Այ լավ շուկա, ամեն բան կա
«Շուկա» որ ասում եք, ի՞նչ եք պատկերացնում։
Ես՝ ամեն ինչ, ու պատճառը միայն այն չէ, որ լավ ու մեծ շուկայում ամեն ապրանք կարող ես գտնել։
Շուկան քաղաքի ու նրա բնակիչների մասին պատկերացում կազմելու ամենակարճ ճանապարհն է, առանձին մի ենթամշակույթ է՝ իր բազմազանությամբ ու կոլորիտով։ Պարտադիր չէ, որ հարաբերությունները շուկայում շուկայական լինեն․ մարդկայինն այստեղ հաճախ ավելի կարևոր է։ Ամեն բան պարզ է․ ապրանքը դուրդ եկավ, կարողացար սակարկել ու գինն իջեցնել, հաջորդ անգամ էլի կգաս։ Մեկ, երկու, երեք․ վստահություն է ձևավորվում, ու սակարկելու կարիք էլ չի լինում․ վաճառողն ինքը կարող է գինն իջեցնել, դու արդեն մշտական հաճախորդ ես։ Շուկայում, որի հիմքում առևտուրն է, վաճառող ու գնորդ հաճախ մտերմանում են, բարեկամանում։
Շուկան կենդանի և աշխույժ միջավայր է։ Բարձր զրույց, ծիծաղ, երբեմն՝ գոռգոռոց, երբեմն էլ՝ երգ կլսես շուկայում։
«Շուկա» որ ասում եմ, Գումի շուկան եմ պատկերացնում՝ Երևանի հայտնի շուկաներից մեկը։ Ես շրջել եմ այս շուկայում, զրուցել մարդկանց հետ, որոնք այստեղ աշխատում են մի քանի տասնամյակ։ Նրանց պատմություններից փոքրիկ պատառիկներ եմ բերել։
Սաթենիկ Գալստյան․ շուկայում է 28 տարի։
Վստահեցնում է, որ իր վաճառած չրերը շատ համով են։ Գնորդներին սիրահոժար առաջարկում է փորձել, համոզվել, նոր առնել։
Պետրոսյան Ռազմիկ․ 30 տարի զբաղվում է չրագործությամբ: Ասում է՝ հաճախորդի մշտականն է լավը․ 10, 15, նույնիսկ 30 տարվա հաճախորդներ ունի:
Հակոբյան Կարինե․ 25 տարեկանից շուկայում է։ Վաճառում է չիր ու չամիչ, նուշ ու ընկույզ: Ասում է՝ իմ մշտական հաճախորդները գիտեն, որ իմ ապրանքը բարձրակարգ է։
Բաբայան Հռիփսիմե։ Շուկայում է 32 տարի: Միրգ, չիր ու չարազ է վաճառում: Առևտրով սկսել է զբաղվել սովետի փլուզումից հետո։ Ասում է՝ գործարանները փակվեցին, ու շատերի համար շուկան դարձավ գումար վաստակելու միակ հնարավորությունը։
Հասմիկ Վերդյան, 60 տարեկան։ Վաճառում է սուջուխ, բաստուրմայի կիլոգրամը՝ 10.000 դրամ։ Ասում է՝ եթե գնորդը լավ բազար անող է՝ 9000–ով էլ է տալիս։
Գուրգեն Ավագյան, 70 տարեկան։ 10 տարի Գումի շուկայում դանակ–մկրատ է սրում՝ հերթի տակ: Մարդիկ հաճախ նեղացած են գնում, որովհետև բոլորին չի հասցնում սպասարկել:
Արսեն Ռապյան, 47 տարեկան։ Հավ է վաճառում։ Ասում է՝ իմ ապրանքի տեսքը որակի մասին է խոսում։ Վստահեցնում է, որ իր հավերը թարմ են ու համով։
Անահիտ Դռնոյան, 60 տարեկան է։ Բանջարեղեն է վաճառում։ Ասում է՝ դժվար է ձմռանը լոլիկ ու վարունգ պահելը։ Իր ապրանքի համն ու որակը նկարագրող հատուկ բառ ունի՝ «օրիգինալ է»։
Գաբրիելյան Ալինա։ Քանի՞ տարեկան եք հարցին կատակով է պատասխանում՝ 25։ Նրա ապրանքի պահանջարկը մեծանում է հատկապես ձմռանը՝ խաշի սեզոնին։ Ինչի թթու ուզեք, այստեղ կգտնեք՝ սոխ ու սխտոր, բազուկ ու ձմերուկ, մալականի թթու էլ ունի։ Գիտի՝ եթե ապրանքը լավը չեղավ, գնորդը երկրորդ անգամ չի գա:
Հակոբյան Նանե, 70 տարեկան։ Լավաշ է վաճառում՝ սպիտակ ու կարմիր։ Ասում է՝ կա գնորդ, որ հենց մի քիչ վառված, կարմիր լավաշ է ուզում։ Վստահեցնում է, որ իր լավաշի թթխմորը յուրահատուկ է։
Ղանդիլյան Ամալյա, 65 տարեկան։ Պանրավաճառ է։ Ասում է՝ այս տարի ոչխարի պանիրը թանկացել է։ «Իմ պանրի գինը կարող է փոփոխվել, բայց որակը միշտ նույնն է՝ բարձր»,– վստահեցնում է Ամալյան։
Աջանյան Ալվարդ, 69 տարեկան։ Նրա վաճառասեղանը ամենահոտավետն է՝ վաճառում է համեմունք և սերմեր: Ասում է՝ բոլորից գնում են կիլոգրամով, ինձնից՝ բաժակով:
Աբրահամյան Արայիկ, 58 տարեկան։ Վաճառում է մսամթերք:
«Գովազդի կարիք չունեմ»,– ժպտում է նա,– «իմ մշտական հաճախորդները իմ փոխարեն անում են դա»:
Ալեքսանյան Գրետա, 65 տարեկան: Շուկայի բոլոր վաճառողները նրան ճանաչում են։ Գիտի, թե վաճառասեղաններից որի շուրջբոլորն է արագ կեղտոտվում, որտեղ են դրվում դատարկ ու անպիտան տուփերը։ Տիկին Գրետան բազմամարդ շուկայում փորձում է մաքրություն ապահովել։
Հեղինակ՝
Ուսանողներ
Հեղինե
Խալաթյան
Դասախոսներ՝
Դասախոսներ
Վահան
Ստեփանյան
Դասախոսներ
Մարիամ
Բարսեղյան
Թիմ՝
Թիմ
Հարություն
Մանսուրյան