Հովսեփյանների ընտանիքի կորստի, գաղթի ու հույսի ուղիները
Հովսեփյանների ընտանիքը 2 անգամ է բռնել գաղթի ճամփան․ 2020-ին՝ հայրենի Արցախի Մարտունու շրջանի Սարգսաշենից՝ Ստեփանակերտ, 2023-ին՝ Ստեփանակերտից՝ Մասիս՝ Դարբնիկ գյուղ։
Սեպտեմբերի 29-ին վարձակալել են ծանոթի տունը, ապրում են 3 քույրերի ընտանիքները՝ համատեղությամբ տանտիրոջ հետ։
Դարբնիկում՝ մեկհարկանի մեծ տանը երեխաները մահճակալներին են քնում, Մարինեն ու ամուսինը՝ խոնավ գետնին դրված ներքնակներին։
44-օրյա պատերազմի ժամանակ ընտանիքը վերցրել էր միայն առաջին անհրաժեշտության իրերը, ընտանեկան բոլոր նկարները թողել էին Արցախում։ Հետո շատ են ափսոսել։ Մարինեն ասում է՝ «ամենակարևոր հուշերն են»։ Այս անգամ վերցրել է, բայց մեծ տղայի՝ Թաթուլի մեդալներն է թողել Արցախում՝ մտածելով, որ մեդալների վրայի դրոշն անցակետում կարող է խնդիր դառնալ։
Մասիսում Մարինեի հետ ապրող քույրը՝ Հասմիկը, իրենց բակի պնդուկենու վերջին բերքն է բերել Արցախից, որ տղան՝ 16-ամյա Արմենն էր հավաքել։ Արմենն անհետ կորած էր Արցախում բենզինի ողբերգական պայթյունից հետո, մեկ ամիս անց պարզվեց՝ մահացել է։
Մարինեի մեծ տղան՝ 15-ամյա Թաթուլն ընդունվել էր Շուշիի տեխնոլոգիական քոլեջ-համալսարան. 4 օր հասցրեց դասի գնալ։ Արցախում բռնցքամարտով է զբաղվել, մասնակցել է մրցույթների։ Հիմա հաճախում է Մասիսի գյուղատնտեսական պետական քոլեջ. դեռ չի որոշել մասնագիտությունը։
Քույրը՝ 17-ամյա Քրիստինան, հրուշակագործ է։ 2021-ին ընդունվել է Ստեփանակերտի Անտոնիա Արսլան հայ-իտալական կրթահամալիրի «Խոհարարական գործ» բաժինը։ Հիմա սովորում է Երևանի թիվ 8 պետական արհեստագործական ուսումնարանում։
Տան փոքրերը՝ Արմանը, Էդգարը, Լիլիթը դպրոցական են։
Լիլիթը երազում է վերադառնալ Արցախ՝ իրենց տուն։ Մորը հարցնում է.
— Ես օզում եմ քինամ մեր գյուղը, մեր տոնը, հե՞փ ենք քինալու, մամա։
— Մաման գիտի՞, որ ասի,— պատասխանում է մայրը։
Մարինեն Արցախի Սարգսաշենի դպրոցում հավաքարար է աշխատել, իսկ ամուսինը՝ սննդի կրպակում խորոված է պատրաստել։ Հայաստանում աշխատանք դեռ չեն գտել, ապրում են խնայողություններով։
Արցախում ընտանիքն այգի է ունեցել, զբաղվել է հողագործությամբ։ Հիմա էլ վարձակալած տունը տնամերձ այգի ունի։ Կարմենը մաքրում ու խնամում է այն։ Հուսով են, որ եկամուտ կունենան, ինչպես Արցախում, այստեղ էլ հողագործությամբ կզբաղվեն։
Արցախից դուրս գալու ամբողջ ճանապարհին ադրբեջանական դրոշներ են եղել։
Երեխաները Կոռնիձորում եռագույնը տեսնելիս ուրախացել են՝ «մեր դրոշը, մեր դրոշը»,— ասում է Մարինեն՝ ցույց տալով Արցախից Հայաստան ճանապարհին արված վերջին նկարները։
Հեղինակներ՝
Ուսանողներ
Մարիամ
Աբրահամյան
Ուսանողներ
Լիլիթ
Խաչատրյան
Ուսանողներ
Միքայել
Սարգսյան
Դասախոսներ՝
Դասախոսներ
Վահան
Ստեփանյան
Դասախոսներ
Մարիամ
Բարսեղյան
Թիմ՝
Թիմ
Հարություն
Մանսուրյան