garbage-dump
Long ReadՀունվար 22/2024

Անկատար խոստումների աղբանոցում

Հայաստանի կառավարության և Երևան քաղաքի զարգացման ծրագրերում նոր աղբավայր կառուցելու պլանը ճշգրտվում է ավելի քան 20 տարի։

Գործող աղբավայրերը փակելու, կանաչ գոտի ստեղծելու, եվրոպական չափանիշներով նոր աղբավայր և աղբի տեսակավորման, վերամշակման գործարան ունենալու քրոնիկ երազանքը երկար ճանապարհ է անցել 2 նախագահների, 2 վարչապետների, 7 քաղաքապետների պաշտոնավարման օրոք և այսօր էլ քննարկումների փուլում է։

5.jpg
10.jpg

2002թ. Երևանի քաղաքապետարանը և ճապոնական «Շիմիձու» ընկերությունը բանակցում էին աղբավայրի 52.3 հա տարածքում կենսագազի օգտահանման և էլեկտրական էներգիայի արտադրման ծրագրի շուրջ։

2004թ. հուլիսի 9-ին քաղաքապետի որոշմամբ Նուբարաշենի աղբավայրի տարածքը վարձակալության տրվեց «Էրեբունի մաքրություն» ՍՊԸ-ին։

2009թ. ճապոնական «Շիմիձու» ընկերությունը պատրաստ էր 8 միլիոն դոլար ներդնել և Նուբարաշենի աղբավայրում կենսագազի կորզման կայան կառուցել։

2010թ. Կառավարությունը դիմեց Համաշխարհային բանկին՝ Երևանի սանմաքրման և աղբահանության աշխատանքներում պետական և մասնավոր արտասահմանյան օպերատորներ ներգրավելու հարցում օժանդակության համար։

2011-2013թ. Ազգային Ժողովն ընդունեց «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքը։

2013թ. ՀՀԿ-ն ընտրություններից առաջ խոստացավ աղբի տեսակավորման և վերամշակման ձեռնարկություն հիմնել։

2014-2017թթ. Երևանի քաղաքապետարանը նպատակ ուներ ունենալ միջազգային չափանիշներին համապատասխան կենցաղային աղբի տեսակավորման և վերամշակման գործարաններ։

2015թ. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Երևանի քաղաքապետարանի միջև ստորագրվեց վարկային պայմանագիր, որով բանկը 8 միլիոն եվրոյի վարկ էր տրամադրում՝ Նուբարաշենի գործող աղբավայրի կողքին նոր աղբավայր կառուցելու համար: Լրացուցիչ 8 միլիոն եվրոյի վարկ էր տրամադրում նաև Եվրոպական ներդրումային բանկը, ևս 10 միլիոն՝ դրամաշնորհի տեսքով՝ Եվրոպական Միությունը և Արևելյան Եվրոպայի էներգետիկ արդյունավետության և շրջակա միջավայրի գործընկերության (E5P) հիմնադրամը:

2015թ․ ստեղծվեց «Երևանի քաղաքային նոր աղբավայր» ՓԲԸ-ն, որի միակ բաժնետերը Երևան համայնքն է։ Նպատակը նոր աղբավայրի շահագործման աշխատանքների համակարգումն էր։

6.jpg

2016թ․ Երևանի վարչական սահմաններում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող 24.42 հա հողամասը «Հայանտառից» փոխանցվեց Երևան համայնքին՝ նոր աղբավայր կառուցելու համար։

2017թ․ «Նոր աղբավայրի կառուցում» ծրագրի շրջանակում նախատեսվում էր Նուբարաշենի աղբավայրի հարակից շուրջ 32 հա տարածքում նախագծել, կառուցել և շահագործել եվրոպական չափանիշներին համապատասխան նոր աղբավայր, մեկուսացնել առկա աղբավայրի /աղբավայրերի/ տարածքները։ Մեկուսացնելուն զուգահեռ նախատեսվում էր ծածկել հին աղբավայրը՝ ապահովելով կուտակված գազի արտահոսքը և այրումը: Նախատեսվում էր նաև փակել տարերայնորեն առաջացած Աջափնյակի աղբավայրը:

2018-2022թթ․ Երևանի զարգացման ծրագրով պետք է կառուցվեր քաղաքային նոր աղբավայր՝ ժամանակակից միջազգային չափանիշների պահպանմամբ։ Մայրաքաղաքում աղբավերամշակման գործարանի կառուցման իրագործելիության բազմակողմ ուսումնասիրություն և անհրաժեշտության դեպքում կառուցում՝ համայնք/մասնավոր հատված փոխշահավետ համագործակցությամբ։ Չսահմանված վայրերում աղբ թափելու դեպքում խստացված վերահսկողություն՝ իրավական ակտերի հստակ ամրագրմամբ։

2019-2023թթ. Երևանի զարգացման ծրագրի հիմնախնդիրներում աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունների անբավարար մակարդակ է գրանցվում: Երևանի քաղաքային նոր աղբավայրի կառուցման և գործող աղբավայրերի մեկուսացման անհրաժեշտությունը, մայրաքաղաքում աղբավերամշակման գործարանի կառուցման և չսահմանված վայրերում աղբ թափելու նկատմամբ վերահսկողության խստացման անհրաժեշտությունը քաղաքապետարանի հիմնախնդիրների ցանկում էր:

2022թ․ Երևանի քաղաքապետարանը մշակեց հողերի աղտոտման և դեգրադացման կանխարգելման ու նվազեցման քաղաքականություն։ Թափոնների կառավարման համակարգի կատարելագործման ուղղությամբ քաղաքապետարանն իրականացրեց Երևանում թափոնների տեսակավորման պիլոտային ծրագիր։

2023թ․ Նախատեսվում էր կենցաղային աղբի տեսակավորման կետերի ընդլայնում, թափոնների վերամշակման ապահովման մշակույթի ձևավորում։ Նոր աղբավայրի կառուցում, հին աղբավայրի չեզոքացում։

2023թ․ Կառուցվելու էր կենցաղային թափոնների քաղաքային նոր աղբավայր: Կոնսերվացնելու էին գործող աղբավայրը և ստեղծելու էին կոշտ կենցաղային թափոնների վերամշակման ենթակառուցվածք։

2023թ․ Երևանի կոշտ թափոնների կառավարման ծրագրով նախատեսվում էր Նուբարաշենի աղբավայրին հարակից տարածքում կառուցել նոր աղբավայր։

Նուբարաշենի աղբավայր

7.jpg

Երևանի կենտրոնից Նուբարաշենի աղբավայր կարելի է հասնել 20-25 րոպեում՝ հեռավորությունն ընդամենը 9 կմ է։ Աղբավայրը ձևավորվել է 1950-ականներից, տարածվում է արագ և այսօր ընդգրկում է շուրջ 52.3 հա տարածք։ Աղբավայրի հարևանությամբ մարդիկ են ապրում՝ Էրեբունի և Նուբարաշեն համայնքների շուրջ 140.000 բնակիչ, իսկ մոտ 4 կիլոմետր այն կողմ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց–թանգարանն է։

Նուբարաշենի աղբավայր մուտք գործեցինք քաղաքապետարանի հատուկ թույլտվությամբ, ուղեկցորդի ներկայությամբ, սահմանափակ ժամանակով: Մեզ զգուշացրին, որ այնտեղ գտնվելը չափազանց վտանգավոր է առողջության համար։ Նկարահանումների համար ունեինք ընդամենը 30 րոպե։ Անվտանգության նկատառումով խորհուրդ տվեցին կրել դիմակ և ձեռնոց։ Հարցին՝ իսկ ինչպե՞ս են մարդիկ աշխատում նման վտանգավոր պայմաններում, մեզ պատասխանեցին՝ նրանք սովոր են այդ պայմաններին։ Աղբավայրում նաև անչափահասներ էին աշխատում։

Նուբարաշենի քաղաքային աղբավայրն օրական 1000-1300 տոննա աղբ է կուլ տալիս՝ սննդի մնացորդներ, ապակյա և պլաստիկե տարաներ, թղթեր, ռադիոակտիվ ծանր մետաղներով հագեցած իրեր, շինաղբ, բժշկական և տարաբնույթ թափոններ։ Տարիների ընթացքում կուտակված աղբը երբևէ չի չեզոքացվել։ Այն խտացել է, ծածկվել հողի շերտով ու դարձել բնապահպանական և առողջապահական մեծ սպառնալիք մայրաքաղաքի համար։ Տասնյակ մետրերով բարձրացող այս հսկայական աղբակույտը անընդհատ ծխում է՝ թունավորելով շրջակա միջավայրն ու տարածելով գարշահոտություն։ Հրդեհներն առաջանում են տարբեր պատճառներով՝ ինքնայրումից մինչև կանխամտածված հրկիզումներ, որոնք կարող են ձեռնտու լինել աղբավայրը շահագործողներին կամ նրանց մրցակիցներին։

3.jpg

Աղբանոցից առաջացած զտահեղուկները՝ թունավոր նյութերը և ծանր մետաղները, հոսելով տարածվում են հարյուրավոր մետրեր։ Չունենալով գրունտային հողի մեկուսացում՝ դրանք ներծծվում և խառնվում են գետերին, ոռոգման և խմելու ջրերին՝ թունավորելով նաև սնունդն ու մարդկանց: Իսկ ինքնայրումից և թերայրումից մթնոլորտ է արտանետվում թունավոր, քաղցկեղածին, մուտոգեն նյութեր՝ դիօքսին և ֆուրան գազեր։

1.jpg

Աղբավայրը վարակի աղբյուր է կեր հայթայթող կենդանիների, թռչունների համար, որոնք այդ վարակը նաև տարածում են։ Տասնյակ մարդիկ են աղբավայրում աշխատում՝ տեսակավորում են վերամշակման ենթակա իրերը։ Դա նրանց ապրուստի միակ միջոցն է, որը հայթայթում են գարշահոտ և փտած աղբը բաց ձեռքերով փորփրելով՝ չպաշտպանվելով թունավոր գազերի ազդեցությունից։

11.jpg

Թափոնները, որոնք հավաքվում են վերամշակելու նպատակով, կազմում են ընդհանուրի 20-30%-ը, բայց դրանք նույնպես թունավոր են և առողջության համար վտանգավոր։ Որպես առաջնային հումք՝ հավաքված աղբը բեռնատարներով տեղափոխվում է աղբի ընդունման կետեր, այնտեղից էլ՝ վերամշակող ընկերություններ։ Թղթի, պոլիէթիլենային տոպրակների ու պլաստիկ շշերի, մարտկոցների ու մետաղների թափոնները վերամշակվում են տարբեր մասնավոր ընկերություններում։

9.jpg

Զարգացած երկրներում բաց աղբանոցներն արգելված են օրենքով՝ ավելի քան երկու տասնամյակ։

Նուբարաշենի աղբավայրում մեզ ուղեկցող անձը զգուշացրեց, որ չի կարելի նկարել տեղում աշխատող մարդկանց․ նրանք խուսափում էին տեսախցիկներից: Կարգադրված էր նաև չմոտենալ ու հարցեր չտալ, բայց մեզ հաջողվեց առանց տեսախցիկի մի քանի բառ փոխանակել։ Աշխատողներից մեկն ասաց, որ մի քանի հազար դրամի դիմաց են տեսակավորում աղբը: Տարբեր տարիքի մարդիկ կային՝ հիմնականում՝ տղամարդիկ, փոքրաթիվ կանայք և անչափահասներ՝ մոտ 14-17 տարեկան:

4.jpg

Եղանք աղբանոցին շատ մոտ տեղակայված տնակներից մեկում։ Մայրն էր՝ երեք զավակների հետ՝ 18, 13, 10 տարեկան, և մի տղամարդ։ Կինն ասաց, որ տնակում են արդեն 19 տարի, և երեխաները դպրոց են հաճախում։ Բայց ակնհայտ էր, որ աղբանոցն է նրանց առօրյան։

8.jpg

Երևանի քաղաքապետարանից փորձեցինք պարզել, թե քանի գրանցված աշխատակից ունի Նուբարաշենի աղբավայրը, համայնքային որ ՊՈԱԿ-ի հաստիքներն են զբաղեցնում նրանք, և ինչ հիմքով է աղբավայրի տարածքից դուրս բերվում տեսակավորված աղբը։ Քաղաքապետարանից մեզ պատասխանեցին, որ 2004-ին «Էրեբունի մաքրություն» ՍՊԸ-ի հետ կնքվել է հողամասի վարձակալության պայմանագիր՝ վերջինիս կողմից աղբի ընդունումն ու մշակումը Նուբարաշենի 4 հասցեում կազմակերպելու նպատակով, ուստի, խորհուրդ տվեցին հարցերն ուղղել «Էրեբունի մաքրություն» ՍՊԸ–ի տնօրեն Հարություն Խաչատրյանին: Քաղաքապետարանից տրված հեռախոսահամարով նրա հետ կապ հաստատել մեզ չհաջողվեց՝ զանգերը մնացին անպատասխան:

Հարցումներ էինք ուղղել տարբեր գերատեսչություններ՝ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին, ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին, Շրջակա միջավայրի նախարարություն, Երևանի քաղաքապետարան՝ թե արդյո՞ք պահպանվում են հողային, ընդերքի, շրջակա միջավայրի, բնապահպանական և առողջապահական օրենքներն ու կանոնները, կատարվո՞ւմ են ստուգումներ և ուսումնասիրություններ աղբավայրերի շահագործման հետևանքով առաջացող վնասների և շրջակա միջավայրի աղտոտվածության մասին։ Գերատեսչություններից ոչ մեկը որևէ հետազոտության արդյունք կամ եզրակացություն մեզ չտրամադրեց։

Հեղինակներ՝

Ուսանողներ

Տաթևիկ

Աջամողլյան

Ուսանողներ

Միլենա

Ավետիսյան

Ուսանողներ

Արմեն

Խեչումյան

Ուսանողներ

Անի

Բալայան

Դասախոսներ՝

Դասախոսներ

Վահան

Ստեփանյան

Դասախոսներ

Մարիամ

Բարսեղյան

Թիմ՝

Թիմ

Հարություն

Մանսուրյան