Սպիտակի կորած հեքիաթը
Ո՞ւմն է Սպիտակի «Հեքիաթը»․ գրեթե երկու տասնամյակ՝ այս հարցը վիճարկվում է դատարաններում։ Մի կողմից՝ Սպիտակ քաղաքի համայնքը, մյուս կողմից՝ մասնավոր ընկերությունը պնդում են, որ նախկին պիոներական ճամբարի հողատարածքն ու շինությունները պատկանում են հենց իրենց։
Խորհրդային տարիներին «Հեքիաթը» խոշոր ճամբարային համալիր էր՝ կառուցված Սպիտակի կարի արտադրական միավորման նախաձեռնությամբ: Ամռանն այստեղ հանգստանում էին երեխաները, տարվա մյուս եղանակներին՝ մեծահասակները։

Լինում է, չի լինում

«ՀԱՐԳԵԼԻ՛ ՍՊԻՏԱԿՑԻՆԵՐ
1985 թվականի հունիսի 16-ին ժամը 12-ին տեղի կունենա «Ղազանչի» անտառամասում կառուցված Սպիտակի կարի արտադրական միավորման «Հեքիաթ» պիոներական ճամբար-հանգրվանի հանդիսավոր բացումը:
Կարի արտադրական միավորման ադմինիստրացիան, կուսակցական, արհմիութենական և կոմերիտական կազմակերպությունները հրավիրում են ձեզ մասնակցելու բացման արարողությանը»։
Այս հայտարարությունը տպվել է «Լուսարձակ» թերթում (15.06.1985, համարը՝ 72)։ Այսպես էլ սկսվել է «Հեքիաթ» պիոներական ճամբար-հանգրվանի պատմությունը՝ Լոռվա անտառներում՝ Սպիտակ քաղաքից մոտ 6 կմ հեռավորության վրա։


Սպիտակի կարի արտադրական միավորման տնօրեն Նորիկ Մուրադյանի նախաձեռնությամբ 1983-ին արտադրամասին հատկացվել է 3 հա հողատարածք՝ աշխատակիցների երեխաների համար ճամբար հիմնելու նպատակով: Կառուցումը տևել է 15 ամիս: Ճամբարը նախատեսված էր 150 երեխայի համար՝ մեկ հերթափոխին։ 1985-ի ամռանը ճամբարում հանգստացել է 480 երեխա:


«Հեքիաթը» բաղկացած էր 4 եռահարկ մասնաշենքից՝ հագեցած նորարարական լուծումներով և համարվում էր բացառիկ համալիր: Շատերն առաջին անգամ հենց այստեղ են բացահայտել բոուլինգը, խաղացել են կեգլի՝ բերված Պետերբուրգից։ Ճամբարականների և ջոկատավարների պնդմամբ՝ սա առաջին բացված բոուլինգն էր ոչ միայն Հայաստանում, այլև՝ ամբողջ Կովկասում: Ճամբարում երկու ամառ անցկացրած Լիդա Մանուկյանը պատմում է, որ բոուլինգի սրահը կամ «կեգլարանը» ամենաշատն էին սիրում։ Ջոկատավարները որոշել էին, որ դրանից կարող են օգտվել միայն ճամբարի գերազանցիկները՝ որպես հատուկ պարգև։
«Դիսկոտեկը» նախատեսված էր մեծահասակների համար։ Ճամբարում կային բար, մարզասրահ, մանկական խաղահրապարակ և ընտանեկան հանգստի համար նախատեսված երկու քոթեջ։


«Հեքիաթի» փակ լողավազանը ճամբարի միակ շինությունն է, որն այսօր էլ գրեթե անվնաս է։ Լողավազանը նախագծելու և կառուցելու համար մասնագետներ են հրավիրվել Պետերբուրգից: Այնտեղից են բերվել նաև լողավազանի խճանկարները (մոզաիկաները)։ Պատերին կենդանանում էին ձկները, ութոտնուկները, կրիաները և ալիքների մեջ սուզված լողորդները: Լքված լողավազանն այսօր էլ հեքիաթային միջավայր է հիշեցնում։

Պետերբուրգի քանդակագործական կոմբինատում են պատրաստվել ճամբարի տարածքում տեղակայված քսանհինգ քանդակները։ Մի քանի քանդակ էլ Միավորման աշխատակից Ռաֆիկ Շահբազյանն է պատրաստել։

Հեքիաթի առօրյան
Ճամբարը 3 հերթափոխով էր, ամեն մեկը՝ 24 օր: Սովետական Միությունում պիոներական ճամբարները գործում էին նույն ռեժիմով․ առավոտյան տողան՝ կոմունիստական աստղի տակ, հետո ճամբարի ու սովետմիության հիմնը, մարմնամարզություն։ Բոլոր ճամբարներում էլ հնչել են վառ ապագային ու Լենինին նվիրված երգեր: Ճամբարի ավագ ջոկատավարներից Սուսաննան մի քառատող է հիշում․
Լենին՝ դու կյանք ես հարակեզ,
Դու պատմությունն ես մարդկային,
Որ շառաչում է հորդ գետի պես
Դեպի օվկիանն ապագայի:

Կորյուն Զաքարյանը՝ ճամբարի առաջին պետը, հիշում է, որ սովետական ճամբարներում սովորաբար յուրաքանչյուր երեխայի վրա ծախվում էր օրական 1-1.20 ռուբլի, մինչդեռ «Հեքիաթ» ճամբարն ամեն երեխայի համար նախատեսել էր 3 ռուբլի:

Կորյուն Զաքարյանը պատմում է, որ նշում էին բերքի, ծաղկի, երգի, ռոմանտիկայի օրեր: Մեր զրույցներում ջոկատավարները պատմում էին կենդանի շախմատի բեմադրության մասին: Ճամբարականներն ընդարձակ հրապարակում նկարել էին սև-սպիտակ 64 վանդակ, հագել էին շախմատային ֆիգուրների հագուստներ ու դարձել խաղաքարեր:



Ճամբարը գործել է մինչև 1988-ը։ Սպիտակի ավերիչ երկրաշարժից վնասվել է գլխավոր մասնաշենքը, ճաշարանի շենքը, կենդանիների համար նախատեսված տնակները։ Քոթեջները, բոուլինգի սրահը, լողավազանի շենքը, բաց ամֆիթատրոնն այսօր կիսավեր են։ Ժամանակի ընթացքում դրանք ժանգոտվել են, գունազրկվել, ջարդվել ու ծածկվել առատ բուսականությամբ։ Անտառը կամաց-կամաց հետ է վերցնում այն, ինչ ժամանակին խլել էր իրենից մարդը։

Ինչպես սեփականաշնորհվեց «Հեքիաթը»
1983-ին Ժողովրդական դեպուտատների Սպիտակի քաղսովետի գործկոմը որոշեց «Ղազանչի» կոչվող գոտուց Սպիտակի կարի արտադրական միավորմանը հատկացնել 3 հա հողամաս՝ պիոներական ճամբար կառուցելու համար։ Այսինքն, «Հեքիաթի» տարածքը հանրային սեփականություն էր և պատկանում էր Սպիտակ համայնքին:
Գույքի իրավական կարգավիճակը փոխվեց 90-ականներին: Երկրաշարժից, Խորհրդային Միության փլուզումից հետո երկրում սկսվեց պետական գույքի զանգվածային մասնավորեցումը։ «Հեքիաթը» հայտնվեց մասնավոր ընկերությունների ուշադրության կենտրոնում:
Կադաստրի կոմիտեից գրավոր հարցմամբ պարզեցինք, որ 2026-ի ապրիլի 26-ի դրությամբ ճամբարի զբաղեցրած հողամասը հատուկ պահպանվող տարածքի կատեգորիա ունի։ Այն, ըստ կոմիտեի, 9.5 հեկտար մակերես ունի և սեփականության իրավունքով պատկանում է Սպիտակ համայնքին։ Ճամբարի հողամասը Սպիտակ համայնքին է փոխանցվել կառավարության 2006 թ․ 1054-Ն որոշմամբ։
Բայց ճամբարի սեփականության իրավունքը դատական վեճի առարկա է դարձել։ Դատական տեղեկատվական համակարգում գտանք մի քանի դատական գործ, որտեղ քննվում է ճամբարի հողամասի և շինությունների ճակատագիրը։ Դատական գործերի ուսումնասիրությունից կարևոր հանգամանքներ բացահայտեցինք։
Սպիտակի նախկին քաղաքապետ (2002-2008), Սպիտակի կարի արտադրական միավորման նախկին տնօրեն Վանիկ Ասատրյանի որդուն պատկանող «Հեքիաթ հանգրվան» ՍՊԸ-ն 2020-ին դիմել է դատարան՝ Կադաստրի կոմիտեից պահանջելով գրանցել ճամբարի գույքի նկատմամբ իր սեփականության իրավունքը։ Բայց դատաքննության փուլում ՍՊԸ-ն հրաժարվել է հայցից, դատարանն էլ վճռել է հայցը մերժել։
2022-ին «Հեքիաթ հանգրվան» ՍՊԸ-ն ճամբարի սեփականաշնորհման հարցով կրկին դիմել է դատարան, այս անգամ՝ ընդդեմ Սպիտակի համայնքապետարանի։ Ընկերությունը խնդրել է ճանաչել ճամբարի շինությունների նկատմամբ ՍՊԸ-ի սեփականության իրավունքը, իսկ դրանց զբաղեցրած հողամասի նկատմամբ՝ իր օգտագործման իրավունքը։
2024-ի օգոստոսին դատարանը բավարարել է «Հեքիաթ հանգրվան» ՍՊԸ-ի հայցն ընդդեմ Սպիտակ համայնքի՝ ճանաչելով ընկերության սեփականության իրավունքը 4.2 հազար քմ շինությունների նկատմամբ։ Նույն վճռով ճանաչվել է նաև 9.4 հա հողամասի նկատմամբ ընկերության օգտագործման իրավունքը։ Սպիտակի համայնքապետարանը բողոքարկել է վճիռը, Վերաքննիչ դատարանն էլ մասնակի է բավարարել այդ բողոքը․ հողամասի նկատմամբ ՍՊԸ-ի օգտագործման իրավունքը ճանաչելու մասով բողոքը մերժվել է, իսկ շինությունների նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման մասով դատական ակտը բեկանվել է և ուղարկվել առաջին ատյանի դատարան՝ քննության։ ՍՊԸ-ն, համաձայն չլինելով այս որոշման հետ, դիմել է Վճռաբեկ դատարան, սակայն հայցը վարույթ չի ընդունվել։ Այժմ առաջին ատյանի դատարանում դեռ շարունակվում է դատաքննությունը՝ «Հեքիաթի» շինությունների նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման հարցով։
Դատական գործերի ուսումնասիրությունից պարզել ենք նաև, թե ինչու է «Հեքիաթ հանգրվան» ՍՊԸ-ն ճամբարը համարում իրենը։ Կառավարության 1996թ․ 323 որոշմամբ՝ պետական «Վանուհի» ՓԲԸ-ի կազմից (Սպիտակի կարի արտադրական միավորում) առանձնացվել են մի քանի դուստր ձեռնարկություններ, այդ թվում՝ «Հեքիաթ» դուստր ձեռնարկությունը: Այդ ձեռնարկությունների բազայի վրա ստեղծվել է «Սպիտակի թիվ 2 կարի ֆաբրիկա» ՓԲԸ-ն, որն էլ հետագայում վերկազմակերպվել և դարձել է «Սպիտակի թիվ 2 կարի ֆաբրիկա» ԲԲԸ: 1997-ին Վանիկ Ասատրյանը Սպիտակի կարի արտադրական միավորման գլխավոր տնօրենն էր։ Կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչության հետ կնքված պայմանագրով՝ ընկերության պետական բաժնետոմսերը մասնավորեցվել են։ Այսպիսով, «Սպիտակի թիվ 2 կարի ֆաբրիկա» ԲԲԸ-ն ամբողջությամբ դարձել է կարի արտադրամասի դուստր ձեռնարկությունների սեփականտեր, այդ թվում նաև՝ «Հեքիաթ» դուստր ձեռնարկության։ Պետական գույքի մասնավորեցման արժեքը կազմել է 12.7 միլիոն դրամ։ «Սպիտակի թիվ 2 կարի ֆաբրիկա» ՓԲԸ-ն հետագայում դարձել է «ՍԴՎ» ԲԲԸ, ավելի ուշ՝ «Հեքիաթ հանգրվան» ՍՊԸ։
Սպիտակի համայնքապետարանի ներկայացուցիչը դատարանում նշել է, որ պետական ունեցվածքի սեփականաշնորհման պայմանագրով ճամբարի շինությունների մակերեսը 900 քմ է, բայց իրականում շատ ավելի մեծ է։ Այսինքն, շենք-շինություններից միայն մի փոքր մասն է սեփականաշնորհվել, մյուս մասը մնացել է պետական և հետագայում փոխանցվել է համայնքին։ Սպիտակի համայնքապետարանը առարկել է նաև ճամբարի հողամասի նկատմամբ իրավունքները «Հեքիաթ հանգրվան» ՍՊԸ-ին փոխանցելու դեմ, քանի որ, ըստ արխիվային փաստաթղթերի, ճամբարի կառուցման համար ԽՍՀՄ տարիներին հատկացվել է 3 հեկտար հողամաս, ոչ թե 9.4 հա։
Մեր հարցին, թե ինչպիսին կարող է լինել ճամբարի վաղվա օրը, Սպիտակ համայնքի ղեկավարի տեղակալ Արտակ Մաթոսյանը պատասխանեց, որ համայնքը դեռ ապագայի ծրագրեր չի կարող կազմել, քանի որ դատական վեճն ավարտված չէ։

2021-ին «Հեքիաթը» հայտնվեց Նոր Տուն Ռեալթի անշարժ գույքի գործակալության ֆեյսբուքյան էջում՝ վաճառքի հայտարարության տեսքով։ Արդեն 5-րդ տարին է, ինչ գնորդ չի գտնվել…

Ավարտը
Դատարանները շարունակում են քննել «Հեքիաթի» սեփականության իրավունքի շուրջ վեճը, իսկ նախկին պիոներական ճամբարը շարունակում է քայքայվել։ Որքան երկար է ձգվում դատական պատմությունը, այնքան ավելի քիչ է մնում «Հեքիաթից»։
Հեքիաթները սովորաբար լավ ավարտ են ունենում։ Սպիտակի «Հեքիաթը» դեռ անավարտ է՝ սպասում է իր դատական վճիռներին։
Հեղինակներ՝
Ուսանողներ
Ռոզի
Գրիգորյան
Ուսանողներ
Անժելա
Մարգարյան
Ուսանողներ
Նառա
Մխոյան
Դասախոսներ՝
Դասախոսներ
Էդիկ
Բաղդասարյան
Դասախոսներ
Տիրայր
Մուրադյան
Դասախոսներ
Մարիամ
Բարսեղյան
Դասախոսներ
Հարություն
Մանսուրյան
Թիմ՝
Թիմ
Ժաննա
Բեքիրյան
Թիմ
Անուշ
Մկրտչյան
