vrayert
Long ReadՀուլիս 19/2024

Վարչարարություն՝ առանց կրթության. երկու տարում Երևանում վրաերթի է ենթարկվել 1381 մարդ

Ինչ ենք պարզել

  • Անցումը չթույլատրված վայրով՝ վրաերթի հիմնական պատճառ։
  • Ամենաշատ վրաերթերը՝ երեկոյան ժամերին և գիշերը։
  • Ամենաշատ վրաերթերը՝ Րաֆֆիի, Գարեգին Նժդեհի փողոցներում, Տիգրան Մեծ, Արշակունյաց և Բագրատունյաց պողոտաներում։
  • Վթարները կանխարգելող ՆԳՆ միջոցառումները՝ իրազեկող հոլովակներ և 5 հազար դրամ տուգանք։
  • Օրինախախտ անցորդներին տուգանելու դեպքերը 2023-ին 2022-ի համեմատ եռապատկվել են։
  • Երևանի 164 համայնքային մանկապարտեզներից միայն 7-ում են գործնականում սովորեցնում անվտանգ երթևեկության կանոնները։
  • Հանրակրթական դպրոցներում անվտանգ երթևեկության կանոնները սովորում են 2-րդ, 3-րդ և 6-րդ դասարաններում՝ սահմանափակ դասաժամերով։

2023-ի դեկտեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում՝ Մալիբու այգու մոտ, 28-ամյա վարորդի մեքենան հարվածեց չթույլատրված մասով փողոցը հատող երեք հետիոտնի։ 38-ամյա հղի կինը մահացավ, 4-ամյա երեխան և 59-ամյա տատիկը վիրավորվեցին: Նախաձեռնվեց քրեական վարույթ, վրաերթի ենթարկվածները ճանաչվեցին տուժող, վարորդը՝ գործով մեղադրյալ։ Քննչական կոմիտեի որոշմամբ՝ վարորդը տնային կալանքի տակ է, նրան սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում։

Ո՞րն է վրաերթերի ամենատարածված պատճառը

Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ մահվան ելքով վրաերթերի զգալի մասը տեղի է ունեցել վարորդների տեսադաշտի բացակայության և հետիոտների՝ չթույլատրված վայրերով անցնելու հետևանքով։ 2 դեպքում վրաերթի պատճառ է դարձել վարորդի հանկարծամահությունը։

Հետիոտնային անցման վրա տեղի ունեցած վրաերթերի վերաբերյալ Ոստիկանությունն առանձին վիճակագրություն չի վարում:

Չնայած վրաերթերի հիմնական պատճառը մնում է չթույլատրված հատվածով անցնելը, մարդիկ, միևնույն է, շարունակում են փողոցն անցնել այդ վայրերով: Ընդամենը 20 րոպե Կենտրոնի տարբեր խաչմերուկներում քայլելով՝ նկարել ենք չթույլատրված հատվածներով անցնող մարդկանց:

Քաղաքապետարանից տեղեկացրին, որ 2022-2023 թվականներին վերանորոգվել է Մաշտոցի 5 հասցեում գտվող «Փակ շուկայի» գետնանցումը։ 2024-2028 թվականներին Երևանի քաղաքապետարանը նախատեսում է կառուցել վերգետնյա 2 անցում։

«Նախատեսվում է իրականացնել Դավթաշեն վարչական շրջանի «Ձոր 2» թաղամասի կից հատվածում և Արաբկիր վարչական շրջանի Կոմիտասի պողոտայում «շուկա» կոչված տարածքի հարևանությամբ վերգետնյա հետիոտնային անցման կառուցման աշխատանքներ»։

Երևանյան վրաերթերի մտահոգիչ վիճակագրությունը

2022-ին մայրաքաղաքում արձանագրվել է 626 վրաերթ, 2023-ին՝ 688: Ներքին գործերի նախարարությունից մեր հարցմանը պատասխանել են, որ վրաերթերից 887-ը տեղի է ունեցել փողոցներում, 230-ը՝ խաչմերուկներում, 197-ը՝ պողոտաներում:

Մենք Ոստիկանության պաշտոնական կայքէջից և shamshyan.com-ից հավաքել և վերլուծել ենք անցած երկու տարում Երևանում տեղի ունեցած վրաերթերի մանրամասները: Ստորև ներկայացվող գրաֆիկներում երևում է, թե ամենաշատը որ ամիսներին, որ օրերին և ժամերին են գրանցվել վրաերթերը:

Untitled design (2) (1).png

Նույն բազայով առանձնացրել և քարտեզագրել ենք նաև այն փողոցները և խաչմերուկները, որտեղ տեղի են ունեցել ամենաշատ վրաերթերը:

Տուգանվող քաղաքացիներ, բացակայող լուծումներ

Ներքին գործերի նախարարությունում կարծում են, որ իրազեկող հոլովակները կնպաստեն վրաերթերի թիվը կրճատելուն:

«Ռեպորտաժներում ներկայացնում ենք վրաերթերի կոնկրետ տեսակներ։ Տարիքային մեծ խմբերի ներկայացնում ենք վտանգավորությունը և սպասվող վարչարարությունը, պարեկները հանդիպումեր են ունենում դպրոցներում»,— ասում է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը:

Ըստ Սարգսյանի՝ վրաերթերի թիվը նվազեցնելուն էր միտված նաև մեքենաների դիմապակիների մգեցված թաղանթը հանելու որոշումը։

«Հատկապես գիշերային ժամերին, եթե մի քիչ էլ մուգ են հագնված լինում հետիոտները, վարորդները նրանց դժվար են նկատում»,— նշում է Սարգսյանը։

Նախարարության մոնիթորինգային կենտրոնը առանձնացնում է այն փողոցները, որտեղ ամենաշատ վրաերթերն են տեղի ունենում։ Դրանք են Տիգրան Մեծ, Սեբաստիա, Ամիրյան, Բաբաջանյան փողոցները և Մաշտոցի պողոտան.

«Փորձում ենք պարզել այդ սև կետերում վրաերթերի մեծ թվի պատճառը և գտնել լուծումներ, օրինակ՝ վերգետնյա անցումներ, նոր կարմիր լույսեր՝ կոճակով»:

Նախարարությունը, սակայն, Հայաստանում վրաերթերի թիվը տարածաշրջանի երկրների ցուցանիշների հետ չի համեմատում՝ հիմնավորելով՝ ճանապարհային խնդիրները տարբեր են։

«Կարծում եմ՝ վրաերթերի քանակը նվազեցնելու ամենաարդյունավետ եղանակը վարչարարությունն է, երբ, կոպիտ ասած, դիպչում ես մարդկանց գրպանին։ Մարդիկ ակտերի պատճառով ավելի զգոն են դառնում, քան, երբ բացատրում ենք, որ իրենց կյանքն են վտանգում»,— հավելում է Սարգսյանը։

Տուգանքը 5000 դրամ է։ 2022-ին փողոցը չթույլատրված հատվածով անցնելու համար տուգանվել է 5239, 2023-ին՝ եռակի ավելի՝ 17193 քաղաքացի։ Տուգանվածների թվի կտրուկ աճը պայմանավորված է ոչ թե օրինախախտ անցորդների ավելացմամբ, այլ պարեկների նոր գործիքով՝ պլանշետով։ Դրանց միջոցով տեղում, առանց անձը հաստատող փաստաթղթի քաղաքացուն նույնականացնում են և տուգանում, այսինքն՝ փաստաթուղթ չունեցող քաղաքացուն նույնականացման նպատակով ոստիկանություն հրավիրելու և արձանագրություն կազմելու անհրաժեշտություն արդեն չկա։

Ինչպես նվազեցնել վրաերթի դեպքերը․ միջազգային փորձը

Իռլանդիայում, Շվեդիայում և Նորվեգիայում վրաերթից տուժած անձանց թիվ ամենացածրն է Հյուսիսային Եվրոպայում։ Այս երկրներում առնվազն երեք հիմնական մակարդակներում՝ նախադպրոցական, տարրական և միջնակարգ դասավանդվում են ճանապարհատրանսպորտային կանոնների կրթական ծրագրեր։ Տրանսպորտի անվտանգության եվրոպական խորհրդի հետազոտությունների համաձայն 2020-ին Նորվեգիայում վրաերթի զոհ դարձած հետիոտների թիվը 15 է, իսկ Շվեդիայում և Իռլանդիայում՝ 0:

Հայաստանում ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնների ուսուցումը կարգավորում է ԿԳՄՍ նախարարությունը։ 2005-ին ընդունված «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքը սահմանել է միջնակարգ դպրոցներում ճանապարհային երթևեկության անվտանգ վարքագծի ուսուցման դրույթները:

Շուրջ 20 տարի գործող կարգավորումները, դատելով վրաերթերի թվի աճից, արդյունավետ չեն։

Տրանսպորտի անվտանգության եվրոպական խորհրդի 2019-ին կատարած հետազոտությունը ցույց է տալիս, որ դպրոցականների շրջանում վրաերթերից տուժածների թիվն աճում է 13 տարեկանից սկսած, չնայած տրանսպորտային անվտանգության կաննոների ուսումնական ծրագրերը դասավանդվում են տարրական դասարաններից։ Այսինքն, վրաերթերի թիվն աճում է, երբ դպրոցականներն սկսում են դպրոց հաճախել առանց ծնողների ուղեկցության։

7 հատուկ կահավորված մանկապատեզ՝ 200-ից

Երևանի քաղաքապետարանը ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հետ 2023-ից իրականացնում է ծրագիր, որով ընդարձակ բակ ունեցող մանկապարտեզները կահավորվում են ճանապարհային երթևեկության կանոններին համապատասխան:

Այդ ծրագրից օգտվում են մայրաքաղաքի 200 մանկապարտեզից ընդամենը 7-ը՝ Աջափնյակ, Մալաթիա, Նոր Նորք, Շենգավիթ, Կենտրոն, Արաբկիր, Դավթաշեն վարչական շրջաններում: Մնացած համայնքային մանկապարտեզները սահմանափակված են միայն լուսանկարներով և խաղերի ձևով ճանապարհային կանոններն ուսուցանվում են միայն լուսանկարներով և խաղերով։

«Երեխաներին գործնական պարապմունքների միջոցով տրվում են նվազագույն անհրաժեշտ գիտելիքներ, թե ինչ է ճանապարհային երթևեկությունը, ինչ կանոններ կան, ինչ են ցույց տալիս լուսացույցի գույները, ինչպես է պետք անցնել փողոցը և այլն: Ծրագրի շրջանակում դաստիարակների գիտելիքները թարմացնելու համար փոքր դասընթաց է կազմակերպվել: Այսօր բարեկարգվող մանկապարտեզներում պարտադիր է նման հնարավորություններով տարածքների առկայությունը»,— մեզ հետ զրույցում ասացին Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից:

Այս կրթական ծրագրին մասնակցել է նաև Երևանի թիվ 5 մսուր–մանկապարտեզը:
Կենտրոն վարչական շրջանում գտնվող մանկապարտեզի 186 սան ծանոթանում են անվտանգ երթեևեկության կանոններին։

Կարո՞ղ ենք վերափոխել Հայաստանի ճանապարհային երթևեկության անվտանգությունը

2021-2024 թվականներին ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի՝ Հայաստանում կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի նախաձեռնությամբ իրականացվել է «Վերափոխելով Հայաստանի ճանապարհային երթևեկության անվտանգությունը՝ տվյալների, մարդկանց և ճանապարհային քաղաքականությունների միավորմամբ» ծրագիրը։ Համագործակցելով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և ՀՀ Ոստիկանության հետ՝ Կենտրոնը հավաքագրել, համադրել և վերլուծել է վերջին տարիներին Հայաստանի տարածքում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների տվյալները։

«Մեր առանցքային նպատակն է օգնել քաղաքականություն մշակողներին, փաստահենք և տվյալահենք որոշումներ իրականացնել՝ երկրում ՃՏՊ-ները և դրանցով պայմանավորված մահերի ու վնասվածքների թիվը նվազեցնելու համար»,— մեզ հետ զրույցում նշեց Կենտրոնի հանրային քաղաքականության նորարարության ծրագրերի ղեկավար Էլեն Սահրադյանը։

Տվյալների օգնությամբ մշակված գործիքներով ՆԳՆ-ն կկարողանա ՃՏՊ-ների դեպքերը օպտիմալ կերպով մուտքագրել և վերլուծել։

Ինչ են սովորեցնում դպրոցում

Հայաստանի դպրոցներում ՃԵ կանոններն ուսուցանվում են 2-րդ և 3-րդ դասարաններում՝ «Ես և շրջակա աշխարհի» դասագրքի միջոցով՝ ըստ ուսումնական ծրագրի, և 6-րդ դասարանում՝ «Առողջ ապրելակերպ» պարտադիր խմբակի «Անվտանգություն, վտանգի կանխարգելում» թեմայի շրջանակում։

Նշված դասագրքերում ներառված են «Վտանգներ փողոցում» և «Ինչպե՞ս պետք է վարվել վտանգավոր իրավիճակներում» գլխագրերը՝ թեմատիկ տեքստերի։ Ուստի, հարց է՝ աշակերտները ինչպե՞ս են գիտելիքը կրկնում-յուրացնում, և հնարավո՞ր է 1-2 ժամի միջոցով յուրացնել ՃԵ անվտանգության կանոնների, դրանց հետևելու կարևորության և հարակից թեմաների մասին դասերը: «Առողջ ապրելակերպ» խմբակի ուսուցման համար դասագիրք նախատեսված չէ։

3-րդ դասարանի «Ես և շրջակա աշխարհ» դասագրքի «Ինչպե՞ս պետք է վարվել վտանգավոր իրավիճակներում» վերնագրով տեքստում ավելի շատ խոսվում է թունավոր սնկերի մասին, քան ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնների։ Տպավորություն է՝ 7-8 տարեկան երեխաներն ավելի շատ արշավների են մասնակցում, քան փողոցներ անցնում։

Այս տարվա առաջին 4 ամիսների տվյալներով՝ վրաերթերի թիվը նախորդ տարվա նույն ժամանաշրջանի համեմատ 59-ով պակասել է, բայց ակնհայտորեն արդյունքը բավարար չէ։ Քանի դեռ մարդիկ իրենք չեն կարևորում իրենց կյանքը և հավելյալ մի քանի հարյուր մետր չքայլելու համար պատրաստ են ճանապարհը հատել ոչ թույլատրելի մասերով, ՆԳՆ-ի վարչարարությունը կամ դպրոցական անվտանգության դասերը դժվար թե լուրջ արդյունք ունենան։

Գլխավոր նկարը՝ Դաթո Աբուլաձեի, օգտագործվել է արհեստական բանականություն։

Հեղինակներ՝

Ուսանողներ

Լենա

Սահակյան

Ուսանողներ

Լիլիթ

Գրիգորյան

Ուսանողներ

Արմեն

Ղազարյան

Դասախոսներ՝

Դասախոսներ

Էդիկ

Բաղդասարյան

Դասախոսներ

Տիրայր

Մուրադյան

Դասախոսներ

Ստեփան

Խաչատրյան

Դասախոսներ

Մարիամ

Բարսեղյան

Թիմ՝

Թիմ

Հարություն

Մանսուրյան