hermine
Ֆոտո պատմությունՄարտ 23/2026

Մանթաշի հարսը վարսավիր է. Հերմինե Սահակյանի պատմությունը

Արագածոտնի Ծիլքար գյուղում մոտ 50 ընտանիք է ապրում․ մեկ դպրոց, երկու խանութ ու մեկ վարսավիր ունեն։

«Դպրոցական տարիքից սիրում էի մազերի հետ խաղալ․ ով մեր տուն էր գալիս, պետք է պարտադիր մազերը սանրեի, հյուսեի, ուզում էի վարսավիր դառնալ։ Բայց մերոնք սովորելու չուղարկեցին։ Մեր տան որոշողը տատս էր։ Թեման բացում էի, ասում էր՝ հիմա ժամանակը չէ, ձեռքս գումար չկա, թող մնա մյուս տարի։ Մյուս տարին գալիս էր, ասում էր՝ դե չէ, հիմա հարմար չէ։ Մի խոսքով՝ ամեն անգամ մի պատճառ լինում էր»,— պատմում է Հերմինե Սահակյանը։

zoom
— Ո՞նց ենք կտրում։
— Ինչպես միշտ։
zoom

Դպրոցն ավարտեց, ամուսնացավ ու Լոռվա Ջրաշենից Արագածոտնի Ծիլքար գյուղ տեղափոխվեց։ 15 տարի է Ծիլքարում հարս է։

Մանթաշի հարսը վարսավիր է

«Երկու տարի չկար՝ ամուսնացել էինք։ Մի անգամ գնացել էի մազերս կտրելու։ Հետ եկա տուն, ամուսինս հարցրեց՝ քո վարսավիրը շա՞տ հաճախորդ ունի, շա՞տ փող է աշխատում։ Ասացի՝ շատ-շատ, մի աշխարհ փող է աշխատում։ Հարցրեց՝ կուզե՞ս դու էլ սովորես։

Էդքանը ինձ հերիք էր․ արագ զանգեցի, ճշտեցի՝ մեկ ամիս սովորելը 50 000 դրամ արժեր»,— ոգևորված հիշում է Հերմինեն։

zoom
Դաշտի գործերը Հերմինեն ու 77-ամյա սկեսրայրը՝ Մանթաշն են անում

Նոր-նոր էր սովորել, գյուղում արդեն տարածվել էր՝ Մանթաշի հարսը վարսավիր է։ Հերթով գալիս էին՝ ձեռքի շնորհքը ստուգելու։

«Առաջին անգամ մազ կտրելիս, լարվածությունից մատս կտրեցի։ Գնալով լարվածությունս անցավ, հաճախորդների թիվը շատացավ։ Մեկը 500 դրամ էր տալիս, մյուսը՝ պանիր կամ պոպոկի մուրաբա էր բերում։ Ով ինչ տալիս էր, ես ձեն չէի հանում․ կարևորը՝ ձեռքս բացվեր»,— ասում է Հերմինեն։

Հարսն աշխատում է

Ծիլքարում կանայք հիմնականում տան գործերն են անում, անասնապահությամբ ու հողագործությամբ են զբաղվում։

zoom
Ծիլքարում ամենացանկալի սանրվածքը

«Էն ժամանակ, երբ չէի աշխատում, չէի շփվում ոչ մեկի հետ․ թվում էր՝ աշխարհից կտրված եմ, կյանքը կանգնած էր։ Ուր գնալ, երբ հետ գալ, ում հետ շփվել՝ իմ փոխարեն որոշում էին ամուսինս, սկեսուրս, սկեսրայրս։ Երբ նոր էի սկսել աշխատել, նեղվում էին, ասում էին՝ «հարսը տանը չի, հաց չի սարքում, աման չի լվանում»։ Երբ արդեն սկսեցի գումար աշխատել, տան հոգսը թեթևացնել, սկսեցին գյուղում գլուխ գովել։ Հիմա ասում են՝ «մեղք ես, մի քիչ քիչ աշխատի»։ Հիմա ոչ թե հարցնում եմ՝ «կթողնե՞ք գնամ», այլ ասում եմ՝ «գործ ունեմ, էս տեղն եմ գնում», իրենք էլ, ինչով կարողանում են օգնում են՝ երեխեքին են նայում, հաց սարքում»։

zoom
Ընտանեկան լուսանկար

33-ամյա Հերմինեն նաև մատնահարդարում է սովորել։ Հիմա օրը ամենաքիչը 3-4 մազի, 1-2 եղունգի գործ է ունենում։ Հատկապես տոներից, ծնունդ-կնունք-հարսանիքներից առաջ դադար չունի։

Աչքի գողը

«Հետաքրքրասեր եմ, կարելի է ասել՝ աչքի գող։ Ինչ տեսնեմ, նույն րոպեին սովորում եմ։ Երբ գնում եմ գեղեցկության սրահներ, աչքի տակով նայում եմ՝ տեսնեմ՝ ինչը ունեմ, ինչը չունեմ, ինչ կարելի է գնել»։

zoom
Հերմինեն տղաների՝ Ալենի և Մանթաշի հետ

Հերմինեն միայն իր սանր ու մկրատով չի սահմանափակվում․ հաճախ է սեմինարների ու վերապատրաստումների գնում․ համ նոր գիտելիք է ստանում, համ նոր մարդկանց է հանդիպում։ Այդպես գնաց նաև Ապարան ու մասնակցեց «Կանանց վերաինտեգրումն աշխատաշուկայում» դասընթացին։

«Երբեք աշխատանքի համար չեմ դիմել, հարցազրույցի չեմ գնացել։ Դասընթացավարը փորձնական կազմակերպեց, որ պատկերացնենք՝ ինչպես է հարցազրույցն անցնում, ինչ են հարցնում։ Խոսելու հերթը հենց հասավ ինձ, ձեռքերս սկսեցին դողալ։ Հաղթահարեցի, հիմա ավելի ինքնավստահ եմ, արդեն գիտեմ՝ որոնք են իմ ուժեղ ու թույլ կողմերը, ինչ հմտություններ ունեմ, ինչպես պիտի ներկայանամ»,— ասում է Հերմինեն։

Ձմեռվա պահուստը

zoom
Պահածոները դատարկելու սեզոնը

«Դաշտում գործ անեմ, թե քաղաք գնամ՝ մազերս միշտ ֆենած է, եղունգներս՝ սարքած, հագուկապս՝ տեղը։ Մեր գյուղի կանայք հիմնականում իրենց չեն խնամում․ պիտի համոզեմ՝ գան, մազերը կտրեմ, ֆենեմ։ Ասում են՝ «ժամանակ չունեմ՝ ինձ հետևեմ»։ Բայց ժամանակը քո ձեռքն է, դու ես որոշում՝ երբ ինչ անել։ Գյուղի կանանց մտածելակերպն է՝ սկզբում երեխաներին, ամուսնուն, տան բոլոր անդամներին, վերջում՝ ինչ մնաց, իրենց համար կանեն։ Ես տենց չեմ․ առաջինը ես, հետո՝ մնացածը»։

zoom
Գյուղում ամենասպասված մեքենան
zoom

Կողքի գյուղերից ու քաղաքներից Ծիլքար օրական 2-3 մեքենա է գալիս․ միրգ ու բանջարեղեն, կոնֆետ, թխվածք, շոր ու տեխնիկա են բերում՝ վաճառքի կամ փոխանակման համար՝ կարտոֆիլի, գարիի, ցորենի հետ։ Ասում են՝ խանութի համեմատ էժան է, և մի կարևոր առավելություն ունի՝ «նիսյա» են տալիս․ ինչ պետք է, վերցնում են, երբ ձեռքներին փող է լինում, վճարում են։

Կյանքը՝ ամուսնուց հեռու

Հերմինեի ամուսինը՝ Գարիկը, զինծառայող է․ 8 ամիս է Ջերմուկի դիրքերում է ծառայում։

«Ինձ առօրյայում երբեք տխուր չեք տեսնի։ Շատ շփվող, ասող-խոսող եմ։ Բոլոր հաճախորդներիս կճանապարհեմ։ Գիշերը կարող է սիրո մասին վիդեո տեսնեմ՝ ոնց են իրար գրկում, ոնց են սիրում, և որ ամուսինս կողքս չէ, սկսեմ լաց լինել»։

Այս ընթացքում Ջերմուկ շատ է գնացել-եկել, տեղափոխվելու խոսակցություն էլ է բացվել, բայց որոշում դեռ չունի։

zoom
Սերը՝ հեռավորության վրա
zoom

«Սովորել եմ Ծիլքարի կյանքին, հաճախորդներ ունեմ։ Եթե տեղափոխվեմ՝ զրոյից պիտի սկսեմ, դրա համար չեմ ուզում։ Մի կողմից մեղքի զգացումն է, որ տան մեծերին պիտի մենակ թողնեմ։ Մյուս կողմից էլ մտածում եմ, որ իմ կյանքն է անցնում ամուսնուցս հեռու»։

zoom
77-ամյա Քնար Սարգսյանը թոռան՝ Ալենի հետ

Հերմինեի նոր երազանքը 2 միլիոն դրամ հավաքելն է։ Օրվա վաստակածն ամբողջությամբ չի ծախսում, կուտակում է՝ սենյակներից մեկը վերանորոգելու, կահավորելու, Ծիլքարում գեղեցկության սրահ բացելու համար։

zoom
Ձախից Ալենն է, աջից՝ Մանթաշը

«Շատերին գիտեմ, որ ձեռքի շնորհք, հմտություններ ունեն, բայց չեն օգտագործում՝ վախենում են, մտածում են՝ ամոթ է, կամ նայում են, թե ուրիշներն ինչ կասեն։ Բայց պիտի փորձես քեզ․ առանց փորձելու չես իմանա՝ կստացվի՞, թե՞ չէ»,— ասում է Հերմինեն։

Լուսանկարները՝ Անի Բալայանի

Նյութը պատրաստվել է «Ժողովրդագրական դիմակայունություն. կանանց կարողությունների և հնարավորությունների ընդլայնում՝ տվյալահեն քաղաքականության միջոցով» ծրագրի շրջանակում, որը իրականացվում է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից։ Ծրագիրը ֆինանսավորվում է Միացյալ Թագավորության Միջազգային զարգացման աջակցության շրջանակում։

Նյութում արտահայտված տեսակետները հեղինակային են և պարտադիր չէ, որ արտացոլեն Միացյալ Թագավորության կառավարության կամ ՄԱԲՀ-ի պաշտոնական դիրքորոշումը։

zoom

Թիմ՝

Թիմ

Ժաննա

Բեքիրյան

Թիմ

Հարություն

Մանսուրյան