոր գործոնների կարճաժամկետ ազդեցության հետևանք է։ 2022-2023 թվականների բարձր աճի արդյունքում Հայաստանի տնտեսական աճի ներուժը էապես չի ավելացել։ Դա է վկայում 2024-ի ավարտին գրանցված 5.9% աճը։ Չի փոխվել նաև ՀՆԱ-ի կառուցվածքը՝ տնտեսությունը մեծապես հիմնված է առևտրի ու ծառայությունների վրա։ Արդյունաբերությունն, օրինակ, թույլ է աճում։

Այսօր արտաքին գործոնների ազդեցությունը թուլացել է՝ նվազել են Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումները, մարդկանց ներհոսքը և առևտուրը, և Հայաստանի տնտեսական աճի տեմպն ընկել է։

Օրինակ՝ 2024-ի տարեկան տվյալներով Ռուսաստանից Հայաստան բանկերի միջոցով ֆիզիկական անձանց դրամական փոխանցումները կազմել են 3.8 մլրդ դոլար, որը նախորդ տարվա համեմատ կրճատվել է 125 մլն դոլարով կամ 3.2%-ով։ Մինչդեռ 2023-ին այս գումարներն աճել էին 9.7%-ով, 2022-ին՝ քառակի։

Մինչև 2008-2009թթ. համաշխարհային տնտեսական ճգնաժամը Հայաստանի տնտեսությունն աճում էր երկնիշ տեմպով՝ ընդհուպ 14%։

2009-ին տնտեսությունը շեշտակի անկում ապրեց. համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը «հասել էր» Հայաստան։ Մինչ այդ, շինարարության ծավալներն արագընթաց աճում էին։ Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն այդ աճը անվանեց «շինարարական փուչիկ»՝ աճ, որը ստեղծվել էր արհեստականորեն և «պայթեց» համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետևանքով։ Իշխանությունը, սակայն, չընդունեց, որ աճն անառողջ էր։

2009-ի անկումից հետո Հայաստանի տնտեսությունը կրկին աճել է վայրիվերումներով։ Ամենատեսանելի տատանումը գրանցվել է 2016-ին, երբ Ռուսաստանում նավթի գների անկման ֆոնին տնտեսական իրավիճակը վատթարացավ, և տարբեր խողովակներով՝ տրանսֆերտներ, արտաքին առևտուր և այլն, բացասական ազդեցությունը փոխանցվեց նաև Հայաստան։

Ցածր աճ՝ քիչ հարկեր. կանխատեսումների, խոստումների և իրականության արանքում

Պետական բյուջեի մասին օրենքով և հավելվածներով 2024-ին կանախատեսվել էր 7% տնտեսական աճ։

«Մենք հավատարիմ ենք 7% տնտեսական աճ ապահովելու կառավարության ծրագրով սահմանված թիրախին և անելու ենք ամեն ինչ 2024-ին այնպիսի տնտեսական միջավայր ստեղծելու համար, որը լավագույնս կնպաստի մեր տնտեսության ներառական զարգացման և մեր ժողովրդի ստեղծագործ ներուժի մեծացմանը»,— նշված է 2024 թվականի պետական բյուջեի ուղերձ-բացատրագրում:

Փաստացի, տնտեսական աճը 1.1 տոկոսային կետով ցածր գրանցվեց։

«Սա պայմանավորված է նաև նրանով, որ մեր տնտեսությունը նոր ուղիներ չի գտել հավելյալ աճ ապահովելու համար»,— նկատում է Բագրատ Ասատրյանը:

Տնտեսագետի խոսքով՝ այս ամենը նաև սխալ կանխատեսումների հետևանք է։ Ըստ էության՝ կառավարությունը արտաքին գործոնների վրա մեծ հույս էր դրել, սակայն տարվա ընթացքում այդ գործոններն ավելի փոքր եղան։

Բագրատ Ասատրյանի կանխատեսմամբ, առաջիկայում Հայաստանի տնտեսությունը կկանգնի ոչ միայն աճի տեմպի, այլ ընդհանրապես տնտեսության անկման վտանգի առաջ, քանի որ նախորդ երեք տարիներին տնտեսական ներուժը բարձրացնող էական քայլեր չեն արվել։

Կանխատեսվածից ցածր տնտեսական աճը շղթայաբար ազդում է հարկերի հավաքման վրա։ Դա էլ իր հերթին խախտում է բյուջեի ծախս-եկամուտ-դեֆիցիտ շղթան։

Արդեն փաստ է, որ թերկատարվել է նաև հարկերի հավաքումը։ 2024-ի ընթացքում Հայաստանի պետական բյուջե է մուտքագրվել մոտ 2 տրիլիոն 391 մլրդ դրամի հարկ և տուրք։ Սակայն 2024-ի բյուջեն պլանավորելիս՝ Կառավարությունը, այդ թվում՝ Ֆինանսների նախարարությունն ու ՊԵԿ-ը, ավելի մեծ աճ էին սպասում։ Փաստացի, հարկերի հավաքումը 223 մլրդ դրամով կամ 8.6%-ով թերակատարվել է։

Մինչև ՊԵԿ-ը կհրապարակեր այս ցուցանիշները, հարկերի թերհավաքման մասին խոսեց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ Լրագրողների հետ հանդիպմանը նա հայտարարեց, որ տարեկան տվյալներով բյուջեի հարկային եկամուտները շուրջ 200 մլրդ դրամով կթերակատարվեն։

Տնտեսագետ Նարեկ Կարապետյանի խոսքով՝ հարկերի թերակատարման վրա ազդել է տնտեսական աճի դանդաղումը, որի ժամանակ հարկային եկամուտների հավաքումը նվազում է։

«Մյուս պատճառները թիրախավորվածից ցածր տնտեսական աճն է և գնաճի սպասվածից ավելի ցածր մակարդակը»,— նշում է Նարեկ Կարապետյանը։

Տնտեսագետ Հայկ Բեջանյանը նշում է ևս մեկ պատճառ՝ պետության համախառն ներքին արդյունքի ցածր հարկունակությունը:

Նրա խոսքով՝ տնտեսական աճի տեմպը կարող է շատ բարձր լինել, բայց կարող են դանդաղ աճել այն ոլորտները, որոնք ապահովում են այդ աճը և միաժամանակ գեներացնում են հարկեր:

«Պետական բյուջեի հիմքում դրվում է տնտեսական աճի ցուցանիշը: Տնտեսական աճն է ապահովում տարվա համար նախատեսված հարկերի հավաքումը։ Հենց այստեղ է, որ հատկապես նախորդ տարվա վերջում ականատես եղանք, թե պետական բյուջեով նախատեսվածից ավելի դանդաղ տնտեսական աճն ինչպիսի բացասական ազդեցություն ունեցավ եկամուտների հավաքման վրա»,— ասում է Հայկ Բեջանյանը։

Այսինքն, եթե տնտեսությունն աճում է այն ոլորտների հաշվին, որոնք չեն հարկվում, անկախ նրանից, թե ինչքան բարձր աճ կապահովեն այդ ոլորտները, հարկունակ համախառն արդյունքը չի աճի, հետևաբար, հարկային եկամուտներն էլ չեն աճի:

«Նման պատկեր ունեցանք նաև նախորդ տարի: Չնայած տնտեսական աճի ցուցանիշը չի հասել կառավարության սահմանած թիրախին, այնուամենայնիվ, այն աճի տեմպի որոշակի ցուցանիշ արձանագրել է: Այս աճի դեպքում էլ կա խնդիր․ դա տեղի է ունեցել ոչ հարկունակ սեկտորների հաշվին: Խոսքը, բնականաբար, վերաարտահանման մասին է: Սա ևս իր հերթին խզում է առաջացրել պետական բյուջեի կանխատեսվող եկամուտների և փաստացի արձանագրված ցուցանիշի միջև»,— նշում է տնտեսագետը:

Ըստ Բեջանյանի՝ արդեն այս տարի՝ 2025-ին, ֆիսկալ առումով բավական դժվար տարի է լինելու Հայաստանի համար: Ընդ որում՝ դա վերաբերում է ոչ միայն եկամուտների հավաքմանը, այլև պետական պարտքի վերաֆինանսավորմանը, այսինքն՝ լրանում է թողարկված եվրաբոնդի ժամկետը, և պետք է վերաթողարկել:

«Պետք է իրականացնենք նաև այս տարվա բյուջեի հիմքում դրված դեֆիցիտի ֆինանսավորումը։ Դա խոշոր ֆինանսների ներգրավում է ենթադրում: Նկատի ունենանք, որ վերջին տարիներին մենք առատորեն օգտվել ենք ֆինանսական ռեսուրսների ներգրավման հնարավորությունից, հատկապես ներքին պարտքի միջոցով, և այստեղ բավականին լուրջ ռիսկեր են առաջանում, բարդ ու ծանր աշխատանք պիտի տարվի այդ ներգրավումները իրականացնելու և համապատասխան ֆինանսները հայթայթելու համար: Մի բան է, երբ դու ունես սահմանափակ կարիք և դրա մասին կարողանում ես երկար բանակցել ներդրողների հետ, այլ բան է, երբ քո այդ ֆինանսական կարիքը մեծ է, և բոլորը դա տեսնում են: Այս պարագայում ֆինանսավորում ստանալը շատ ավելի դժվար է»,— ասում է Հայկ Բեջանյանը:

Նրա խոսքով, շատ գործոններ կան, որոնք տարվա ընթացքում կարող են փոփոխվել և ազդել աճի և մյուս տնտեսական ցուցանիշների վրա։

Հայաստանի տնտեսությունն աճում է մեծապես առևտրի ու ծառայությունների հաշվին

2024-ին Հայաստանում գրանցված 5.9% տնտեսական աճի 5.23 տոկոսային կետն ապահովել են առևտուրն ու ծառայությունները։ Արդյունաբերությունն, օրինակ, ապահովել է 0.52 տոկոսային կետը։

ՀՆԱ-ի վերջին տասը տարիների կառուցվածքի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ առևտուրն ու ծառայությունները մշտապես եղել են Հայաստանի տնտեսության ամենախոշոր ոլորտները։

2024-ին, ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների, Հայաստանի ՀՆԱ-ի կառուցվածքում ամենամեծ կշիռն ունի մեծածախ ու մանրածախ առևտրի ոլորտը, որն ապահովել է ՀՆԱ-ի 13.6%-ը:

Ծառայությունների ոլորտից (տես ներքևում գտնվող ինֆոգրաֆիկան) առավել մեծ տեսակարար կշիռ ունեն անշարժ գույքի հետ կապված գործունեության ու ֆինանսների ոլորտները։

Ուսումնասիրելով ՀՆԱ-ի կառուցվածքը խոշոր խմբավորումներով՝ տեսնում ենք, որ առևտրի և ծառայությունների ոլորտն ապահովել է համախառն ներքին արդյունքի 61.4%-ը: Համեմատության համար՝ մշակող արդյունաբերության կշիռը 10.5% է, հանքարդյունաբերությանը՝ 2.9%։

Տարիների ընթացքում զգալի կրճատվել է գյուղատնտեսության կշիռը։ Եթե տասը տարի առաջ այն շուրջ 18% էր, ապա այսօր միայն 8%-ի շրջակայքում է։

Ավելացել է տեղեկատվության և կապի, առողջապահության, սոցսպասարկման ոլորտների կշիռը, նաև ֆինանսների ոլորտի կշիռը՝ հիմնականում բանկերի հաշվին։

Ինչպես օգտնվել ինֆոգրաֆիկայից

Սեղմելով տողի վրա կամ վերևի պատուհանից ընտրելով համապատասխան ոլորտը՝ կտեսնեք, թե վերջին տասը տարում ինչպես է փոխվել տնտեսության տվյալ ոլորտի տեսակարար կշիռը ՀՆԱ-ում։ Կարմիրի երանգներով նշված բոլոր բաժինները պատկանում են առևտրի և ծառայությունների ոլորտին:

zoom

Հեղինակներ՝

Ուսանողներ

Ալյոնա

Հայրապետյան

Ուսանողներ

Լուիզա

Վարդանովա

Դասախոսներ՝

Դասախոսներ

Սեդա

Հերգնյան

Դասախոսներ

Կատյա

Մամյան

Դասախոսներ

Մարիամ

Բարսեղյան

Թիմ՝

Թիմ

Հարություն

Մանսուրյան