ՎիդեոՕգոստոս 5/2024

«Ազնիվ եղեք մարդկանց հետ». Գրեհեմ Սմիթը՝ հակամարտությունների լուսաբանման, հետաքննական լրագրության և փոդքասթների մասին

Հարցազրույցի հյուրը ամերիկացի լրագրող, պրոդյուսեր, Պուլիցերյան մրցանակակիր Գրեհեմ Սմիթն է։

Նրա հետ զրուցել ենք լրագրողական աշխատանքի բարդությունների, հակամարտությունների գոտուց լուսաբանման մարտահրավերների մասին։ Քննարկել ենք փոդքասթների պատրաստման և ճիշտ մատուցման նրբությունները, Պուլիցերյան մրցանակի նշանակությունը նրա համար։

— Բարի գալուստ Հայաստան։

— Շնորհակալ եմ շատ։

— Ինչպիսի՞ն է այն 25 տարի անց։

— Կարծում եմ՝ այն հիմա բոլորովին այլ է: Մեդիա դաշտը նույնպես զգալիորեն փոխվել է իմ նախորդ այցից հետո՝ մարդիկ այժմ ավելի մասնագիտացած են իրենց գործում։ Քաղաքը շատ ավելի գունեղ ու հաճելի է դարձել։ Սակայն, միևնույն ժամանակ, քաղաքական և անվտանգային իրավիճակի պատճառով մեծ լարվածություն է զգացվում, որը կարծես կախված է բոլորի գլխին. նախկինում դա այդքան ակնհայտ չէր։

— Ինչ վերաբերում է ձեր կարիերային, ի՞նչն ի սկզբանե Ձեզ գրավեց լրագրության և հակամարտությունների գոտուց լուսաբանման մեջ։

— Դեռ դպրոցական տարիքից ցանկանում էի լրագրող դառնալ։ Ավագ դպրոցում հիմնեցի ընդհատակյա թերթ, որը բացահայտում էր դպրոցի վարչակազմի հետ կապված սկանդալները։ Երբ ընդունվեցի քոլեջ, նվագում էի շատ խմբերում և ուսումնասիրում գրականություն ու պատմություն: Ես իրականում լրագրություն չեմ սովորել: Բայց երբ սկսեցի մտածել այն մասին, թե իրականում ինչ եմ ուզում անել, հասկացա, որ ուզում եմ լրագրությամբ զբաղվել, հատկապես՝ աուդիո ձևաչափով։ Սկզբում կարծում էի, թե կաշխատեմ թերթում, սակայն ի վերջո սկսեցի ստեղծել բարձրորակ աուդիոնյութեր։: Եվ դա շատ հաճելի զբաղմունք է: Հակամարտության գոտիներում գտնվելն այնքան էլ հաճելի չէ, բայց շատ հետաքրքիր է։ Տարիներ շարունակ զբաղվելով պրոդյուսերությամբ՝ ինչ-որ պահի որոշեցի վերադառնալ լրագրության ոլորտ: Այդ ժամանակ արդեն Իրաքում պատերազմ էր ընթանում, և ես սկսեցի այցելել Աֆղանստան և հակամարտության այլ գոտիներ։ Ես ամբողջ ժամանակ լրագրությամբ չեմ զբաղվել: Շատ լրագրողներ շատ ավելի շատ ժամանակ են անցկացրել ոլորտում, քան ես, բայց ես էլ եմ ունեցել իմ բաժին ներդրումը։

— Կարծո՞ւմ եք, որ շատ կարևոր բան եք անում մարդկանց համար։

— Կարծում եմ, որ մենք բոլորս փորձում ենք անել այն, ինչ կարող ենք, և հուսով ենք, որ ավելի լավ տեղեկատվությունը կօգնի մարդկանց ավելի լավ որոշումներ կայացնել: Սակայն երբեմն կարող է թվալ, թե մեր ջանքերն ապարդյուն են, և չգիտենք՝ արդյոք դրանք որևէ ազդեցություն թողնում են: Այս պարագայում մեզ մնում է միայն հուսալ որ դա այդպես է և սպասել ցանկացած արձագանքի։

— Ինչպե՞ս կարող է ժամանակակից աշխարհում մարդը ցանկանալ լրագրող դառնալ. չէ՞ որ հիմա ամեն ինչ շատ բարդ է։

— Քանի որ այնքան շատ մարդիկ կան, որ խաթարում են հասարակության վստահությունը լրագրության նկատմամբ։

— Այո, ու նաև պատերազմական իրավիճակ է, ու դա գուցե վտանգավոր աշխատանք է։

— Այո, կարծում եմ, որ միշտ էլ հնարավորություն է եղել այն մարդկանց համար, որոնք ցանկանում են լուսաբանել հակամարտություններ, քանի որ պատերազմներ միշտ եղել են։ Ներկայիս իրավիճակը, կարծում եմ, էապես չի տարբերվում անցյալից։ Լրագրությամբ զբաղվել ցանկացող մարդիկ սովորաբար աշխարհով հետաքրքրված և երբեմն էլ հետաքրքրասեր մարդիկ են։ Անձամբ ես միշտ ցանկացել եմ խորանալ մարդկանց գործերի, հատկապես՝ կառավարության գործերի մեջ՝ բացահայտելու խնդիրները և ապահովելու հաշվետվողականություն։ Ես սիրում եմ բացահայտել այն, ինչ ուրիշները չգիտեն, և սիրում եմ մարդկանց պատմել դրա մասին: Եվ ես սիրում եմ մարդկանց, նոր ծանոթություններ հաստատել և կոտրել սեփական կանխակալ կարծիքն այն մասին, թե ինչպիսին կարող են լինել մարդիկ։ Հաճախ, որևէ վայր այցելելիս, բացահայտում ես, որ մարդիկ, նույնիսկ ամենադժվարին պայմաններում, ավելի լավն են, ընկերասեր ու օգնող, քան սպասում էիր: Այսպիսով, հաշվի առնելով վերը նշվածը, լրագրության ոլորտում կան բազմաթիվ թեմաներ, որոնք չեն ենթադրում վտանգի առկայություն: Վտանգավոր իրավիճակների լուսաբանումը լրագրության միայն մի փոքր մասն է կազմում։

— Դուք խոսեցիք փաստերի ստուգումից. վստա՞հ եք, որ այն պատմություններում, որոնց մասին խոսում եք, բոլոր փաստերը ստուգված են։

— Կարծում եմ, անում ենք այն, ինչ կարող ենք։ Յուրաքանչյուր տեղեկության համար օգտագործում ենք առնվազն երկու աղբյուր։ Եթե ինչ-որ մեկը մեզ ինչ-որ բան է պատմում, փորձում ենք գտնել առնվազն մեկ մարդ, որը կկարողանա դա հաստատել կամ ասվածը հաստատող փաստաթղթեր ենք փնտրում: Ունենք նաև խմբագրման շատ խիստ գործընթաց։ Ես գնում եմ, տեղեկություններ հավաքում, հարցազրույցներ անում ու եթե ինչ-որ բան բաց եմ թողնում, մենք ունենք խմբագիր, որը ստուգում է այդ ամենը։ Մենք հաճախ քննարկում ենք. «որտեղի՞ց գիտենք այդ մասին», «կարո՞ղ ենք ևս մի քանի զանգ կատարել», «կարո՞ղ ենք հետ զանգահարել այդ մարդուն և համոզվել, որ ամեն ինչ ճիշտ ենք հասկացել»։ Եվ նույնիսկ դրանից հետո մենք ունենք փաստեր ստուգող, որը ստուգում է մեր սցենարները՝ ամսաթվերից մինչև անձնական տվյալներ՝ որտեղի՞ց է տվյալ մարդը կամ քանի՞ տարեկան է, ինչպե՞ս է ապրուստ վաստակում։ Նա ստուգում է այդ ամբողջ ինֆորմացիան և համոզվում, որ մենք ոչինչ բաց չենք թողել։ Այնպես որ, անընդհատ աշխատում ենք գործընկերների հետ։ Այնուամենայնիվ, երբեմն նաև սխալվում ենք ու այդ դեպքում հրապարակայնորեն ուղղում ենք դա՝ առանց պատասխանատվությունից խուսափելու:

— Փոդքասթների միջոցով ինչպե՞ս եք կապ հաստատում Ձեր ու լսարանի միջև։

— Դե, ես կարծում եմ, որ փոդքասթը ինչ-որ առումով տարբերվում է ռադիոյից: Երբ խոսում ենք ռադիոյում աշխատելու մասին, մենք միշտ նշում ենք, որ փորձում ենք անհատական կապ հաստատել մյուս ծայրում գտնվող անձի հետ։ Չենք խոսում մարդկանցով լի մի ամբողջ դահլիճի հետ, այլ իրականում պարզապես խոսում ենք մեկ մարդու հետ։ Սա շատ արդյունավետ մոտեցում է և իսկապես լավ է աշխատում։ Սակայն, եթե լրատվական ամսագրի համար հոդված եք գրում տեղի ունեցած իրադարձության մասին, կարևոր է կենտրոնանալ իրադարձության և այն անձի վրա, ում հետ խոսում եք, այլ ոչ թե ձեր անձնական փորձառության:

Խոսքը ոչ թե ձեր, այլ նրանց մասին պետք է լինի: Փոդքասթը, ի տարբերություն, հաճախ թույլ է տալիս և նույնիսկ պահանջում է որոշակի բազմազանություն։ Քանի որ ունկնդիրները շատ ժամանակ են անցկացնում նույն հաղորդավարի հետ, և հաճախ շարքի ողջ ընթացքում հաղորդավարները մշտապես նույն մարդիկ են մնում, հետևաբար՝ դու միշտ ձգտում ես փոփոխության։ Փնտրում ես, թե որտեղից սկսել պատմությունը և ինչպես զարգացնել այն: Ընթացքում ինչ-որ բան պետք է փոխվի, որպեսզի այն դառնա իմաստալից փորձ ունկնդրի համար։ Ունկնդիրները բաժանորդագրվում են, որպեսզի ինչ-որ չափով ճանապարհորդեն քեզ հետ: Այդ պատճառով դու էլ պետք է գոնե մի փոքր քո ներդրումն ունենաս՝՝ հաղթահարելով որոշ խոչընդոտներ։ Սա ցույց է տալիս օբյեկտիվ լրագրության մասին այն թյուր կարծիքը, թե իբր լրագրողները չունեն իրենց տեսակետը կամ կապ չունեն տեղի ունեցածի հետ: Օրինակ՝ «Բացահայտելով ճշմարտությունը» շարքի փոդքասթներից մեկը պատմում է Իրաքի պատերազմի սկզբում [ամերիկյան զինուժի կողմից] սեփական կողմի վրա կրակ բացելու միջադեպի մասին։ Հյուրերի հետ զրուցելիս ես կիսվեցի իմ սեփական ՀՏՍԽ-ի (հետտրավմատիկ սթրեսային խանգարում) փորձառությամբ: Սա կարող էր խթանել զրույցը։ Փոդքասթը հավաքելիս որոշեցինք ներառել այդ հատվածը, քանի որ այն օգնում է ունկնդիրներին հասկանալ զրույցների բնույթը՝ ինչպես է հաղորդավարը շփվում հյուրերի հետ և թույլ չի տալիս, որ հաղորդավարին ընկալեն որպես հետաքրքրություն չցուցաբերող ռոբոտ։

IMG_9477.jpeg

— 2010-ին, եթե չեմ սխալվում, Աֆղանստանում եք եղել։ Պատերազմում ընկեր եք կորցրել։

— Դևիդ Գիլկին այդ ժամանակ չի սպանվել: Նա սպանվել է դրանից մի քանի տարի անց։ Կոնկրետ այդ ուղևորության ժամանակ չեմ եղել։ Իմ գործընկեր-հաղորդավար Թոմ Բոումենն էր նրա հետ, ինչպես նաև «NPR»-ի մեկ այլ պրոդյուսեր։ Այնպես որ, այո, այդ ամենը, իսկապես, ցավալի էր:

— Դրանից հետո սկսե՞լ եք վախենալ սեփական անվտանգության համար: Եվ եղե՞լ են պահեր, երբ մտածել եք լրագրողական կարիերան թողնելու մասին:

— Ոչ։ Չգիտեմ՝ դա բնածին է, թե ինչ, բայց ես վախ չեմ զգում վտանգավոր իրավիճակներում հայտնվելիս: Երբ ռումբ է պայթում, փոխհրաձգություն է սկսվում, կամ ամեն ինչ քաոսի մեջ է, ադրենալինս բարձրանում է և ուզում եմ պատմություն անել։ Ուզում եմ գնալ դեպքի վայր և միացնել ձայնագրիչը։ Անկեղծ ասած, հենց այդպիսի աշխատանքն է օգնում ինձ կենտրոնանալ առաջադրանքի վրա՝ ռիսկի մասին մտածելու փոխարեն։ Իհարկե, պետք է գիտակցել ռիսկը և փորձել խելամիտ որոշումներ կայացնել դեպքի վայրում։ Սակայն ես իրականում երբեք չեմ վախեցել, և նման դեպքերից հետո էլ վախի զգացում չեմ ունեցել։ Ինձ վրա ավելի շատ ազդում է մշտական զգոնության և լարվածության մեջ երկար ժամանակ ապրելը։ Երբեմն դա կապված է տրավմատիկ իրադարձությունների հետ կամ երբ լսում ես, թե ինչպես են ուրիշները պատմում իրենց տրավմաների մասին: Տուն վերադառնալուց հետո այդ զգացմունքները կարող են որոշ չափով ազդել ինձ վրա։ Երբեմն դժվար է լինում շփվել մարդկանց հետ, որոնք չեն հասկանում, թե ինչի հետ ես գործ ունեցել։

— Ձեր սեփական պատմությունները պատմո՞ւմ եք Ձեր հերոսներին, որպեսզի վստահության ավելի ապահով միջավայր ստեղծեք։

— Այո, երբեմն: Սա չի նշանակում մանիպուլացնել նրանց, պարզապես լինել անկեղծ և թափանցիկ՝ հստակեցնելով իմ տեսակետը։ Երբ հարցեր եմ տալիս, զրուցակիցները գիտակցում են, որ ես էլ եմ նման փորձ ունեցել, և իրենք կարող են հանգիստ խոսել։ Կարծում եմ՝ արդարացի է նրանց հետ անկեղծ լինել և բացահայտել զրույցի էությունը։ Այս մոտեցումը հաճախ թույլ է տալիս մարդկանց բաց զրուցել ինձ հետ։ Նրանք գուցե չկարողանային կամ չցանկանային նման զրույց վարել մեկի հետ, որը չի ունեցել նույն փորձը։

— Այժմ Պուլիցերյան մրցանակ ունեք: Ինչպե՞ս եք գնահատում Ձեր նախագծերի հաջողությունը և ի՞նչ չափանիշներ եք օգտագործում դրանց ազդեցությունն ու արդյունավետությունը գնահատելու համար։

— Այո, բայց ես չեմ զգում, որ դա ինչ-որ կերպ խանգարում է ինձ: Գիտեք, կարող եք մտածել, որ մնացած բոլորն էլ պետք է լինեն Պուլիտցերյան մրցանակակիր կամ ինչ-որ մրցանակի արժանանան։ Բայց դա այդպես չէ: Երբեմն դա բախտի բան է։ Շատերը կատարում են հսկայական աշխատանք՝ անկախ նրանից, թե որտեղ են աշխատում, սակայն ոչ բոլորն են արժանանում մրցանակների, և դրանով չես կարող չափել քո արժեքը։ Լրագրության ոլորտում գործընկերների կողմից ճանաչումը, իհարկե, հաճելի է։ Կարևոր է շարունակել քրտնաջան աշխատել և անել հնարավորինս լավագույնը։ Կարծում եմ, որ Պուլիտցերյան մրցանակն ինչ-որ կերպ բացում է նաև դռներ, քանի որ ավելի հավանական է, որ քեզ լուրջ վերաբերվեն, եթե նախապես ուսումնասիրեն քեզ և տեսնեն, որ դու վստահելի ես։ Ինչ վերաբերում է արդյունավետությանը, ապա դրան հասնելը կարող է դժվար լինել։ Հետաքննող լրագրության կամ հաշվետվու պահող լրագրության միջոցով դուք կարող եք անել մի պատմություն, որի արդյունքում ինչ-որ մեկին աշխատանքից ազատեն կամ օրենքը փոխվի, ինչը չափազանց հաճելի է: Սակայն երբեմն լրագրողի դերը պարզապես հանրությանը տեղեկատվություն տրամադրելն է։ Ձեր աշխատանքն է գտնել այդ ինֆորմացիան և տալ պատասխաններ: Դրա արդյունքում իրական փոփոխություններ կլինեն, թե ոչ, երբեմն կախված չէ միայն ձեզանից: Այսպիսով, դուք ամեն ինչ անում եք պատասխանելու այն հարցերին, որոնք ձեզ են հետաքրքրել, հուսալով, որ աշխարհը ևս ուշադրություն կդարձնի դրանց։

— Ի՞նչ խորհուրդ կտաք սկսնակ լրագրողներին, որոնք շատ են հետաքրքրված հետաքննական լրագրությամբ:

— Հետաքննական լրագրությամբ զբաղվելիս խորհուրդ կտամ ավելի վաղ սկսել զբաղվել փաստաթղթերի ձեռքբերմամբ, քանի որ այն հաճախ երկար ժամանակ է պահանջում՝ պետական պաշտոնյաների հետ աշխատելու և անհրաժեշտ տեղեկությունները գտնելու համար: Մյուս խորհուրդը՝ եղեք ազնիվ մարդկանց հետ, երբ ներկայացնում եք ձեր նպատակներն ու դրդապատճառները։ Պետք չէ բացահայտել այն ամենը, ինչ գիտեք, մեկին, որը կարող է ներգրավված լինել վատ բաների մեջ, բայց մարդիկ հակված են օգնել։ Կան բազմաթիվ անձինք, որոնք հայտնվել են անբարենպաստ վիճակում, չէ՞։ Այդ անձինք իրենց վրա կրում են այլոց կայացրած որոշումների բացասական հետևանքները։ Նրանք հաճախ պատրաստ են օգնել բացահայտել ճշմարտությունը։
Որպես լրագրող՝ դուք ունեք գործիքներ և ինչ-որ բաների հասանելիություն, որոնք շատերը չունեն: Դուք կարող եք պատասխանել հարցերի և բացել դռներ, որոնք այլապես փակ կմնային: Ես կարծում եմ, որ նման ձևով օգնություն խնդրելը և ձեր նպատակների վերաբերյալ հստակ լինելը արդյունավետ է, քանի որ մարդիկ հակված են օգնել։

— Շնորհակալ եմ շատ։ Հուսով եմ՝ հաջորդ այցը Հայաստան ավելի շուտ կլինի, քան 25 տարին է։

— Շատ հաճելի էր։

Հեղինակներ՝

Ուսանողներ

Միլենա

Գևորգյան

Ուսանողներ

Անի

Բալայան

Դասախոսներ՝

Դասախոսներ

Սարգիս

Խարազյան

Դասախոսներ

Սեդա

Գրիգորյան

Թիմ՝

Թիմ

Անուշ

Մկրտչյան

Թիմ

Հարություն

Մանսուրյան

Թիմ

Լիլիթ

Թարխանյան