homeless-shelter
Long ReadՕգոստոս 15/2023

Անօթևանների կացարանը` ներսից. տարիներով չլուծված խնդիրներ

  • Որևէ պետական մարմին անօթևանների հաշվառմամբ չի զբաղվում։
  • Անօթևանների կացարանում 100 մարդ է բնակվում։ Տասնյակից ավելին ունեն հոգեկան առողջության խնդիրներ։
  • Կացարանում ապրում են մեծ թվով թոշակառուներ։
  • Անօթևանների սնունդը չի համապատասխանում սահմանված «օրինակելի» ճաշացանկին։

Անօթևանների կացարանը հանգրվան է նրանց համար, ովքեր հայտնվել են փողոցում և գնալու տեղ չունեն։ Ոմանք այստեղ են ընդամենը մի քանի օր, ոմանք՝ ամիսներ ու տարիներ։ Յուրաքանչյուրը կացարանում հայտնվելու իր պատճառն ու պատմությունն ունի։

Կացարանի միջանցքներն աղոտ են լուսավորված, ու ամեն ձայն արձագանքում է։ Օդը ծանր է՝ խառնված տարբեր հոտերով։

Անօթևանների մեջ կան հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք, ինչը հաճախ հանգեցնում է բնակիչների միջև լարվածության և կոնֆլիկտի։

Կացարանը 4 հարկանի շինություն է։ 2-րդ հարկը վարչակազմի և աշխատակիցների համար է։ Անօթևաններն այստեղ լինում են միայն ադմինիստրատիվ հարցերով։ Բնակվում են 4-րդ հարկում, որի գրեթե բոլոր սենյակները զբաղված են։ Շենքի առաջին և երրորդ հարկերը դատարկ են։

DSC07129 copy.jpg
DSC07132 copy.jpg

Հանելուկ դարձած թվեր, կամ այն մասին, որ Հայաստանում անօթևանների հաշվառում չի իրականացվում

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության՝ մեր հարցման պատասխանում նշված էր, որ Հայաստանում կա 100 գրանցված անօթևան։ Հաշվառումն իրականացվում է կացարանի միջոցով, այսինքն՝ ինչքան մարդ ապրում է կացարանում, այնքան էլ անօթևան կա Հայաստանում տրամաբանությամբ։

Վիճակագրական կոմիտեից ասացին, որ վերջին անգամ անօթևանների հաշվառում արվել է 2011-ի մարդահամարի ժամանակ։ Հաշվառումն իրականացվել է մի գիշերում՝ ոստիկաններից ճշտելով անօթևանների գիշերելու վայրը։ Գրանցվել է 389 անօթևան։

Կացարանի պատմական ակնարկը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից հավաստագրվել է անօթևան անձանց համար նախատեսված ժամանակավոր մեկ կացարան։

2002-ի կառավարության N 1908-Ն որոշման համաձայն՝ ստեղծվեց «Երևանի N 1 տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ը, որը կյանքի բարդ իրավիճակներում հայտնված մարդկանց և տարեցներին խնամք է տրամադրում։ 2006-ի կառավարության N 97-Ն որոշման համաձայն՝ «Երևանի N 1 տուն-ինտերնատը» սկսեց խնամքի ծառայություն տրամադրել նաև անօթևան անձանց։

2014-ի հունվարի 1-ից անօթևանների ժամանակավոր կացարանը Հաղթանակ (նախկինում՝ 4-րդ գյուղ) թաղամասից տեղափոխվեց Վարդաշեն։ Այն միացվեց «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամին։ Կառավարության N 39 որոշման համաձայն՝ Երևանի Վարդաշենի 9-րդ փողոցի N 70 հասցեում գտնվող N 26 մասնագիտական տեխնիկական ուսումնարանի շենքային համալիրը 2001-ից անհատույց օգտագործման իրավունքով հանձնվեց «Հանս Քրիստիան Կոֆոեդ» հիմնադրամին։

2000-ին դանիական մոդելով ստեղծված հիմնադրամը զբաղվում էր սոցիալապես անապահով, 20-ից բարձր տարիք ունեցող անձանց կարճաժամկետ մասնագիտական ուսուցումով։ Սովորեցնում էին խոհարարություն, վարսահարդարում, մատնահարդարում, դիմահարդարում, կավագործություն և այլն։ 2014-ին, շահելով կառավարության հայտարարած մրցույթում, հիմնադրամը սկսեց ծառայություն մատուցել անօթևաններին՝ տրամադրելով կացարան, խնամք, հագուստ, սնունդ և սոցիալական ծառայություններ։

Տարիներ շարունակ «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամն էր ծառայություն մատուցում անօթևաններին։ Սակայն 2021-ին ոչ մի կազմակերպություն կառավարության հայտարարած մրցույթին հայտ չէր ներկայացրել։ «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամը, ըստ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, զրկվել էր մրցույթին մասնակցելու իրավունքից, քանի որ մեկ այլ ծրագրի շրջանակում ոչ պատշաճ ծառայություն էր մատուցել։ Կառավարությունը ստիպված անօթևաններին 2021-ի դեկտեմբերի 31-ին տեղավորեց «Երևանի N 1 տուն-ինտերնատի» անբնակ մասնաշենքում։

Կացարանի ներկան՝ ներսից

2022 թվականին «Հանս Քրիստիան Կոֆոեդը» նորից շահում է կառավարության հայտարարած մրցույթում և շարունակում է ծառայություն մատուցել նաև 2023 թվականին։

Ըստ 1032-11005/23-Ա պայմանագրի՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը «Հանս Քրիստիան Կոֆոեդ» հիմնադրամին այս տարի հատկացրել է 70,748,784 (յոթանասուն միլիոն յոթ հարյուր քառասունութ հազար յոթ հարյուր ութսունչորս) դրամ։

2023-ի փետրվարի 10-ին Անօթևանների կացարանի փոխտնօրենից բնակիչների հետ ծանոթանալու, զրուցելու համաձայնություն ստացա։ Հանդիպում էինք 4-րդ հարկում, առանց աշխատակիցների, որպեսզի խոսակցությունը լինի անկաշկանդ։ Հենց այս հարկում են ապրում անօթևանները։ 4 օր շենքում ջեռուցում չէր եղել, բնակիչներն ասացին՝ նոր են միացրել։ Հավաքել եմ այն բնակիչների պատմությունները, որոնք ցանկացել են զրուցել։ Նրանց պատմությունների մանրամասները ճշտված չեն, մեջբերում եմ նույնությամբ։

DSC06806 copy.jpg
Կացարանի բնակիչներից

Կացարանի մեծ սենյակներում ապրում է 12-14, փոքրերում՝ 6-8 մարդ։

Կանանց սենյակում մահճակալները շարված էին իրար ետևից՝ մեկ ոտնաչափ հեռավորությամբ։ Բնակիչները նստած, պառկած կամ կիսապառկած էին մահճակալներին, որը ամբողջությամբ նրանց պատկանող միակ տարածքն է։

Միջանցքից ձախ՝ ճեմասրահն է։ Մի քանի մետր այն կողմ՝ բաղնիքն է, միջանցքի աջ անկյունում՝ ճաշարանը։

Ժաննա (անունը փոխված է)

Ժաննան կացարանում արդեն հինգ տարի է։ «Ինձ ասում են՝ երբ եկար, հա՛մ սիրունիկ էիր, հա՛մ էլ ջահել։ Էս հինգ տարվա մեջ ծերացար ու գեշացար»,— ծիծաղում է Ժաննան։ Նա երկար տարիներ մանկապարտեզում դաստիարակ է աշխատել։

«Անօթևաններին, կներեք արտահայտությանս համար, շան տեղ չեն դնում։ Անօթևանների կացարանի տեղեկանքով ուր գնում ենք, մեզ ընդունում են, բայց անուշադրության են մատնում։ Պետք ա բուժում, դեղորայք․ մի 10 օր ստից-մտից պահում են հիվանդանոցում իբր նայեցինք, հետո ասում են՝ գնա։

Հեշտ չի։ Հինգ տարվա մեջ ներվեր, հայհոյանք, է՜հ…

Մի ամիս առաջ մեկը մտել ա կանանց սենյակ ու հայհոյում է մեզ։ Ասում եմ՝ գնա՛ ստեղից, հետ դառավ, բռունցքով խփեց։ Շտապօգնություն ու ոստիկանություն եմ կանչել։ Էդ մի շաբաթը պառկել եմ, ուղեղի ցնցում էի ստացել։ Տնօրենը ի՞նչ ա մտածում, խուլիգանություն ա էստեղ, խուժաններ, ալկաշներ։ Դիսցիպլինա չկա։ Եթե պարոն Խաչատրյանը (Կացարանի տնօրենը - խմբ) լսի՝ նման բան եմ ասել, հետս կընդհարվի, բայց ճիշտը մնում ա ճիշտ։ Նա տեսավ, որ իր բնակչի վրա ձեռք ա բարձրացրել, նա պիտի իրան անմիջապես հեռացներ։

Խմած ա եղել, դա մի հանցանք, կնոջ վրա ձեռք ա բարձրացրել, էդ էլ երկրորդ հանցագործությունը։ Արդարություն չկա ստեղ, ինչքան վատ բառ կա, սազական ա էս շենքին։

Ես քնկոտ եմ եղել։ Առավոտը տրիվոգ էր պետք, որ ինձ արթնացներ, գնայի գործի, բայց հիմա 2 ժամ հազիվ եմ քնում։ Ներվերս խառնվել ա, չեմ քնում»։

DSC06922 copy.jpg

Արամ

Արամը Ռուսաստանից է եկել Հայաստան՝ աչքը վիրահատելու նպատակով։ Մահացել է հայրը, հետո՝ մայրը, ու ինքը հայտնվել է կացարանում։ Ասում է՝ ժամանակավոր է․ բարեկամության 60%-ը Ռուսաստանում է, ինքն էլ է գնալու։

Արամը համեմատում է Չորրորդ գյուղի և Վարդաշենի կացարանները.

«Տարբերությունը մեծ ա։ Բաղնիքն էստեղ մինչև հինգն ա աշխատում, հիմա ես դրսից եկել եմ, փակ ա։ Չորրորդ գյուղում գիշեր-ցերեկ բաց էր։ Ուտելիքն էլ ա տարբեր։ Էնտեղ միրգ, սմետան, կաշա էին տալիս, իսկ էստեղ՝ ցամաք բրինձ։ Ամենահանգիստ սենյակը մերն ա, կասե՞ս՝ 14 հոգի ա ապրում։

Սա բնակիչների 30%-ի տեղը չի։ Մի 30 մարդ հոգեկան խնդիր ունի, մի 15-20-ն էլ տարիքավոր են, թոշակավոր են, պիտի տեղափոխվեն։ Մի վախտ չգիտեին սրա տեղը, հիմա դրսում, կանգառում, որտեղ տեսան՝ ինվալիդ ա, վիրավոր ա, անգամ մահամերձ, գիշերվա կեսն է լինի, բերում են էստեղ։ Ոստիկանն ա բերում։ Էստեղ էլ քույրն ա, ի՞նչ պիտի անի։ Խի՞ էստեղ, հիվանդանոց պիտի տանեն»։

ճաշացանկ.jpg
«Օրինակելի ճաշացանկը»՝ թղթի վրա
DSC07195 copy.jpg
Սեղանի վրա

Երրորդ այցս էր. գնացի փոխտնօրենի մոտ, ասացի, որ ուզում եմ կացարանի խնդիրների մասին գրել։ Ասաց. «Բարձրացիր վերև, մեր աշխատակիցը քեզ կդիմավորի և մարդկանց կկանչի, կխոսես նրանց հետ»։

Բարձրացա 4-րդ հարկ, աշխատակիցն ու բնակիչը ինձ էին սպասում։ Բնակչին առաջարկեցի դրսում զրուցել առանց որևէ մեկի ներկայության։ Համաձայնեց, իջանք, շրջեցինք, լսում էի միայն գովեստի խոսքեր կացարանի մասին։ Հասկացա, որ նրան հատուկ պատրաստել էին մեր հանդիպմանը, արագ ավարտեցի զրույցը՝ շնորհակալություն հայտնելով։

Ճեմասրահում ենք՝ ես ու կացարանի յոթ բնակիչ։ Նրանց թիվը կամաց-կամաց ավելանում է։ Ոմանք կոպտում են, ոմանք՝ գոռում, հետո անկեղծանում․ զրուցում ենք ավելի քան երկու ժամ։

DSC06826 copy.jpg

Մագդա

Մագդան կացարանում է կես տարի։ Խոսելիս հուզվում է։ Կորցրել է ամուսնուն, երեխաներին, և բարեկամները նրան բերել են անօթևանների կացարան։ Սկսել է ծխել։

«Վարձով էի ապրում, չէի կարողանում էլ վարձը տալ։ Մենակ էի, նայող չունեի, բարեկամներս բերին, քցին ստեղ:

Ամուսինս հունվարի 5-ին վատացավ, ինֆարկտ տարած մարդ էր, մի քիչ էլ խմող։ Բժիշկ էի կանչել, ջղայնացավ, ինձ էլ ասեց. «Ախչի, մի բաժակ բան բեր, ներվերս հանգստանա»։ Խմեց, ու էն խմելն էր, չզարթնեց։

DSC06999 copy.jpg
Մագդան՝ ձախից

Թոշակս բարեկամներս են բերում, բայց մի շաբաթ ա՝ ասում են՝ բանկում փող չկա, չեն բերում։ Ոտքերս ուռած են, հազիվ եմ քայլում, մինչև զուգարան եմ գնում, հոգիս դուրս ա գալիս, որ պառկում եմ, վերմակս չեմ կարում վրես գցեմ։ Մի աղջիկ կա, ամիսը 1000 դրամ եմ տալիս, որ լողացնի։ Կամավոր եմ է եղել, կռվի եմ մասնակցել, վիրավորվեցի թևից, ու՞մ համար էի կռվում, արի տես՝ հիմա բոլորը իրար են ուտում։

Քնում եմ, ելնում, կոֆե խմում, մինչև 11-ը նստում էստեղ, մինչև ուղեղս անջատվի, էնքան են խոսում, լիքն են, շուտ եմ ներվայնանում։ Ներվերիցս սկսել եմ ծխել»։

Նորիկ

Նորիկը խոհարար է։ Ասում է՝ աշխատում եմ, ու դա իմ փրկությունն է։ Օրը մեջ է լինում կացարանում։

DSC06903 copy.jpg

«Տարիներ առաջ ինսուլտ խփեց, գնացի Օդեսա՝ բուժվելու։ Հետ եկա, տեսա՝ տանս ուրիշ մարդ ա ապրում: Կինս ծախել էր տունը, չէի իմացել, 95 թվից բաժանված ենք։ Գնացի «ԺԵԿ», ասում եմ՝ ինչի՞ եք հանել գրանցումից, ասում ա. «Վեց ամիս չես ապրել, ավտոմատ դուրս ես եկել»։ Նման օրենք կա՞։

14 օր դրսում մնացի, հետո իմացա, որ սենց տեղ կա, եկա։

Չորրորդ գյուղում լավ էր, իրար գլուխ հավաքված չէինք, առանձին էինք։ Մի երկու օր էստեղ մնաս՝ կգժվես, տարբեր մարդիկ են, տարբեր հիվանդություններով։ Մեկն իրան-իրան խոսում ա, մեկը գժություն ա անում, պիտի սաղին հարմարվես, թե չէ՝ պիտի թողես-փախնես։ Դե, դրսի համեմատ էլի կրիշ ա։ Շաբաթը մեկ ենք լողանում, Չորրորդ գյուղում ամեն օր ստիպում էին լողանալ։

Էնտեղ մաքուր էր, բայց ելումուտը պրոպուսկով էր։ Էստեղ ազատ ա, ու ամեն ինչ՝ իմիջիայլոց։ 3-րդ հարկը լրիվ դատարկ ա, գոնե կեսին էնտեղ տեղափոխեն»։

Անօթևանների բաղնիքը

DSC06965 copy.jpg
DSC06963 copy.jpg

Անօթևանները բաղնիք են գնում աշխատանքային օրերին։ Երկու օր բաղնիքից կարող են օգտվել կանայք, երկու օր՝ տղամարդիկ, իսկ մեկ օր տրամադրվում է հաշմանդամություն ունեցողներին։ Բնակիչները պատմում են, որ բաղնիքից յուրաքանչյուրը կարող է օգտվել 20 րոպե։

Բաղնիքն աշխատում է մինչև ժամը 17:00-ն։

DSC07164 copy.jpg

«Ինչքա՞ն եք մնալու»,— հարցնում են կացարանի բնակիչները։ Ասում եմ՝ մինչև ընթրիք։ Մեկը ծիծաղեց, թե՝ «Հա, փաստորեն էսօր լավ բաներ ենք ուտելու»։

խմբային նկար.jpg
DSC06892 copy.jpg

Բնակիչներից մեկի շնորհակալական խոսքը Անօթևանների կացարանի տնօրինությանն ու աշխատակազմին։ Խնդրել է՝ անունը չգրել։

«Ես շնորհակալություն եմ հայտնում էս կազմակերպությանը, որ ընդունում է անօթևաններին։ 15 օր ա ինչ եկել եմ ու շնորհակալ եմ ընկեր Շողիկից, ընկեր Հմայակից, բոլորից։ Շատ հարցերում մեզ ընդառաջում են։ Ճիշտ ա, մի բան կա, որ ես չեմ ուզում ասել, թող մնա գաղտնիք, պետք եղավ, հետո կասենք։ Տարբեր մարդիկ ենք մենք, ամեն մեկս իրա հոգսն ունի, անօթևան ենք՝ տուն ենք ծախել, վարձով ենք ապրել, հիմա էլ հասել ենք էստեղ։ Ոմանք էլ փողոցներից են եկել, գիտեն՝ մենք իրանց հավասարված անձ ենք։ Մեր առօրյան լավ ա անցնում, այսինքն, լավ անցնելը ո՞րն ա, ուղղակի հարմարվել ենք։ Շատ բաներ ենք տեսնում, լսում, անտեսում ենք։ Ես սենյակից դուրս չեմ գալիս, մնում եմ ներսում։ Մենակ շնորհակալ եմ, բայց չես կարա բոլորին հաշվես մի բան, մատերդ էլ անգամ հավասար չի»։

Մեկ ուրիշ կին շարունակում է.

«Եթե մարդ ոչինչ չունի, ինչ էլ տան, օգնություն ա, պիտի շնորհակալ լինենք։ Չենք շողոքորթում, ուղղակի անշնորհակալ մարդուց վատ բան չկա»:։

Ներքին կանոնակարգը

Անօթևանների կացարանում ապրում են նաև քրեական անցյալ ունեցող անձինք, և հաճախ են առաջանում խնդիրներ, որոնք կարգավորելու համար բնակիչները կամ տնօրինությունը դիմում են ոստիկանություն։

Ոստիկանության՝ մեզ տրամադրած տեղեկատվության համաձայն՝ 01.01.2021 թվականից մինչև 01.01.2022 թվականը ոստիկանության ԵՔՎ Էրեբունու բաժին բնակիչների կողմից միմյանց ծեծելու, մարմնական վնասվածք պատճառելու, գողություն կատարելու 7 ահազանգ է ստացվել:

Փոխտնօրենի հետ խոսեցի ներքին կանոնակարգի խախտման մասին։ Ալկոհոլը, ծխախոտն ու թմրանյութերը հաճախ են բնակիչների միջև վեճերի պատճառ դառնում։

Հմայակ Խաչատրյանը ասաց, որ բոլոր կարգ ու կանոն խախտողներին էլ հեռացնում են, օղի շատ են խմում, բայց թմրանյութերի օգտագործման դեպք չեն ունեցել։

DSC07147 copy.jpg
Անօթևանների կացարանի շենքի շրջակայքում ալկոհոլի և սպիրտի շշեր էին թափված, ինչպես նաև ծխախոտի դատարկ տուփեր, գետնին անգամ ներարկիչներ կային։

Շողիկ Մանուկյան, տնտեսվար

Կացարանի տնտեսվարն ասում է՝ հասկանում է բողոքողներին։ Նրանք հիմնականում Չորրորդ գյուղից են եկել։ Նա խոսեց նաև կացարանի՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող բնակիչների մասին․

«Հոգեբուժարանում պիկ է, հազար անգամ ուղարկել ենք։ Նախարարությունը չգիտի՞, իրենց միջոցով է ամեն ինչ գնում։ Ունենք էնտեղ՝ ծերանոցում, տեղավորված շահառու, որը կարգով է տեղավորվել, ոչ թե տարիքով։ Զանգել, հո՜ չի աղերսում, երեք անգամյա սնունդ է, ավելի փոքր սենյակներ, պայմաններն ավելի լավն են, քան այստեղ։ Ասում է, կլինի գնամ, թոշակից հրաժարվեմ, որ մնամ ձեր մոտ, ասի՝ ոչ, Վալեր ջան, դուրս չգաս։ Ովքեր ընդունվել էին Չորրորդ գյուղ ու հետո տեղափոխվել այստեղ, ուզում են հետ գնալ։ Ես հասկանում եմ Չորրորդ գյուղից եկածներին, քանի որ իրենք ի սկզբանե այնտեղ են ընդունվել»։

Հմայակ Ղազարյան, կացարանի փոխտնօրեն

«Դրսում ապրող անօթևանի համար կացարանը կարող է փրկություն լինել, որովհետև տրամադրվում է տանիք, սնունդ, սոցիալական ծառայություններ։ Սահմանված 100 տեղը քիչ է, մանավանդ ձմեռը պահանջարկը մեծ է լինում։ Էդ 100 թիվը կառավարությունն է որոշում:

Նախարարությունը նախատեսում է ստեղծել հատուկ տիպի կացարան՝ հոգեկան խնդիրներ ունեցող անձանց համար։

Հմայակ Ղազարյանը տարակուսած է բնակիչների գնահատականներից, թե Չորրորդ գյուղում պայմաններն ավելի լավն էին, քան իրենց մոտ։ Ասում է՝ հակառակն է․

«Մեր շահառուները չեն ցանկանում գնալ Չորրորդ գյուղ, որովհետև այնտեղ իրենց թոշակի մի մասը պահվում է։ Այդ կացարանը փակ է, բնակիչները չեն կարող այստեղի նման ազատ գնալ-գալ, նաև դրա համար չեն ուզում գնալ այնտեղ։

Եթե կա մարդ, որն ուզել է գնալ, չեն տեղափոխել, թող գա, դիմի, կտեղափոխենք։ Կարող է՝ հոգեկան խնդիրներ ունեցող անձ է եղել, դրա համար չենք տեղափոխել, որովհետեև իրենք պետք է հատուկ խնամքի տուն գնան, ոչ թե ծերանոց։

Մեր սննդից էլ այսքան ժամանակ ոչ մեկը չի բողոքել։ Հակառակը՝ ծերանոցի (Չորրորդ գյուղի) սննդից են բողոքում, ասում են՝ շան լափ էին էնտեղ տալիս, շան դեմը լցնեիր, չէր ուտի, հենց իրենց (շահառուների) բառերն եմ կրկնում»։

Ձեզ ասում են, բողոքում են, բայց Դուք չեք պատկերացնում աշխատանքի բարդությունը, չեք պատկերացնում, թե անօթևան ասվածը որն է»։

Պաշտոնական մասը

Խնդրի կարգավորման հնարավորությունների շուրջ զրուցել ենք Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Հավասար հնարավորությունների ապահովման վարչության պետ Քրիստինա Հովհաննիսյանի հետ։

Նրա խոսքով՝ երբ հոգեկան խնդիրներ ունեցող մարդը հայտնվում է անօթևանների կացարանում, աշխատակիցները կարող են տեղեկացված չլինել, որովհետև խնդիրը, հնարավոր է՝ փաստագրված չլինի։

Ըստ Քրիստինա Հովհաննիսյանի՝ «Անօթևանների կացարանի խնդիրներից մեկն էլ դա է․ որոշակի հետազոտությամբ պարզել՝ անձը, որ եկել է այստեղ, հաշմանդանություն, հոգեկան առողջության խնդիրներ ունի՞, թե՞ ոչ»։

Գերատեսչության ներկայացուցիչն ասում է՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մարդակենտրոն է, իսկ կացարանում չի կարող խտրական վերաբերմունք ցուցաբերվել, որովհետև «հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձը ունի նույն հավասար իրավունքներն ու պարտականությունները, ինչ հոգեպես առողջը»։

Այսուհանդերձ, համաձայն կառավարության N 1069-Ն որոշման հավելված 4-ի 3-րդ գլխի 30 կետի՝ հոգեկան խնդիրներով անձինք պետք է տեղափոխվեն հատուկ տիպի կացարան։ Քրիստինա Հովհաննիսյանն ասում է․

«Մենք նախաձեռնել ենք ստեղծել հոգեկան խնդիրներ ունեցող անօթևանների կենտրոն, որը կլուծի բազմաթիվ խնդիրներ, իսկ 2024-ին նաև օրենսդրական կարգավորումները կունենանք։ Լուծումները կան և դրանք ճանապարհին է»։

Այն հարցին, թե ինչու են ժամանակավոր կացարանում բնակիչները տարիներով ապրում, Քրիստինա Հովհաննիսյանը պատասխանեց, որ մարդիկ կան, որոնք հաճախակի են այնտեղ հանդիպում։ Անցած տարի իրենց գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ աշխատանք են իրականացրել, տարեց կամ հաշմանդամություն ունեցող բնակիչներին տեղափոխելու համապատասխան հաստատություններ, սակայն նրանց մի մասը ուղղակի չի ցանկացել տեղափոխվել։ Նաև ավելացրեց, որ ցանկացած տեսակի ծառայություն ստանալու համար անձի համաձայնությունն է պետք։

Փաստորեն եթե բնակիչը չի ուզում տեղափոխվել, կարող է տարիներով մնալ այն կացարանում, որը ծառայություն է մատուցում առավելագունը 90-օրյա ժամկետով։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, որի ենթակայությամբ գործում է Անօթևանների կացարանը, հոգեբուժարանների գործունեությանն առնչվող խնդիրներ կարգավորել չի կարող։ Այս պատճառով էլ, ըստ Քրիստինա Հովհաննիսյանի, հոգեկան խնդիրներով անձանց հոգեբուժարան տեղափոխել չեն կարող։ Բացի դա, նախարարությունը չունի իրավունք՝ կացարանի բնակչին պարտադրելու հոգեբույժի ծառայություն՝ անտեսելով նրա կամքը։

Լուծո՞ւմ

Հոգեկան առողջության խնդիրներ ունեցողների անօթևանների կացարանում բնակվելու հարցին, տարիներ առաջ անդրադարձել է նաև ՄԻՊ-ը։ 2020-ի տարեկան զեկույցում, որպես լուծում, առաջարկել է բաշխիչ կայան ստեղծել, որտեղ, անկախ կարգավիճակից, կընդունեն բոլոր անօթևաններին, իսկ հետո կտեղավորեն համապատասխան հաստատություններում՝ ըստ կարիքի և սահմանված չափորոշիչների։

Երեք տարի է՝ առաջարկը կա, արդյունք չկա։

Հեղինակ՝

Ուսանողներ

Աստղիկ

Հովհաննեսով

Դասախոսներ՝

Դասախոսներ

Էդիկ

Բաղդասարյան

Դասախոսներ

Տիրայր

Մուրադյան

Դասախոսներ

Մարիամ

Բարսեղյան

Թիմ՝

Թիմ

Հարություն

Մանսուրյան