Կանաչ լու՞յս, թե՞ դեղատան խաչ
Երևանում երթևեկելը հեշտ չէ, իսկ երեկոյան ժամերին ավելի է դժվարանում։ Պատճառներից մեկն էլ քաղաքում օրեցօր շատացող անիմացիոն, վառ լուսավորությամբ արտաքին գովազդն է։ Շլացնող վահանակները, ներվային թարթող նեոնային լույսերը, մայթեզրի կանաչ խաչերը շեղում են վարորդների ուշադրությունը։
Վարորդների ասելով՝ ամենախանգարողը դեղատների վառ կանաչ լույսով խաչերն են, մանավանդ, եթե տեղադրված են մայթեզրերին՝ ճանապարհի երթևեկելի հատվածին մոտ։ Վարորդները դրանք երբեմն շփոթում են լուսացույցի կանաչ լույսի հետ ու ակամայից խախտում երթևեկության կանոնները։
«Կիևյան բարձրանալիս կանաչ լույսը տեսա, մտա Կոմիտաս, բայց ընթացքում նկատեցի, որ սխալվել եմ՝ դեղատան կանաչ խաչն էր։ Քանի որ արդեն մտել էի, անցա։ Տուգանքը եկավ, ստիպված մուծեցի»,— մեզ հետ զրույցում պատմեց վարորդներից մեկը։
«Վարորդի ընկեր» ՀԿ–ի համահիմնադիր Տիգրան Քեհյանը հիշեցնում է, որ Երևանում արտաքին գովազդ կարելի է տեղադրել միայն քաղաքապետարանի թույլտվությամբ, հետևաբար, «դա պետք է արվի ոստիկանության հետ համատեղ, որ վարորդների համար խնդիր չդառնա։ Քաղաքային իշխանությունը պետք է լրջորեն նայի, հետո ասի, թե որտեղ կարելի է արտաքին գովազդ տեղադրել, որտեղ՝ ոչ։ Հայաստանում այս հարցերը կանոնակարգված չեն․ ով որտեղ ուզում, ինչ գովազդ ուզում՝ փակցնում է»,— ասում է Տիգրան Քեհյանը։
Երևանի քաղաքապետարանից հետաքրքրվեցինք, թե որոնք են անիմացիոն և լուսավոր արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության չափորոշիչները, և՝ Ճանապարհային ոստիկանության հետ քննարկո՞ւմ են թույլտվության հարցը, եթե գովազդը տեղադրվում է ճանապարհի երթևեկելի հատվածին մոտ։ Քաղաքապետարանից պատասխանեցին․ «Երևան քաղաքի վարչական սահմաններում արտաքին գովազդի տեղաբաշխման (տեղադրման) չափորոշիչները սահմանվում են Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 37-Ն որոշման համաձայն»:
Մոտ 14 տարի առաջ ընդունված այս փաստաթղթում էկրանների լուսավորությանը վերաբերող որևէ կոնկրետ չափորոշիչ մենք չգտանք։
Համաձայն ստացված գրության՝ քաղաքապետարանը չի անտեսում նաև կանաչ խաչերի խնդիրը։
2018-ին Երևանում ապամոնտաժվել է դեղատների 53 կանաչ խաչ։ Դրանից հետո դեղատան լուսատու խաչերի ապամոնտաժման մասին տեղեկություն մենք չգտանք։ Մեր հարցմանը քաղաքապետարանից պատասխանեցին. «Պետավտոտեսչության հետ պարբերաբար իրականացվում է տեղազննում համապատասխան փողոցներում, և այն դեղատների լուսավորվող կանաչ խաչերը, որոնք խոչընդոտում կամ ասոցացվում են փողոցների խաչմերուկներում տեղադրված լուսացույցի հետ, ապամոնտաժվում են Երևանի քաղաքապետարանի կողմից»։
Քաղաքապետարանի հավաստման դեմ փաստեր չունենք, բայց ակնհայտ է, որ այսօր էլ Երևանի բազմաթիվ փողոցներում ներվային թարթում են նեոնային լույսերը, շլացնում են մեծ վահանակները, իսկ դեղատների կանաչ խաչերը շեղում են վարորդների ուշադրություն։
Հեղինակ՝
Ուսանողներ
Ֆրունզե
Ավետիսյան
Թիմ՝
Թիմ
Հարություն
Մանսուրյան