Հորից՝ որդուն. Սպիտակի համայնքապետի ընտանիքը ժառանգաբար տնօրինում է «Հայփոստի» մասնաճյուղը
Սպիտակի համայնքապետ Քաջայր Նիկողոսյանի որդին՝ Գոռ Նիկողոսյանը, 2023-ի նոյեմբերից 2-ից զբաղեցնում է «Հայփոստի» մարզային բաժանմունքների ցանցի պատասխանատուի պաշտոնը։ Մինչ այդ՝ երկար տարիներ Քաջայրն ինքն էր պաշտոններ զբաղեցնում «Հայփոստում»։ Նա 2002-2015 թթ. եղել է «Հայփոստի» Սպիտակի մասնաճյուղի, իսկ 2015-2020 թթ.՝ Լոռու և Շիրակի մարզերի միավորված «Հայփոստի» տնօրեն։ Թե ինչպես է «Հայփոստի» Սպիտակի մասնաճյուղի պատասխանատուի պաշտոնն անցել հորից որդուն, ընկերությունից չմանրամասնեցին։ Մեր հարցերին՝ եղե՞լ է մրցույթ այդ պաշտոնի համար, կամ ովքե՞ր են մասնակցել մրցույթին, «Հայփոստից» միայն պատասխանեցին՝ Գոռ Նիկողոսյանը նշանակվել է աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով, մյուս տեղեկությունները անձնական տվյալներ են։

«Հայփոստում» պատասխանատու պաշտոն զբաղեցնելուց բացի, Գոռ Նիկողոսյանը 2022-ից գրանցվել է որպես անհատ ձեռնարկատեր։ Նա Սպիտակում հիմնել է Prestige Motors ավտոպահեստամասերի խանութը։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացված գույքի և եկամուտների հայտարարագրերում 2022 և 2023 թվականներին ԱՁ-ից ստացված եկամուտները հայտարարագրված չեն, իսկ 2024-ին Գոռ Նիկողոսյանը հայտարարագրել է 628 000 դրամ տարեկան եկամուտ, և ընդամենը 35 000 դրամ դրամական միջոցներ։
Ավտոպահեստամասերի առևտրով զբաղվող Գոռ Նիկողոսյանը նախորդ տարի 110 հազար դրամի ավտոպահեստամաս է մատակարարել Սպիտակի համայնքապետարանին։ 2024-ի հունվարի 31-ին նա իր խանութի արտաքին գովազդը 2 տեղում տեղադրելու թույլտվություն է ստացել համայնքից։ Այն երկարաձգվել է մինչև 2024-ի հուլիսի 31-ը, սակայն վահանակները մինչև նոյեմբեր եղել են քաղաքում՝ առանց թույլտվության երկարացման։
Քաջայր Նիկողոսյանը մեզ ասաց, որ արտաքին գովազդի թույլտվության ամսավճարը կազմել է 3 375 դրամ։ Գործունեության ծավալման սկզբից՝ 2024-ի փետրվարից գովազդի թույլտվության վեց ամսվա համար վճարվել է 20 260 դրամ։
Միայն մեր հարցումից հետո՝ նոյեմբերի 5-ին, համայնքապետարանը նոր թույլտվություն է տվել։


Նիկողոսյանները բացի «Հայփոստում» պաշտոններ զբաղեցնելուց, իրենց պատկանող մեկ անշարժ գույք վարձակալության են տվել նույն «Հայփոստին» (Սպիտակում գործող «Հայփոստի» 4 գրասենյակներից մեկի տարածքն է) ու եկամուտ են ստանում։ Քաջայր Նիկողոսյանի կնոջ՝ Արմինե Հակոբյանի տարեկան հայտարարագրում երևում է, որ «Հայփոստ» ՓԲԸ-ն վարձակալության դիմաց նրան 1,026 մլն դրամ է վճարել։
Անհատ ձեռնարկատեր, «Հայփոստի» Սպիտակի մասնաճյուղի ղեկավար Գոռ Նիկողոսյանը սովորում է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի մագիստրատուրայի երկրորդ կուրսում։ Ռեկտորատը անցած սեպտեմբերի 17-ին Սպիտակի համայքապետարանից թույլտվություն է խնդրել, որ Գոռը կառավարչական և գիտահետազոտական պրակտիկան հոկտեմբերի 14-ից դեկտեմբերի 6-ն անցնի իր հոր ղեկավարած համայնքապետարանում։
Գոռ Նիկողոսյանի ավտոպահեստամասերի խանութի հարևանությամբ է գտնվում «Կապրիզ» մանկական հագուստի խանութը։ Այս խանութը պատկանում է անհատ ձեռնարկատեր Արմինե Հակոբյանին՝ Քաջայր Նիկողոսյանի կնոջը։ Ըստ Արմինե Հակոբյանի 2022 և 2023 թթ. հայտարարագրերի՝ հագուստի խանութից եկամուտներ չեն ստացվել, չնայած 2021-ին խանութից համայնքապետի կնոջ եկամուտները կազմել են 8,6 միլիոն դրամ։ 2023-ին Արմինե Հակոբյանը հայտարարագրել է 1 ավտոմեքենա և 6 անշարժ գույք. 1 բնակարան և 1 հողամաս Երևանում, 1 բնակարան, 1 հողամաս, հասարակական նշանակության շինություն ու բազմաբնակարան շենքի ընդհանուր օգտագործման տարածք՝ Սպիտակում։ Տարվա ընթացքում երկու գույք նա նվիրատվությամբ հանձնել է որդուն։ Բնակարաններից մեկը Արմինե Հակոբյանը ձեռք է բերել 2022-ին։ Չնայած այս հանգամանքին՝ նրա՝ 2022-ի հայտարարագրում այդ մասին նշումներ չկան. այս բնակարանին վերաբերող տվյալը հայտնվել է միայն 2023-ի հայտարարագրում։ Ըստ 2022-ի հայտարարագրի՝ Քաջայր Նիկողոսյանի կինը չի ունեցել դրամական միջոցներ, բանկային հաշվի մնացորդը եղել է ընդամենը 88 000 դրամ։ Նա չի ներգրավել փոխառություններ, չի ունեցել ավանդ, ու չի երևում, թե ինչ միջոցներով է անշարժ գույքը ձեռք բերել։

Այս մասին հարց ուղղեցինք Քաջայր Նիկողոսյանին։ Նա ասաց, որ 44,5 քմ մակերեսով բնակարանը Հակոբյանը ձեռք է բերել 2006-ին. 2022-ի մարտին գույքը վերագրանցվել է հասցեի անհամապատասխանության պատճառով։ Համայնքապետը վստահեցրեց, որ գույքը նոր չէ, ուղղակի գրանցման նոր վկայականի տրամադրման առիթով փոփոխվել է դրա ձեռքբերման տարեթիվը։
Սպիտակի համայնքապետի որդին՝ Գոռը 2023-ին խնդիրներ է ունեցել իրավապահ համակարգի հետ։ Այդ տարվա մայիսին նա ծեծել է Սարամեջի համայնքապետի ամուսնուն, որն ուղեղի ցնցումով տեղափոխվել է հիվանդանոց։ Տուժողը և ականատեսները պնդում էին, որ Գոռ Նիկողոսյանը եղել է 20-25 հոգու հետ։ Նիկողոսյանը ինքնախոստովանական ցուցմունք էր ներկայացրել, որ ինքն է ծեծել գյուղապետի ամուսնուն։ Այս դեպքից 1 տարի անց համայնքապետի որդին դատապարտվել է պայմանական ազատազրկման՝ 1 տարի ժամկետով (վճիռը չի կատարվել, սահմանվել է 1 տարվա փորձաշրջան)։ Տուժողին հատուցվել է պատճառված 230 000 դրամի վնասը։ Նա դատարանում ասել է, որ բողոք և պահանջ չունի։
Ծեծի գործով 2023-ի մայիսի 19-ին էր նախաձեռնվել քրեական վարույթ, որի նախաքննության ժամանակ՝ 2023 թ․-ի նոյեմբերին է Գոռ Նիկողոսյանը նշանակվել «Հայփոստի» մարզային բաժանմունքների ցանցի պատասխանատուի պաշտոնում։
Սեդա Կյուրեղյան
Հոդվածը պատրաստվել է «Հոդված 3-ի»՝ «Երիտասարդներն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի շրջանակում, «ՍիվիլՆեթի» լրագրող Մկրտիչ Կարապետյանի մենթորությամբ
Հեղինակ՝
Ուսանողներ
Սեդա
Կյուրեղյան