Գյումրի գետակը՝ աղբի մեջ. պատասխանատուները չեն գտնում աղբ թափողներին
Գյումրիով Գյումրի անունով գետակ է անցնում՝ Ախուրյանի ձախակողմյան վտակն է։ Գալիս է Մայիսյան գյուղից և հասնում մինչև Ախուրյանի ջրամբար։ Քաղաքով հոսող գետակի ջուրը կեղտոտ է, հունը՝ աղբով լցված, բայց եղել են ժամանակներ, երբ ջուրը մաքուր է եղել, իսկ ափերին երեխաներ են խաղացել։
Տարեցների հիշելով՝ խնդիրներն սկսվել են 1988-ի Սպիտակի երկրաշարժից հետո, երբ գետակի հարևանությամբ տնակներ են տեղադրվել։ Խիտ դասավորված տնակները տարիների ընթացքում դժվարացրել են ջրի հոսքը, բայց հորդառատ անձրևների ժամանակ գետակը վարարում է ու հեղեղում ափամերձ տները։
Բնակիչները կենցաղային և շինարարական աղբը լցնում են գետակը՝ սովորույթի ուժով. տարածքում տեղադրված աղբամանները նրանց հեռու են թվում։ Աղտոտված է հատկապես գետակի՝ ավտոկայանի տնակային ավանով անցնող հատվածը. այստեղ նաև սատկած կենդանիների մարմիններ կան։
Գյումրու համայնքապետարանը 2023-ի հունվարից մինչև 2024-ի մարտը 3 անգամ մաքրել է գետակի՝ ավտոկայանին մերձակա հատվածը։ Արդյունքում 15-20 տոննա աղբ են հավաքել։ Այս տեղեկությունը ստացանք համայնքապետարանից, երբ գրավոր հարցում ուղարկեցինք՝ պարզելու, թե ինչ պարբերականությամբ է մաքրվում գետակը, և թե վերջին երեք տարում քանի անձի նկատմամբ է վարչական տուգանք կիրառվել՝ աղբ թափելու համար։
Տարածքը մաքուր պահելու ուղղությամբ տարվող աշխատանքների մասին էլ պատասխանել էին. «Գետակի մաքրման եւ քաղաքացիների կողմից աղբը թափելու դեմ պայքարի ուղղությամբ պաստառներ են փակցվում՝ աղտոտումը կանխարգելելու համար»։
Զրուցեցինք «Գյումրու կոմունալ ծառայություն» համայնքային բյուջետային հիմնարկի տնօրեն Արթուր Ոսկանյանի հետ։ Նա վստահեցրեց, որ քաղաքապետարանը պարբերաբար մաքրում է գետակը.
«Գետակի որ հատվածին հնարավոր է տեխնիկա մոտեցնել, մաքրում ենք։ Կոնկրետ ավտոկայանի հատվածը 1 տրակտոր է մտնում՝ 3-4 աշխատողով։ Այդ հատվածում նախատեսվում է գետակը երկու կողմով ցանցապատել, ամռանն աշխատանքը կսկսենք։ ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանի ջրային ռեսուրսների կառավարման բարելավում» ծրագրի շրջանակում մեծ նախագիծ է իրականացվելու։ Նախատեսվում է Գյումրի գետակի առափնյա հատվածը դարձնել կանաչ տարածք և վերականգնել ջրի մաքրությունը։ Ես համոզված եմ, որ Գյումրու համայնքապետարանը գետակում աղբ թափած քաղաքացիների բազմաթիվ տուգանքներ է կիրառել, բայց կոնկրետ մեր ծառայությունը նման լիազորություն չունի»։
Քաղաքապետարանը աղբ թափող ոչ մի քաղաքացու վերջին երեք տարում չի տուգանել՝ արձագանքում են Գյումրու քաղաքապետարանի կոմունալ ծառայությունից։
Ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում էլ են պնդում, թե աղբ թափող քաղաքացուն տուգանողը քաղաքապետարանն է։
«Մենք միայն հասարակական կարգ ենք պահպանում։ Եթե տեսնում ենք աղբ թափող քաղաքացու, տեղյակ ենք պահում քաղաքապետարանին»,— ասաց Շիրակի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Բդոյանը։
Գետակը, ավագանին և ԱՄՆ ՄԶԳ ծրագիրը
Ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը մեզ ասաց, որ Գյումրի գետակին առնչվող որևէ նախագիծ չունեն, այս պահին զբաղված են ուրիշ խնդիրներով.
«Ավելի շատ զբաղվում ենք թափառող շների խնդրով և Հաղթանակի պողոտայի տնակների ազատման գործընթացով։ Ավագանու առաջիկա նիստում կփորձեմ հասկանալ, թե ինչու չեն խստացվում գետակի մաքրման հետ կապված մոտեցումները։ Քաղաքային իշխանությունը պետք է կարգազանց քաղաքացիներին տուգանի, որ մարդիկ սթափվեն։ Կարելի է սուբվենցիոն ծրագրով ձեռք բերել անհրաժեշտ տեխնիկա, որը կմաքրի գետակի դժվարանցանելի հատվածները»։
Գյումրու ավագանու ամենամեծ խմբակցության՝ «Բալասանյան դաշինքի» անդամների հետ կապվել չհաջողվեց։ Գործավարը խոստացավ ճշտել, թե դաշինքի անդամներից ով կխոսի խնդրի մասին, բայց դրանից հետո մեր զանգերը մնացին անպատասխան։
Ավագանու «Զարթոնք» խմբակցության ղեկավար Գոռ Մանուկյանի խոսքով՝ կան քաղաքացիները, որոնք առանց թույլտվության տներ են կառուցել.
«Գետակի առափնյա հատվածներում քաղաքացիները առանց համապատասխան թույլտվության տուն են կառուցել։ Բնակիչը աղբը թափում է գետակը, հետո բողոքում է, որ ջուրը բարձրացավ, տունը լցվեց։ Խնդիրը հնարավոր չէ համայնքի բյուջեով լուծել։ Եթե ամերիկյան ծրագիրն իրականություն դառնա, լավ կլինի»։
Գյումրու ավագանու՝ «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանը մարտի 14-ին քաղաքապետարանում մասնակցել է ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանում ջրային ռեսուրսների կառավարման բարելավում» ծրագրի քննարկմանը։ Ասում է՝ հավանել է ծրագիրը, բայց դրա իրականացումը երկար է տևելու.
«Հասկացա, որ ծրագիրը իրականացնողները հարուստ փորձ ունեն, բայց կարծում եմ՝ առաջիկա տարիներին հնարավոր չէ այդ ծրագիրն իրականացնել։ Իրենք դեռ ռազմավարություն են մշակում, ծավալներին ծանոթ չեն, տարածքը շերտերով պետք է նկարեն։ Շատ մեծ ֆինանսական ներդրումներ են պետք, ասում են՝ հնարավոր է՝ դոնորների միջոցով գումար հայթայթել»։
ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության «Հայաստանում ջրային ռեսուրսների կառավարման բարելավում» ծրագրի ներկայացուցիչները մեզ ասացին, որ ամեն ինչ նախնական փուլում է, և ծրագրով միայն խորհրդատվական աջակցություն է ցուցաբերվելու։
Հոսում է ժամանակը, հոսում է գետակը
Գյումրի գետակի խնդիրները լուծելու մասին խոսել են քաղաքի երևի բոլոր նախորդ իշխանությունները։ 2013-2016 թվականներին, օրինակ, երբ քաղաքապետը Սամվել Բալասանյանն էր, Գյումրիի զարգացման 2013-2016թթ․ ծրագրով նախատեսված էր գետակի ափամերձ և հարակից տարածքները վերածել էկոլոգիապես մաքուր հանգստի գոտու։ Բալասանյանը պաշտոնավարեց շուրջ 10 տարի, բայց ծրագիրն այդպես էլ իրականություն չդարձավ։
Գետակի ափամերձ տարածքներում ապրող բնակիչներն էլ շարունակում են աղբը գցել ջուրը և դժգոհել, որ գետակը կեղտոտ է։
«Ես հմի կամընչեմ, որ ստեղ կապրիմ։ Թոռս, որ գուզե ընձի տեսնի, կըսեմ՝ հանկարծ մեր տուն չբերեն, ես կերթամ տեսնելու։ Ամոթ է, որ հյուր բերես, սաղ վախտ էս է»,— ասում էր Գյումրի գետակի՝ ավտոկայանի հարակից տարածքում ապրող բնակիչ Արթուրը:
Ավտոկայանի տնակային ավանի բնակիչ 88-ամյա Ժենյա տատիկը նկատեց մեզ գետակի մոտ ու հարցրեց. գուցե մենք ենք մաքրելու գետը, հետո էլ պատմեց.
«Մարդը ինչխոր տունն է, ըդպես էլ դուրսը բդի էղնի, էս օդը մենք կշնչենք, որ կըսես, ընչի կթափեք զիբիլները ջրի մեջ բանմ էլ իրանք մունաթ գուկան, մե կնգամ ըսեցի հո շնորհք չէ, ընչի կթափես, զիբլի ամանը քից, ընձի սավ լավ կենեմ կթափեմ»։
Գետակի մերձակա տարածքը կանաչ գոտի դարձնելու մասին այսօր էլ է խոսվում, բայց ոչ վաղ անցյալի անկատար ծրագրերը և ներկայի անորոշությունը կասկածելի են դարձնում գետակի հունը մաքրելու և շրջապատը կանաչ տարածքի վերածելու հեռանկարը։
Հեղինակ՝
Ուսանողներ
Միքայել
Սարգսյան
Դասախոսներ՝
Դասախոսներ
Էդիկ
Բաղդասարյան
Դասախոսներ
Տիրայր
Մուրադյան
Դասախոսներ
Մարիամ
Բարսեղյան
Դասախոսներ
Սեդա
Գրիգորյան
Թիմ՝
Թիմ
Հարություն
Մանսուրյան