Նազիկ տատն ապրում է Հարթագյուղում։ Ձմռանը նրա տան պատուհանները ցելոֆանապատ են, ամռանը պատուհանի տակ ծաղիկներ են աճում։ Տան պատերի ճաքերն ու տատի դեմքի կնճիռները նույն բանն են հուշում՝ ծանր է եղել Նազիկ տատի կյանքը։
Թերթում է խունացած ընտանեկան ալբոմները։ «Զգույշ եմ բացում, սաղ ճղրտվել ա»,— ասում է Նազիկ տատը։ Նկարները շատ են՝ փակցված, չփակցված․ ոչ ալբոմներում, ոչ նկարների տոպրակներում տատի հարսանիքից մի նկար անգամ չկա։
Ամուսնուն հիշելիս տատը կատակում է՝ նախրի մեջից էշի ճակատը պաչեցի։ Բայց իրար շատ են սիրել․
«Գուգոս լավն էր, ես իրեն էի շատ սիրում, ինքը՝ ինձ»։
Երկար մազերով, սիրուն, թմբլիկ աղջիկ է եղել՝ պատմում է տատն ու պարծենում.
«Գիտե՞ս՝ քանի հոգի են եկել ուզելու, պապաս հետ ա ուղարկել, դռնից ներս չի թողել։ Բայց Գուգոն շատ ա պայքարել, մի գիշեր, մինչև լույս, ծառի վրա ա մնացել։ Մի անգամ էլ մեր շունն էր հարձակվել վրան»։
Ի վերջո, Նազիկն ընտրել է Խալաթանց տոհմի Գուգոյին ու դարձել Նազիկ Խալաթյան։ Բայց ամեն անգամ սիրո մասին խոսելիս ասում է.
«Օֆ, ես ինչ գիտեմ՝ սերն ինչ ա։ Ես շատ եմ հասկընում ինձնից, ուր մնաց՝ սերիցը հասկընամ»։
Երեք երեխա, մեծ գյուղական տուն և անվերջ աշխատանք։ Մանկապարտեզում լվացք է արել, դրանից բացի՝ ով արձակուրդ է գնացել՝ դայակ, հավաքարար, աման լվացող, նրանց գործն էլ է արել։ Կոլխոզի դաշտերում ճակնդեղ է հավաքել, գյուղի նամակ տանողն ու թերթ բաժանողն է եղել։ Այսօր ծաղիկ է վաճառում։
«Երեխեքս ինձ օգնել են, բայց բոլորի հոգսը ես էի տանում․ ամուսնուս հոգսն էլ, իմն էլ դրած ուսերիս՝ սաղ հարցերը լուծում էի։ Ինքը մենակ սալոմը կբերեր–կթափեր դուռը, թե ով դեսը կդներ, իրա գործը չէր։ Կեսրարս դեզի գլուխն էր կանգնում, ես էլ տուկի բոյին էի, տուկը ճկռտալով հանում էի դեզի գլուխը։ Էնդոր համար էսքան հիվանդությունը ձեռք բերի»։
Նազիկ տատի ամուսինը երկար տարիներ անկողնային հիվանդ է եղել, ինքն է խնամել։ Հպարտանում է, թե ամբողջ գյուղում ոչ մեկ էդպես ամուսին չի պահել։
Ծիծաղով է հիշում իր հարսանիքն ու հարսանեկան գիշերը։ Դեկտեմբերին են ամուսնացել, բայց քավորը կարճ թևերով հարսանեկան զգեստ է բերել.
«Յապոնկա թևերով դեյրա էր։ Իմ կարած երկար թևերով դեյրայի վրից հագցրին, կարմիր սումկա տվին, կարիչնիվի կոշիկներ էին բերել՝ ինձնից իրեք մետր մեծ։ Պսակը գլխիս՝ կոշիկներոով ղռղռացնելով գալիս եմ, մի նկարող էլ չկար»։
Նազիկի կարմիր պայուսակը հետո դարձել է խաղալիք․ երրորդ երեխան խաղացել է դրանով։
«Երեխեն, որ մահացավ, կարմիր սումկեն հետը դրինք, տարավ»։
«Ինչ մեղրամիս, ուրբաթամիս, շաբաթամիս, խելռանք…»․ Նազիկն ու Գուգոն «խելռել են» հարսանեկան առաջին գիշերը՝ խաշի հոտից։ Խաշը՝ գազի վրա, իրենք՝ գազի կողքին։
«Հար ի լուս (մինչև լույս) գնացին, եկան, խաշի քափը քաշին, տեսնեն՝ խաշն եփել ա, թե չէ»։
Այսպես է սկսվել Նազիկի ու Գուգոյի համատեղ կյանքը։
«Տեսա, օր ցնցում էր, բայց չիդեի, որ ժաժք ա։ Ասի՝ հեսա ամուսինս կգա, գնամ տուն, սարն էր, չոբան էր։ Եկա, տենամ՝ մեր տունը չկա, վա՜յ, մենակ դուռն ա կանգնած, կողբենքը՝ վրեն։ Ամուսինս եկավ, ասի՝ Գուգո ջան, բա մեր տունը ո՞ւր ա։ Ասավ՝ բլել ա ժաժքից, ուր ա»։
Երկրաշարժից հետո մնացած փլատակներից, բարեկամների օգնությամբ նախկին տան տեղում նորը կառուցեցին, որտեղ էլ Նազիկ տատն ապրում է հիշողություններով։ Ասում է՝ ալբոմների հետ իրեն մենակ չի զգում։
Սա նույնպես արժի կարդալ
Ուսանողներ
Անի
Ավետիսյան
Դասախոսներ
Վահան
Ստեփանյան
Դասախոսներ
Մարիամ
Բարսեղյան
Թիմ
Հարություն
Մանսուրյան