Նախարար Սանոսյանը սխալվում է. «Հայվեյզը» առաջին ավիաբեռնափոխադրողը չի լինի
Փետրվարի 24-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտնել է, որ շուտով թռիչքներ կսկսի առաջին հայկական ավիաբեռնափոխադրողը։
««Հայվեյզ» ընկերության հետ կապված, կարծում եմ, սա էլ է ձեռքբերում, գտնվում ենք ավարտական փուլում: Կլինի հայկական առաջին ավիաընկերությունը, որը մասնագիտացված բեռնափոխադրող ընկերություն է: Մենք ունենք բավականին մեծ աճ նաև բեռնափոխադրումների ուղղությամբ, և իհարկե, այդ ընկերությունը նաև պետության կարիքների համար է այլ ծառայություններ մատուցելու»,— նշել է նախարարը:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն է այն մարմինը, որն ավիացիայի բնագավառում մշակում և իրականացնում է Հայաստանի քաղաքականությունը (բացառությամբ՝ ռազմականի): Սակայն նախարար Սանոսյանը սխալ տեղեկություն է տարածել։ «Հայվեյզը» առաջին հայկական բեռնափոխադրող ավիաընկերությունը չէ, քանի որ անկախությունից հետո հիմնադրվել ու թռիչքներ են իրականացրել տարբեր ավիաբեռնափոխադրողներ:
Դրանցից առաջինը 1992-ին հիմնադրված «Երևան-Ավիան» է, որն ստեղծվել է Երևանի այն ժամանակվա քաղաքապետ Համբարձում Գալստյանի նախաձեռնությամբ։ Ընկերության հիմնադրմանը վերաբերող մանրամասներ է պատմել հայտնի ավիատոր Դմիտրի Աթբաշյանը՝ հայկական ավիացիայի մասին իր անտիպ գրքում: Աթբաշյանը ներգրավված է եղել «Երևան-Ավիայի» կազմավորման գործընթացում: Ավիաընկերությունը բեռնափոխադրումներ է կատարել մինչև 2000-ականների կեսերը:
Ավիաընկերության պաշտոնական կայքի համաձայն, որն այլևս չի գործում, «Երևան-Ավիան» սկզբնապես չվերթեր է իրականացրել հիմնականում ԱՊՀ ուղղություններով, իսկ հետո թռիչքների ցանցն ընդլայնվել է՝ Ֆրանսիա, Գերմանիա, Բուլղարիա, Հունաստան, Նիդերլանդներ, Բելգիա, Չինաստան, Հնդկաստան, Կոնգոյի Դեմոկտարական Հանրապետություն, Կոնգոյի Հանրապետություն, Քենիա, Եգիպտոս, Ավստրալիա և այլն: Ընդհանուր առմամբ՝ ավելի քան 35 երկիր։
«Երևան-Ավիայից» հետո Հայաստանում ստեղծվել են այլ բեռնափոխադրող ավիաընկերություններ ևս: Դրանցից էին «Էյր Արմենիան» և «Տարոն-Ավիան», որոնք սկզբնապես զբաղվել են բեռնափոխադրումներով, իսկ հետո մտել են նաև ուղևորափոխադրումների ոլորտ: «Էյր Արմենիան» հետագայում սնանկ է ճանաչվել, իսկ «Տարոն-Ավիան» դադարեցրել է գործունեությունը:
Հայաստանում ստեղծված բեռնափոխադրող ավիաընկերություններից շատերը հիմնականում բազավորվել և գործունեություն են ծավալել արտերկրում՝ Աֆրիկայում, Մերձավոր Արևելքում, Միջին Ասիայում: Դրանց գործունեությունը երբեմն եղել է խնդրահարույց, հայկական օդանավերը հայտնվել են տարբեր մութ պատմությունների մեջ, գրանցվել են նաև ավիապատահարներ, որոնք մարդկային զոհերի պատճառ են դարձել: Վերջին հայկական ավիաբեռնափոխադրողը, որն աշխատում էր Աֆրիկայում, եղել է «Մարս Ավիան». այն օդանավ շահագործողի վկայականից (ՕՇՎ) զրկվել է 2020-ի ամռանը:
Այսպիսով՝ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի հայտարարությունը, թե ««Հայվեյզը» կլինի հայկական առաջին ավիաընկերությունը, որը մասնագիտացված բեռնափոխադրող ընկերություն է», սխալ է։ Չնայած նախկինում գոյություն ունեցած ավիաբեռնափոխադրողները հիմա չեն գործում, «Հայվեզը» չի կարող լինել առաջինն այս տեսակի մեջ։
Հեղինակներ՝
Ուսանողներ
Լիլիթ
Գրիգորյան
Ուսանողներ
Լենա
Սահակյան
Դասախոս՝
Դասախոսներ
Վահե
Սարուխանյան