Տունը բերում են, դնում, հետո՝ հավաքում, տանում․ Գետիկվանքի ժամանակավոր բնակիչները
Վայոց ձորի դատարկված գյուղերի հետքերով հասանք Գետիկվանք՝ Երևանից 130 կմ հեռու։ Գյուղը Հայաստանի ամենաբարձրադիրներից է՝ բարձր է ծովի մակերևույթից 2200 մետրից ավելի։
Անկանոն քարերով շարված պատեր, լույսը հազիվ ներս թողնող փոքր լուսամուտներ, ցածր, ծխնիներով հազիվ պահվող դռներ․ Գետիկվանքում երեք-չորս այսպիսի տուն կա՝ առանց տանիքի։ Տանիքի փոխարեն պարկեր են, վրաններ, փայտեր։ Հովեկներն էլ մի քանի ժամանակավոր կացարան են կառուցել՝ փայտով, թիթեղով ու գերաններով։
Գյուղի ճամփին ջուր տանող երկու կնոջ ենք հանդիպում։ Ծանոթանում ենք․
— Լրագրողներ ենք, Երևանից ենք եկել։
— Մենք Շատինից ենք, էս մեր գյուղը չի, էստեղ սար ենք նստում։
«Սար նստել» նշանակում է հավաքել անասուններին, գնալ արոտավայրերով հարուստ տարածք ու ամբողջ ամառն անցկացնել այնտեղ։
Սուսանը Գետիկվանք է եկել հունիսին, հետը բերել է 7 կով ու 7 հորթ։ Նկարվել չուզեց, բայց խոսելուն դեմ չէր։ Գետափում է ծնվել, Երևանում քույրական գործ սովորել, հետո ամուսնացել է Շատինում՝ Գետիկվանքից 50կմ հեռու։ Վեց ամառ անընդմեջ Գետիկվանք է գալիս։ Իրենից առաջ սկեսուրն էր գալիս։ Ամուսինն էլ է երբեմն սար բարձրանում, բայց չի մնում.
— Տղամարդիկ չկա՞ն էստեղ։
— Չէ, համարյա բոլորը կանայք են։
— Ինչո՞ւ։
— Դե, տղամարդը գալիս է էստեղ՝ ի՞նչ անի, մենակ կանայք ենք։ Իրենք գալիս–գնում են։
— Մեր գյուղում տղամարդիկ են անասունը տանում։
— Ձերը ո՞ր գյուղն է։
— Ապարանում է։
— Ձեր Ապարանում տղամարդիկ երևի կթում էլ են, չէ՞։
— Չէ, բայց սար գնում են, նախրչի էլ ունենք։
— Հա, դե, կարող ա՝ հերթով տանում են, բայց մենք էստեղ հերթ չենք անում։ Ամեն մեկս տանում ենք մեր կովերը, իսկ որ հերթ ա լինում, տղամարդը պիտի տանի, հո կնիկը չի՞ տանի։
Առավոտ 6-ին արթնանում է, կովերին կթում, տանում արոտավայր։ Երեկոյան 7-ին կովերը ինքնուրույն վերադառնում են: Մինչ այդ Սուսանը կաթից պանիր է սարքում, լցնում ձևամանի մեջ։ Ձևն առնելուց ու պնդանալուց հետո պանիրը բաժանում է մասերի, թաթախում աղի մեջ ու վրան պանրի հեղուկ լցնում։ Ամենօրյա այս գործողությունների արանքում Սուսանը ժամանակ է գտնում ու պարտադիր զանգում է իր 5 երեխաներին։
Հովեկները հիմնականում հեռուստացույց չունեն, աշխարհի հետ կապը հեռախոսով են պահում։ Սուսանը նորություններին հետևում է, գիտի՝ ինչ է կատարվում երկրում։
Տան ամեն ինչը, անգամ հենց տունը, ամուսնու հետ Շատինից են բերել։ Ամեն տարի փայտը, գերանը, թիթեղը, պարկը տեղափոխում ու ժամանակավոր կացարան են կառուցում։ Գնալուց էլ բերածը հավաքում են, տանում։ Ներսում մեծ հայելի է կախված։ Հարցնում ենք՝ խնամքի ի՞նչ միջոցներ ունի։ Ծիծաղում է՝ սարերում, կովերի մեջ՝ ի՞նչ խնամք։ Հետո ցույց է տալիս հայելու անկյունի սանրը, ունեցած-չունեցածը դա է։
75-ամյա Վանիկ Մանուկյանը սարից նոր է իջել՝ չորացած ծաղիկների երկու մեծ կապոց՝ թևերի տակ։ Քաղել է ավել սարքելու համար։ Բարևում ու հարցնում է.
— Սիգարետ կարո՞ղ է ունենաք։
Մեր «չէ»-ից համ տխրում է, համ՝ ուրախանում․ ասում է՝ լավ է, որ չեք ծխում։ Ծխախոտը վերջացել է, մոտակայքում էլ խանութ չկա, ստիպված պիտի սպասի, որ տղան Շատինից բերի։
Գետիկվանքի հատուկենտ քարե տներից մեկում են ապրում Վանիկ Մանուկյանն ու կինը՝ Շամամը։ Ասում է՝ տունն ադրբեջանցիներն են սարքել՝ սովետական տարիներին։ 1988-ի շարժման ժամանակ ադրբեջանցիները թողել-գնացել են։ 9 տարի առաջ կնոջ հետ եկել են, տունը հարմարեցրել, մի քիչ կահավորել, ու այն, ոչ պաշտոնապես, դարձել է իրենցը։
Գյուղում դեռ մնացել են «Գետիկ» վանքի փլատակները՝ թվագրված 13-րդ դարով։ Վանիկ պապի պատմելով՝ իր տան քարերը հենց վանքի քարերն են։
«Ես, որ քարերը տեսնում եմ, պատկերացնում եմ՝ ինչ եկեղեցի է եղել։ Սաղ քանդել են։ Եկեղեցու քարերը, հենա՛, իջացրել են գետի բերանը, առու են քցել»,— ասում է Վանիկ Մանուկյանը։
Վանիկի ու Շամամի նեղլիկ-մեղլիկ, ցածր առաստաղով տունը եղած–չեղած՝ մեկ սենյակ է։ Ներսում կա երկու մահճակալ, փայտե հին պահարան, վառարան, լամպ, պանրի համար մեծ տարաներ։ Տունը տանիք չի ունեցել, Վանիկը վերևից շիֆերներ է շարել, ներքևից՝ ալյուրի պարկեր ամրացրել։
Շամամը տանը չէ, գնացել է հորթերը բերի։ 56 տարվա ամուսիններ են, շատ բան են կիսել՝ նաև աշխատանքը, բայց Վանիկը պնդում է, որ կինն իրենից շատ է աշխատում։
Ասում է՝ սա վերջին ամառն է, որ Գետիկվանք են եկել։ Տղան այս տարի խոտհունձ չի արել, վաճառելու է անասունները.
«Ես 75 տարեկան եմ, պառավս՝ 70, ուժ չունենք, մեր բանն անցել է։ Տղաս էլ ո՛չ հող մշակել է սիրում, ո՛չ՝ անասուն պահել։ Ուզում է ընտանիքի հետ քաղաք տեղափոխվել։ Ջահելներին էս անասնապահությունը չի հետաքրքրում։ Անասունից ստացած օգուտը խոտը հնձելու, տուն հասցնելու ծախսը չի փակում։ Ծախսը շատացել է, հեշտ կյանքի հետևից են գնում»։
Գետիկվանքում ամենաշատը իր տնկած 4 տարեկան սալորի ծառն է կարոտելու։ Ամեն գալուց նախ ծառն է ստուգում, հետո՝ տունը։
Ամառները Գետիկվանքում մոտ 10 ընտանիք է բնակվում՝ բոլորն էլ Շատինից են։ Գետիկվանք են գալիս Շատինի սաստիկ շոգի պատճառով՝ ամռանն այնտեղ կարգին խոտ չի լինում, անասուն պահելը դժվար է։ Գետիկվանքում շատինցիները փոքր հողամասեր են ստեղծել, կարտոֆիլ, լոբի, վարունգ, լոլիկ են ցանում։ Կաթը չեն վաճառում, պանիր են սարքում։ Այս սեզոնին պանրի կիլոգրամը 1500 դրամ է, տարաներով հավաքում են, որ ձմռանը 2000-ով տան։
Հովեկները Գետիկվանքում բնակվում են, բայց տնավորվել չեն ուզում։ Հարմարություն չկա։ Գյուղ բերող ճամփան քարերի ու ձորերի միջով է անցնում: Գյուղում մեկ աղբյուր կա, որտեղից դույլերով ջուր են տանում, գազ չկա։ Միակ առավելությունը ձրի հոսանքն է, որը «Բազենք» փոքր հէկն անվճար տալիս է Գետիկվանքի եկվորներին։
Դրոնով նկարահանումը՝ Սարգիս Խարազյանի
Հեղինակներ՝
Ուսանողներ
Անուշ
Մկրտչյան
Ուսանողներ
Ժաննա
Բեքիրյան
Ուսանողներ
Արեն
Նազարյան
Դասախոսներ՝
Դասախոսներ
Մարիամ
Բարսեղյան
Դասախոսներ
Սարգիս
Խարազյան
Թիմ՝
Թիմ
Հարություն
Մանսուրյան