high-voltage-cable
ՏեքստՀուլիս 13/2024

Կյանքը բարձրավոլտ էլեկտրահաղորդալարերի տակ

«Զգուշացե՛ք 110 կՎ և 220 կՎ բարձր լարման էլեկտրահաղորդման օդային գծերից»,— հորդորում է «Բարձրավոլտ էլեկտրացանցերը» ՓԲԸ-ն (ԲԷՑ)։ Մարդիկ էլ զգույշ, բայց շարունակում են ապրել բարձր լարման էլեկտրահաղորդալարերի տակ։

Օրենքով սահմանված է, որ անվտանգության գոտին նվազագույնը 20, 25 և 30 մետր պետք է լինի համապատասխանաբար 110, 220 և 330 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծերից։ Ավելի մոտ չի կարելի առանց թույլատվության շենք-շինություն կառուցել կամ քանդել, ցանկապատ քաշել, ծառ տնկել կամ հատել, հողը ոռոգել և ցանկացած այլ տնտեսական գործունեություն ծավալել։

Իրական պատկերը, սակայն, այլ է. պարզ չէ՝ որտեղ է ավարտվում անվտանգության գոտին, և որտեղ են սկսվում մարդկանց տները։

1 Large.png
Էլեկտրահաղորդալարերի հենարանը տնամերձ այգում, Երևան, Տիչինայի փողոց

Երևանի տարածքով անցնող բարձր լարման էլեկտրահաղորդալարերը քարտեզագրելու համար դիմեցինք ԲԷՑ-ին։ ԲԷՑ-ից հայտնեցին, որ այդ տվյալների տրամադրումն իրենց իրավասությունների շրջանակներից դուրս է։ Ստիպված էինք տվյալների հավաքագրումն իրականացնել բաց աղբյուրներներից։

«OpenStreetMap»-ում առկա տվյալներից առանձնացրինք Երևանում գտնվող բարձրավոլտ էլեկտրահաղորդալարերը։ Քանի որ հայտնի չէր՝ դրանք 110, 220, թե 330 կՎ լարման են, որպես անվտանգության գոտի ընդունեցինք սահմանված նվազագույնից էլ քիչ՝ 15 մ հեռավորությունը և սկսեցինք հաշվել դրա սահմաններում գտնվող շինությունների քանակը։ Տվյալները զուգահեռ համադրել և ճշգրտել ենք Google-ի արբանյակային քարտեզով։ Պարզվեց, որ Երևանում ավելի քան 800 շինություն տեղակայված է բարձր լարման էլեկտրահաղորդալարերից մինչև 15 մետր հեռավորության վրա, ինչը երևում է մեր ուսումնասիրության ընթացքում պատրաստված քարտեզում.

ՀՀ քրեական օրենսգրքի 448-րդ հոդվածով՝ առանց թույլտվության անվտանգության գոտու հողօգտագործումը պատժվում է վարչական տույժով, ուղղիչ աշխատանքներով, որոշ դեպքերում սահմանված է նաև ազատազրկում՝ մեկից երկու տարի ժամկետով։

«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի Տեխնիկական հսկողության և աշխատանքի անվտանգության բաժնի պետ Վահրամ Վարժապետյանի խոսքով՝ խնդրի մասշտաբներին ծանոթ են, բայց ընկերությունը պատժիչ գործիքակազմ չունի։ Առկա խախտումներն արձանագրվում են և փոխանցվում լիազոր մարմիններին։

«Շատ են դեպքերը, երբ սպասարկող անձնակազմը չի կարողանում հասնել էլեկտրահաղորդալարերի հենարաններին և սպասարկում իրականացնել։ Հաճախ մարդիկ ինքնագործունեությամբ վնասում են հենարանների հիմքերը՝ առաջացնելով դրանց տապալման վտանգ։ Խախտումները շատ են, սակայն մեր փաստարկները բավարար չեն իրավական հետևանքներ առաջ բերելու համար, որովհետև խախտումն անողը սեփականատերն է, որը գործում է իր տարածքում»,— նշում է Վարժապետյանը։

ԲԷՑ-ից փորձեցինք ճշտել նաև նախորդ տասը տարում արձանագրված խախտումների վիճակագրությունը։ Ընկերությունից հայտնեցին, որ նշված ժամկետում հայտնաբերվել է անվտանգության գոտիների 34 խախտում, որոնք համապատասխան գրություններով ներկայացվել են լիազոր մարմիններին:

«Օրինակ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ԲԷՑ-ին պատկանող էլեկտրասյան հենարանը՝ բոլոր հնարավոր խախտումներով, շրջապատված է բնակելի շենքերով։ Հենարանը մնացել է շենքերի արանքում, և սպասարկող աշխատակիցները ոչ մի կերպ չեն կարողանում մոտենալ դրան»,— ասում է Վահրամ Վարժապետյանը։

2 Large.png
Էլեկտրահաղորդալարերի հենարանը՝ շրջապատված բնակելի տներով, Երևան, Լուկաշինի փողոց

ԲԷՑ–ի պատասխանատուն վստահեցնում է, որ այսօր ուշադրությամբ հետևում են անվտանգության գոտիների պահպանման խնդրին՝ նոր կառուցվող շինությունների տարածքում։ Իսկ տարիներ առաջ արդեն կառուցված և խնդրահարույց շենքերի մասին Վարժապետյանն ասում է, որ այդտեղ կա էլեկտրահարվելու վտանգ, և առավել մտահոգիչ է էլեկտրամագնիսական դաշտի առկայությունը։

Եթե բարձրավոլտ հաղորդալարերի անվտանգության գոտիներում կառուցված շինությունների խնդրին տրվի համակարգային լուծում, կառաջանա մարդկանց տներից հանելու անհրաժեշտություն։ Նաև այս պատճառով է խնդիրը մնում չլուծված։ Արդյունքում, նվազագույն հաշվարկով անգամ, Երևանում 800-ից ավելի շինություն վտանգավոր գոտում է` բարձրավոլտ էլեկտրահաղորդալարերի տակ։

Գլխավոր լուսանկարում բարձրավոլտ էլեկտրահաղորդալարերի հենարանն է Նորք Մարաշ վարչական շրջանում՝ մի ոտքը բնակելի տան տարածքում, մյուսը՝ դրսում։

Հեղինակներ՝

Ուսանողներ

Սյուզաննա

Օհանյան

Ուսանողներ

Սոնա

Սարգսյան

Ուսանողներ

Ալիսա

Հարությունյան

Դասախոսներ՝

Դասախոսներ

Ստեփան

Խաչատրյան

Դասախոսներ

Մարիամ

Բարսեղյան

Թիմ՝

Թիմ

Հարություն

Մանսուրյան